«Ես մի օր կրկին հարություն կառնեմ»

BlbulyanԻգնատ, վաղամեռիկ իմ գրչեղբայր, հին ու հավատարիմ ընկեր, ախր դեռ երեկ էր, որ խոսք էի գրում քո 60-ամյակի առիթով՝ ամենաջերմ զգա­ցումներով, հաճելի, լուսավոր հիշողությունների ուղեկցությամբ։ Այնքան բան կար հիշելու-վերապրելու. այնքան ձեռքբերումներ՜ նշելու-ընդգծե­լու…

Իսկ հիմա… Հիմա պարզապես կարկամել եմ վշտից. ու հեղձուկը սեղ­մում է կոկորդս։ Անսպասելի, անհավատալի քո մահվան հանդիման՝ փորձում եմ մխիթարական բան գտնել գոնե նրանում, որ մենք, այնուամենայնիվ, շուքով ու հանդիսավորությամբ նշեցինք քո հոբելյանը, ասացինք շնորհավորանքի, գնահատանքի այն խոսքերը, որոնց արժանի էիր:

Լիուլի՝ ստեղծագործական արգասավոր քո ճանապարհով, ժամանակի վերուվարումների մեջ ոչնչով չխաթարված մարդկային հաստատ, պայծաո նկարագրով։

Դու իմացար, համոզվեցիր, որ քեզ ընդունում ու սիրում են և՛ որպես, խորունկ, հոգեհույզ բանաստեղծի, և՛ կրակոտ, համարձակ հրապարակախոսի, և՛ իհարկե, տաղանդավոբ արձակագրի, որ հմուտ գրիչ ունի ու կյանքի լայն ճանաչողություն։

Ես առանձնապես նախանշանների չեմ հավատում ու հակված չեմ սնահավատության, բայց մոտ մեկ ամիս առաջ մեր աղևորությունը հարևան Վրաստան այսօր խորհրդանշական իմաստ է ստանում ինձ համար։ Հայկական պոեզիայի օրեր էին այնտեղ, ու Հայաստանի պատվիրակության կազմում մենք հնարավորություն ունեցանք շուրջ 40 տարվա մեր ընկերությունը իսկակական շփման ու ընկերակցության գեղե­ցիկ, լեցուն, թանկ օրերով եզրափակել։ Օրեր, որոնք հիմա արդեն հատկապես քո հուշով կապրեն իմ մեջ։

Հիմա ինձ միանգամայն փոխկապակցված են թվում ողջ ուղևորության ընթացքում հումորի քո անընդմեջ փայլատակումները (պարզապես գերազանցեցիր ինքդ քեզ), ընդգծված հուզականաթյունը, կյանքի, աշխարհի վերաբերյալ բարձրաձայն մտորումները, երբ հյուրանոցի մեր համարում մնում էինք երկուսով… Դու հավանաբար զգում էիր մոտալուտ քո վախճանը, Իգնատ, ու քո զգացողությունները, ընկալամները մի տե­սակ սրվել էին դրանից…

Իսկ մի օր վկա եղա Սասուն որդուդ, ապա թոռնիկիդ հետ ունեցած հեռախոսազրույցին. այնպիսի կարոտով ու ջերմությամբ էիր խոսում, ասես ամիսներով նրանց չէիր հանդիպել, այնինչ ընդամենը երկու օր առաջ էինք դուրս եկել Երևանից… Այս ամենը հիմա են միայն ինձ համար նոր նշանակություն ստանում, փոխկապակցվում, ու ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ քո մեջ ինչ-որ բան էր կատարվամ։

Իսկ հետո Արմենուհին՝ քո հավատարիմ ու նվիրյալ կինը, որ գրողի կնոջ իսկական տիպար է գրչընկերներիդ համար, մորմոքով պիտի պատմեր, թե ինչպես մահվանդ նախորդող ծանր գիշերվանից հետո, չանսալով տանը մնալու նրա հորդորներին, գնացել ես տպարան, վերջին ուղղումներն արել տպագրության մեջ գտնվող նոր գրքիդ էջերում…

Իսկ մի՜թե պատահականություն էր, որ հենց մահվանդ հաջորդ օրը «Զրուցակից» թերթում լույս տեսավ քո բացառիկ անկեղծ, այնքան ան­միջական հարցազրույցը, յարաքանչյուր պատասխանդ ասես խոստովանանք կամ պատգամ է ապրողներին։ «Ինձ սերն է ապրեցնում», -հենց քո խոսքերն էին դարձել էջի խորագիր։ Այո. սերն էր քեզ ուժ ու մղում տալիս ոգեշնչվելու, արարելու, ապրելու գեղեցիկ ու իմաստալից։

Առանձնահատուկ էր քո սերն ու նվիրումը հատկապես հայրենի եզերքիդ հանդեպ, որի իսկական երգիչն ու պատմագիրը դարձար քո մի քանի գրքերով ու հատկապես հենց վերջերս տպագրված «Երկիր ծնն­դավայր» հրաշալի հատորով, որի յուրաքանչյուր էջը որդիական ակնածալից սիրով է շաղախված ծննդավայրիդ, Նոյեմբերյանի պարզ ու աշխատավոր մարդկանց հանդեպ. «Ծննդավայրն այն է. որտեղից սկսվում է քո կյանքի պատմությունը, տոհմիդ կենսագրության քո հատվածը, և քո մեջ բոլոր մեծ ու փոքր տենչանքներից բարձր ապրում է մի վսեմ ցանկություն՝ այս աշխարհի խառնախռիվ ընթացքում, հեռացումների ու օտարացումների այս ժամանակներում կարողանաս մնալ նրա զավակը, չկորցնես նրանով հպարտանալու իրավունքը»։

Սրանք խոստովանանքի քո ինքնաբուխ խոսքերն են, Իգնատ, հայ­րենի եզերքդ, որի արևահայաց մի բարձունքում հիմա հանգչում ես դու՝ թարմ, վառվռուն ծաղիկների ներքո։ Ու ես կասկած իսկ չունեմ, որ քո շի­րիմը նվիրական մի ուխտատեղի է դառնալու հայրենակիցներիդ և ոչ մի­այն նրանց համար։ Եվ անշուշտ, քո դեռ առաջին՝ «Հանդի հաց» գրքում հենց այնպես չէ, որ ասում ես.

Ես մի օր կրկին հարություն կառնեմ
Խաղաղ դաշտերի խոնավ հերկերից
Ու կգտնեմ իմ հավերժությունը
Քո գագաթների մշուշների մեջ,
Քո արծիվների թևերի վրա։

Լևոն Բլբուլյան

«Գրական թերթ», 4 հուլիսի, 2008

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s