Վիրավոր լեռան հիշողությունը

Այս գիրքն անտարբերների համար չէ, համակերպվողների, այսպահային շահը նախընտրողների համար չէ, նրանց համար չէ նաև, ովքեր սիրում են անհիշողության խաղաղ բացատները կամ մանկուրտի հայրենազուրկ ապագան: Այս գիրքը նրանցն է, ովքեր երկրի ու ժողովրդի կենսագրությունն ապրում են որպես սեփական կյանքի ժամանակ, յուրաքանչյուր ծնունդ ու մահ ընկալում իբրև սեփական սկզբի ու վերջի խորհուրդ:
Այս պայմանը չբարձրաձայնելով, սակայն միարժեք, Իգնատ Մամյանը դնում է իր յու-րաքանչյուր տողում. թե չես ապրում կյանքդ որպես ժողովուրդ, երկիր և հող, ձեռք մի՛ տուր այս ողբերգական պատմությանը, փո՛րձ անգամ մի արա հասկանալ նրանց, ովքեր ավելին տեսան, քան հասցրին տեսնել, ովքեր ավելի՛ն ապրեցին իրենց հերոսական վախճանով, ի-մացյալ նահատակությամբ, նրանց, ում ժամանակն այլևս անընդմիջում և անշեղ է` դեպի հավերժություն:
Ցանկացած պատերազմ ի վերջո ավարտվում է խաղաղության հաղթանակով, սակայն անկատար է ցանկացած խաղաղություն, եթե, ճշմարտության հաղթական պսակը չունի ճակատին: Դրա համար է, որ ցանկացած պատերազմի վերջին համազարկից տարիներ, տասնամյակներ ու հարյուրամյակներ անց էլ, հաճախ անարյուն և անաղմուկ, բայց ոչ պակաս ահեղ ու անզիջում, շարունակվում է հանուն ճշմարտության հաղթանակի պատերազմը: Այդ պատերազմի զինվորներից, ճշմարտության զինվորագրյալներից է Իգնատ Մամյանը, որ 80-ականնների հասարակական-քաղաքական թոհուբոհում բանաստեղծությանը գերադասեց հրապարակագրությունը, իսկ երբ վրա հասավ 90-ականների` Ազատամարտի արնամած, բայց հպարտ ու հերոսական ժամանակը, արդեն գրիչը զենքով փոխարինեց հարավային ռազմադաշտում: Հիմա հանուն ճշմարտության պատերազմի ժամանակն է:
1991 թվականի ոսկեպարյան ողբերգությանը Իգնատ Մամյանն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է: Նրա «Եղերական լուսաբաց» գիրքը ոչ միայն Կատարքա լեռան վրա դավադրաբար սպանված, թիկունքից, այո՛, թիկունքից խփված ոստիկանության կարգախմբի տղաների դիմանկարների հուշ-շարք էր, այլև փորձ` ներկայացնելու այն ռազմաքաղաքական համապատկերը, որ ձևավորվել էր Հայաստանում ու հանրապետության սահմաններին, մասնավորապես` հայ-ադրբեջանական առճակատման չափազանց լարված` Նոյեմբերյան-Ղազախ հատվածում: Գրքում նաև խոստում կար, որ հեղինակը հետամուտ է լինելու ողբերգության մութ հանգույցների ու կնճռոտ հարցերի բացահայտմանը, և ահա Իգնատ Մամյանը կատարում է խոստումը «Վիրավոր լեռան ճիչը» վավերագրությամբ:
1988 թվականին հանուն պատմական արդարության ելնելով ազգային-ազատագրական պայքարի` մեր ժողովուրդը շուտով հայտնվեց օտար խաղերի սարդոստայնում: Հոգեվարող սովետական կայսրության ղեկավարությունը, հասկանալի է, չէր պատրաստվում ու ոչ մի գնով չէր վերականգնելու արդարությունը, մեզնից խլած Արցախը մեզ չէր վերադարձնելու: Ե՞րբ էր նման բան կատարվել, որևէ մեկը հիշո՞ւմ է որևէ սովետական արդարամիտ վճիռ` թեկուզև սեփական կիսատ-պռատ սահմանադրության շրջանակներում: Չկա՛ նման բան: Կամ թե` ցինիզմով ու բռնությամբ մեզնից կտրած-օտարածը ինչո՞ւ պիտի վերադարձնեին: Ի՞նչ է, կայսրության բարոյականությո՞ւնն էր սրբագրվել, թե՞ գենսեկների վարքն ու նկարագիրը: Ո՛չ այս, ո՛չ այն: Ավելին` հավատավոր ու արդարամիտ մեր պոռթկումն արագորեն առնվեց կայսերական խաղերի մեջ` օգտագործվելով Հարավային Կովկասում սկիզբ առած կենտրոնախույս շարժումները սանձահարելու ծրագրում, շարժումներ, որոնց մի թևն էլ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, ձևավորվել էր Հայաստանում:
20-դ դարն ավարտվում էր նույն ստոր քաղաքականությամբ, որով սկսվել էր: Ճիշտ ու ճիշտ դարի առաջին տասնամյակի հանգույն` կայսերական Կենտրոնը Հարավային Կովկասի ժողովուրդներին լարում էր միմյանց դեմ` զինված բախումներ սանձազերծելով, ապա և` միջնորդի, սանձահարողի ու խաղաղարարի դերակատարությամբ: Սցենարը փորձված ու փորձարկված էր, սակայն այս անգամ, ի լրումն անկանոն զինված խմբերի` քաղաքական խաղերի մեջ ներքաշեցին նաև պետական կառույցները, մասնավորապես` երկուստեք իրադարձությունների կիզակետում հայտնվեցին ոստիկանության ստորաբաժանումները:
Սովետական Միությունը, թեկուզև հոգեվարող, բայց` դեռ կար, և առճակատման կողմերի համար հայտարարված էր զինյալ խմբերի անվերապահ զինաթափում, որոնց փոխարեն սահմանամերձ տարածքներում մարտական հերթապահությունն ու հասարարական կարգի ապահովումը իրականացնելու էին ոստիկանության ստորաբաժանումները: Սա` պաշտոնապես, ի լուր մեզ ու աշխարհի, իսկ իրականում…
Իսկ իրականում ադրբեջանական ՕՄՕՆ-ը, որպես սովետական «խաղաղարար» զորքի վերջնապահ ու բաշիբոզուկների, ավազակաբարո խուժանի առաջապահ, ասպատակում էր մեր շեները, կոտորածի ու բռնագաղթի ենթարկում մեր ժողովրդին, իսկ հայ ոստիկանը նույն «խաղաղարարի» կողմից դավադրաբար սպանվում կամ ստոր խաբեությամբ գերեվարվում էր:
Ինչո՞ւ, ինչպե՞ս, ո՞ւմ հրամանով ու ձեռքերով… Ահա այս հարցերին է փորձում պա-տասխանել, այս առեղծվածային թնջուկն է փորձում լուծել Իգնատ Մամյանը «Վիրավոր լեռան ճիչը» գրքում: Վավերագրողի ամենատեսությամբ, պատմագրի անողոք անաչառութ-յամբ նա ջանում է ոչ միայն պահպանել ու ժողովրդի հիշողության մեջ անմահացնել նրա զոհված զավակների լուսե պատկերը, գերեվարված ու ոսոխի անմարդկային զնդաններում մարդկային ու տղամարդկային նկարագիրը անխաթար պահած նրա որդիների սխրանքը, այլև բացել ողբերգական իրողությունների ծալքերը, ի մի բերել դեպքերը, դեմքերը, վերականգնել ժամանակագրությունը, ամբողջացնել ամենատարբեր, հաճախ փոխհակասող կարծիքներն ու գնահատականները մարդկանց, որոնք ականատեսն ու մասնակիցն են եղել այդ ողբերգական իրադարձությունների:
Ասել, թե գրքում բոլոր հարցերը պատասխանված են և բոլոր առեղծվածները լուծված` սխալ կլիներ. հանուն ճշմարտության պատերազմը միշտ էլ հանուն խաղաղության պատերազմից տևական է լինում, սակայն այս գրքով Իգնատ Մամյանը արել է ամենագլխավորը` ևս մեկ քայլ, որով սկսվում է,- թող որ երկար,- ճանապարհը դեպի ճշմարտության հաղթանակ, ապա և` նշակետել է սխրանքի ու ստորության փոխբացառող տարածքները, որոնք այս անգամ խորհրդանշվում են մեր ժողովրդի, տվյալ դեպքում` մեր ոստիկանների հայրե-նապաշտպան ու արժանավայել կեցվածքով, մյուս կողմից` կայսրության և իր դրսեկների ու դրածոների անսահմանելի անբարոյականությամբ:
Միշտ էլ անշնորհակալ գործ է գիրքը վերապատմելը. գրողից լավ չես անի, գրողից լավ չես կարողանա ընթերցողին հասցնել ժամանակի նյարդի թրթիռը, ժամանակի մարդու հույզն ու խռովությունը, տագնապների խորությունը, սխրանքի ահռելիությունը, նահատակության վեհությունը…
Գիրքը վերապատմելը ոչ միայն անշնորհակալ, այլև անիմաստ գործ է, հատկապես երբ հեղինակը Իգնատ Մամյանն է` ոչ միայն ժամանակակիցն ու ականատեսը, այլև մասնակիցը դժնի և հերոսական անցքերի, մարդ, որ հայրենապաշտ մյուս նոյեմբերյանցիների, ոսկեպարցիների հետ հուսահատվել է` երկնքում Աստծո աչքի փոխարեն սովետական ռազմուղղաթիռի «աչքը» տեսնելով, ում հոգուն էլ նստել է տասնամյակներով բարձրացած սովետա-կան ստի սյուների փլուզման փոշին, մարդ, որ մեռել է զոհված երեխայի հետ ու վեհացել գերությունից հպարտ վերադարձողների անպարտելիությամբ, մեկը այն սերնդից, որ անձնու-րաց վարքով հավաստեց մահ իմացյալի ճշմարտությունը: Իրենը` կյանքը, ապրումը, պա-տումը, մերը` ընթերցողական հավատն ու գնահատումը…
Լեռը դեռ վիրավոր է, և ուրեմն այս գիրքը դեռ ճանապարհ ունի, ինչպես որ անելիք ունի դեռ հեղինակը. որոնումն, իմ կարծիքով, պիտի շարունակվի մինչև առեղծվածների վերջնական բացահայտում, որովհետև պատերազմները կարող են և ավարտվել պարտությամբ, ճակատամարտերն` առավել ևս, սակայն ճշմարտության թեկուզև մեկ պարտությունը պարտությունն է ամենայն մարդկայինի, պարտություն, որ բացառած կլինենք ընդմիշտ, եթե մեր վիրավոր լեռների ոչ միայն վեհությունը սիրենք, այլև… հիշողությունը:

Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.