Հայը և… հայը

Վիլյամ Սարոյան վիթխարին, որ բնավ կարիք չուներ հանդես գալու որևէ ազգի ներկայացուցիչ, ռուսների Ռոստով քաղաքում մի դիպվածի առիթով քննում էր երկու հայերի բարոյահոգեբանական առնչությունը շատ սիրուն, շատ բարի եզրահանգումներով։ Հայը և հայը։ Ես հիշեցի այս զուգորդումը, երբ տեսա, թե ինչպե՞ս են հայերը բարիկադների հետևից քարկոծում, ջարդում, սպանում հայերին։ Մի ժամանակ, երբ քաղաքական-հասարակական առնչություններում որևէ կոպիտ փաստ էր նկատվում, անհրաժեշտաբար հնչում էր մտավորականի՝ գրողի, նկարչի, երգահանի սաստող խոսքը։ Բայց այսօր ո՞վ է մտավորականը, որ թեկուզ ամենասարսափելի իրողության առթիվ որևէ խոսք ասի և լսեն նրա խոսքը։ Այդ իրավունքն ու հնարավորությունն այսօր տրված է առևտրային բարբառակերներին, ապրանքներ ներմուծող տարաբնույթ խաբեբաներին և, իհարկե, Ազգային ժողով կոչվածի պատգամավորներին, որոնց եթե ութերորդ դասարանի թելադրություն հանձնարարես, կեսից ավելին անբավարար կստանան։ Այսինքն՝ օլիգարխիա։ Բայց սա հեչ, սա գիտենք, սրան սովոր ենք։

Հայը սպանել է հային՝ ահա թե ինչն է սարսափելի։ Եվ անխուսափելիորեն բարձրանում է հայի տեսակի խնդիրը. ո՞րն է հայը, սպանո՞ղը, թե սպանվածը, ջարդող-ավերող-թալանո՞ղը, թե՞ բացվող սարսափելի առավոտի մեջ կանգնած այդ ինչքի հուսահատ տերը։ Այն, ինչ եղավ, տեսանք ու զարհուրեցինք։ Տեսանք ու հիասթափվեցինք։ Եվ բարձրացավ ոչ թե ինչ է եղել, այլ ինչո՞ւ է եղել դաժան հարցումը։ Ո՞վ է հայը, զինվորների վրա նռնակ նետո՞ղը, թե՞ այդ նռնակի արհավիրքն իր կյանքով ընդունող հերոս սպան, որին այս կոչումը չեն տա, որովհետև սխրանքը կատարել է ոչ թե ռազմադաշտում թշնամու դեմ, այլ ընդամենն իր մայրաքաղաքում, իր ժողովրդի հետ առնչության ժամանակ։ Ի՞նչ եղավ այն ոստիկանը, որին մի մեծ խումբ հայ խռովարարներ գցել էին գետնին ու վայրագորեն ջարդում էին։ Հայերը՝ հային։ Եվ ինչի՞ համար՝ որպեսզի ինչ-որ մեկին նախագահ կարգեն այս կիսված, ինքն իր մեջ, ինքն իր հետ թշնամացած ժողովրդի գլխին։ Սրա նախադեպին առնչվելու համար պիտի դարերի խորքը սուզվենք, ուր, ցավոք սրտի, կա նման փաստ։ Ու չգիտես՝ եղածն ավելի շատ ողբերգակա՞ն է, թե՞ ամոթալի, որի համար եթե անգամ օտարները մեզ ներեն, մենք ինքներս մեզ իրավունք չունենք ներելու։ Ժողովուրդը, իմա՝ կատաղած, ուղղորդած, մոլեգին ամբոխը ձեռք է բարձրացրել իր զինվորի վրա։ Վերջ, էլ ի՞նչ արդարություն, ի՞նչ բարոյականություն, ազգային ի՞նչ նվիրումների մասին կարող ենք խոսել։ Մինչև հիմա հայ ասելով նրա պատմական կերպարից բացի, ես հասկանում էի Ազատության հրապարակում արդարություն պահանջող ժողովրդին, հասկանում էի… այն դատապարտված հանցագործներին, ովքեր աղետալի երկրաշարժի ժամանակ գնացել էին հարազատներին փրկելու և առիթից չօգտվեցին՝ հետո կրկին վերադարձան իրենց պատժավայրերը։ Ի վերջո՝ հասկանում եմ Արցախյան պատերազմում մարտնչող զինվորին և ինքս ինձ հարց տալիս՝ հիմա սրանք է՞լ են հայ։ Այս մտածումից կարելի է պարզապես խելագարվել։ Եվ փրկություն ու մխիթարանք չէ իրավապահների այն խոստումը, թե բոլոր մեղավորները պիտի պատժվեն։ Իհարկե, պիտի պատժվեն, արդեն մի քանի տասնյակ մարդիկ ձերբակալված են։ Եվ դա նաև նշանակում է՝ արդեն մի քանի տասնյակ հայ ընտանիքներ դատապարտված են թշվառության։ Այո, կարելի է խելագարվել, եթե դրանով որևէ հարց լուծվեր։ Եվ այս ծանր, այս դաժան պահին մեզ նախ և առաջ հոգիների ներդաշնակ խաղաղություն է պետք, հաշտություն ու սեր է պետք, որն ունենալը որքան դժվար է, նույնքան էլ՝ անհրաժեշտ։ Միայն իրավական դաշտում ծավալվելով՝ մենք չենք կարող ապահովել այդ բացարձակ անհրաժեշտությունը…

Ու դարձյալ երանի մեծն Սարոյանին, որ հեշտությամբ էր համադրում երկու հայերի էությունը, քանզի նրանց միջև արյուն ու թշնամանք չկար։ Այնուհետև մենք ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք դիմագրավելու աշխարհի՝ մեր ճակատին խփվող մեղադրանքները, թե՝ նախագահական մի աթոռի համար ինքներդ ձեր մարմինն ու հոգին ավերեցիք…

Եվ այսքանից հետո դարձյալ մնում է հետագայի վտանգը, թե ի՞նչ կլինի վաղը, մյուս օրը, մեկ տարի հետո։ Ես դա արտահայտում եմ իմ ցավաշունչ բանաստեղծությամբ՝

Շունչը պահած, քայլը թեթև
Կանգնել է նա դռան ետև,
Կուչ եմ եկել ես տագնապից՝
Ի՞նչ կլինի այնուհետև…

Իգնատ Մամյան
«Երևան. 7 օր» 11-13 մարտի, 2008թ. թիվ 16 (374)

Advertisements

One thought on “Հայը և… հայը

  1. ակամայից Խրիմյան Հայրիկի խոսքերը հիշեցի. Խնդիրը մեր մեջ է, իսկ մենք այն փնտրում ենք Պերլինի մեջ

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.