ՍԵՎՔԱՐԵՑԻ ՖԻԴԱՅԻՆԵՐԻ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ

sevqareci«Թումանյանը ժամանակակիցների հուշերում» գրքում զորավար Անդրանիկի խոսքը կա. «1904-ին առաջին անգամ ըլլալով, տեսա և ճանաչեցա զայն (խոսքը Հովհ. Թումանյանի մասին է. – Ս. Մ.) իր բնակարանին մեջ Սևքարեցի Սաքոյի միջոցով» (էջ 550): Ինձ շատ հետաքրքրեց, թե ով է Սևքարեցի Սաքոն, որ այդքան մտերիմ է եղել հայ ազգի երկու մեծերին` ամենայն հայոց բանաստեղծին և ամենայն հայոց զորավարին: Դիմեցի ինձ ծանոթ սևքարեցիներին, բայց ոչ ոք չկարողացավ ստույգ պատասխան տալ իմ հարցին:
Զարմանքս ավելի մեծացավ, երբ համեմատաբար վերջերս իմացա, որ Սևքարեցի Սաքոյի կինը` Մարո Ղարաքեշիշյանը, ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի Դոստլու (ներկայումս` Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան) գյուղում:

…Սկսած իր կազմավորման վաղնջական ժամանակներից մինչև օրս մեր ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել մեղվաջան աշխատանքով ու արարչագործությամբ` ստեղծելով և նյութական բարիքներ, և մշակույթի ինքնատիպ ու հրաշակերտ հուշարձաններ: Միաժամանակ նա զենքը ձեռքից ցած չի դրել` պայքարելով թե օտար նվաճողների, թե դրկիցների ոտնձգությունների դեմ, ովքեր փորձ են արել զրկել նրան ազատությունից ու անկախությունից:

Հայ ժողովրդի հերոսական գոյամարտի սրբազան թեմային է նվիրված Իգնատ Մամյանի «Մեթերհեմ բանտի կալանավորը» վիպակը («Արևիկ», 1989թ.):

Վիպակում պարզորոշ երևում են հեղինակի անհատական ոճը, ստեղծագործական սկզբունքներն ու պատկերային մտածողությունը:

Գիրքը կարդացվում է չթուլացող հետաքրքրությամբ: Ի. Մամյանը կարողացել է համոզիչ պատկերել անցյալ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին թուրքական բռնապետության դեմ ծավալված ազգային-ազատագրական պայքարի մասնակիցների` զինատար Սևքարեցի Սաքոյի և նրա զինակից ու կյանքի ընկեր Մարոյի կերպարները: Շարժման գերխնդիրն էր մարտնչել սուլթանական Թուրքիայի հարստահարիչների, ազգային ու սոցիալական ամեն կարգի բռնացումների դեմ, ինչին էլ սուրբ երդումով զինվորագրվում են Սևքարեցի Սաքոն (Սարգիս Ծովանյան) և իր կինը` մինչև վերջ հավատարիմ մնալով այդ երդմանը:

Հեղինակը վեր է հանում ֆիդայիների անձնազոհությունը, ճշմարտախոսությունը, արդարադատությունը, հնարամտությունը, բարոյական մյուս որակները, ինչպես հավատարմությունը միմյանց նկատմամբ, խիզախությունն ու անկոտրում կամքը, հարգանքը աշխատավոր ժողովրդի հանդեպ: Նրանք օժտված են մարդկային ամենաառաքինի հատկանիշներով:

Ո՞վ է Սևքարեցի Սաքոն:

… Սևքարեցի ռանչպար Սարիբեկի որդին գնում է Գոշավանք` օրհնություն ստանալու: Նայելով խաչված Քրիստոսի պատկերին, նա շշնջում է. «Եթե զորու ես, ինձ Արաբոյի հայդուկ դարձրու: Արժանի արա նպատակիս, որն է` մինչև կյանքիս վերջը կռվել ավետյաց երկրի ազատության համար: Անձիս պահպանություն չեմ խնդրում քեզնից, տեր: Թող մեռնեմ, եթե դա հարկավոր է, միայն թե ինձ չդարձնես պարզապես մեռել, ես նահատակ եմ ուզում դառնալ, թող որ հավիտյանս բոլորին անհայտ, բայց նահատակ: Օգնիր ինձ կյանքս մատաղ անելու իմ ժողովրդին» (էջ 17): Վանքի քահանան ընդունում է Սաքոյի երդումը և օրհնում նրա սուրբ նպատակը:

Գյումրիում Սաքոն ծանոթանում է ղարաբաղցի Արշոյի հետ, և նրանք ընդգրկվում են Սալմաստ մեկնող կամավորական խմբի մեջ, բայց խմբի մեկնումը օրեցօր հետաձգվում է: Ահա և նրանք վճռում են երկուսով անցնել Արաքսը և մեկնել Ս. Նախավկայի վանք:

Սաքոյին թվում է, թե գործերը լավ են ընթանում, սակայն ճակատագիրը երես է թեքում` սպանում են Արշոյին: Անմիջապես լուծելով նրա վրեժը, Սաքոն դաշույնով փոս է փորում և ընկերոջ դին հանձնում հողին:

Սաքոն ներկայանում է Ս. Նախավկայի վանահայր Վարդանին և, հակառակ իր կամքի, երեք ամիս աշխատում է որպես սպասավոր ու աբեղա: Տարբեր ճանապարհներով Սաքոյին ստուգելուց հետո, ի վերջո, նրան վստահում և մարտական հանձնարարություններ են տալիս: Շուտով մենք Սաքոյին տեսնում ենք զինատարի դժվարին ու ծանր աշխատանքներ կատարելիս:

Հանձին վիպակի հերոսների, Իգնատ Մամյանը կարողացել է կերտել հայդուկների հավաքական դիմանկարը: Սևքարեցի Սաքոն, օրինակ, դրսևորվում է անընկճելի կամքով` բանտարկված լինելով Մուշի և Կարինի բանտերում: Նույնիսկ այն դեպքում, երբ դատապարտված էր 101 տարվա բանտարկության, հետագայում էլ` մահվան:

Հիմք ընդունելով Սաքոյի` Գոշավանքի երդումը, հեղինակը դեպքերը ծավալում է այդ ուղղությամբ: Բանտից ազատ արձակվելուց հետո, չնայած առողջական վիճակին, միչև իր մահը նա երբեք հանգիստ չի առնում: Գրքի առաջաբանում հեղինակը խոստովանում է. «Հանրածանոթ դեպքերը չվերապատմելու համար շրջանցել եմ գրքի հերոսի կենսագրության հետ առնչվող մի շարք հայտնի իրադարձություններ, չեմ խորացել այն դեպքերի նկարագրության մեջ, որոնք հայտնի են մեզ»․․․

Դեռ այսօր էլ ապրում են մարդիկ, ովքեր անձամբ ճանաչել ու հանդիպել են Մարոյին: Լավ կլիներ, եթե շրջանառության մեջ դրվեր նրանց կենդանի խոսքը, ինչն առավել կշեշտեր պատումի վավերականությունը: Կուզենայի մեջբերել այն դրվագը, երբ զինատար խմբի ղեկավար Արտակ Դարբինյանը դիմում է Սաքոյին. «Քո մասին ինձ պատմել են, ջահել ես, ուժեղ ու համարձակ: Կուզենայի, որ մի քանի ուրիշ մարդկանց հետ Թիֆլիսից զենք տեղափոխեիր Արաքսի այս ափը: Կարծում եմ` այդպես կուզենար նաև Մարո Ղարաքեշիշյանը:

Սաքոն ցնցվեց:
-Դուք ճանաչո՞ւմ եք Մարոյին…
-Այո, նա մեզ շատ է օգնում զենք հայթայթելու գործում»:

Հեղինակը հիանալի է նկարագրում Մարոյին` որպես հայդուկի. իր պարտականությունները կատարելիս Մարոյին միշտ տեսնում ենք միայնակ` լինի Տաշքենդի. Աղստևի հովտի, թե այլ ճանապարհներին:

… Անցած ամռանը Իջևանից Երևան վերադառնալիս ծանոթացա երկու սփյուռքահայերի: Պարզվեց, որ նրանք վերադառնում են Սևքար գյուղից, ուր այցի էին գնացել Սևքարեցի Սաքոյի գերեզմանին: Իրենց գաղթօջախում առանձին ակումբ են հիմնել Սաքոյի անվամբ և վառ են պահում նրա հիշատակը: Մուշեղը, այդպես էր իմ նոր ծանոթի անունը, պատմեց, որ իր պապն ու Սաքոն միասին կռվել են:

Եթե դեկտեմբերյան երկրաշարժի առիթով Հայաստանում գտնվող սփյուռքահայերը կարող են այցելել Սևքար, ապա մեզնից յուրաքանչյուրի պարտքն է երբեք չմոռանալ հայրենիքի նահատակներին:

Կարդալով վիպակը, շատերին անհավանական կթվա, որ անցյալ դարավերջին մի հայ կին, տղամարդու տարազով կարող էր Տաշքենդից զենք տեղափոխել Կովկաս` ֆիդայիներին հասցնելու նպատակով: Կամ թե հորեղբոր տղայի` Գեորգի Ղարաքեշիշյանի օգնությամբ հրազեն հայթայթել Անդրկովկասի ցարական զինանոցից:

Գիրքը հավաստում է, որ Մարոն ոչնչով հետ չի մնացել Սաքոյից: Նա ոչ միայն զենք էր ձեռք բերում, այլև կարողանում է մահվան դատապարտված Սաքոյին տեղափոխել Թիֆլիս, ուր և նրան ազատ են արձակում: Մի խոսքով` խիզախ հայուհին անհնարինը հնարավոր էր դարձնում: Ամուսնու մահից հետո նա բանտարկվում է, կրկին ազատվում և, որ հատկանշական է, մեռնում է զենք տեղափոխելիս:

Սաքոն և Մարոն մեծապես պարտական էին Գեորգի Ալեքսանդրի Ղարաքեշիշյանին, ում միջոցով ծանոթացել են Հովհաննես Թումանյանի և թիֆլիսահայ մտավորականության հետ: Նա ևս փոքր ծառայություններ չի մատուցել ազգի փրկությանը և զոհվել է Սարդարապատի ճակատամարտում` որպես հրետանային մարտկոցի հրամանատար:

Չնայած 30 հազար օրինակ տպաքանկին` գիրքը, կարելի է ասել, գրախանութներում չերևաց: Անհրաժեշտ է այն վերահրատարակել, քանի որ հազարավոր ընթերցողներ` երկրում, թե արտասահմանում, կուզենային ձեռք բերել այս հրատարակությունը…

Իգնատ Մամյանը վիթխարի աշխատանք է կատարել` հասարակայնության ուշադրությանը ներկայացնելով մի խումբ հայ ֆիդայիների կյանքն ու գործը: Ազգային- ազատագրական շարժման դեռ քանի հերոսներ են սպասում իրենց կենսագիրներին: Նրանք, ովքեր զենքը ձեռքին նահատակվեցին հայրենիքի ազատության ու անկախության համար, արժանի են ամենայն դրվատանքի ու հիշատակության: Մեր հերոսական անցյալի բոլոր դրվագների գեղարվեստական լուսաբանումը դաստիարակչական մեծ նշանակություն ունի ոչ միայն այսօրվա, այլև գալիք սերունդների համար:

Սուրեն ՄԻՐԶՈՅԱՆ
Տնտեսագետ

Advertisements

2 thoughts on “ՍԵՎՔԱՐԵՑԻ ՖԻԴԱՅԻՆԵՐԻ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s