Բի­ջոն ծո­վափ է գնում

Մենք բոլորս դատապարտված ենք օձի սարսափին։ Քանի՜ քանիսին սպանեցին՝ բարաքաշարի տակ, շրջակա մացառուտներում, նույնիսկ տների մեջ՝ մահճակալների տակ գալարված, ու դարձյալ նա կա ու կա։ Ահա Բիջոն գործից եկել, մազերն ու թավ հոնքերը ցեմենտի փոշուց ճերմակած նստել է բռնչենու տակ՝ իրենց փակ տնակի դիմաց ու դանթում է։ Սպասում է, որ երեխայի հետ կայարան հացի գնացած Աստղոն գա, դուռը բացի, ինքը մի քանի բուռ ջուր երեսով տա, ամենօրյա վռիկն ուտի ու պառկի քնելու՝ մինչև իրիկնային զովը բարձրանա ձորի քարափներից։

Բիջոն դանթում է բռնչենու տակ, իսկ նրանից հազիվ մեկուկես մետր վերև, ճյուղին փաթաթված, քնել է վիթխարի գյուրզան։ Բժիշկը տկտկացնում է Ֆրանսիայից հետը բերած հին գրամեքենան՝ երևի դը Գոլի մասին գիրքն է շարունակում, ու փոքրիկ պատուհանից հանկարծ աչքն ընկնում է Բիջոյի գլխավերևում քնած գյուրզային։ Ինչպե՞ս կանչի Բիջոյին, որ օձը չլսի-արթնանա։ Ձեռնափայտով կամաց թակում է պատը, որի մյուս կողմում խռմփացնում է աշխատանքից հետո քուն մտած Գրիգորը։ Վերջինս, սակայն, բժշկի թակոցը չի լսում։ Նիրհի մշուշի միջից այն լսում է բռնչենու տակ թիկնած Բիջոն և գալիս, կանգնում բժշկի բաց դռան առաջ։

— Քնած է, բժիշկ, արթնացնե՞մ։
— Ո՛չ, ներս արի։
— Էս փոշոտ շորերով ո՞նց ներս գամ…
— Արի՛, ասում եմ։
Բժիշկը նրան քաշում է պատուհանի մոտ և ասում՝ նայիր բռնչենուն։ Բիջոն նայում է ու չի տեսնում ոչինչ։
— Քո նստած տեղի ուղղությամբ՝ վերև,- հուշում է բժիշկը։
Բիջոն տեսնում է օձին, որն արթնացել, գլխիվայր կախ ճոճվում է ճյուղին փաթաթված։ Լեզուն կապ է ընկնում, ցեմենտի փոշին թաքցնում է դեմքի սարսափելի գունատությունը։ Օձը ֆշշացնելով, ասես վրդովված իր քունը խանգարելու համար, բունն ի վար սողում է ցած, հանգիստ գալարվում դեպի մացառուտները։ Բիջոյի լեզուն բացվում է, բռունցքով բախում է Գրիգորի պատը, վերջինս քնաթաթախ արձագանքում է՝
— Ի՞նչ կա, բժիշկ։
— Բժիշկը դու ես, անասու՛ն,- արի, կանչում է։- Բիջոն, իհարկե, չի հասկանում, թե դրանով ինչպես է վիրավորում բժշկին։

Ներս է գալիս Գրիգորը։ Նայում է Բիջոյին՝ ինչի՞ց ես էդպես տրաքվում, ի՞նչ է եղել։
— Նրանից եմ տրաքվում, որ ամեն վտանգ իմ գլխին է կախվում ու քեզ երբեք ոչինչ չի պատահում։ Հետո դառնում է բժշկին՝ բժիշկ, նախորդ կյանքում սա ի՞նչ կենդանի էր եղել…

Բժիշկը հակված է հաշտության և մեղմ պատասխանում է.

— Չեմ հիշում ինչ եմ ասել, բայց հաստատ է, որ երկուսդ էլ գալիս եք վաղնջական նույն արոտավայրից։ Հիմա ուրիշ բան եմ ասում։ Լսի՛ր, ծովի տղա, ե՞րբ միտք ունես գնալու քո երկիրը։

Ծովի տղա՝ հոգու խաղաղության պահերին այդպես էր նա դիմում Գրիգորին։
— Չգիտեմ, երբ որ պրոֆմիությունը օգնություն տա։
— Ես շինարարության պետին կասեմ՝ քեզ մեկ ամսվա աշխատավարձով պարգևատրի։ Գնա և այս կյանքից դուրս մնացածին էլ հետդ տար, թող գոնե մեկ անգամ ծովում լողանա։
Բիջոն մի կերպ հասկացավ, որ խոսքն իր մասին է, և ներսում տաք ու անորոշ թրթիռ զգաց։
— Էսպես ցեմենտի մեջ կորած տանեմ-մտցնեմ ծո՞վ, ես հո իմ երկրի թշնամին չեմ, բժիշկ,- ընդդիմացավ Գրիգորը։- Ծովում լողանալուց առաջ սա պիտի մի քանի ամիս սապնաջրի մեջ լողանա, թե չէ ծովը կպղտորվի…
— Քո ծովը հեչ էլ ինձ պետք չի,- նեղացավ Բիջոն,- չորս տարի առաջ Սևանա լճում լողացել եմ՝ հերիք է։
— Դրանից անմիջապես հետո էր, որ լճի կենդանական աշխարհն սկսեց ոչնչանալ մի անհայտ ու անորոշ հիվանդությունից,- խայթեց Գրիգորը։
— Դուք պիտի վերջ տաք ձեր անիմաստ թշնամանքին,- սաստեց բժիշկը։- Ես որոշել եմ, որ դուք միասին ծովափ պիտի գնաք հանգստանալու։ Ճանապարհածախսը ես եմ տալիս, ամենքդ մի աշխատավարձ էլ պարգև կստանաք։ Հերիք է։
Աշնանամուտին Գրիգորն ու Բիջոն գնացին Աբխազիա, Գրիգորի ծննդավայրը՝ Մերխեուլի։ Գյուղը ծովից շատ էր հեռու՝ երեք-չորս ժամվա ոտքի ճանապարհ, և ընդամենը մեկ օր գնալ-գալուց հետո Բիջոն հրաժարվեց ծովի հմայքներից։ Նա Գրիգորին խնդրեց մի թախտ դնել մանդարինի ծառի տակ և մի հին ադեալի մեջ փաթաթված՝ գիշեր-ցերեկ քնած էր։ (Տվյալ մանդարինենին այդ տարի բերք չտվեց, բերքը գիշերաքաղ էին արել դեռ չհասունացած…)։ Հաջորդ օրը, վաղ առավոտյան, Գրիգորն արթնացրեց Բիջոյին.
— Հարևան գյուղում բետոնի փոդրաթ գործ կա, չվերցնե՞նք անենք։ Լավ փող են տալիս։
Բիջոն չերկմտեց.
— Բա ո՞նց, բժիշկը շա՞տ գիտի մենք այստեղ ինչ ենք անում։ Եթե մեջը փող կա՝ անենք։
Մնացած քսանհինգ օրը, վաղ լուսաբացից մինչև ուշ երեկո, բետոն էին շաղախում։ Նրանք ինչ-որ դատախազի առանձնատան հիմքեր էին լցնում։ Ցեմենտը՝ Ադլերի ուժեղ ցեմենտ, ավազը՝ ծովի հեշտ ու փափուկ ավազ, լցնում էին ու լցնում։ Գործին հետևող փոդրադչին հավանում էր նրանց արած գործը, ասաց՝ եթե ամեն ամառ գոնե մեկ ամսով գաք, մարդդ մինչև հազար ռուբլի կաշխատեք։ Այդքանը նրանք աշխատում էին չորս-հինգ ամսում և, իհարկե, ուրախ էին առաջարկության համար։ Այրում վերադարձան թունդ արևահարված, հոգնածությունից նվալով, բայց՝ լիքը գրպաններով։
— Լավ հանգստացա՞ք,- հարցրեց բժիշկը,- ծովի ի՞նչը հատկապես հավանեցիր, Բիջո։
— Ավազը։ Նրանով արված շաղախը հազար տարի կդիմանա։
Բժիշկը կասկածանքով նայեց Բիջոյի արևախանձ դեմքին ու ոչինչ չասաց։ Բայց նրա համար ոչինչ գաղտնիք չէր կարող մնալ։
Բիջոն Աստղոյին էր ասել, Աստղոն՝ բժշկին, և վերջինս իմաստնորեն արտաբերել էր.
— Գրաստն ամեն տեղ գրաստ է՝ Լոռվա ձորում, թե Սև ծովի ափին։ Ամեն տեղ նրա գործն աշխատելն է։
Այնուհետև մի քանի տարի ամեն ամառ Բիջոն ու Գրիգորը ծովափ էին գնում՝ թոթափվելու ամբողջ տարվա ծանր աշխատանքի հոգնածությունից։
— Ձեր գինը լավ գիտեք,- նախանձով ասում էին արհտեղկոմի նախագահը՝ ստորագրելով նրանց նյութական օգնության դիմումները։

«Երևան. 7 օր», 3 — 6 փետրվարի, 2007 թ.

Թիվ 8

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.