…Ու դատարկությունը չի լցվելու

MherArghamanyanՍկիզբը չեմ գտնում… Վերջի հոգեմաշող ցավն ամբողջը մշուշել–իր մեջ է կլլել ու լավ չի երևում։ Սկիզբը ուզում եմ տեսնել սարաշխարհիդ «նախնական լուսաբացների պայծառ ու մաքուր ցոլքերի», «քնած մանուկների պես արթնացող աղբյուրների», «դրախտների հավքի թևաբախումից շնչավորվող խոտ ու ծաղկունքի»՝ ռունգերդ սարսռող բույրերի մեջ, մեծ աշխարհի փոքր անկյուն Այրումի բարաքաշարի «պատուհաններին քսվող մշուշների միջով երևացող կաղնիներից» ծորացող թախծի ու այնտեղ ապրող կարծես ուրիշ աշխարհներից եկած մարդկանց փոխանցած ջղագրգիռ հոգեհոսքի մեջ… Ալմա… Գեներալ դը Գոլի բժիշկ Հարություն Զաքարյան… Գրիգոր… Բիջո (ու ականջներիս մեջ զնգում է բեկբեկուն ձայնդ՝ Բիջոյիս լա՛վ կնայես)… Եթիմ Շավո… Սիրուն Մարո… Չընկալված բանաստեղծ ու փիլիսոփա Վարդան Աթանես… Սուրբ Երրորդությանը նամակներ գրող Հակոբ Տերեջյան… Լիր արքա խաղալ ցանկացող չկայացած դերասան Հովսեփ… դեպի նախկին կյանքեր նավարկելու համար լեռներում նավ կառուցող որմնադիր Համբարձում Գուլոյան… Բայց հասնում եմ անըմբռնելիին սպասող Կաղ Կարենին ու վառվելով դեզի միջից թռչող ճնճղուկներին («Գետափը, գիշերը, ամբողջ կյանքը լցված էր մեռնող թռչունների ողբալի ծղրտոցներով»), հետո՝ ծունկը փշրված ճերմակ հովատակ ու էլի՝ պողպատե ճոպաններով խոշտանգված հրեղեն Լեյլի ձի… Ասացի, որ շատ դաժան ես նկարագրել, պատասխանեցիր, որ միայն վավերագրել ես… «Ցավը մարմնի մեջ պահպանում է հիշողությունը»…

Քո սիրած բանաստեղծությունը, որին միայն հանճարեղ բնորոշումն էիր տալիս ու չէիր հոգնում կրկնելուց.

Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք,
Մենք կժպտանք, գոհ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք…

Շտապում, շա՜տ էիր շտապում կիսատ գործերդ ավարտել ու նորից վերադառնալ ակունքներիդ՝ բանաստեղծությանը. «Վերջ, էլ արձակ չեմ գրելու, առավել ևս կոնկրետ մարդու մասին, ներսս երգով է լի…»։

Պանդոկի մատուցողուհու՝ քո կերտվածքներից մեկի շշմեցնող արտասանությունը՝ «Ներսը թախիծ, դուրսը թախիծ…», հետո արդեն առանձին ասված քո խոսքը՝ ուրեմն մի բան ստեղծել եմ ու մարդկանց պետք է, հետո էլ ասում են, թե ում համար ու ինչու ենք գրում…

«Ես ինչ իմանամ… Ամբողջ կյանքում ինձ միշտ մի բան պակասել է… Ես ինչ իմանամ…»։

Ինչո՞ւ էիր շտապում։

Տնքում եմ ցավով, ձայնում եմ կրկին,
Եվ ի պատասխան իմ կանչ ու հարցի՝
Հեռո՜ւ զնգում են գիշերվա խորքից
Ժանգոտ խաչերը գերեզմանոցի…

«…Ճերմակ, երանելի լույս էր, լույսի մեջ՝ անհայտությունից հնչող մեղմ, հոգեպարար մեղեդի, և ճերմակ շղարշներ հանգած պայծառ աչքերով, անհունորեն քնքուշ մի աղջնակ (որ հրեշտակ պիտի լիներ) լույսի ու մեղեդու միջոջ ինձ ուղեկցում էր կարկաչուն գետակի ափով, որի կոհակներում գունագեղ ձկներ էին խայտում։

…Բուրավետ տերևների ու ծաղիկների միջով ես անցա ազնվաջուր գետակի մյուս ափը, որտեղ, տե՜ր Աստված, ինձ սպասում էին որքա՜ն կարոտյալ ու սիրելի դեմքեր»։ «Բիրտ ու մեղավոր այս աշխարհի գռեհիկ իրականությունից» հեռանալու և «երկնքի հովիտներում ապրող իր սիրելիներին» նորից հանդիպելու հավատավոր հույսից երեխայի պես հուզվում ու աչքերդ լցնում էր։

Ո՞ւր էիր շտապում։

«Կարոտը մարդու մեջ նույնն է, ինչ վայրի մեղրը ժայռի խոռոչում։ Հիշողության հնօրյա ծաղկունքիս նեկտարն ահա թանձր ու տաք բուրում է իմ մեջ, ու ես, իմ հեռու վայրերում ամենքին ու ամեն ինչ թողած, գալիս եմ ու պիտի հասնեմ, քանի դեռ կարոտից շնչահեղձ չեմ տապալվել իմ հեռավոր ճամփաների փոշիների մեջ»։

Բարով գնաս, իմ Իգնատ Մամյան… Այդպես էլ ամբողջապես չընկալված ու չգնահատված և մինչև վերջ չբացված ու չբացահայտված… Քիչ թե շատ՝ ամենքս զգալու ենք քո կարիքն ու դատարկությունը չի լցվելու… Գնա խաղաղությամբ ու թող Աստծո Լույսը միշտ քեզ հետ լինի…

Մհեր Արղամանյան
«Երևան. 7 օր»
22-25.08.2008թ.
Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s