ՈՐՊԵՍ ԱՊՐՈՂ ԱՌԱՍՊԵԼ

28

Ամեն ինչ եղել է ճիշտ այդպես` հետմիջօրեի արևացոլքը ջահել նահատակի պայծառ ճակատին, լեռներից փչող քամու ողբը` կարմիր դագաղի կողերին և ծանր կորստյան անփարատ ցավը`գերեզմանոցի ճամփով տվայտող թափորի հոգում: Թաղման մասնակիցները վկայում են, որ, այո, ամեն ինչ ճշգրիտ այդպես է եղել, իր նկարագրածով: Այսինքն` զոհվելուց դեռ ամիսներ առաջ տիեզերական անբացատրելի ինչ-որ կախարդանքով կամ պարզապես ներսում ապրող կանխագուշակ լույսով նա տեսել է սեփական թաղումը և այն նկարագրել սքանչելի բանաստեղծությամբ:

Այունոտ կեսօր հրդեհվեց կյանքի ամայության մեջ,
Շուրջը ալիքվեց` Թանատոսի սև ստվերին հլու,
Գեղեցկությունը մեռավ մահացող բաց աչքերի մեջ.
Կարմիր դագաղով կյանք ու իղձեր են տանում թաղելու…

Մենք ունենք մարդկային ու հասկանալի մի թուլություն` մեռած պոետի ստեղծագործությունը գնահատել վերապահումով, տեսնել միայն լավը և խոսել միայն այդ լավի մասին: Բայց ահա մի գիրք «Տապանագիր» ցավաշունչ անունով, որը քեզ պարտադրում է լրջորեն խորհել ամեն տողի հետ, վիճել ու հաշտվել, համաձայնել կամ չհամաձայնել, բայց անվերապահորեն ընդունելով նրանում ամփոփված բանաստեղծական ճշմարտությունը` խոսք — կարծիքիդ մեջ երբեք չփորձել որևէ թույլ գործի շրջանցում կամ անտեսում: Իսկ նման բան լինում է համարձակ ու ինքնատիպ հեղինակների գործերում:

Այս բանաստեղծությունները ես կարդացել եմ դեռևս ձեռագիր, աշակերտական ընդհանուր տետրում, երբ ՀՀ պաշտպանության նախարար (այն ժամանակ` պետնախարար) Վազգեն Սարգսյանի հետ այցելել էինք Սիսիանի զորամաս:

Դա 1993-ի դեկտեմբերի վերջին էր: Այդ օրը ես ծանոթացա զորամասի հրամկազմից Աշոտ Մինասյանի հետ, որը մեզ հրավիրեց իր զոհված եղբոր հիշատակի երեկոյին: Եվ ես առաջին անգամ լսեցի 22-ամյա զոհված բանաստեղծ Աղվան Մինասյանի անունը: Կարդացի ձեռագիր ստեղծագործությունները և հիացա` նրա տակավին անհայտ լինելու փաստը վերագրելով երկրի քաղաքական գահավեժ իրադարձություններին, պատերազմի թոհուբոհին: Ընդամենն այցելել էր մեկ — երկու խմբագրություն, ուր հավանաբար նրան շփոթել էին սովորական — ամենօրյա հանգանակիչների հետ, և մնացել էր անհայտ` ինչպես իր ամպոտ լեռնածերպում բուրող վայրի ծաղիկ: Ոչ ոք չէր կարդացել, ասենք, ժամանակի ընթացքի նրա ձևակերպումը`

Տարին կռունկ դարձավ,
Երամի հետ գնաց…

Ո՞վ էր, սակայն, Աղվան Մինասյանը:

… Լեռների մշուշում նիրհող Լծեն գյուղակի անունը Հայաստանի քարտեզի վրա տարեցտարի խամրեց, աղոտացավ, ու հիմա հազիվ նշմարելի մի կետ է մնացել: Հիմա, երբ Լծենում շնչում է հազիվ 25 տուն, երբ ծնունդները հատուկենտ դեպքեր են, Լծենի միակ ուսուցիչ Հրանտ Մինասյանի հիվանդության կամ բացակա օրերին դպրոցը փակ է լինում: Դպրոց էլ ասում եմ. ընդամենը հինգ աշակերտ ունի և, ինչպես ասացի, մեկ ուսուցիչ, որն ակներևաբար Լծենի վերջին ուսուցիչն է լինելու: Բայց եթե անգամ դպրոցը փակվի, մյուս քսանչորս տների դռները մեխվեն խաչաձև տախտակներով, մեկ է` Հրանտ Մինասյանը մնալու է մոռացվող Լեռնագյուղում, թանկ շիրիմների մոտ՝ կնոջ և պատանի որդու, որը եղավ Լծեն-Սիսիանի Միսաք Մեծարենցը…

Կինը` Ամալյան, գյուղի գրադարանավարուհին էր, սիրված խորհրդատու անձնավորություն: Երկու դուստրերը (Աղջիկների ճակատագիրը կյանք է թելադրում) սովորեցին-ամուսնացան-գնացին, Աշոտ ավագ որդին ուսանող էր Ռուսաստանի մեծ քաղաքներից մեկում, և նրա փոքր եղբայրը` Աղվանն էր մշտապես ծնողների հետ: Աղվանը, որ դեռևս դպրոցական տարիքից հուզիչ ու ինքնատիպ բանաստեղծություններ էր գրում: Հետո դժբախտության սև լեռներից ամպ եկավ ու չոքեց արդարապաշտ օջախի վրա. Ամալյա մայրն անբուժելի հիվանդությամբ անկողին ընկավ: Ուսումը կիսատ թողնելով` Աշոտը գյուղ վերադարձավ հեռու քաղաքից, որպեսզի հիվանդ մոր կողքին լինի: 1987-ին Աղվան Մինասյանը հոգու տոն չունեցավ դպրոցական վերջին զանգի առթիվ. նրանց տանը ողբերգություն էր, սգո թափորն ուսերին տանում էր մահացած մոր դագաղը: Այդ ծանր, ողբերգական օրվա մասին հետո նա գրեու էր.

Չորացած շշոց էր ու լաց էր,
Աղոթք էր, հառաչ էր ու խոց,
Քամու հետ քարերին փլվեց
Մի շատ հին բայաթի, մի բուռ կոծ:

Քամին էր` լալիս էր ու երգում,
Խնդրում էր խելագար ծիծաղով,
Անցնում էր մուրացկան այդ քամին`
Արցունքը քարերին քսելով:

… 1988-ի մեծ ալեկոծության ալիքը հասավ սահմանամերձ Սիսիան, ուր դեպքերի ընթացքը պարտադրում էր զենք առնելով հանդիման ելնել թշնամուն: Աշոտ Մինասյանն ընդգրկվեց սիսիանցի կամավորականների առաջին զինախմբում, դարձավ նրա առաջնորդը: Կրտսեր եղբայրը ծառայում էր Էստոնիայում, և Աշոտը բնավ չզարմացավ, երբ մի երեկո, ծառայությունը անավարտ թողած, նա հայտնվեց իր կողքին: Հաջորդ օրը Աշոտի ջոկատում էր նաև Աղվանը:

Մի սպասիր էլ ինձ, հայրենական իմ տուն,
Եթե գալու չեղա, էլ չեմ գալու:
Մորս հայացքն իմ դեմ ես գնում եմ հեռու`
Հայրենիքիս պարտքը արյամբ տալու:

Իսկ թշնամու հետ բախումները հետզհետե ուժգնանում ու հաճախակի էին դառնում: Աղվան Մինասյանը կռվում էր, իսկ խաղաղության պահերին սուզված էր բանաստեղծության սքանչելի ներշնչանքի մեջ: Այնուհետև զինյալ կամավորական Աղվան Մինասյանը եղբոր հետ Լաչինում էր, ծավալվող պատերազմի ծուխ ու կրակի մեջ: Կապանում էր, որի դեմ թշնամին ահռելի ուժ էր կուտակել, կրակ էր թափում: Այնուհետև` Գորիսի սահմանային կռիվների մեջ: Դարձյալ հրամանատար եղբոր ու զինվորների հետ ահա նա Քելբաջարում է:  Ու կրկին կյանքի ու մահվան կռիվներ, ծնրադիր երդումներ զոհված տղերքի թարմ շիրիմների վրա…

22-ամյա բանաստեղծ Աղվան Մինասյանի սխրանքները գնահատվել էին լեյտենանտի կոչումով:

Մեր կռվողների ճնշման ներքո Սիսիանն ու Գորիսը, Կապանն ու Մեղրին հրետակոծող թշնամական դիրքերը հետ էին քաշվում ճակատային գծից դեպի իրենց տարածքի խորքերը: Հարկավոր էր նրան այնքան հետ մղել, որ ոչ մի հեռահար հրետանու արկ չհասնի հայոց սահմանային բնակավայրերին: Մի քանի օր Աղվանը գյուղում էր: Նա իրեն համարում էր սիրելի մոր գերեզմանի սպասավորը և ամեն անգամ ռազմական գործողություններից հետո, այցելում էր մոր շիրմին, սրբազան երկյուղածությամբ խնամում մշտադալար բույսերը, մաքրում տարտամ օրերի փոշուց: Գիտեր, որ եղբոր հրամանատարությամբ դարձյալ մեկնելու են ռազմաճակատ: Եվ միայն Աստծուն հայտնի ինչ-որ զգացողությամբ սեփական հոգուց ու շուրթերից ձայնաժապավենին հանձնեց իր գրեթե բոլոր բանաստեղծությունները: Դրանք ոգու տաղանդավոր նվագներ էին` թղթին տրված պատերազմի ընդմիջուներին: Ինքը լավ գիտեր իր ստեղծագործությունների արժեքը: Մի քանիսը հատկապես շատ էր սիրում, ինչպես օրինակ՝ Աշոտին նվիրված քառյակը, որում արտահայտված է ապրողների ու մեռնողների օրինաչափ անխուսափելի հերթականության գաղափարը.

Հոգնած ու մաշված ավել,
Որ սրբեց կեղտերն ու փոշին,
Ու մեռավ փողոցի անկյունում`
Իր տեղը զիջելով ուրիշին:

…Կամավորական ջոկատը, որի կազմում էր նաև 22-ամյա լեյտենանտ Աղվան Մինասյանը, պատրաստվում էր գրոհել Ղուբաթլին: Օգոստոսն էր, ու Զանգեզուրի լեռներում, Արաքսի հովիտներում շնկշնկում էր շոգ ամառը: Հրամանատար ավագ եղբայրը կարող էր և իրավունք ուներ կրտսերին ետ պահել առաջին գծից. չէ՞ որ նա իրենց մոր գերեզմանի սպասավորն էր և, բացի այդ, պարտավոր էր ապրել իր ապագա բանաստեղծությունների համար: Բայց ոչ, Աղվանը պիտի լիներ առաջին գրոհողների հետ…

… -Առանց արցունքների, -ներսից հրամանատարին հուշում էր առնական արյունը: -Այստեղ բոլորն են քեզ եղբայրներ, և Աղվանը բոլորի եղբայրն է: Համբուրիր սառչող ճակատը և թող աչքերի մեջ խաղաղորեն հանգչեն նրա վերջին մայրամուտի հրեղեն ցոլքերը:

Եվ Աղվան Մինասյանի կյանք ու մահով ըմբոստ և հրաշալի ևս մի դրվագ ավելացավ անառիկ Զանգեզուրի հազարամյա լեգենդներին:

***

Եվ ահա սեղանին է բանասետղծությունների նրա գիրքը, որ հետմահու լույս է ընծայել «Նաիրի» հրատարակչությունը «Նոր կյանք» շաբաթաթերթի (ԱՄՆ) խմբագրապետ Գրիգոր Շենյանի ծախսերով: Ինչ արած, երևի մեզանում չկար մի գրասեր ձեռներեց, և պարոն Շենյանը պիտի օվկիանոսի այն ափից գար ու մեզ ներկայացներ մեր տաղանդավոր նահատակին: Ինչևէ: Գիրքը, սակայն, կարիք ուներ առավել խոսուն առաջաբանի, ավելի խիստ խմբագրման: Իսկ «Տապանագիր» ժողովածուի գնահատումն ու արժեքավորումը թողնում եմ ընթերցողին` առաջարկելով նրանից ընդամենը մի քանի բանաստեղծություն:

©Իգնատ ՄԱՄՅԱՆ

«Գրական թերթ», 18/02/1997, թիվ 6

ԱՂՎԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
***

Կռունկները հեռացել են,
Մնացել են մենակ,
Կռունկները ինձ հուշում են,
Որ չկա էլ կրակ:
Կռունկների հետքը մնաց
Սրտիս վրա սառած,
Ցրտից ես եմ կրակ կտրել`
Օրերս ամպ դառած:
Ի՞նչ եղար իմ բախտի կռունկ,
Քեզ որ քամին քշեց,
Իմ սև սրտում ի՞նչ կայծ ծնվեց
Քո չվելը հիշեց:
Ամպը տեսնես ո՞ւր է գնում
Կռունկների հետքով,
Տեսնես ո՞վ էր` ուրախացավ
Իմ ստացած վերքով:

***

ԿԱՐՄԻՐ ԴԱԳԱՂՈՎ ԱՆԻԾՅԱԼ ԿՅԱՆՔՆ ԵՆ  ՏԱՆՈՒՄ ԹԱՂԵԼՈՒ

Երբ վերջալույսի կրակվող աչքը ելնում է սեղան,
Եվ որտեղ որ է`երկինքը հիմա թատրոն է տալու,
Մարդիկ ոռնում են մենակ մնացած գայլերի նման.
Կարմիր դագաղով երազ ու սեր են տանում թաղելու:

Հորիզոնները վառվեցին կրքից` վայրենի ու խենթ,
Մութը ցրվում է`քարանձավներում իր վիշտը լալու,
Մարդիկ մենակ են ցավի ու թախծի թաց տրտմության հետ:
Կարմիր դագաղով թախիծ ու սեր են տանում թաղելու:

Արյունոտ կեսօր հրդեհվեց կյանքի ամայության մեջ,
Շուրջը ալիքվեց` Թանատոսի սև ստվերին հլու,
Գեղեցկությունը մեռավ մահացող բաց աչքերի մեջ.
Կարմիր դագաղով կյանք ու իղձեր են տանու թաղելու:

Արշալույսները լուռ խարխափում են մայրամուտի մեջ,
Այսօրվա օրը ո՞ւմ թարթիչներն է արցունքոտելու,
Մարդիկ վշտի մեջ կանգնել են մենակ
Կարմիր դագաղով սիրտ ու կրակ են տանում թաղելու:

Օրը էլ չունի ժամ ու ժամանակ` հաշված է ժամը,
Երկինքը տարավ արևին ուրիշ տեղում վառելու,
Մարդկանց թողել են վախից դողալու մահվան սև վարակ –
Կարմիր դագաղով հառաչ ու լաց են տանում թաղելու:

***

Զառանցանքին չկա վերջ`
Հոգու ցավ է, հոգու ցավ,
Կուչ է գալիս իմ հոգին
Այնտեղ, ուր լույսը հանգավ:
Ծառը տրվում է քամուն,
Մերկանում է մի առ մի,
Դանդաղ իլիկ է մանում
Աշնանային խենթ քամին:
Քույր իմ, մարիր լույսն իմ տան,
Օրոր երգիր, որ քնեմ,
Այնպես կուզեմ մանկանալ,
Այնպես ուզում եմ քնել…
Զառանցանքին չկա վերջ`
Հոգու ցավ է, հոգու ցավ,
Թող որ կուչ գա քո հոգին
Իմ մեջ, ուր լույսը հանգավ:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.