Փաստագրական վեպ, «Արայի լեռ փրինթ» ՍՊԸ, 2006: Նկարիչ` Գրիգոր Մարիկյան:
Գիրքը պատմում է Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի 1991–1994 թթ ինքնապաշտպանության մասին՝ հիշարժան դեպքերով ու դեմքերով, հանգամանքների խոր վերլուծությամբ։
Նրա Էջերից ընթերցողը կիմանա, թե ադրբեջանական բնակավայրերով շրջապատված լեռնագյուղի տղամարդիկ ինչպիսի հերոսությամբ Էին մարտնչում իրենց ծննդավայրի պահպանության համար։
Այս վեպը պատերազմական իրադարձություններին նվիրված չորրորդ գիրքն Է։
ԽՈՍՔ ԳՐՔԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Ես մեղվի նման նշո՜ւյլ-նշույլ հավաքեցի ձեր հիշողության նեկտարը` արարելու համար այս գիրքը որպես մեղրահաց։ Որպես սիրո և սխրանքների մատյան, որ սերունդներին պատմելու է ձեր ըմբոստ ուժի և հզոր արժանապատվության մասին։
Գյուղի ինքնապաշտպանության հրեղեն օրերին ես ձեզ հետ չեմ եղել դիրքերում, չեմ մասնակցել զոհվածների գիշերային հուղարկավորությանը, չեմ ապրել տների պատերին պայթող արկերի սարսափը։ Բայց ես պիտի խոսեմ այդ ամենի մասին և իրավունք չունեմ սխալվելու։ Ես ապավինում եմ արյունոտ օրերի ձեր վերապրումներին, իրադարձությունների ձեր սկզբունքային գնահատումներին։ Տասնհինգամյա վաղեմության դեպքերը դրվագ առ դրվագ վերականգնելու ճանապարհին իմ մեջ անընդհատ հնչում էր սկանդինավյան երկրի սքանչելի լեգենդը…
Հաղթող բանակի զորապետը հրամայում է իր մոտ բերել շղթայակապ ռազմագերուն, որի քաջությամբ հիացած էր։
— Քեզ տալիս եմ կատարյալ աղեղ և մի ոսկե նետ,- ասում է նա։ Հիսուն քայլի վրա օդում կախված կլինի խնձորը։ Եթե ոսկե նետը ճեղքի այն, դու փառք ու պաւովով կվերադառնաս քո երկիր, եթե ոչ` կհանձնվես մոռացության զնդաններին…
…Գրիչը դողում է ձեռքիս, ես ինձ զգում եմ սկանդինավյան ռազմագերու վիճակում ոսկե նետի և խնձորի հետ։ Շատ եմ ուզում, որ իմ խոսքն անցնի ճշմարտության միջով։ Եվ ահա նետն արձակված է պիրկ աղեղից, թռչում է դեպի օդում կախված խնձորը…
Այս գրքում առանձին խիզախ մարդկանց սխրանքներով ստեղծվում է Կոթիի ամբողջական կերպարը։ Այսինքն գրքի հերոսը Կոթին է իր զավակներով, իր ըմբոստությամբ, արհավիրքների դեմ բարձրացող իր հզոր կամքով։ Եվ եզակի է գիրքն իր բնույթով ու էությամբ։ Նրա գործող անձինք ու ընթերցողները նույն մարդիկ են` կոթեցիները։ Գիրքը չի վաճառվելու ոչ մի գրախանութում, քանզի առուծախի ապրանք չէ։ Հովանավորի կողմից նվիրվելու է կոթեցի բոլոր ընտանիքներին անկախ նրանց ներկա բնակության վայրից։ Իմ քառասուն տարվա ընկեր Մարատ Ջանվելյանի առաջարկությամբ ես այն ստեղծում եմ որպես հոգևոր ընծա իր ծննդավայրի, նրա մարդկանց ու պատմության համար։ Որպեսզի ժամանակի հետ պատկերները չխամրեն, մոռացության փոշին չպատի մարտնչող լեռնաշխարհի ըմբոստ ու հրաշալի առասպելը …
Իգնատ Մամյան