ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ

Untitled-23 copy(Հատված անտիպ գրքից)

Գիշերային ձյունախռիվ երկինքը պահ առ պահ ծվատվում է հրթիռների հրեղեն լույսով: Պայթող արկերի որոտներն արձագանքելով` հանգչում են դատարկ քաղաքի մռայլ փողոցներում: Մշուշախեղդ այգիներից երբեմն-երբեմն ոռնում են քաղցած ու միայնակ շները: Պատերազմ է, և մահաշունչ այս պատկերները սովորական բաներ են, դրանց թախիծն ու ողբերգականությունը չեն թափանցում մեր ոգիներից ներս: Կամ էլ չենք ուզում, որ թափանցեն: Մի քանի ժամ առաջ, դիրքերի թանձր կավացեխի մեջ, ես երանի էի տալիս այն պահին, երբ կվերադառնանք զորանոց և մեռածի պես կփռվեմ մահճակալին: Բայց հիմա քունս չի տանում: Զգուշորեն, որպեսզի չարթնացնեմ մյուսներին, դուրս եմ գալիս: Զորանոցի առաջ օրապահ զինվորները բորբոքում են խարույկը: Այն պիտի վառվի մինչև լույս:
— Էլի եկավ: Դարպասի կիսաբաց դռան արանքից մի պահ երևաց ու կորավ խավարում,- ասում է մարտունեցի զինվորը…

Երկու-երեք օրը մեջ ինչ-որ ստվեր է մոտենում զորանոցին` մեկ այգու միջով, մեկ դարպասի կողմից, ու երևի համոզվելով, որ խարույկի մոտ օրապահները արթուն են, կրկին անհետանում է: Գիշերը դատարկ քաղաքում թուրքեր են թափառում: Անտեր շների պես, ստվերների նման: Ի՞ նչ են ուզում: Մեր զորանոցին հետամտող ստվերը կարող է հանգիստ լինել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հրամանատար Սերգեյ Արթենյանը հանձնարարել է նրան բռնել կենդանի` ներսից կորզելու համար գիշերային այդ թափառումների գաղտնիքը:

… Հարավային գիշերվա թխպամած երկնքում լուսինն աղոտ է, որպես ծանր վիրավոր զինվորի հույս: Փողոցի կավացեխի մեջ խարխափելով` գնում են դեպի հոսպիտալ: Վիրաբույժ Գևորգ Գրիգորյանը, իհարկե, արթուն է: Հորադիսից բերված կամավորականի վիճակը ծանր էր, տեղ էին հասցրել, երբ ճակատին արդեն թրթռում էր դրախտի լույսը: Դա երեկոյան էր, իսկ հիմա նրա մահճակալը դատարկ է:

-Ե՞ րբ …
-Վիրահատությունից երկու ժամ անց:

Խուլ ու խոր գիշերվա մեջ կիթառը մեղմ հեկեկում է կապի ծառայության մայոր Աշոտի մատների տակ: Չի հեկեկում, շշնջում է խորհրդավոր ու մեղեդային:

Եվ մի՞ թե, մի՞ թե
Մահ կտակեցիր դու մեզ, հայրենիք…

Ոչ, հայրենիքը երբեք իր զավակներից ոչ մեկին մահ չի կտակել: Այդ իրենք` նահատակներն են հայրենիքի պատվի ու փրկության համար բարձրանում զոհասեղան: Այս պահին, հարավային ռազմաճակատի թանձր գիշերվա մեջ, ես շատ եմ ուզում զգալ հայոց աստվածների մերձությունը պատանի զինվորների ճակատագրին: Բայց չեմ կարողանում: Վիրահատությունից երկու ժամ հետո մեռած զինվորի ճակատին հավերժացել է դրախտի լույսը: Վաղը նրան որևէ բեռնատարով կուղարկեն հարազատներին: Իսկ այս պահին, հավանաբար, նրանց տանը հանգիստ քնած են:

Եվ մի՞ թե, մի՞ թե
Մահ կտակեցիր դու մեզ, հայրենիք..

Առավոտը բացվում է խոր նարկոզից ուշքի եկող զինվորի տանջալի դժվարությամբ` թուխպի ծվեններով, դեպի ռազմադաշտ թռչող ագռավների սև ու խռիվ երամներով: Սկսվում է փետրվարի 16-րդ օրը: Սկսվում է բոթով` գիշերը թշնամու մի ջոկատ անցել է մեր ռազմագիծը և թիկունքից կրակի առել 71-ի դիրքերի երկու բլինդաժ: Կան զոհեր և վիրավորներ: Զորանոցի առջև խրոխտ ու հրամայական հայտնվում է թիկունքի պետի տեղակալ մայոր Ալբերտ Մանուկյանը:

-Տագնապ է: Մեկնում ենք դիրքեր:
Դեռ լույսը կարգին չի բացվել: Ամենագնաց ավտոբուսի վարորդ լեյտենանտ Հարութը այս գիշեր հինգ ուղերթ է կատարել դեպի դիրքեր: Առանց լույսերի, բացարձակ խավարի միջով, սռնիներին հասնող ցեխը ճեղքելով: Եթե նրան որևէ բան պատահի, դժվար թե փոխարինող գտնվի: Ճանապարհից մեկ-երկու մետր շեղումը կարող է ավարտվել անիվների տակ ականի պայթյունով:

Դիրքերում ուժեղ փոխհրաձգություն է գնում: Մեր կողքի բլինդաժում ենթասպա Գագիկ Բարսեղյանը տառացիորեն շիկացրել է գնադացրի փողը: Բոլորն են կրակում: Ադրբեջանական դիրքերից ակտիվ են գործում հատկապես նռնականետները: Ձախ թևի վերջում, ուր Մարտին Մինասյանն է մի քանի զինվորների հետ, ցեխախառն փոշին ու մառախուղը պատել են օդը, դաշտային կապն ընդհատված է, ու չգիտենք` ինչ է կատարվում այնտեղ: Օպերատիվ խմբի սպաներից երկուսը` Արմենն ու Գագիկը, գնդացիրներով զինված, փորձում են օգնության հասնել Մարտինի բլինդաժին: Մեր թիկունքից սկսում են աշխատել տանկերը: Հուժկու սուլոցով թռչում են արկերը մեր գլխի վրայով դեպի թշնամու դիրքերը: Արկերից մի քանիսը խփում են ճիշտ նպատակին:

-Լավ էր, հիմա` մի քիչ ավելի ձախ, – ռադիոկապով գոռում է ավագ լեյտենանտ Վարդան Ղարագյոզյանը:

Կեսօրին կրակը երկուստեք դադարում է: Մեր հատվածի հրամանատար Սերգեյ Արթենյանը, բոլորի նման ոտից-գլուխ ցեխի ու փոշու մեջ, մտնում է մեր բլինդաժ:
-Թունդ կռիվ էր, հը՞ ն, – ժպտում է զարհուրելի հոգնության միջից:
-Զոհեր, վիրավորներ…
-Չկան: Այսօրվա համար գրելու ահագին նյութ ունեցար:
Բայց ոչ, խրամատում գրողներ ու ինժեներներ չկան: Այս կռվում բոլորս էլ զինվոր ենք: Նախևառաջ` զինվոր:

©Իգնատ ՄԱՄՅԱՆ

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s