Շնորհանդես լեռնահովտում

Ներկայացվեց Իգնատ Մամյանի «Մարտնչող լեռնահովիտ» փաստագրական վեպը
main20061114_10Նոյեմբերի 11—ին Տավուշի մարզի Կոթի գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Իգնատ Մամյանի՝ Կոթիի ինքնապաշտպանությանը նվիրված «Մարտնչող լեռնահովիտ» գրքի շնորհանդեսը։
Փաստագրական վեպում առանձին մարդկանց սխրանքներով ստեղծվում է Կոթի գյուղի ամբողջական կերպարը։ Գրքի հերոսը հենց գյուղն է՝ իր զավակներով, ըմբոստությամբ, հզոր կամքով։ Գիրքն իր բնույթով ու էությամբ եզակի է. գործող անձինք ու ընթերցողները նույն մարդիկ էին՝ կոթեցիները։ Գրքի տպագրության հովանավոր, ծագումով կոթեցի, «Արզնի» տոհմային ԹՏԽ ԲԲԸ նախագահ Մարատ Ջանվելյանի խոսքերով՝ գիրքը նվիրվելու է կոթեցի բոլոր ընտանիքներին։
Իգնատ Մամյանի՝ պատերազմական իրադարձություններին նվիրված 4—րդ գիրքը պատմում է Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի՝ 1991—1994 թթ. ինքնապաշտպանության մասին՝ հիշարժան դեպքերով ու դեմքերով, հանգամանքների խոր վերլուծությամբ։ Գրքում հեղինակը ներկայացնում է, թե ադրբեջանական բնակավայրերով շրջապատված լեռնագյուղի տղամարդիկ ինչպիսի հերոսությամբ էին մարտնչում իրենց ծննդավայրի պահպանության համար։ Որպեսզի, ինչպես հեղինակը նշեց, ժամանակի հետ պատկերները չխամրեն, մոռացության փոշին չպատի մարտնչող լեռնահովտի ըմբոստ ու հրաշալի առասպելը:
Լեւոն Անանյան, Հայաստանի գրողների միության նախագահ.
–Մեծ իրադարձություններից հետո սովորաբար չեն գրվում այն գրքերը, որոնք սպառում են իրադարձությունը։ Հարյուրավոր հատորներ են գրվել հայոց եղեռնի մասին, բայց հայ հեղինակները դեռեւս չեն կարողացել ստեղծել գրական համարժեքը։ Այսօր տասնյակ գրքեր են գրվում արցախյան հերոսամարտի մասին, բայց դեռեւս լիարժեքորեն չի ներկայացվում այն խիզախումը, որն իրագործեց մեր ժողովուրդը վերջին տարիներին։ Ես ուզում եմ առանձնացնել Իգնատ Մամյանի գիրքն այս առումով, որովհետեւ իր փաստագրական վեպի տեսքի մեջ նա կարողացել է ստեղծել մի արժեք, որը հիշեցնում է մեր հերոսապատումի՝ «Սասունցի Դավթի» ճյուղերից մեկը։ Ես սա առանց չափազանցնելու եմ ասում, որովհետեւ այն ամենը, ինչ որ մենք գիտեինք Կոթիի ինքնապաշտպանության մասին, ընդհանրապես մեր ժողովրդի ազատագրական շարժման մասին, գիրքը բերում սինթեզում, ուղղակի հավաքում է փշուր—փշուր եւ մեզ ներկայացնում մի առասպել։
Կոթին մեծ թվով զոհեր տվեց, եւ այս գիրքը, վստահաբար, այն հուշարձանն է, որ պիտի պահի սերունդների համար նրանց սուրբ անունները։
Ուզում եմ շնորհավորել գրքի հեղինակին՝ Իգնատ Մամյանին, իր ստեղծագործական հաղթանակի համար, որովհետեւ այն, ինչ նա դրել է մեր սեղանին, ոչ միայն ավարտուն փաստագրական վեպ է, այլ ժամանակի մեջ պիտի վերարժեւորվի։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ գրքի հովանավորին՝ Մարատ Ջանվելյանին, դա նրա հոգու պարտքն է։
Մարատ Ջանվելյան, «Արզնի» տոհմային ԹՏԽ ԲԲԸ նախագահ.
—Դեռ վաղուց իմ մեջ կար այն միտքը, որ հնարավորություն լինելու դեպքում պետք է գրվեր հերոս Կոթիի պատմությունը, իրական պատմություն։  Մեզանից հետո կգա մի սերունդ, որը չի կարող հստակ պատկերացնել, թե ինչ է եղել Կոթիում 90—ական թվականների սկզբին։ Կոթին եղել է այն գյուղը, որ 38 կմ սահմանով մի թիզ հող չի տվել թշնամուն, ավելին՝ պատերազմի այդ դաժան ժամանակաշրջանում կարողացել է ե՛ւ վարել, ե՛ւ ցանել, ե՛ւ ապրել, ե՛ւ երգել։
Սա հովանավորություն չէ, այլ հոգու պարտք։ Գրքի հերոսները անձերը չեն, հերոսը Կոթին է՝ իր գյուղացիներով։ Եվ մեր պարտքն է՝ սիրել Կոթին, Կոթիից ոչինչ չվերցնել, այլ Կոթիին տալ, սա պետք է լինի մեր նշանաբանը։
Ֆելիքս Մելիքյան, Կոթիի գյուղապետ.
–Գիրքը նկարագրում է սահմանային այս գյուղի հերոսական ինքնապաշտպանությունը։ Գյուղ, որը դարեր ի վեր ապացուցել է, որ կոթեցիները միշտ նվիրված են իրենց հողին, նրա պաշտպանն ու տերն են, իսկ 20—րդ դարավերջին եւս մեկ անգամ հարկադրված եղան ապացուցելու դա, ինչն արտացոլվել է «Մարտնչող լեռնահովիտ» գրքում։
Սամվել Խաչիկյան, երեւանաբնակ կոթեցի.
— Կոթիի նոր պատմությունը սկսվում է 1992—ի ամառնամուտից, այդ ժամանակների մասին է գիրքը։ Իգնատ Մամյանը լավ գիտեր, որ հեշտ չի լինելու գոհացնել ընթերցողներին, սակայն նաեւ համոզված էր, որ պատերազմի մասնակիցների հիշողությունները դրվագ առ դրվագ հավաքելով՝ կարողանալու է 15 տարվա վաղեմության դեպքերը ներկայացնել ճշմարտացի։
Պատերազմական թեմաներով շատերն են գրել ու նկարահանել ֆիլմեր, բայց Իգնատ Մամյանի գրիչն ուրիշ է, որովհետեւ նա խրամատ է մտել, արյուն է տեսել ու շնչել վառոդի հոտը։ Իսկ հայտնի է, որ ոչ մի երեւակայություն չի կարող գերազանցել աչքով տեսածին։
Մուշեղ Սիրադեղյան, Կոթիի միջնակարգ դպրոցի տնօրեն.
–Այսօր, շնորհիվ այս գրքի, մենք ունենք հայի անկոտրում ոգու փայլուն դրսեւորման եւս մեկ օրինակ, Կոթին իր հերոսական տարեգրության մի հպարտ ու քաջարի էջ է վերհիշում։ Եվ սա ոչ միայն գրքի շնորհանդեսն էր, այլ նաեւ հարգանքի տուրք, ձոն՝ նվիրված այն մարդկանց, ովքեր քաջաբար կռվեցին ու զոհվեցին հանուն այս փոքրիկ լեռնահովտի ապագայի։ Սա նաեւ գովքն է այն մարդկանց, ովքեր քաջաբար կռվեցին ու ապրում են այսօր այդ նույն լեռնահովտում ու համեստաբար լռում իրենց կատարած սխրանքների մասին։
Շիրակ Շահնազարյան, ոստիկանության գնդապետ.
— Շնորհակալ եմ 275—ից ավելի մեր համագյուղացի տղաներին, ովքեր կարողացան պաշտպանել գյուղը, պատերազմի այն վետերաններին, ովքեր մասնակցեցին այդ ամենին եւ իրենց գործով ամբողջացրին այս գրքի իրական պատկերը։
Հովիկ Հախվերդյան, իրավաբան, երեւանաբնակ կոթեցի.
— 1941—45—ին գնացին հարյուրներով, չվերադարձան, հարմարվեցինք։ Դասարանի սովորողներից 18—ը զոհվածների երեխաներ էին, հարմարվեցինք, երբ վերադարձան հենակներով, հարմարվեցինք, սկսեցինք նախանձել անհայտ կորածներին, թե՝ կվերադառնան։ Նրանք էլ չվերադարձան, հավասարվեցին զոհվածներին, հավասարության նշան դրվեց նաեւ որբերի մեջ։ Մենք որբերի, սգավոր հարսների ու մայրերի շատ էինք տեսել, այս անգամ էլ՝ այս դաժանությունը, երբ մայրն իր չամուսնացած զավակին հանձնեց հողին։ Սա էր 38 կմ սահմանային փեշ ունեցող Կոթի գյուղի իրավիճակը։
Փա՛ռք բոլոր ընկածներին եւ շնորհակալություն Իգնատ Մամյանին ու Մարատ Ջանվելյանին, որ կարողացան անմահացնել բոլոր ընկածներին։

«Հայաստանի Հանրապետություն»

14-11-2006

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s