Ու դարձյալ մի լեգենդ…

Մայիս Մուրադխանյանն իր երեք որդիների՝ Բագրատի, Խաչիկի և պատանի Դավիթի հետ Ինքնապաշտպանության առաջին օրերից գյուղի դիրքերում էր: Կոթիի մի շարք ընտանիքների նման նրանց տան ճակատագիրն էլ նույնացված էր գյուղի ճակատագրի հետ:
Թողնել — գնալ, այլ վայրերում ապահովություն փնտրել չկար: Կոթին կապրի՝ իրենք էլ կապրեն, չի լինի՝ իրենք էլ չեն լինի: Մեծ գրող Հրանտ Մաթևոսյանն իմաստուն համադրմամաբ այսպիսի մարդկանց ծառեր էր անվանում: Այսինքն՝ արմատներս այս հողի մեջ խրված են ու՞ր պիտի գնամ, ինչու պիտի գնամ, կամ ինչպե՞ս պիտի գնամ: Ես իմ ամեն ինչով հանձն-ված եմ այս երկրի քամուն ու անձրևին, լույսին ու մութին, ես այս երկրի մի մասն եմ ու չեմ կարող բաժանվել իմ ամբողջից:
… Չափազանցում չի լինի, եթե ասենք՝ այն դաժան օրերին Կոթիում ամեն ինչ կատար-վում էր մահվան վտանգի տակ. արտ հնձելը, հող վարելը, հաց թխելը, անասուն պահելը, երեխայի դաս սովորելը, ամեն — ամեն ինչ: Ոչ- ոք չէր կարող գուշակել, թե գիշերվա կամ ցերեկվա ո՞ր պահին իր տան առջև, իր ճամփի վրա, իր կողքին կպայթի թշնամու արկն ու ականը: Դժվար էր ասել՝ որտե՞ղ է համեմատաբար ապահով, տա՞նը, թե արձակ դաշտում, դիրքերու՞մ, թե գյուղամիջի զրուցատեղիում: Կոթին միշտ և ամենուր իրեն զգում էր պատերազմի մեջ՝ պատրաստ ամեն ինչի: Եվ միակ զենքը, որով զինված էին բոլորը, ինչպես արդեն ասել ենք՝ արհամարհանքն էր թուրքի ու նրա բոլոր վտանգների հանդեպ: Դրա համար մարդիկ նաև տուժում էին, բայց հոգևորը՝ հպարտությունն ավելի էր, քան ֆիզիկական վնասները…
… Կոթիի պատանիների այդ սերունդը սիրտ ու հավես չունեցավ գնալու իր կապույտ անրջանքների հետևից: Նրա երազանքների ոսկեփետուր թռչունը խանձված թևերով թռչում էր վառոդի հոտի, պայթող ռումբերի բարձրացրած փոշու և գալիք օրվա անորոշության միջով: Մի քանի ամսում իմաստացած այդ տղաներին պետք չէր բացատրել, որ Կոթիի բոլոր սերունդների գլխավոր երազանքն այդ օրերին մեկն էր՝ գյուղը պաշտպանված տեսնել նենգ թշնամու բազմաբնույթ արհավիրքներից: Ամեն գնով: Թեկուզ՝  կյանքի…

Տասնյոթ տարին չլրացած՝ Դավիթ Մուրադխանյանը հոր և ավագ եղբայրների օրինակով արդեն դիրքերում էր: Ի սկզբանե նրան անծանոթ մնացին վախը, տագնապը, զգուշությունը: Աշխարհի իր մյուս տարեկիցների նման նա չերազեց շքեղ ավտոմեքենա, հարստություն ու արևոտ կղզիներ: Այդ օրերին նրա երազանքը զենքն էր, որ ունեցավ: Այնուհետև խիզախ պատանին գյուղի պաշտպանության ամենավտանգավոր տեղամասերում էր: Փորձված տղերքը նրան իրենց հետ խուզարկության էին տանում ու վերադառնում նրա քաջությամբ ու խոհեմությամբ հիացած:

Օրերը համեմատաբար խաղաղ էին: Դավիթ Մարուդխանյանը, ինքնաձիգն ուսին, իրենց անասուններն արոտի էր հանել Խոլնի քարի շրջակայքը՝ հենց սահմանի վրա: Սովորա-բար գյուղը գիտենում էր, թե ո՞վ՝ ո՞ր տարածքում էր խոտ հնձում կամ այգի մշակում, ո՞վ՝ որտե՞ղ է անասուն պահում, ովքե՞ր՝ որ կողմ են գնացել հետախուզության: Երբ Խոլնի քարի կողմից կրակոցներ լսվեցին, Կոթին չէր կասկածում, որ իր պատանի զավակը փորձանքի մեջ է: Փրկության հասնելու տվայտանքով տղերքը դուրս թռան գյուղից: Երբ հասան Խոլնի քար, այնտեղ կրակոցներ ու կրակոցներ այլևս չկային: Թուրքերի դիվերսիոն խումբը, թփերի մեջ թաքնված, երկար հետևել էր Դավիթ Մուրադխանյանին, համոզվել, որ նա մենակ է տարածքում ու նոր միայն թաքստոցից կրակ բացել նրա վրա: Անակնկալի եկած ու ծանր վիրավոր տղան փորձել էր դիրքի բռնել, դիմագրավել նենգ թշնամուն: Չէր հասցրել, չէր կարողացել: Թփերի միջից թուրքերը նոր կրակոցներով վրա էին տվել, վերցրել արդեն սպանված պատա-նու զենքը, իրենց ցեղին հատուկ վայրագությամբ խոշտանգել դիակը ու հեռացել…

…Հետո Կոթիի վրա իջնում էր աշխարհի ո՞վ գիտե՝ ո՞ր միլիոներորդ երեկոն, Փայտասարի ծմակներում ճչում էր գիշերահավը, և թախծոտ աստղերի պաղ լույսի տակ քաջ պատանու ապրած կյանքն այլևս դառնում էր անցյալ: Այնուհետև պիտի սկսվեր լեգենդը՝ փո-խանցվելով սերնդեսերունդ…

Պայթյուն… փողի մեջ

1989-ի մի երեկո սահմանները հսկող տղաների պարեկային խումբն անցնում էր մշակույթի տան մոտով: Գեղարվեստական կինոնկար էր ցուցադրվում՝ «Փոքրիկ Վերան»: Տղաները մտան դահլիճ, վառեցին լույսերը և պահանջեցին դադարացնել ֆիլմի ցուցադրումը: Բեմ բարձրացավ Սեյրան Մելիքյանը:

— Հարգելի ժողովուրդ, այսուհետև գյուղում դադարեցվում են ժամանցի բոլոր տեսակ միջոցառումները,- հայտարարեց նա: — Եթե ոչ այսօր կամ վաղը, ապա մյուս օրը Կոթին դառնալու է ռազմական գործողությունների վայր, անխուսափելի պատերազմի վտանգը չոքել է մեր տան շեմին, իսկ մենք երջանիկ անգիտությամբ շարունակում ենք խաղաղ օրերի մեր անտարբեր ընթացքը: Մշակույթի տունը դառնում է սահմանների հսկողության կենտրոնակայան, այս դահլիճում հավաքված բոլոր տղամարդիկ պարտավոր են ցուցակագրվել՝ սահմանապահ դիրքերը հերթապահության գնալու համար…

Ո՞վ էր Սեյրան Մելիքյանը: Գյուղի պաշտպանության համար ոտքի ելած առաջին տղամարդկանցից մեկը: Ադամ Մելիքյանի ավագ որդին, որ երեք եղբայրների հետ հանձնվել էր ծննդավայրի պաշտպանության սրբազան գործին: Լուրջ, ինքնամփոփ ու շատ հեռատես այդ մարդը անսխալ ենթադրում էր գալիք օրերի բոլոր իրադարձությունները և պահանջում էր զգոն լինել, պատրաստ լինել դիմագրավելու անխուսափելի արհավիրքները:

— Մեզ զենք է հարկավոր և մենք չունենք այն: Զենք՝ ահա թե ինչը պետք է լինի Կոթիի գլխավոր մտահոգությունը, — ասում էր նա: Այդպես սեբաստացի Մուրադն էր հարյուր տարի առաջ զենքի համար պատեպատ խփվում  Արևմտահայաստնի լեռներում:

Զենք չկար և հույս էլ չկար, թե կլինի: Ի՞նչ անել, ձեռքերը կրծքին խաչած նստել ու սպասե՞լ դեպքերի հետագա ընթացքին: Ոչ, դա ինքնակործանում կլինի: Զենք չկա՝ ուրեմն պիտի այնպես անենք, որ լինի: Ինքներս պիտի ստեղծենք…

Բոլոր մտածումները կենտրոնացան դպրոցի շենքում: Նրա տնօրեն Վիրաբ Խաչիկյանի ամենայն աջակցությամբ Սեյրան Մելիքյանը, շուրջը հավաքելով մի քանի խելոք տղաների՝ Սամվել Սիրադեղյանին, Նորիկ Մուրադխանյանին, Լադիկ Մուրադխանյանին, դարձյալ մեկ — երկու ուրիշների, ռազմագիտության կաբինետը դարձրեց ինքնաշեն զենքերի պատրաստման արհեստանոց: Տնայնագործական եղանակով ինչի՞ կարող էին հասնել՝ դժվար է ասել, բայց տղաները մեծ եռանդով կպել էին գործի: Առանձին դետալներ երևանաբնակ կոթեցիների ջանքերով բերվում էին այլ վայրերից, մասնագիտական իմացության պակասը փորձում էին լրացնել ռազմագիտության կաբինետի ուսումնական նյութերով ու … բանի ծայրահեղ անհրաժեշտության պարտադրված ընկալումներով:

Հոր ու եղբայրների օգնությամբ Սեյրանը նոր տուն էր կառուցել, կինն ու երեխաները տեղափոխվել, բնակվում էին այնտեղ, իսկ նա ժամանակ չուներ վայելելու նոր բնակարանի պարգևած ուրախությունը, կամ պարեկային խմբի հետ սահմաններին էր, կամ ռազմագիտության կաբինետում: Ընտանիքը կարոտում էր հորը:

…Կարճ ժամանակ անց դիրքեր ուղարկեցին հին տիպի առաջին քուղավոր նռնակները: Սակայն որոշ ժամանակ անց, երբ Վանաձորից, Չարենցավանից ու Երևանից այդպիսի նռնակներ բերվեցին, դրանց արտադրությունը մղվեց երկրորդ պլան: Գյուղի տներում եղած հատուկենտ հին զենքեր էին նորոգում, բերվում մարտական վիճակի, իսկ հիմնականում ռազմագիտության կաբինետն զբաղված էր ականների ստեղծումով: Տղերքը մեծ հույսեր էին կապում դրա հետ, տեղի պայմաններում այն հզոր զենք կլիներ թե թշնամու հետևակի, թե ռազմական տեխնիկայի դեմ: Մեկ — երկու անգամ փորձարկել էին դեռ անկատար զենքը՝ կարծես թե ամեն ինչ ճիշտ էր, մնում էր էլի ու էլի կատարելագործել, հզորացնել: Սեյրանի հարազատները նրան խորհուրդ էին տալիս հեռու մնալ ինքնաշեն զենքից, գիտեին՝ ոչ կա-տարյալ նյութերով ու դետալներով պատրաստվող զենքերը, դրանց փորձարկումները կարող են աղետալի հետևանքներ ունենալ:

-Ճիշտ է, — չէր ժխտում Սեյրանը, — ամեն ինչ հնարավոր է: Բայց մեզ զենք է պետք, մենք ամեն գնով զենք պիտի ունենանք…

1990 թվի փետրվարի 17: Ձյունամած, մառախլապատ օր էր, Փայտասարի ծմակներում կաղկանձում էր բարձրացող բուքը: Սեյրան Մելիքյանը, Սամվել Սիրադեղյանը և Լադիկ Մուրադխանյանը դպրոցի շենքից գնում էին նավերի դար: Վերջին փորձարկման էին տա-նում իրենց պատրաստած ականները: Նրանց միացան նաև գյուղի երկու ուրիշ տղաներ՝ Կամո Աբովյանը և Արմեն Աղիբեկյանը: Նավերի դարում խմբվել էին ուրիշ մարդիկ՝ նրանք, ովքեր գիտեին պատրաստվող ականների մասին և գյուղի պաշտպանության գործում  մեծ հույսեր էին կապում դրա հետ: Ահա ականը դրվեց փողում, ամեն ինչ պիտի որոշեր հաջորդ ակնթարթը: Եվ … հաջորդ ակնթարթը ողբերգական եղավ, ականը պայթեց փողի մեջ…

… Սեյրանը և զինագործների խմբին մոտեցած երկու տղաներից մեկը՝ Արմեն Աղիբեկյանը, զոհվեցին տեղում:  Սամվել Սիրադեղյանը և Լադիկ Մուրադխանյանը և Կամո Աբովյանը վերքերով տեղափոխվեցին հիվանդանոց: Հաջորդ լուսաբացին Կամոն մահացավ: Սամվելի և Լադիկի կյանքը փրկվեց հրաշքով:

***

Ավագ որդուն կորցրած Ադամ Մելիքյանի երեք որդիները՝ Մելիքը, Արտոն և Հրանտը շարունակեցին մարտնչել գյուղի ինքնապաշտպանության դիրքերում: Մելիքը պարեկային ծառայությունն էր ղեկավարում, հետո դարձավ ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատար, զինվորագրվեց նորաստեղծ ազգային բանակին, ամբողջ կյանքով ու ճակատագրով դարձավ երկրի զինվոր: Այնպես եղավ, որ Սերյանի քառասունքը դեռ չլրացած՝ Ադամ Մելիքյանի տանը բնակության տեղավորվեց դրսից եկած կամավորական տղաների մի խումբ: Մինչև քառասունքի օրը նրանք չիմացան, որ ընտանիքը կորստյան ծանր ցավի մեջ է, այնինչ այդ օրերին սգավոր տան մեջ բարձրաձայն կատակներ էին արել, երգել, ուրախացել:

— Մենք ներողություն ենք խնդրում, ախր մենք ոչինչ չենք իմացել…,- անհարմար Էին զգում տղաները:
— Ոչինչ,- ասաց Ադամ Մելիքյանը: — Մենք կարողանում ենք մեր մեջ զսպել մեր ցա-վը: Այսպես են ապրում այս լեռնահովտի մարդիկ:

Իսկ պատերազմն ընթանում էր

Հունիսի 8-ից հետո, ավարտելով իր հրամանատարական «դարաշրջանը», Սասուն Աբրահամյանը հեռացավ Կոթիից: Նրան փոխարինեց Էդիկ Էվինյանը: Բայց, ինչպես ինքն էր ասում՝ ժամանակավորապես, որովհետև զինվորական կրթություն չուներ: Գյուղի տղաներով և դրսից եկած համագյուղացիներով հավաքվեցին՝ ընտրելու ինքնապաշտպանության հա-մար ղեկավար: Եղավ Մելիք Մելիքյանի թեքնածությունը, բայց նա կտրականապես հրաժար-վեց.

— Ես էլ չունեմ զինվորական կրթություն, — ասաց Մելիքը: — Իսկ եթե դա պարտադիր չէ, պահանջենք,որ Էդիկը շարունակի հրամանատարությունը, նա իր խելքով ու քաջությամբ ոչ ոքի չի զիջում:

Բայց զինվորական կրթությունը պարտադիր էր: Որոնեցին ու գտան Կոթիում ծնված և դրսում բնակվող մեկին, որն ինչ-որ ժամանակ առնչվել էր զինվորական գործի հետ: Վերջինս սիրով ընդունեց առաջարկությունը, բայց կարճ ժամանակ անց կոթեցիներին հիասթափություն էր սպասում: Տղերքը, որ առանց այն էլ մեծ ոգևորությամբ չէին ընդունել նրան, ինչ-որ տարօրինակություններ էին տեսնում նոր հրամանատարի մոտ: Օրինակ՝ երբ ուղեփակոց էր դրված գյուղը զանգվածային կարգով չլքելու համար. Նա այս գործի պատասխանատու Սա-սուն Սիրադեղյանին ասում է.

— Ես բոլոր մեքենաներին գյուղից հեռանալու գրավոր թույտվություն եմ տալու: Բայց դու նրանց կթողնես ուղեփակոցն անցնել, ում թղթի վերևի աջ անկյունում սև կետ կլինի:
— Չհասկացա,- զարմացավ Սասունը,- դետեկտի՞վ ենք խաղում, թե՞ պարզապես ուզում ես բոլորի մոտ լավամարդ լինել՝ մեզ մեր համագյուղացիներին թշնամի դարձնելով…

Նրա դեմ դժգոհություններ կային նաև տնտեսական միջոցների տնօրինման հարցում: Բայց առավել մտահոգողը նրա դոնկիխոտյան տարօրինակություններն էին: Խաղաղ մի երեկո նա վերցրեց ու լուսածիր գնդակով կրակեց:

— Այդ ին՞չ արեցիր,- զարմացան կողքի մարդիկ:
— Ինչ-որ արեցի՝ թուրքերին արեցի, դուք մտածելու բան չունեք, թող թուրքերը մտածեն:
— Դժբախտաբար ունենք մտածելու բան, որովհետև քո կրակոցով դու ոչ թե թուրքերի է-լեկտրական հոսանքի լարը կտրեցիր, այլ մեր գյուղի…, — ասաց տղերքից մեկը: Այս հրամա-նատարին նույնպես անփառունակ հրաժեշտ էր սպասվում, որը եղավ տանկերից մեկը հարևան գյուղին նվիրելու նրա բուռն ցանկության դրսևորումից հետո: Կարծես կոլտնտե-սության պահեստից մի պարկ գարի էր տալիս մի կարիքավորի:

***

Կոթին տանկեր ուներ, բայց տանկիստներ չկային: Վարձեցին երկու ռուս տղաների՝ Անդրեյին և Սաշային: Այս սպաները խիզախ տղաներ էին և շատ բան արեցին Կոթիի հա-մար: Բայց այսպես երկար չէր կարող շարունակվել: Հարցը փողը չէր՝ գյուղի տղերքն ստեղ-ծում էին դա: Պարզապես թուրքերի կողմից էլ տանկիստները ռուս վարձականներ էին, Կո-թիից կռվողները և նրանք ճանաչում էին միմյանց և նրանց միջև կռիվ չէր ստացվում, ուղղա-կի թանկ զինամթերքն էր աննպատակ փչանում:
Զինկոմիսարիատների գործուղումով Երևանից և Վանաձորից տանկիստներ եկան Կոթի: Եկան ընդամենը տաս օրով, մինչև կարողանան որևէ կերպ կարգավորել այդ խնդիրը: Վանաձորցիներ Արմեն Դեմիրճանը և Ռոբերտ Աբովյանը եկան տաս օրով և մնացին… վեց ամիս: Առանց որևէ վարձատրության, որևէ խոստումի: Տարիներ հետո Արմենը պիտի ասեր.

-Մենք չինք կարող լքել իրենց լեռնահովիտում փակված արծիվ տղաներին: Չէինք կա-րող՝ գոնե այնքան ժամանակ, քանի դեռ Կոթին չուներ իր տանկիստները: Դա մեր կողմից ստորագույն դավաճանություն կլիներ, որին ընդունակ չենք:

Հայոց մարտնչող լեռնահովտի հանդեպ նույն վեհ ազգասիրությունը դրսևորեցին Երևանից եկած տղաները՝ Սարգիսը և Ռուբիկը: Տանկիստներն ապրում էին Էդիկ Էվինյանենց տանը, նրա մոր՝ տրկին Գրետայի մայրական հոգածության ներքո: Մնացին այնքան, մինչև կոթին ունեցավ իր տանկային անձնակազմերը՝ հանձին Էդիկ Շահնազարյանի, Արմեն Աղի-բեկյանի, Սասուն Սևանի Սիրադեղյանի, Հովհաննես Հախվերդյանի, Հայկ Աբրահամյանի, 16-ամյա Արթուր Շահումյանի…

Կոթի եկան երկու կադրային սպաներ՝ փոխգնդապետ Պետրոսյանը և ծնունդով բարեկամավանցի մայոր Հարությունյանը: Երկուսն էլ հրետանավորներ էին, խնդիր ունեին գյուղի տղաներից մի քանիսին սովորեցնել հաուբիցի վրա աշխատելու: Մոտ մեկ ամիս նրանք մնացին Ադամ Մելիքյանի տանը, որից հետո Վարդան Ղազարյանը և Հենրիկ Շահնազարյա-նը, որոնք մինչ այդ էլ անտեղյակ չէին այդ զինտեխնիկայից, դարձան հրաշալի մասնագետ-ներ և Ղահրամանի բաղ կոչվող տարածքում տեղադրված հաուբիցով վիթխարի ծառայութ-յուն մատուցեցին հայրենի գյուղի պաշտպանությանը:

1992-ի աշնանը Կոթիի ունեցած ռազմական տեխնիկան օգտագործվում էր հետևյալ մարդկանց միջոցով:

Տանկ *1 – Հրամանատար՝ Հայկ Աբրահամյան: Օպերատոր նշանառու՝ Արմեն Աղիբեկ-յան: Մեխանիկ – վարորդ՝ Էդիկ Շահնազարյան:

Տանկ*2 – Մեխանիկ – վարորդ՝ Սասուն Սևանի Սիրադեղյան: Օպերատոր նշանառու՝ Գարիկ Մանթաշյան: Անձնակազմի անդամ՝ պատանի Արթուր Շահումյան:

BMP (հետևակի մարտական մեքենա)- Մեխանիկ Վարորդն էր Հովհաննես Հախվերդյանը: Անձնակազմի մյուս տեղերը, այսպես ասած համատեղության կարգով, զբաղեցնում էին Էդիկ Շահնազարյանը և Հայկ Աբրահամյանը:

Կոթին ունեցավ նաև «Գրադ» կայանք, որի գործունեությունն ապահովում էին Ֆելիքս Մելիքյանը, Արտակ Մամյանը, Արտակ Անդրեասյանը և Արտո Անդրեասյանը:

KC-19 տիպի թնդանոթը  հրամանատարն էր Դավիթ Ղազինյանը, անձնակազմի անդամ-ները՝ Սերգո Աղիբեկյանը, Արամ և Արմենակ Բեջանյան եղբայրները, Մհեր Ղազինյանը, Արշավիր Ջանվելյանը, Արմեն Բեջանյանը և Ավագ Ղազինյանը: Կային նաև նրանց փոխարինողներ:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s