Գրքույկն ընդգրկում է 1991 թվականի մայիսին Ոսկեպար գյուղում զոհ գնացած հայորդիների մասին պատմող ակնարկներ, որոնք մի ուրույն պատում են հայ նորօրյա ազատագրական պայքարի պատմության մեջ։
Երևան, «Նարեկացի» հրատարակչոթյուն, 1992:
Հեղինակի կողմից
Արցունքոտ է գիրս և գրիչս դողդոջ, զի նորեն եկավ աղետ և թափվեց արյուն… Ցավ են սփռում զանգերը, և մութից արյան հոտ է փչում… Երկրի հողը տնքում է չարի ոտքերի տակ, երկինքը լցվում է նահատակների հառաչանքով։ Մենք ի սկզբանե կյանքասեր՝ ինչու՞ եղանք այսպես ողբասաց։ Ինչո՛ւ, Տե՜ր։ Նրա՞ համար, որ կարգասեր ենք և արդարապաշտ… Ահավասիկ դարձյալ եկել է արյունարբուն՝ բերելով արցունք ու ավեր, ու նորեն պիտի գա, ու միշտ պիտի գա, զի կարեկից է ամենայն ոք, բայց ոչ օգնական…
Այսպես կմորմոքար միջնադարի մեր տխրադեմ կենսագիրը՝ կանթեղի վհատ լույսի ներքո մատյանին հանձնելով հերթական աղետի գույժը։
Արցունքոտ է գիրս և գրիչս դողդոջ… Զի կարեկից է ամենայն ոք, բայց ոչ օգնական։ Նույն ցավով եմ գրում ես խորհրդային պայծառ լույսի տակ։ Այնինչ հարյուրամյակներ են անցել։ Քսաներորդ դարավերջն է, համաշխարհային քաղաքակրթության արծաթե կառքերը ղողանջելով անցնում են մարդկային բանականության պողոտաներով, իսկ ես կրկնում եմ միջնադարի իմ ցավեղբոր հառաչանքը։ Որովհետև իրիկնամուտից հետո, երբ արծաթե կառքերը հանգստանում են եվրոպական բարոյականության անվրդով օթևաններում, դատարկ պողոտաները լցվում են նույն հինավուրց հրոսակների բարբարոսական ոռնոցներով…