Լիա­լուս­նի քմայ­քը

Բժիշկը Գրիգորին ասել էր՝ եթե ուզում եք երեխա ունենալ, փոխեք կլիման, դուրս եկեք այս հին ու դաժան ձորից, որ լիքն է ամեն տեսակ անեծքներով, գնացեք Սև ծովի ափերը, որտեղ ձեր համշենահայ հարազատներն են ապրում։ Ասել էր՝ այնտեղ միջավայրը տաք է ու բարեբեր, և կանայք շատ հեշտ են հղիանում։ Եվ մի երեկո ամբողջ բարաքաշարով գնացել էինք կայարան՝ Երևան-Մոսկվա գնացքով Գրիգորին ու կնոջը ճանապարհելու Աբխազիա։ Հրաժեշտի պահին Բիջոն մի քիչ հուզվեց, փորձեց լաց լինել, բայց չկարողացավ՝ անորոշ խռխռաց։ Բժիշկը Գրիգորին ասաց.
— Իհարկե, դու էլ պիտի կատարելագործես քո անկողնային գործունեությունը, սովորես մոտեցման նոր ձևեր ու մեթոդներ։ Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։
Գրիգորն այսպես գնաց, և հաջորդ օրը աշխղեկ Լևոն Զաքարյանի ուղեկցությամբ բարաքաշար եկավ շատ նիհար, ազնվական բարի դեմքով մի կին։ Գրիգորի թողած բանալիով բացեցին տնակի դուռը, ուր մնացել էին երկու դատարկ մահճակալ ու մի խարխուլ, ինքնաշեն պահարան։
— Հրաշալի է,- ասաց կինը,- այստեղ կարելի է ապրել մի քանի կյանք։ Հետո բաց դռան շուրջը խմբված հին բնակիչներիս նայելով՝ ասաց.
— Ընդունեք մեզ և չեք զղջա, մենք լավ հարևաններ կլինենք։
— Մեզ՝ այսինքն ո՞ւմ,- հարցրեց Սիրուն Մարոն։
— Ինձ և որդուս։ Մենք կգանք վաղը երեկոյան։
Եվ եկան։ Տղան, մորից էլ նիհար, 14-ամյա մի պատանի, հազիվ քարշ էր տալիս մի թեթև ճամպրուկ։ Երբ ներս էին մտնում, նա ինչ-որ բան ասաց մորը, որ ես չհասկացա։ Ու հանկարծ հարևան տնակից հնչեց բժշկի խրոխտ, հուժկու բասը.
— Այդտեղ ո՞վ խոսեց ֆրանսերեն…
Մայր ու որդի իրար նայեցին։ Բժիշկը հարցը կրկնեց ֆրանսերեն լեզվով։ Կինը պատասխանեց նրան, որից հետո բժիշկը երջանկությունից ուղղակի ոռնաց.
— Վերջապե՜ս։ Այս գարշելի տգետանոցում վերջապես հայտնվեցին մարդիկ, որ խոսում են աշխարհի ազնվագույն լեզվով…
Հետո նրանք երկար խոսում էին, որից ես հասկացա միայն դը Գոլի անունը։ Սակայն պարզվեց, որ, ի դժբախտություն բժշկի, ո՛չ մայրը, ո՛չ էլ որդին չեն եղել Ֆրանսիայի ո՛չ լեռներում, ո՛չ էլ, նույնիսկ, Փարիզի փողոցներում։ Պարզապես կինը ֆրանսերենի ուսուցչուհի էր և միակ որդուն հնարավորինս սովորեցրել էր այդ լեզուն։ Բժիշկը հիասթափություն ունեցավ, բայց այդքանն էլ նրա համար մխիթարություն էր։ Զորիկ՝ այսպես էր տղայի անունը։ Մենք մտերմացանք հենց հաջորդ օրը՝ շնորհիվ այն գրքերի, որ ես տեսա նրանց սեղանին։ Վահան Տերյան, Միսաք Մեծարենց, Եղիշե Չարենց, որի անունն առաջին անգամ էի լսում, և էլի ուրիշ՝ ինձ ծանոթ ու անծանոթ հեղինակների գրքեր։ Իսկ ինչպե՜ս էր արտասանում, որչա՜փ սքանչելի առոգանությամբ ու մեղեդային ձայնով.
Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին
Հաշիշով օծուն և բալասանով,
Լուսեղեն ճամփեն ես կանցնեմ գինով-
Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին…
Հետագա օրերին մենք ավելի մտերմացանք։ Ինձ համար Զորիկը Աստծուց ուղարկված հրաշալի նվեր էր իմ թախծոտ, միապաղաղ, անորոշ պատանությանը։ Ես փակ աչքերով լսում էի նրան, ու թվում էր, թե գտնվում եմ հեռավոր, անհայտ մի կղզում, մեղմ խշշացող արմավենու տակ, և շուրջս հազարավոր խորհուրդներով հառաչում ու շառաչում է ծովը։ Երբ արձակուրդները վերջանային, մենք պիտի սովորեինք նույն՝ յոթերորդ դասարանում։ Երբ այդ մասին խոսում էի, Զորիկը թախծոտ հայացքով դուրս էր նայում փոքրիկ պատուհանից և ցավոտ ու խորհրդավոր շշնջում՝ տեսնենք։ Ի՞նչ տեսնենք, ինչո՞ւ տեսնենք՝ չէի հասկանում։ Եվ մի օր, երբ շատ էինք մտերմացել, հարցրի.
— Ինչո՞ւ ես միշտ այդպես ասում։ Մենք տարեկիցներ ենք և պիտի սովորենք նույն դասարանում։
— Այո՛, բայց… Չգիտեմ,- ասաց թույլ քմծիծաղով։- Տեսնենք…
Նա Շառլ Բոդլեր էր կարդում, որի անունը ես երբեք չէի լսել։ Կարդում էր ֆրանսերեն, և ես՝ այդ լեզվով ոչ մի բառ չիմացողս, կարող եմ երդվել, որ հասկանում էի նրան։ Այրում էին տեղափոխվել Երևանից, որտեղ ունեին հարմարավետ բնակարան։ Ինչո՞ւ։ Մայրը՝ Մանուշ մորաքույրը, հաճախ էր լինում մեր տնակում, մորս հետ ժամերով զրուցում էին ինչ-որ բանի մասին։ Թե ինչ՝ չգիտեմ, բայց նրանց զրույցների մեջ տագնապ կար, անհանգստություն ու ցավ։ Մի կեսօր, երբ նստած էինք բռնչենու ստվերում, համարձակվեցի Զորիկին հարցնել.
— Դու հայր ունե՞ս, որտե՞ղ է քո հայրը։
Նրա դեմքն այլակերպվեց, ճակատը պատվեց քրտինքի մանր կաթիլներով։
— Ունեմ,- մի փոքր անց արտաբերեց խուլ ձայնով։- Դժբախտաբար ունեմ։ Եթե չունենայի, ես այս սարսափելի վիճակում չէի լինի…
— Իսկ որտե՞ղ է նա, և ինչո՞վ է քո վիճակը սարսափելի,- ոչինչ չհասկանալով՝ շարունակեցի հարցումս։
— Նա շատ հեռու է՝ Մորդովայում,- ու երերալով, դժվարությամբ վեր կացավ։- Գնամ, մի քիչ պառկեմ։
Գիշերը, երբ հայրս պահակության էր գնացել, և մորս հետ մենակ էինք տնակում, այս դառը հարցուփորձի մասին ասացի նրան։ Ուշադիր լսելով՝ մայրս կիսանստեց անկողնում։
— Իզուր ես այդպիսի հարց տվել։ Հոր մասին խոսելով՝ դու նրան հիշեցրել ես իր ողբերգությունը…
— Ինչո՞ւ,- զարմացա ես,- ի՞նչ ողբերգություն…
— Ինչ որ կլսես, պիտի մնա քո մեջ,- շշուկով ասաց մայրս։
— Կմնա…
— Նրա հայրը սոսկալի հանցագործ է։ Նրա պատճառով է, որ Զորիկը տառապում է այդ զարհուրելի հիվանդությամբ։ Դա եղել է այն պահին, երբ հայրը դանակը ձեռքին հարձակվել է մոր վրա։ Զորիկը ճչացել է և ուշաթափվել, որից հետո լուսինը նրա համար այսպես սարսափելի է դարձել…
— Ոչինչ չեմ հասկանում,- քրթմնջացի ես,- ախր ի՞նչ լուսին, ի՞նչ հիվանդություն…
— Շատ խորհրդավոր երևույթ է, բժիշկներն էլ չեն կարողանում սպառիչ պատասխան տալ։ Փաստն այն է, որ, ինչպես մայրը՝ Մանուշն է ասում, լուսնոտ գիշերներին Զորիկի հետ անհասկանալի բաներ են կատարվում։ Որքան պայծառ է լուսնի լույսը, այնքան խորն է նրան պատող առեղծվածը։ Իսկ լիալուսնի գիշերներին նա միանշանակ սուզվում է հիվանդանգին երևույթների խորքերը՝ կորցնելով ժամանակի և տարածության զգացումը՝ ամբողջովին վերանալով իրականությունից։ Նրանք Երևանից ժամանակավորապես տեղափոխվել են այստեղ, որովհետև հայրն ուր որ է՝ կազատվի գաղութից, կվերադառնա, և տղան կրկին կտեսնի հորը։ Նրանց հանդիպումը կարող է ողբերգական լինել տղայի համար, որն ամեն անգամ հորը տեսնելով՝ սարսափից ճչում է և ուշաթափվում։ Մանուշն ուզում է այնպես անել, որ նրանք երբեք չհանդիպեն…
Հաջորդ օրը, երբ բժիշկը դեռ չէր ընդունել իր հերթական չափաբաժինը և բազկաթոռի մեջ սուզված՝ ֆրանսերեն լեզվով ինչ-որ ամսագիր էր թերթում, մոտեցա նրան և ամեն ինչ մանրամասն պատմեցի։
— Լիալուսնի առեղծվածն անբացատրելի է,- ասաց նա։- Բայց դեպքը խիստ եզակի է և չափազանց հետաքրքիր։ Ես պիտի փորձեմ հանրագիտարաններից դուրս քաշել այդ գաղտնիքը…
Այդ օրերին Մանուշ մորաքույրը ինչ-որ գործով Երևան պիտի գնար և ինձ խնդրեց գիշերը Զորիկի հետ քնել իրենց տնակում։ Նա ուներ բուսական ու կենդանական աշխարհին, ծովագնացությանն ու աֆրիկյան ջունգլիներին նվիրված բազմաթիվ նկարազարդ հանդեսներ, որ մենք հիացած թերթում էինք մինչև կեսգիշեր։ Հետո քնեցինք։ Ինչ-որ պահի կարծես թե մեկը հրեց ինձ, ու ես արթնացա։ Զորիկը, անկողնում նստած, հետ էր քաշել վարագույրը և վերացած ու հիացած դիտում էր ձորի վրա թափվող մեղմ, թույլ լուսնալույսը։ Ես հիշեցի նրա առեղծվածային հիվանդության մասին մորս պատմածը և, չիմանալով ինչ անել, ցածրաձայն տվեցի անունը։ Չարձագանքեց։ Կրկնեցի ավելի բարձր։ Դարձյալ չպատասխանեց։ Իջա անկողնուց և խորհրդավոր ինչ-որ սարսափից դողալով՝ վառեցի լույսը։ Նա դանդաղ, շատ դանդաղ շրջվեց պատուհանից և դատարկ հայացքով նայեց ինձ։ Աչքերն աչքեր չէին՝ դեղնավուն մշուշով լցված խորշեր էին, որ կամաց-կամաց պարզվեցին, ու ես տեսա Զորիկի խելոք ու թախծոտ հայացքը։
— Ի՞նչ եղավ,- հարցրեց նա անդրաշխարհային խուլ ձայնով։
— Ի՞նչը…
— Օձը։ Ի՜նչ շքեղ էր, ի՜նչ գեղեցիկ։ Դանդաղ կոհակվելով՝ բարձրանում էր պատն ի վեր…
Ես սարսափով շուրջս նայեցի, բայց ոչ մի օձ էլ չտեսա։
— Լավ, քնենք,- ասաց, թույլ բռնկում էր, շուտ անցավ։
Մի քանի օր հետո բժիշկն ինձ կանչեց։ Սեղանին դրված էր ֆրանսերեն մի հին, քրքրված գիրք։
— Քանի՜ օր չխմեցի և չքնեցի, մինչև իմաստության այս մատյանում գտա մեզ հետաքրքրող առեղծվածի բացատրությունը։ Ձեր ասածը բնավ էլ հիվանդություն չէ։ Դա ոգեփոխության սեանս է, որ կատարվում է լիալուսնի ուժեղ ազդեցության ներքո։ Առաջանում է ակնթարթային ահեղ սարսափից։ Լիալուսինը շփոթված ոգուն արծաթե ցոլքերով ներառում է իր խորհրդավոր կախարդանքի մեջ, և մարդու ուղեղում բռնկվում է հազարավոր տարիներ առաջ իր ապրած կյանքի հիշողությունը։ Նա հայտնվում է դրանցից որևէ մեկում, և նրա վարքը թելադրված է այն բանով, թե ո՞վ է եղել նա տվյալ կյանքում և ինչե՞ր է արել։ Եթե, ասենք, քահանա է եղել, մեղմ աղոթելով իր համար կգնա ճանապարհի եզրով, եթե դահիճ է եղել, կմղվի արյան ու մահի, և այսպես շարունակ։ Հարյուրից իննսունինը դեպքում ոգեփոխության սեանսներն ավարտվում են ողբերգությամբ։ Իսկ լիալուսնի երևույթը, ինչպես միլիոնավոր տարիներ առաջ, այնպես էլ հիմա պատված է անբացատրելի գաղտնիքների մշուշով։ Հայտնի է միայն, որ նրա սառը, արծաթագույն ցոլքերով լույսը ողբերգության լույս է։ Երբեմն լինում են նաև երջանկության մանր-մունր բռնկումներ, որոնք անմիջապես էլ մարում-կորչում են հավերժական ողբերգության մահաշունչ ցոլքերի մեջ։
Ահա այսքանն է գրված 1852 թվի բժշկական այս հետաքրքիր հանրագիտարանում։ Զորիկի սենյակը պետք է թանձր վարագուրված լինի, երբեք ու ոչ մի դեպքում նա չպետք է հայտնվի լուսնի, հատկապես՝ լիալուսնի տակ։ Վերջինիս ազդեցությունն ակնթարթային է լինում։ Բանն այն է, որ անձը վիթխարի ներքին մղում է ունենում դեպի լիալուսնի լույսը։ Դա կոչվում է վաղնջական կյանքերի կարոտ։
— Իսկ կոնկրետ Զորիկի այս պատմությունը քո կարծիքով ինչպե՞ս կվերջանա…
— Վախենում եմ ասել։ Դա կախված է լիալուսնի քմայքից։

* * *

Սեպտեմբերին մենք դպրոց գնացինք։ Ուսուցիչները շշմած էին Զորիկի իմացությունից։ Հետո եղավ ողբերգությունը։ Աշնանակեսի մի գիշեր ամբողջ բարաքաշարը վեր թռավ Մանուշ մորաքրոջ զարհուրելի ողբականչից.
— Ժողովո՜ւրդ, Զորիկը չկա, դո՜ւրս է եկել, հասե՜ք…
Փնտրեցինք ամենուր, և Զորիկը չկար։ Իջանք լիալուսնի պայծառ ցոլքերով լցված ձորը, որոնեցինք մինչև լույս, ու դարձյալ չկար։ Ու միայն արևածագից հետո ուստա Մանուկը նկատեց գետափի բարձր ժայռի տակ, քարերի վրա ջախջախված նրա մարմինը։ Մանուշ մորաքույրը ճչաց ու ուշաթափ փռվեց գետեզրի թաց ավազին…
— Այս գիշերվա լիալուսնի տակ նա հայտնվել է մի կյանքում, ուր թշնամուց հալածվող փախստական է եղել։ Եվ ճշտորեն կրկնել է հազար տարի առաջվա իր արարքը՝ թշնամու ձեռքը չընկնելու համար ցած է նետվել վայրի քարափից…
Զորիկին տեղափոխեցին Երևան՝ հանգչելու Զեյթունի գերեզմանոցում, իր հարազատների կողքին։ Իսկ լիալուսնի զարհուրելի առեղծվածը մնաց մեր ձորում՝ իր անթիվ գաղտնիքներով, որոնցից ոչ մեկը չի բացահայտվել անցած միլիոնավոր տարիների ընթացքում

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.