ԱՌԱՔՅԱԼՆԵՐ, ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ…

«Էս երկրին ոչ թե պատգամավորներ են հարկավոր, այլ այգեպաններ»

Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանամերձ տարածքում իմ շրջագայությունը մեկ նպատակ ուներ` տեսնել և իմանալ, թե մի շարք աղետներ տեսած, հոգսերի բեռան տակ կքած ժողովուրդն ինչպե՞ս է վերաբերում ԱԺ պատգամավորության իր թեկնածուներին և ընդհանրապես այս ընտրությանը:   

Իր խաղողի այգում աշխատող աչաջրեցին երկար և ուշադիր ինձ զննելուց հետո ասաց.

-Իսկ դու ո՞ւմ կուզենայիր, որ ընտրենք:

-Ինձ համար միևնույն է, ես ուղղակի փորձում էի իմանալ, թե ձեր երկու տասնյակ թեկնածուներից գոնե մեկին հավատո՞ւմ եք անվերապահ:

Խելոք մարդը, եթե լսել է Աչաջրի սողքային աղետի հետ կապված պատմությունը` թե ինչպես են խաբել այդ գյուղի մարդկանց, նման հարց չի տա: Ոչ, եղբայր, ոչ մեկին չենք հավատում: Մեզ համար վաղուց անցել են որևէ մեկին կամ որևէ բանի հավատալու ժամանակները:

-Իսկ ինչի՞ ժամանակն է հիմա:

-Գարուն է, և անձամբ ինձ համար այգին մշակելու, այգու քարերը հավաքելու ժամանակն է: Անձրև է  գալու, մի քիչ գործ անեմ,- ու շրջվեց դեպի վազերի շարքը: Մի քանի քայլ անելուց հետո շրջվեց ու ասես ոչ թե ինձ, այլ ի լուր աշխարհի հայտարարեց.

-Փուշն ու որոմը երկիրը պատել են, էս երկրին ոչ թե պատգամավորներ են հարկավոր, այլ այգեպաններ: Հրաշալի այգեպաններ:

-Նրա կոշտությունից մի նեղանա,- ասաց ինձ ուղեկցող իջևանցի ծանոթս,-  նա ճիշտ է: Եվ պատրաստ եղիր քո շրջագայության ընթացքում նույնիսկ վիրավորական պատասխաններ լսելու: Նա, ով խաբված է, միշտ ճշմարիտ է:

Այո, այդպես է: Երբեք այդպիսի դժգոհությամբ, կասեի` արհամարհանքով չի ընդունվել  անծանոթի ներկայությունն այս հյուրասեր, աղուհացոտ գյուղերում: Նա` ով իջնում է մեքենայից, անծանոթ-ծանոթ` հազար տարվա հարազատի պես հարցնում որպիսությունդ, ուրեմն եկել է թեկնածուներից մեկնումեկի անձն ու գործը գեղեցիկ խոսքերով զարդարելու առաքելությամբ: Ոչ մեկը, իհարկե, բացեիբաց չի ներկայանում, որպես թեկնածուներից որևէ մեկի առաքյալ, այլ` «պատահաբար անցնում էի», «ասի` տեսնեմ ոնց են, ինչ են», և այլն:  Սովորաբար գալիս են տվյալ գյուղից դրսում բնակվող քիչ թե շատ հեղինակավոր որևէ մեկի հետ, սկսում նախ ընդհանուր զրույց, հետո գյուղի մարդկանց մի փոքր խմբի հետ, հիմնականում սեղանի շուրջ, կոնկրետացնում ասելիքը: Նրանք չեն կարող գաղտնի գալ և գաղտնի հեռանալ, գյուղը տեսնում է նրանց և գալը, և գնալը: Եվ քաղաքական հիվանդության հարուցիչը ստույգ վտանգ է դառնում նույնիսկ լեռնային ամենատխուր և ամենահիասթափված գյուղերի համար: Նրանցից շատերի «քաղաքական ալերգիան»  [ձևակերպումն իմը չէ – Ի. Մ.] դրսևորվում է հատկապես այն թեկնածուների նկատմամբ, ովքեր արդեն մեկից երկու անգամ ընտրվել են պատգամավոր և, ըստ ամենայնի, արտահայտել իրենց անճարակությունը կամ բացարձակ անտարբերությունը սեփական խոստումների, գյուղաշխարհի բարդ ու ցավոտ խնդիրների հանդեպ: Նրանց առաջնորդում է ոչ թե ժողովրդի ծանր կեցության հրամայականը, այլ պատգամավորի ապահով ու երանելի կարգավիճակը: Եվ ինչ ահավոր աղետների պիտի ենթարկված լինի մարդկային արժանապատվությունը, որ մեկ-երկու անգամ խաբել-ընտրվելուց հետո ազգային փրկչի ծիրանիով դարձյալ կանգնեն ժողովրդի առաջ և հայցեն նրա վստահությունը: Չէ՞ որ դա  ավելի ստորացուցիչ է, քան ողորմություն հայցելը: Ոսկեպարում մի բարեկիրթ գյուղացի այդպես էլ ասաց.

-Մեր հարգարժան թեկնածուներն ինձ հիշեցնում են այն մունետիկներին, ովքեր նույն հավատացյալից գութ են հայցում և՛ եկեղեցի մտնելուց առաջ, և՛ եկեղեցուց դուրս գալուց հետո…

Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանը հերոսական կին է, նրա խիզախությունը դրևորվել է հատկապես 1991-ի գարնանը, երբ թշնամու ռազմատեխնիկայով պաշարված գյուղը արյունալի սարսափներ էր կրում: Մեր զրույցի ընթացքում նրան հետաքրքրողն ավելի շատ շրջակա անտառի ճակատագիրն էր, և ռուսաստաններում աշխատող-ապրող համագյուղացիների վերադարձի խնդիրը: Նա այս բաները բարձր է դասում մնացած ամեն ինչից: Ինչ վերաբերում է մոտալուտ ընտրություններին, ապա որոշ անուններ պարզապես տարակուսանք են առաջացնում: Թեկնածուների ցուցակում կան մեկ-երկու անուններ, որոնց անձի և գործի մասին գյուղը երբևէ ոչինչ չի լսել: Ոսկեպարի ճակատագրական ծանր  պահերին նրանք ոչ մի կերպ չեն հիշեցրել իրենց ներկայությունը գյուղի մարդկանց կողքին կամ գոնե գյուղի թիկունքում: Իսկ հիմա եկել և ասում են` ձայնդ ինձ տուր, Ոսկեպար, գիտես, չէ՞, ինչեր կարող եմ անել քեզ համար: Անկախ այն բանից, թե այդ մարդիկ ինչպիսի հեղինակություններ են իրենց բնագավառում, ավեր ու արյուն տեսած Ոսկեպարի աչքին նրանք պարզապես քաղաքական ինքնասիրահար խամաճիկներ են: Ոչ ավելին:

-Իսկապես արժանավորները երբեք չեն գնում ներկայացնելու սեփական թեկնածությունը: Նրանք դպրոցում, հողի վրա, գիտական հիմնարկում արժանապատվորեն իրենց գործն են անում: Մենք` ժողովուրդը, պիտի նրան և դարձնի իր թեկնածուն: Նրա կյանքն ու կենսագրությունը, ուժն ու խելքը լավ իմանալով: Ցուցակում այդպիսի որևէ մեկին չեմ տեսնում:

Այդպես ասում էր մի տարեց բաղանիսցի և դժվար էր նրա հետ չհամաձայնել: Մարդիկ խոսում էին թեկնածուների նախընտրական ծրագրերի մասին և շատերին պարզապես խղճում` պատկերացնելով ընտրվելուց հետո նրանց դոնկիխոտյան ահավոր պատերազմները հողմաղացների դեմ…

-Մեկ կիլոգրամ բրնձով կամ երկու լիտր նավթով ձայներ հավաքելու ժամանակները վաղուց անցել են,- ասում էր Կողբեցի Գարեգին Բաղինյանը: -Իսկական պատերազմավոր պատգամավորը նա է, ով ինձ կտանի Ադրբեջանի սահմանակից իմ խաղողի այգին ու կասի` հանգիստ գործդ արա, քեզ վրա չեն կրակելու: Կամ եթե մեկի տունը հրդեհվում է, ձեռքը դնի հուսահատ տան տիրոջ ուսին և ասի մի վախենա, վստահ եղիր, որ պետությունը կանգնած է թիկունքիդ: Եթե չկա այդ թեկնածուն, ուրեմն ինձ մի տարեք ընտրության: Իսկ եթե կա, պիտի կարողանաք դրանում համոզել…

Նույնպիսի պատասխան տվեցին այլ գյուղերում տասնյակ ուրիշ մարդիկ: Դա նշանակում է, որ ժողովուրդը հաստատապես որոշել է այս անգամ չբախվել կամ, ինչպես ասաց նոյեմբերյանցի մի այրի կին` Սահարգյուլ Գուլքանյանը, նորից խոփը քարին դեմ չանել: Այսինքն, չափազանց դժվարացել է այն քարոզիչ-առաքյալների վիճակը, ովքեր թեկնածուների պաշտպանության կարգախոսներով շուտով պիտի սփռվեն համայն Հայոց աշխարհում: Թեկնածուները` իրենք էլ պիտի շատ զգույշ լինեն և ի սկզբանե հրաժարվեն հանդիպումների ժամանակ օտյանական «Որ մենք հերոս… » կարգավիճակ որդեգրելուց: Խոսքը նրանց է վերաբերում, ում համար դեռևս ուշ չէ…

©Իգնատ Մամյան
©«Առավոտ» 15.04.1999

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.