Ինձ սերն է ապրեցնում

Բանաստեղծ Իգնատ ՄԱՄՅԱՆԸ` գրականության ու ժամանակի մասին

Ignat_Mamyan— Նյութի համատարած գերիշխանության, կոպիտ բախումների ու քաղաքական գռեհիկ աղմուկների այս ժամանակում ի՞նչ է բանաստեղծությունը կամ նա կա՞ ընդհանրապես…

— Տայգայի խորքերում կան տնակներ, որ նախատեսված են որսորդներին ձնաբքերից, գազաններից ու այլ աղետներից պաշտպանելու համար: Դրանցում պարտադիր լինում են առաջին անհրաժեշտության որոշ պարագաներ` լուցկի, նավթավառ, չոր փայտ, վառարան և այլն: Բանաստեղծությունն ինձ համար այդպիսի տնակ է: Ներս եմ մտնում, դուռն ամուր փակում ներսից և հանձնվում նրա երանելի առանձնությանը: Ի՛նձ ինչ, թե ո՞վ պատգամավոր ընտրվեց կամ ո՞ւմ նշանակեցին նախարար: Իհարկե չեմ կարող անտարբեր լինել իմ շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ, շատ բաների համար տխրում եմ կամ ուրախանում, բայց իմ կյանքի գործը պոեզիան է: Ես բանաստեղծության մեջ եմ, բանաստեղծությունը` իմ մեջ:

— Այդպես կարող է ասել նյութապես ապահովված բանաստեղծը…

— Փառք Աստծո` իմ ընտանիքի բոլոր անդամներն աշխատանք ունեն (բացի ինձնից…), և մեր սեղանին օրվա հացը միշտ լինում է:

— Ի՞նչ է գրականության ժամանակ ասվածը, այսուհետ կարո՞ղ է լինել այդպիսի ժամանակ…

— Ես հիշում եմ անցյալ դարի 70-ական թվերը: Վարդգես Պետրոսյանը շքեղ ու շռայլ հրատարակում էր «Գարուն» ամսագիրը: Ուրբաթը «Գրական թերթի» օրն էր, որ սպառվում էր հաշված րոպեների ընթացքում: Կիրովականից Երևան էր հասնում ջահել բանաստեղծ Հրաչյա Սարուխանի հրաշալի ձայնը: Ռազմիկ Դավոյանի «Կեղևդ բաց արա» գիրքը մթնոլորտը լցրել էր իրենով: Դավիթ Գասպարյանն ու Սարգիս Փանոսյանը բերում էին դոգմաները ջարդող գրականագիտական նոր խոսք` գնահատման նոր չափանիշներով ու սկզբունքներով: Գրականության ժամանակ էր, գրականության իշխանություն: Կենտկոմի առաջին քարտուղար, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հետ Վարդգես Պետրոսյանի անձնական մտերմությունը մեծապես ծառայում էր գրականության շահերին: Գրողը դեմք ուներ, գրվածքը գին ուներ և ո՞ր նախարարը կհամարձակվեր թեկուզ հպանցիկ կպչել գրողի ու գրականության շահերին…

— Իսկ հիմա՞…

— Ես հայացքս շրջում եմ հեռավոր սարերին, որպեսզի արցունքներս չտեսնես, և լռում…

— Բայց կան գրողներ (թեկուզ մի քանիսը), որոնք իրենց շատ լավ են զգում ներկա ժամանակում:

— Ես այդպիսի գրող չեմ ճանաչում: Ավելի ճիշտ` դրանք գրողներ չեն, ծառայամիտ գրչակներ են, որ երբեմն վերին հանձնարարականով հեշտությամբ ներքաշվում են քաղաքական աղբի մեջ` փոխարենն ստանալով նյութական հատուցում ու մերձավորի համար տաքուկ պաշտոն:

— Ի՞նչ կասեք ներկա ժամանակում գրական արժեքների գնահատման մասին:

— Միայն մի բառ կասեմ` ամոթ: Մի՞թե ամոթ չէ, որ պետական մրցանակ է ստանում կաշառակերության համար լսարան մտնելու իրավունքից զրկված դասախոսը կամ ասենք` սեփական գռեհիկ ապաշնորհության մեջ մոլորված մեկը: Այս երևույթը ժամանակիս գրականության մեծագույն ամոթն է:

— Ժամանակին ասում էին` գրական եղբայրություն: Ի՞նչ է դա և կա՞ այսօր…

— Դա շատ լավ բան է, այսօր էլ, իհարկե, կա և միշտ լինելու է: Ես, գրականագետ Դավիթ Գասպարյանը և բանաստեղծ Լևոն Բլբուլյանը գրական եղբայրներ ենք արդեն քառասուն տարի: Որովհետև ինձ համար չկա, ասենք, առավել կարևոր ու անհրաժեշտ գրական խոսք, քան Դավիթ Գասպարյանի չարենցագիտական բարձրարժեք ուսումնասիրությունը: Ընդհանրապես նրան ես երբեք չեմ համեմատել մեկ այլ գրականագետի հետ ու չեմ համեմատի: Եթե Դավիթը պոեզիայով զբաղվեր` անպայման հայտնի բանաստեղծ կլիներ: Բայց ոչինչ, գրականագիտությունն էլ կարիք ունի բարձր մակարդակի տեսաբանների: Մանավանդ որ ինչքան մտածում եմ` նրա կողքին նրան հավասար մեկ ուրիշին չեմ տեսնում:

— Մեր օրերում ներկայանո՞ւմ են նոր գրողներ:

— Այո, բայց խոսքը չի կարող վերաբերել երամ-երամ գրողների միության անդամ դարձողներին: Այս օրերին տպագրվում է «Վարիացիաներ» վերնագրով մի արձակ գիրք, որի խմբագիրն ու առաջաբանի հեղինակը ես եմ: Բարձրաձայն հայտարարում եմ, որ լույս աշխարհ է գալիս բարձր արժեքով գրական մի երկ: Հեղինակը` մասնագիտությամբ իրավաբան Մհեր Արղամանյանը, մինչ այս երբեք չի ներկայացել ընթերցողին, չի բախել որևէ խմբագրության կամ հրատարակչության դուռ: Նա միանգամից ներկայանում է և իմ հաստատ կարծիքով մենք կույր պետք է լինենք այդ բարձրարժեք գրողին չտեսնելու համար:

— Ի՞նչ է այսօրվա գրաշուկան:

— Հիմնականում` աղբ: Բոլոր այն ապաշնորհները, որ ժամանակին մերժվել էին, այսօր ներկայանում են 10-15 օրվա ընթացքում տպագրած շքեղ գրքերով, որոնք կարելի է գնահատել հին ու հայտնի արտահայտությամբ` աղքատ մեռել շքեղ դագաղի մեջ: Գրաքննություն լավ է, որ չկա, բայց աղբի գարշահոտություն տարածող այս հեղեղի դեմը որևէ ձևով պետք է առնվի: Իսկ այժմ միակ մխիթարությունը հատուկենտ այն գրքերն են, որ իրոք ծնվում են ժամանակի ու գրականության պահանջով և գրական շուկան փրկում վերջնականապես աղբանոց դառնալուց: Օրերս այդպիսի մի հրաշալի գիրք եղավ` Վահագն Մուղնեցյանի «Տաբուն», որի համար ես ի սրտե շնորհավորում եմ նրա մեծատաղանդ հեղինակին:

— Այսօր մեր շուրջը կատարվող իրողությունները կարո՞ղ են դառնալ գրական թեմա:

— Չգիտեմ, դժվար է ասել: Գրական նյութը պիտի իր ներսում հոգևոր արժեք կրի, այնինչ իմ կարծիքով ժամանակս լի է գռեհկությամբ, փոխադարձ նվաստացումներով ու արժեզրկումներով, որոնց մասին գրելը մեզ ամոթով կանի գալիք սերունդների առաջ: Համենայնդեպս` գրականությունն ընդհանրապես և մասնավորապես այսօրվա գրականությունը պետք է ստեղծվեն քաղաքականության տարածքներից դուրս:

— Այսինքն խուսափե՞նք իրականությունից, կյանք կոչվածը զարդարենք թղթե ծաղիկներով ու պլաստմասսայե զանգակներո՞վ…

— Իհարկե ոչ, դա չէի ուզում ասել: Բայց իմ ասածն էլ` այսինքն ներկա իրողությունները գալիքին չփոխանցելու ջղաձիգ փորձն էլ զուր և ավելորդ է, որովհետև վստահ եմ` հենց այս պահին հայոց աշխարհի ինչ-որ անկյունում նստած ճշմարիտ պատմագիրը մատյանին է հանձնում մեր շուրջը կատարվող ամեն ինչը…

— Դուք անընդհատ խուսափում եք քաղաքականությունից: Ինչո՞ւ:

— Որովհետև դրանից ոչինչ չեմ հասկանում կամ չեմ ուզում հասկանալ: Շատ ուրախ եմ, որ հանրապետության նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, ում հանդեպ անձնական խորին հարգանք ու երախտագիտություն ունեմ: Միայն այսքանը: Ո՞վ էր ասել` փորձենք նախարարներին ու ԱԺ պատգամավորներին ութերորդ դասարանի թելադրություն հանձնարարել: Շատ կխնդրեի` հանկարծ նման բան չանել, թե չէ ազգովին կխայտառակվենք: Այսպես եմ ասում` մոտիկից ճանաչելով այդ մարդկանցից մի քանիսին…

— …Վերջին հարցի պատասխանից հետո, արդեն տաս րոպե, մենք լռում էինք: Ի՞նչ էիք մտածում այդ ընթացքում:

— Մի քանի օր առաջ տեսած երազս էի հիշում: Հազիվ 15 տարեկան էի, դեռ ծով չէի տեսել: Ամռանն աշխատել էինք սովխոզում, սեպտեմբերին փողն ստացանք և ընկերոջս հետ գնացինք Գագրա` ծովը տեսնելու: Եվ իրիկնամուտ էր: Դատարկ ծովափ, ջրերում հանգչող մայրամուտի վերջին ցոլքեր, և ամայի ավազների միջով, ինքն իրեն ծվատելով գնում էր մի գնչու կին: Ծովափի ծեր հավաքարարուհին մոտեցավ նրան, ինչ-որ բան հարցրեց, որից հետո գնչուհին շարունակեց իր ողբերգական երթը իրիկնային ծովափի ամայության միջով: Հավաքարարուհուց իմացանք, որ ցերեկը նա այնտեղ կորցրել է երեխային: Մի քանի օր առաջ ես այս ամենը տեսա երազում: Հիմա մտածում էի` տեսնես գնչուհին գտա՞վ իր կորած երեխային, թե ծովը նրան տարել էր:

— Ի՞նչ է անձնազոհությունը:

— Դրա` իմ իմացած ամենափայլուն օրինակը բժիշկ Արցախ Բունիաթյանի կյանքն ու գործունեությունն է: Նրան բոլորն են ճանաչում (կամ պարտավոր են ճանաչել…) և պետք չէ այդ պայծառ հային վերստին ներկայացնել: Մենք մտերիմ ընկերներ ենք, և դա հրաշալի է: Արցախը տարին գոնե մեկ-երկու անգամ մեր տանն է լինում, և դա ինձ ազատում է ընտանիքիս կրտսեր անդամներին հայրենասիրության դասեր տալու պարտադրանքից…

— Քաղաքական ու տնտեսական հանգամանքները տեսանելի և հասկանալի են: Բայց մարդը, անկախ ամեն ինչից, պետք է ապրի: Նրան ի՞նչ է հարկավոր դրա համար:

— Սեր: Մաքուր, խոր, հզոր սեր` անկախ այն բանից, թե այդ սերը որտեղի՞ց է բխում և ո՞ւր է ուղղված: Առանց դրա ապրել հնարավոր չէ: Ինձ սերն է ապրեցնում: Եթե մարդու մեջ սեր չկա` նա ընդամենը դատարկ ու տխուր անոթ է:

«Ժամանակի Զրուցակից»

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.