Մեհմանա՝ տխուր և փոքրիկ գյուղ…

-Ճանապարհը չգիտեմ,- ասաց առաջին տաքսու վարորդը:- Մեհմանա ո՞վ է գնում, որ ես գնամ։ Երկրորդը՝ ճերմակ մազերով մի տարեց մարդ, առաջարկեց.

-Արի ես քեզ տանեմ մինչև Դրմբոն, բայց հեռու է՝ մոտ հարյուր կիլոմետր, և պիտի վճարես նաև ետդարձի համար։

-Վճարելը՝ կվճարեմ, հարցը դա չէ, իսկ Դրմբոնից հետո՞ ինչպես պիտի հասնեմ Մեհմանա։

-Չգիտեմ, իմ □Վոլգան□ մնացած ճանապարհը չի գնա, ցեխ է ու վերելք,- հարժավեց նա։

Վերջապես եկավ մի □Նիվա□, որ խոստացավ լավ վճարելու դեպքում տեղ հասցնել։ Բայց պայմանով՝

-Ես ճանապարհը լավ չգիտեմ, պիտի ուղեկցող վարձես,- և առանց պատասխանի սպասելու ձայն տվեց հեռվում կանգնած ինչ-որ մեկին։ Ասաց՝ պատերազմի ժամանակ այս տղան կռվել է Մեհմանայի կողմերում, տարածքը լավ գիտի։ Եվ գնացինք։

Անցանք Կիչանը, Չլդրանը, մոտենում էինք Դրմբոնին, բայց գյուղ չհասած՝ ուղեկցողի ցուցումով թեքվեցինք աջ, կիսավայրի հողե ճանապարհով մտանք անտառ։ Գնա ու գնա։ Ճանապարհ ասվածը դարձավ հարաբերական հասկացողություն։ Սա մինչև այժմ իմ տեսած անտառը չէր։ Վիթխարի կաղնիներն ու հաճարենիները, թեղիներն ու բոխիները ուղղակի մխրճվում էին երկինք։ Վեր ենք նայում ու չենք տեսնում ոչինչ միմյանց ներհուսված ճյուղերից բացի։ Մոտ մեկ ժամ գնալուց հետո զգացի, որ ուղեկցողը անհանգստության նշաններ է ցույց տալիս։ Կանգ առանք։

-Է՜ քանի տարի առաջ եմ էս կողմերում եղել, վայ թե սխալ ենք գնում,- ասաց նա ու վայրի կատվի նման մագլցեց մոտիկ հսկա ծառը։ Բարձրացավ այնքան, որ մենք նրան էլ չէինք տեսնում։ Հետո իջավ, Մեհմանայի հիմնադիրներին մի թունդ հայհոյանքով հիշելուց հետո հուսահատ արտաբերեց.

-Պյան չի ըրավում…

Հետո մոտ հինգ ժամ փոքրիշատե տրորված տարածքներով չափչփում էինք ջունգլի հիշեցնող ծմակներում։ Ամենուր պատերազմի հետքեր էին՝ բեռնատարի թափքի մի կող, տանկի թրթուրի կտոր, փամփուշտների ցիկնե արկղ և… մարդկային կմախքի մնացորդներ։

-Թորքի է,- բացատրեց մեր ձախողված ուղեկիցը,- մեր զոհվածներին մենք տարել, փառք ու պատվով թաղել ենք…

-Հիմա ի՞նչ պիտի անենք, ինչպե՞ս պիտի հասնենք Մեհմանա,- հարցրի ես։

Վարորդն ուսերը թոթվեց՝ ես ի՞մ, ես հետ էլ չեմ կարող գնալ…

Մենք անհույս թափառում էինք մեծ անտառում։ Երբեմն բացատներ էին հանդիպում մոշի վիթխարի թփերով, որ ծածկված էին արդեն գերհասունացող խոշոր ողկույզներով։

-Չմոտենաք, ձեռք չտաք,- զգուշացրեց ուղեկիցը։

-Ինչո՞ւ…

-Թփերի մեջ լիքը օձ է,- նա մի չոր ճյուղ վերցրեց, նետեց մոշի թփին։ Ի պատասխան թփի միջից չոր ու դուման ֆշշոց լսվեց։- Լիքն են,- շարունակեց խոսքը։- Մեծ, թունավոր օձեր են, որ այս կողմերում երևացել են պատերազմից հետո։

…Մեզ թվաց, թե անտառի խորքից մեքենայի շարժիչի ձայն լսեցինք։ Եվ չէինք սխալվում, քիչ հետո թավուտից դուրս եկավ գերաններ բարձած մի ծանր բեռնատար։ իմացանք, որ կույրեկույր թափառելով հասել ենք Մեհմանայի մերձակայքը։

-Տեսա՞ք, որ չէի սխալվել,- մեծամտացավ մեր ուղեկիցը կես կատակ, կես լուրջ։

-Իհարկե, չէիր սխալվել,- խայթեց վարորդը,- մենք հինգ ժամ ուղղակի զբոսնում էինք անտառում…

***

17-րդ դարի վերջերին անգլիացի երկրաբանները Ղարաբաղի ներկայիս Մեհմանա գյուղի մերձակայքում, բարձր ու անտառապատ լեռան լանջերին հայտնաբերեցին մեծ պաշարներ ունեցող մետաղահանքեր։ Երկրաբաններին հաջորդեցին հանքային արդյունաբերողները, և սկսվեց շահագործումը։ Հանքի աշխատողները պիտի նաև տարածքում բնակվելու հնարավորություն ունենային, և կառուցվեցին մի քանի տներ։ Հետո անգլիացի կառավարիչը իր փոխարեն նշանակեց մի հույնի, և վերադարձավ հայրենիք։ Հույնն էլ իր հերթին այստեղ աշխատելու և բնակվելու հրավիրեց իր մի շարք ազգակիցների։ Էլի տներ կառուցվեցին և նոր բնակավայրը կոչվեց Մեհմանա, որ հունարեն նշանակում է հանքատեղի։ Կոչում էին նաև Բերզենի, այսինքն՝ հույների բնակատեղի, և մինչև այսօր էլ, որպես գյուղի անուն, երկուսն էլ հավասարապես շրջանառվում են։

18-րդ դարը լեռնաշխարհում սկսվեց վայրագ ցեղերի ասպատակություններով։ Ղարաբաղի բոլոր հինգ մելիքությունները, միմյանց հետ հաշտ, թե անհաշտ, ընդհանուր ուժերով դիմագրավեցին թշնամուն։ Նորանոր հարձակումները ջլատում էին ղարաբաղյան ուժերը, բայց հայրենիքը պետք է պաշտպանվեր, և զենք առան նաև խաղաղ աշխատանքի մարդիկ՝ շինականները։ Պատերազմների պատճառով հանքի արդյունահանումը դադարեց, բանվորները ցրվեցին, բայց Մեհմանան, որպես բնակավայր, մնաց։ Թեև գյուղն ուներ հունական ծագում, բայց այստեղ ապրում էին նաև հայեր, և ստեղծվել էր հայ-հունական մի ներդաշնակ, աշխատասեր համայնք, որն իր կյանքն ապրում էր երկու ժողովուրդների լավագույն ավանդույթների համատեղումով։ Մեհմանային վիճակված չէր դառնալու մեծ ու բարգավաճ բնակավայր։ Աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները և բազմաթիվ այլ գործոններ գյուղը պահում են հավերժական կարիքների մեջ և ուղղակի զարմանալի է, որ այն շարունակում է հարատևել։

…Առաջին մարդը, որ ինձ հանդիպում է Մեհմանայում, մի տարեց կին է։ Նա հետաքրքրությամբ նայում է ինձ, գլխով բարևում և գնում իր գործին։ Այնուհետև ուրիշ մարդկանց եմ հանդիպում՝ բոլորն էլ տատիկներ ու պապիկներ։ Եթե չլինեին տների բակերում երևացող հատուկենտ երեխաները, կթվար, թե ընկել եմ ինքնատիպ մի ծերանոց։ Տների մեծ մասը ավերված են, փողոցներից չի լսվում ո՛չ ռադիոյի ձայն, ո՛չ բարձր խոսակցություն։ Տխուր, շատ տխուր գյուղ է Մեհմանան։ Ինձ ցույց են տալիս ճամփեզրի գերանին նստած մի ծերունու, ասում են՝ նա գյուղի մասին ամեն ինչ գիտի։ Լևոն Աթաբեկյան։ Մեհմանայի ամենատարեց մարդն է՝ 83 տարեկան։

-Մի ուրիշ տեղ չկար՝ գնայիր, որ եկել ես Մեհմանա,- ասում է նա։- Ի՞նչ կա այստեղ, ավերված տներ ու այդ ավերակներում մի կերպ շրջող ծերեր…

-Որտե՞ղ են գյուղի բնակիչները,- հարցնում եմ։

-Գնացին։ Ժամանակի ընթացքում բոլորը գնացին։ Մնացել են միայն նրանք, ովքեր աշխարհում ոչ մի տեղ չունեն գնալու…

Իր կյանքի ամենալավ օրերին էլ գյուղի տնտեսությունների թիվը չի հասել երեք տասնյակի։ Ղարաբաղյան պատերազմից առաջ Մեհմանան ուներ հայերի և հույների 29 ընտանիք։ Հունաստանում լավ գիտեն այս հեռավոր գյուղակի ու այնտեղ ապրող իրենց ազգակիցների մասին։ Երբ պատերազմն սկսվեց, Աթենքից հատուկ ինքնաթիռ եկավ Մեհմանայի հույներին հայրենիք տանելու։ Գրեթե բոլորը գնացին՝ բացի երկու ընտանիքից, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին կարող հեռանալ գյուղից։ Պատերազմի ամբողջ ընթացքում Մեհմանան ռազմական գործողությունների թատերաբեմ էր, այն մի քանի անգամ ձեռքից-ձեռք անցավ։ Թուրքերն ավերեցին գյուղի բոլոր տները՝ բացառությամբ մեկի, որն իրենց շտաբն էր։

Պատերազմից հետո պետության միջոցներով փոքրիշատե վերականգնվեց ընդամենը վեց տուն։ Մի քանիսն էլ տերերը կարողացան բնակության պիտանի դարձնել, մնացած տները ավերված տանիք ու պատերով սպասում են իրենց վերջնական ոչնչացմանը կամ վերածննդին, որը, ցավոք սրտի, չափազանց քիչ է հնարավոր…

Մի տան առաջ կրակ էր վառվում։ Գյուղի հատուկենտ շեն տներից էր՝ տակավին երիտասարդ ամուսիններով, մի քանի երեխաներով։ Ընտանիքը հյուրեր ուներ, պատրաստվում էր խնջույքի։ Այստեղ ես հոգու տոնախմբություն ունեցա՝ հանդիպելով իմ վաղեմի ընկեր ու բարեկամ, վիրաբույժ Արցախ Բունիաթյանին։ Ղարաբաղյան պատերազմի ամբողջ ընթացքում նա վայրից վայր տեղափոխվող դաշտային հոսպիտալում էր, ծանր պայմաններում վիրահատություններ կատարելով՝ փրկել է հարյուրավոր ազատամարտիկների կյանք, այժմ էլ Քաշաթաղի գլխավոր բժիշկն է։

-15 տարի առաջ՝ 1992-ին, երբ Ղարաբաղի ամբողջ տարածքում մոլեգնում էր պատերազմը, երկու հոգի մտան հոսպիտալ, թե՝ խորին խնդրանքով ենք եկել, Մեհմանայում մի կին է ծննդաբերում, ձեր օգնության կարիքն ունենք։ Ասացի՝ ոչինչ չենք կարող անել, հոսպիտալում գինեկոլոգ չունենք։ Բայց նրանք համառեցին, թե մի բան պիտի անենք, ջահել կինը կմեռնի։ Ու ես, վիրաբույժս, ստիպված էի նրանց հետ գնալու Մեհմանա՝ ծնունդ ընդունելու։ Աղջիկ ծնվեց։ Ասացի՝ անունն Արցախուհի կդնեք, ու վերադարձա հոսպիտալ։ Անցավ 15 տարի։ Ես ոչինչ չգիտեի նորածնի հետագա ճակատագրի մասին, անհանգիստ էի և որոշեցի կրկին այցելել այս ընտանիքին։ Ահա այս աղջիկն է Արցախուհին,- նա ձեռքը դրեց մոտիկ կանգնած վառվռուն աղջնակի ուսին։

-Հիանալի է, որ այս ավերված գյուղում այսպիսի լիքն ու շեն տուն եմ տեսնում,- ասացի ես։

-Ես այն երջանիկներից եմ,- բացատրեց ռուբեն անունով տանտերը,- որ պետական աշխատանք ունեմ։ Եվ, բացի դա, դրսում հարազատ-բարեկամներ չունեմ, ոչ մի տեղ չեմ կարող գնալ…

Ինձ ասացին, որ գյուղը մի շարք անվանի մարդիկ է տվել, բայց ոչ մեկն այնքան անվանի չէր, որ ճանաչեինք։

Մեհմանա… Նոյեմբերին սկսվում են երկարատև, տաղտկալի անձրևները, անտառային առանց այն էլ խոնավ ճանապարհները դառնում են անանցանելի, հետո ձյուն է գալիս, և Մեհմանան մինչև ապրիլի վերջերը, շուրջ հինգ ամիս, բացարձակապես կտրվում է աշխարհից։ Հեռախոս չկա, կապի որևէ այլ միջոց չկա, ռադիո չկա, հեռուստացույց չկա, նույնիսկ բջջային հեռախոսներն այստեղ չեն աշխատում։ Ինձ պատմեցին խորհրդավոր հիվանդության մասին, որ տասնամյակներ շարունակ տանջել է գյուղացիներին։ Մեհմանա է եկել անվանի մասնագետների մի հանձնախումբ և պարզել, որ հիվանդության պատճառը նրանց խմելու ջուրն է։ Մինչև լույս աշխարհ ելնելն այն անցնում է ինչ-որ հանքաշերտերի միջով և իր հետ բերում անծանոթ հիվանդության վիրուսը։ Հետո եկավ ամերիկահայ մի բարեգործ՝ Արա Եղիյան անունով, որը խոր թավուտից հին ու հայտնի աղբյուրի սառնորակ ջուրը բերեց, հասցրեց Մեհմանա։ Դա 2003 թվին էր։

Անտառային գյուղն ունի 230 հեկտար հողատարածք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մշակվում էր բացարձակապես մարդկային ձեռքով։ Պատերազմից հետո, երբ Մեհմանայում մնաց ընդամենը 13 տնտեսություն, դա գրեթե անհնարին դարձավ։ Ազգությամբ հույն մի բարեգործ գյուղին տրակտոր նվիրեց, որը, սակայն, կարճ կյանք ունեցավ՝ պայթեց կռիվներից մնացած ականի վրա։

Գյուղին մեծ օգնություն էր բեռնատար □Ֆորդ□ մեքենան, որով Մարտակերտից ու Ստեփանակերտից ալյուր, շաքար, այլ պարենամթերք էին բերում երկարատև ձմեռներին ապահովված լինելու համար։ Բայց □Ֆորդն□ էլ այստեղ □երջանիկ ապագա□ չէր ունենալու. չդիմացավ լեռնային բարդ ու դժվարին ճանապարհներին և շարժիչը փչացավ։

-Նույնիսկ գյուղի բոլոր ծերերիս թոշակներն իրար տալով՝ մենքի վիճակի չենք լինի վերանորոգելու մեզ անծանոթ մեքենայի թանկարժեք շարժիչը,- ասում է Լևոն Բեգլարյանը։

Գյուղի դպրոցը տանջալի ջղաձգումներ է ապրում։ Բոլոր դասարաններում կա ընդամենը վեց աշակերտ, որոնց դասավանդում են երեք ուսուցիչներ։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։

…Բայց ես չեմ եկել Մեհմանայի սոցիալ-տնտեսական խնդիրները քննելու։ Իմ առաքելությունն այլ նպատակ ունի՝ ես տեղեկություններ եմ փնտրում 250-300 տարի առաջ այս գյուղում ապրած Ջանվել անունով մի մարդու մասին։ Ծերունի Լևոն Աթաբեկյանը այդպիսի անուն ընդհանրապես չի լսել։ Ոչինչ չտվեց նաև անտառի խորքում թախծող հին գերեզմանաքարերի զննությունը, որտեղ չնչին հույս ունեի գտնելու Ջանվելի եղբայր Բաբաջանի անունը։ Այս ամենի փոխարեն ինձ մատուցվեց հրաշալի լեգենդ Ջանվար անունով մարդու մասին և իմ որոնումներն այլ ուղղություն ունեցան…

Դարերի խորքերում մենք որոնում ենք Ջանվել անունով մի մարդու, որն ավելի քան 250 տարի առաջ Ղարաբաղի Մեհմանա գյուղից որդիների հետ եկել է Հայաստան՝ Ելիզավետպոլի նահանգի Ուզունթալա գյուղ, այնտեղից էլ՝ Կոթի, ուր տունուտեղ է դրել, դարձել նահապետը Ջանվելյան հայտնի տոհմի։ Մեհմանայի ամենատարեց մարդը՝ Լևոն Աթաբեկյանն ասաց, որ իրենց երկրամասում ինքը երբեք չի լսել Ջանվել անունը, ասաց՝ դա մեր կողմերի անուն չէ։ Հետո եկավ Ջանվար վրիժառուի ըմբոստ պատմությունը։ ըստ մեր ունեցած քիչումիչ տվյալների, մեր փնտրած Ջանվելը օժտված է եղել նույն զորեղ հատկանիշներով, ինչ որ Ջանվար վրիժառուն։ Պատմում են, որ գերությունից փախչելուց հետո նրա մասին այլևս ոչ ոք ոչինչ չի լսել։ Չէր էլ կարող լել, որովհետև նա այլևս չի վերադարձել Ղարաբաղ։ Ի՞նչ ենք ուզում ասել, որ Ջանվարը միանշանակ նույն Ջանվելն է։ Հայաստան գալուց հետո նրա անունը, այսպես ասած, տեղայնացվել է, նույնացվել մեր կողմերում շատ տարածված Ջանվել անվան հետ։ Եվ նա դեմ չէր լինի իր այդ □թեթևակի անվանափոխությանը□, որովհետև, ամեն դեպքում, փախստականի կարգավիճակում էր և խնդիրներ ուներ ոչ միայն թշնամի թուրքերի, այլև Խաչենի մելիքության հետ, որի դժգոհությանն էր արժանացել իր ըմբոստ, անարդարության հանդեպ անզիջում բնավորության պատճառով։ Անվանափոխությունը նրան կօգներ կորցնելու հետքերը, ապրել նոր մարդու նոր կյանքով։ Կոթիում ապրած տարիներին դրսևորած նրա վարքուբարքը, որ լի է խիզախ դրսևորումներով, գալիս է հաստատելու մեր ենթադրությունը երկու անունների նույնության մասին։ Եվ մենք պիտի հավատանք այս միակ վարկածին, որովհետև ոչ մի այն փաստարկով այն չի ժխտվում։ Պիտի ընդունենք, որ Ջանվելյանների տոհմի նախահայրը հենց ինքը՝ Ջանվար Ղարաբաղցին է, որի սերունդների մեջ հաճախ պարզորոշ դրսևորվում է նրա մարդկային բնույթը՝ ըմբոստ, անզիջում և միշտ հոգով մարտնչող։

*

…Իսկ ի՞նչ եղան այն ձիավորները, որ ավելի քան երկուսուկես դար առաջ անցան Թարթառը և սուզվեցին լեռան լանջի աշնանահար անտառում։ Ահա զրնգոցով կտրվում է ժամանակներն իրար կապող պրկված լարն ու ես հայտնվում եմ հեռավոր ու գունագեղ մի լուսաբացի մեջ։ Ես տեսնում եմ երեք ձիավորներին, որ անտառեզրին կանգնել, նայում են դիմացը փռված հարթ տանիքներով, գիշերվա երազներից նոր արթնացող գյուղին։ Տանիքներից բարձրացող խաղաղ ծուխն ու աքլորների քնաթաթախ առավոտականչը, արոտի հանվող գառների մայունն ու շների հաչոցը խառնվել իրար, գյուղի վրա հյուսում են աշնանային խաղաղ օրվա հեքիաթը։

Անտառափեշից երևացող գյուղը Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի Ուզունթալան էր։ Նրանք հասել էին Հայաստան:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s