Միշտ թամբի վրա

Ժամանակակից հայ գրականության ամլության մասին տեղի–անտեղի ճամարտակողներին չէր խանգարի, եթե երբեմն–երբեմն ձեռքներն առնեին այդ իբր չունեցած գրականության թեկուզ սակավ տպաքանակով լույս ընծայվող էջերից եւ փորձեին հասկանալ այսօրվա գրողի ցավն ու մտահոգությունները։ Ցավը, որովհետեւ գրականությունը, եւ ամենից առաջ պոեզիան, հենց ցավի ծնունդ է, իսկ ցավով աշխարհ եկած ցանկացած ստեղծագործություն մաքուր է ու անաղարտ։ Մտահոգությունները, որովհետեւ գրականություն ստեղծող մարդը մատը միշտ ժամանակի զարկերակի վրա է պահում, իսկ այդ զարկերակի տրոփյունները հաճախ խիստ անկանոն են…
Իգնատ Մամյան բանաստեղծի, արձակագրի, հրապարակախոսի մասին խոսելիս այս ամենը կարելի էր ասել նաեւ մինչեւ նրա 60 տարեկան դառնալը եւ առանց առիթի։ Սակայն հենց առիթն էր, որ մեկտեղել էր նրան ճանաչող, սիրող ու գնահատող մարդկանց, որպեսզի Հայաստանի գրողների միության դահլիճում իրենց ընկերոջ, գրողի ու մարդու կերպարը բացահայտեին ի լուր ամենքի եւ հավաստեին, որ Իգնատ Մամյան գրողն ու քաղաքացին «թամբի վրա է» բոլոր ժամանակներում։

60—ամյակ, երկու 30—ամյակ, թե երեք 20—ամյակ, ի վերջո, մի հաշիվ է, քանի որ ապրած ժամանակի խտության չափման միավորը արված գործերն են, տվյալ դեպքում՝ գրողի գրչի տակից դուրս եկած էջերը։ Անշուշտ, ո՛չ դրանց քանակը, այլ այն տրամադրությունն ու զգացողությունը, որ հեղինակը հաղորդում է ընթերցողին։ Իգնատ Մամյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանի խոսքով, իր սարերից ու բնաշխարհից մաքրություն է բերել քաղաք, հայրենի երկրի դեղձի, հանդի հացի բույր է գալիս։

Հայրենակիցները վստահեցնում են, որ գրողի ձիրքերի ակունքը հայրենի եզերքն է, որն այնքան շատ կա նրապոեզիայում՝ «Հանդի հաց», «Երկնաքար», «Վայրի մեղր»։ Սերնդակից եւ գրչակից ընկերոջ մարդկային որակի մասին խոսեց Անահիտ Պարսամյանը, այն «խմորի» մասին, որից հունցված է Իգնատ Մամյանը։ Ինչ վերաբերում է նրա ստեղծագործությանը, «Վիրավոր լեռան ճիչը» վեպում հացի ազնվական տեսակը կա, այս գիրքը դպրոց պիտի մտնի»,–ասաց բանաստեղծուհին։

Ավագ սերնդի գնահատականը եւս չուշացավ։ Լյուդվիգ Դուրյանը, ով հոբելյարի առաջին գրքի հրատարակիչն է եղել Վահագն Դավթյանի երաշխավորությամբ (իսկ Վահագն Դավթյանը չափազանց ժլատ էր երիտասարդներին գովելու հարցում), հիշեց, որ Իգնատ Մամյանը գրականություն մտավ ամենեւին ոչ սկսնակի պես, եւ նրան անվանեց «մարմանդ ցավի բանաստեղծ»։

Իր համերկրացու, պատանեկության ընկերոջ մասին սրտառուչ խոսքեր ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը։
«Իգնատ Մամյանը բազմաշնորհ անհատ է, բազմաշնորհ մտավորական, որի կյանքն ու ստեղծագործությունը դժվար է իրարից բաժանել, կարծես մեկը մյուսի շարունակությունն է։

Կյանքում Իգնատը պոետիկ անձնավորություն է, որ կարողանում է ժամանակի տարբեր ընթացքների մեջ մնալ նույն ինքնատիպ անհատականությունը՝ ըմբոստ, ինչ–որ տեղ՝ խենթավուն, ճշմարտությունը ճակատին ասող։ Պատյանը, որ նա ունի՝ մի տեսակ առնական, միջուկը՝ շատ նուրբ ու սրտահույզ, եւ այդ ամենը ճիշտ եւ ճիշտ արտացոլվում է իր ստեղծագործության մեջ։ Ամենուր Իգնատի մտահոգությունը, նրա ստեղծագործության առանցքը սեփական ժողովուրդն է, նրա պատմությունն ու այսօրը։ Պետք է ասեմ, որ Իգնատ Մամյանը կարծես հեքիաթների ճամփաբաժանում հայտնված այն իմաստուն ծերունին է, որը ճանապարհ է ցույց տալիս։ Մի տեղ ցույց է տալիս այն ճանապարհը, որտեղ Սեւքարեցի Սաքոն եւ իր նման հերոսները մեր պատմությունն են կերտում։ Մյուս ճանապարհը տանում է դեպի արցախյան հերոսամարտ, մեր ժողովրդի արժանապատիվ, հերոսական դրվագները։ Երրորդ ճանապարհով այսօրվա հայ մարդու կերպարն է ուրվագծում, որը շարունակում է մեր պատմության հրաշալի դրվագների ժառանգորդությունը։ Եվ այդ ամենը արվում է իր ծննդավայրի, մարդու հանդեպ անպարագիծ սիրով, եւ սիրո ծնունդ է նրա ամբողջ ստեղծագործությունը»։

Անուշ ՍԱՄՎԵԼՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

07-11-2007

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s