Նավարկություն դեպի անցյալ-կորուսյալ

Այրումը ֆանատիկների պակաս չուներ: Նրանք ոչ միայն դրսից էին ներմուծվում, այլեւ առաջանում էին տեղի հնաբնակներից, ովքեր երբեւէ աչքի չէին ընկել տարօրինակություններով: Այսպես՝ որմնադիր Համբարձում Գիլոյանը մի հակիրճ դիմումով ներկայացավ շինարարության պետ Ժորա Մարտիրոսյանին:

— Այս ժամին դու ինչո՞ւ աշխատանքի չես,-դիմումին չնայելով՝ զարմացա՞վ, թե՞ զայրացավ նա:

— Որովհետեւ աշխարհում կան շատ ավելի կարեւոր գործեր, քան քո շինարարությունն է:

— Չհասկացա, այ տղա,- հեզաբարո որմնադրի պահվածքից ապշած Մարտիրոսյանը վերցրեց սեղանին դրված դիմումը, — ուզում ես ազատվե՞լ աշխատանքից: Ու դիմումը բարձրաձայն կարդաց. ,Նավիս կառուցման համար խնդրում եմ դուրս գրես երկու խորանարդ մետր չոր տախտակ…ե

— Էս … ճիշտ ե՞մ կարդում, այ տղա, նավիդ կառուցման համա՞ր … — Այո:

— Դու ինձ ձեռ ե՞ս առնում,- կարմրատակեց զայրույթից,- ի՞նչ նավ, չեմ հասկանում:

— Կհասկանաս, երբ աշխարհի արժանապատիվ թերթերը կգրեն այդ մասին: Իսկ առայժմ խնդրում եմ չմերժել…

Րոպեներ անց ամբողջ Այրումն այդ մասին էր խոսում: Իսկ երեկոյան Համբարձում Գիլոյանը եկավ մեր բարաքաշար՝ առանձին զրուցելու Այրումի անզիջելի հեղինակության՝ կյանք ու աշխարհ տեսած բժիշկ Զաքարյանի հետ: Դուռը թակելու հարկ չկար, որովհետեւ շոգ ամառ էր, եւ բարաքաշարի բոլոր դռները գիշեր-ցերեկ կրնկի վրա բաց էին: Բժիշկը Գրիգորի հետ նարդի էր խաղում:

— Խնդրում եմ,- բժշկին ողջունելով ասաց Համբարձումը,- որ քո թույլտվությամբ բոլոր ավելորդ մարդիկ դուրս գան սենյակից:

— Ավելորդը ես ե՞մ, այ տավար,- ըմբոստացավ Գրիգորը:

— Մի նեղանա, զրույցը շատ գաղտնի է եւ շատ բարձր բանի մասին, որից դու, մեկ է, ոչինչ չես հասկանա:

Բժշկի թեթեւ ակնարկով Գրիգորը սուսուփուս դուրս եկավ:

— Կնոջս մահից հետո, արդեն երեք տարի, ես գիշերները քուն չունեմ, բժիշկ,- Գրիգորի ազատած աթոռակին տեղավորվելով՝ սկսեց Համբարձումը:

— Երեւում է՝ կորուստը շատ ծանր ես տանում…

— Հարցը դրանում չէ: Ինչ որ պիտի ասեմ՝ նրա մահից հետո իմ մենակ մնալով առաջացավ մեջս: Զզվել եմ, բժիշկ, ամեն օր՝ նույն աշխատանքը, նույն շենքերը, նույն մարդիկ, Ծրտոտ Աղասու նույն փնթի վագոն-խորովածանոցը: Հոգիս օտար վայրեր է ուզում, անծանոթ միջավայր, անհայտ ու խորհրդավոր պատկերներ: Երեք տարի առաջ երազում տեսել եմ մի կանաչ կղզի: Այնտեղ նարնջագույն վիթխարի ծաղիկներով հսկա ծառեր կային, ճյուղերին՝ անսահման գեղեցիկ թռչուններ, որ երգում էին բոլորովին ուրիշ, դրախտային ձայներով: Բուրավետ անտառում ջրերի անուշ կարկաչ էր, անտառի վրա՝ արծաթավուն ամպեր, որոնց միջից հրեշտակներ էին ծիծաղում …

— Քո էշության վրա են ծիծաղել,- չհամբերեց բաց դռան շղարշի ետեւից նրան թաքուն լսող Գրիգորը: Համբարձումը, սակայն, արհամարհեց նրա բիրտ միջամտությունը:

— Օրեր հետո, դարձյալ երազի մեջ, երկնքից մի ձայն ինձ հարցնում էր. ,Դու հասկացա՞ր, թե որտեղ ես ապրել քո նախկին կյանքերից ամենաերջանիկըե: Ասացի՝ հա, բայց որտե՞ղ է էդ աշխարհը, ինչպե՞ս կարող եմ հասնել նրան: Ասաց. ,Պատրաստիր քո նավակը, գտիր քո ամենամտերիմ մարդուն, որը կարող է ուղեկից լինել քեզ, հետո երկնքի անկյունից ես նշան կանեմ, թե որ պահին նավակդ ջուրն իջեցնես …

Երանելի լույս կար Համբարձումի դեմքին, խոսում էր՝ հայացքը սուզած գիշերվա խորհրդավոր հեռուները.

— Ես քեզ հրաշալի եմ հասկանում,- ցածրաձայն, գրեթե շշուկով ասաց բժիշկը,- բայց մեր գետն, ախր, նավարկելի չէ …

— Դժվարը Քռին հասնելն է, հետո դեպի ծովերը ուղին բաց է:

— Նաեւ՝ դու ոչինչ չես հասկանում նավագնացությունից …

— Արդեն հարյուրից ավելի գրքեր եմ կարդացել, բժիշկ:

— Բայց ինչո՞ւ ինքնաշեն նավակով եւ ոչ, ասենք, գնացքով կամ օդանավով:

— Որովհետեւ ոչ մի գնացք ու ոչ մի օդանավ չեն կարող հասնել այնտեղ, որտեղ ես ապրել եմ իմ ամենաերջանիկ կյանքը: Եւ ընթացքը ես չեմ որոշելու, որպեսզի փորձի կամ գիտելիքների կարիք ունենամ: Ձայնն ասաց՝ ջրերն ու քամին լավ գիտեն, թե քեզ ուր են տանելու:

— Իսկ գտե՞լ ես այն մարդուն, որը պիտի ուղեկցի քեզ այդ ոգեղեն առաքելության ընթացքում:

— Այո: Տերտեր Օհանը: Ինձ պես մենակ մարդ է, ոչ ինքն է որեւէ մեկին սպասում, ոչ իրեն են որեւէ տեղ սպասում:

Վերջինս Այրումում հայտնվել էր մի քանի ամիս առաջ, շատ տարօրինակ ձեւով: Կայարանում հանդիպելով Բիջոյին, մորուքը շոյելով հարցրել էր.

— Եղբայր, դուք այստեղ հովիվ ունե՞ք:

— Չէ՜ մի,- ծիծաղել էր Բիջոն,- այստեղ ո՞վ է անասուն պահում, որ չոբան էլ ունենան:

— Խոսքը հոգեւոր հովվի մասին է,- պարզաբանել էր, որից խոսակիցն, իհարկե, ոչինչ չէր հասկացել:

— Եթե չունեք, կազմակերպիր դառնամ ձեր հոգեւոր հովիվը, եւ խոստանում եմ, որ դու իմ ամենասիրելի ոչխարը կլինես:

— Էդ ինձ ե՞ս ոչխար ասում, այ էծի մորուք,- կատաղել էր Բիջոն եւ մինչեւ անցորդները կխառնվեին, հասցրել էր հոգեւոր հովվին քացու տակ գցել: Այդ վիճակում էլ նրան ներկայացրին բժշկին:

— Կռապաշտներ, անհավատներ,- աչքի տակի ուռուցքը շոյելով վնգստում էր նա, — մեղքերի մեջ թաղված ապրեք ձեր թշվառ կյանքը …

— Բիջոն, իհարկե, վայրենություն է արել,- դատ սկսեց բժիշկը,- բայց դու ո՞վ ես, ի՞նչ գործով ես եկել այս կողմերը:

— Ես գրեթե մեկ տարի փառք ու պատվով սովորել եմ Գեւորգյան ճեմարանում:

— Հետո՞:

— Հետո սեւ չարախոսության զոհ դարձա եւ վտարվեցի: Սակայն Աստված չներեց ապօրինությունը, եւ ինձ, համենայնդեպս, քահանա ձեռնադրեցին: Բայց հիմա իմ հոտից խռովել եմ, հեռացել, եւ կուզենայի այս օտար վայրում շարունակել հովվությունս:

— Վայթե չհաջողես, այստեղի ամենաթունդ հավատացյալը քո բարեկամ Բիջոն է …

Նրա անցյալի մասին ճշմարտությունը իմացվեց նույն երեկոյան, Այրումում բնակվող նրա մի հայրենակցի վկայությամբ: Իրոք՝ ինչ-որ ժամանակ քահանա է եղել, հետո անառակաբարո գործողության համար կարգալույծ է արվել եւ իր փառահեղ հոգեւոր անցյալից միայն մորուքը պահպանելով՝ ընկել բախտի ճամփաները: Հենց հաջորդ օրը մորուքը խուզեց եւ դարձավ ցեմենտի աշտարակի բանվոր: Համբարձումը, որ կնոջ մահից հետո մենակ էր ապրում, խղճաց նրան եւ առաջարկեց միասին բնակվել:

… Այրումն իր տարերքի մեջ էր: Այրումն զբաղված էր Համբարձում Գիլոյանի նավաշինությամբ, եւ դա էր նրա խոսակցության թեման մանկապարտեզից մինչեւ ծերերի հավաքատեղին …

— Վրան ի՞նչ դրոշ ես կախելու..

— Ինչպե՞ս է կոչվելու նավդ …

— Ի՞նչ ծովերով ես անցնելու, մինչեւ հասնես նախկին կյանքիդ անտառները…

Համբարձումը շատ լավ հասկանում էր ծաղրը եւ ոչ ոքի ոչինչ չպատասխանելով՝ գնում իր ճամփան: Նավը կառուցում էր գետափի իր այգում, որտեղից ամբողջ օրը կացնի թխկոց ու հալվող կուպրի ծխահոտ էր բարձրանում: Տերտեր Օհանը ամբողջ ամառ հաց էր չորացնում՝ պաքսիմատ դարձնում, ինչպես վայել է ծովագնացներին: Պատրաստվում էին նավարկումն սկսել սեպտեմբերի թավշյա օրերին, երբ, Համբարձումի կարծիքով, սկսում էին փչել ծովային տաք, բարենպաստ քամիները: Ամբողջ Այրումում կար միայն մի մարդ, որը չէր ծիծաղում այս ամենի վրա եւ չէր ծաղրում նրանց: Բժիշկ Հարություն Զաքարյանը:

— Համբարձումի մեջ շատ հետաքրքիր ու անչափ եզակի իրողություն է ընթանում,-ասում էր նա,- նախնական գենը բյուր սերունդների միջով եկել, հասել է նրան ու իր ամբողջ ռոմանտիկ վայրենությամբ պայթել նրա երեւակայության կենտրոնում…

Համբարձումը հաճախ էր այցելում բժշկին, նրան տեղյակ պահում ծովային մեւ ճամփորդության նախապատրաստական ընթացքի մասին: Մի անգամ բժիշկն իր ինչ-որ գաղտնարանից մի շիշ ռոմ հանեց, նվիրեց ապագա նավորդին:

— Ծովայինները սրանից են խմում,- ասաց:

— Շնորհակալ եմ,- զգացվեց Համբարձումը,- ես սա կբացեմ Խաղաղ օվկիանոս մտնելու պահին եւ երանելի հիշողությամբ առաջին բաժակը կխմեմ քո կենացը:

— Էն չոբանին չտաս, ափսոս է,- զգուշացրեց Գրիգորը: Շինարարության պետը բժշկին հարցրեց՝ պետք չի՞ նրան ուղարկել բժշկական ստուգման:

— Ոչ,- ասաց բժիշկը,- նրա գիտակցությունը երբեք չի եղել այսչափ ուժեղ ու պայծառ:

Օգոստոսի վերջին ամեն ինչ պատրաստ էր՝ մեկնարկելու համար մեւ նավարկությունը դեպի նախկին կյանքերից ամենահրաշալին: Համբարձումը մի էշ ուներ՝ տվեց լճկաձորցի հանդապահին:

— Ի՞նչ գին ես ուզում,-հարցրեց վերջինս:

— Ոչ մի գին, նվիրում եմ: Այնտեղ, ուր ես գնում եմ, փողը որեւէ արժեք չունի…

Համենայնդեպս, տերտեր Օհանը նրանից թաքուն մի երեքանոց գրպանեց հանդապահից: Տունն ընծայեց իր գործընկեր վարպետ Մանուկին՝ Գավրիկ տղադ կամուսնանա, մեջը կապրի: Իսկ տարիների մեղվաջան տքնանքով աճեցրած հրաշալի այգին հանձնեց իր հարեւան նոտար Վահանին:

— Լավ կնայեմ, վերադառնաս՝ էլի քոնն է,- խոստացավ նա:

— Այնտեղից ես երբեք չեմ վերադառնա, դու մշակիր ու հանգիստ վայելիր բերքը..

Նավակը՝ կինոմեխանիկ Գուրգենի անվանումով ատոմային սառցահատը, վաղուց իջեցված էր գետեզր: Համբարձումը հրաժեշտ էր տվել ամենքին, Այրում աշխարհի հետ մաքրել իր բոլոր հաշիվները եւ քարափին նստած՝ գիշերն ի լույս սպասում էր երկնքի անկյունում երեւալիք նշանին: Եւ նշանը չէր երեւում: Եւ սկսեցին մարել երեւակայության կենտրոնում պայթած վաղնջական գենի պայծառ ու շքեղ արձագանքները՝ տարածքը դարձյալ զիջելով սովորական չարչարյալի խեղճ ու գորշ մտածողությանը: Եւ հրդեհված ու Դեբեդի հորձանքին հանձնված նավակը ճարճատելով այրվում էր, եւ Համբարձումը քարափին նստած լաց էր լինում գետն ի վար այրվող նավակի ցոլքերն աչքերում: Հետո Այրումն ափսոսալով ծիծաղում էր, ծիծաղելով ափսոսում խեղճ ու ազնիվ իր աշխատավորին, եւ միայն բժիշկը գիտեր, միայն նա կարող էր մեկնաբանել, թե իրականում ինչ է կատարվել, եւ մի բան շատ ստույգ էր՝ հոգեբուժարանը ոչ մի առնչություն չպիտի ունենար այս ամենի հետ: Բայց ունեցավ եւ այնտեղ եւս մի անգամ Համբարձում Գիլոյանի հայացքի դեմ պիտի ծփար դարերի խորքում շնկշնկացող սքանչելի կղզին, սակայն արծաթավուն ամպի միջից հրեշտակը ոչ թե ծիծաղելու, այլ լաց էր լինելու, որովհետեւ այս ամենը կատարվելու էր նրա երկրային գորշ ու տանջալի գոյության ամենավերջին պահին: Այնուհետեւ բժիշկը պիտի ասեր՝ երանի Համբարձումին, որ հիմա իր հեռավոր կղզու կախարդական աղբյուրներին է թեքված…

Իգնատ Մամյան

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.