Արծաթե եզերքի անմար Լույսը

hovhannesghazaryan2Քո խաչը ծանր է, ճանապարհը՝ ձիգ,
Բայց մի՛ անիծիր բախտն ու արարչին,
Քեզ չէ՞ որ ինքդ դատապարտեցիր
Այս ճամփորդությանն ու ծանր խաչին…

Արդեն մեկ տարի է` ապրում եմ ժամանակից և ուղեծրից դուրս, իրականի և անիրականի երերուն սահմանագծին և շուրջս ամեհի դատարկություն է:

Ընկերոջս հանդեպ իմ մարդկայնությունը ստուգապես ճշգրտելու համար ինքս ինձ ժամանակ տվեցի` չշտապելով խոսք գրել նրա հիշատակին: Ու հասկացա, որ անհնար է այլևս, չկա անզուգական բարեկամս` մեծատաղանդ բանաստեղծ ու արձակագիր Իգնատ Մամյանը:

Դժվար էր, ծանր ու անկարելի ու պարզապես մեղք` հիշատակի բառեր մրմնջալ մի մարդու մասին, որին, կարծես ընդամենը օր առաջ եմ հանդիպել Քանաքեռի իր բնակարանում, քաղաքի որևէ սրճարանում կամ հենց իմ տանը` ուր վերջին անգամ եկել էր, այսպես կոչված, աշխատանքային այցով:

Չեմ սիրում մեջբերումներ անել, բայց հանկարծ այնպե՜ս ուզեցի դանեմարքայի խռովյալ իշխանի հառաչանքը կրկնել ի դեմս Իգնատի. «Մա՜րդ էր, Հորացիո, էլ նմանը չեմ տեսնի»…

Մարդիկ, ովքեր մտերիմ են եղել Ի. Մամյանին, հաստատ կվկայեն, որ անչափելի է մեր կորուստը:

Նա դեռ նո՜ր պիտի վայելեր իր իսկ չքնաղ պոեզիայի ու արձակի հմայքն ու իրական գնահատականը, նո՜ր պիտի վայելեր իր արծաթե եզերքի զուլալ ղողանջները, բայց կանգ առավ հանկարծ մե՜ծ, փառահեղ սիրտը, կանգ առավ եղերական լուսաբացին` թողնելով մեզ ահռելի ու անփարատ վշտի սոսկուն մի բևեռ, անասելի ցրտի մի հյուսիս, անողորմ ցավի մի անդունդ, մի դեղնադալուկ ու անդարձ աշուն…

Դադարեց բաբախելուց այն սիրտը, որն ընդգրկում էր սիրով, բերկրանքով, լույսով ու տառապանքով, թախիծով ու անուրջներով, ոգեղեն գույների ու մեղեդիների ծփանքով, անհուն կարոտի տաքությամբ լեցուն մի աշխարհ: Ինչո՞ւ էր խռովել ծովերի ու ջրվեժների շառաչով, անտառասարերի հուզախռիվ հառաչով, իր եզերքի հնամյա կաղնիներին զարնվող շանթերի որոտով, ոսկեցոլ առավոտների ու անձրևային մթնշաղների խորհուրդներով, արծվային ճախրանքների երկինքներով լեցուն այդ սիրտը` ազնիվ ընդվզումների այդ խառնարանը, մարդկային սիրո այդ առագաստը, անհատակ բարության, կամեցողության, նվիրումի ու հավատարմության այդ շքեղ դրոշը…

Անզորության, վիրավորանքի ու մեղսավորության ծանր մի ալիք շամփրում է ներսս, խարխլում է էությունս, երբ օր օրի համոզվում եմ, որ այլևս ու իսկապես չկա արևոտ ու ցավոտ տարիների, իմ` իրենով լեցուն աստվածային օրերի ընկերը, եղբայրը, բանաստեղծության ոլորտի անաչառ, աննախանձ ու խստաբարո իմ խորհրդատուն: Ի՞նչ անել հիմա, ինչո՞ւ է, ախր, մեծ, հավիտենական թվացող մտերմությունը հանկարծ փոխարկվում անմխիթար ցավի: Ի՜նչ անողոք է այս ամենը:

Շունչս կտրվում է նրա հետ ապրած օրերը հիշելիս: Մի՞թե այլևս չեմ լսելու հյութեղ ու զրնգուն ծիծաղը, աննման փայլատակումներով ու սպանիչ հնարքներով հագեցած հումորը, չեմ վայելելու վերլուծական-սրընթաց մտքի ու աներևակայելի երևակայության թռիչքի պահերը և արցունքները բանաստեղծություն կարդալիս, չեմ ապշելու նրա անվրեպ ու դիպուկ դիտողություններից: Մի՞թե այլևս զրկված եմ նրա ազնիվ հոգածությունից, նեղության ժամիս նրա նուրբ ու զգայուն կարեկցանքից ու նաև անխոհեմ քայլերիս հանդեպ պոռթկուն, անխնա, բայցև անքեն ու տեղին զայրույթից: Բնության տարերքի պես փխրուն, վեհասքանչ: Վերջին ամիսների մեր առավել խորացած մտերմությունից ու գրեթե ամենօրյա հանդիպումներից հետո սարսափելի է բաժանման այս ցավը: Շատ բան հասցրեց անել և շատ բան թողեց կիսատ: Այնպե՜ս էր շտապում, զգո՞ւմ էր ինչ-որ բան: Անպայման զգում էր, քանզի փոխվել էր, դարձել ինքնամփոփ ու հաճախ էր տագնապալի բաներ ասում:

Այո, նա շատ բան թողեց կիսատ, և շուրջս գոյացած ամայությունը վկայում է, որ նա մեզ էլ մի տեսակ կիսատ թողեց: Իզուր չէ, որ նրա հոգեհանգստյան ծեսի ժամանակ ինձ մոտեցավ գրական աշխարհի մեր ընդհանուր մտերիմներից մեկը ու ցավով շշնջաց ականջիս. «Է՜հ, դու էլ յուրովի՜ որբացար»: Ավաղ, շատ տխուր ճշմարտություն էր նրա ասածը:

Այդպես լինում է ծնողներին կորցնելիս, զավակին (աստված չարասցե) կորցնելիս, այդպես լինում է ամենաանփոխարինելի հարազատին կորցնելիս…

Ու այդպես քեզ համար, ի՜ր իսկ` Իգնատ Մամյանի ասած երամում հավիտյանս բաց է մնում այն տեղը, որ քո հարազատ հավքինն էր: Հավիտյանս, ընդմիշտ և անդարձ.

«…Եվ կռունկն ընկավ թևատարած:
Եվ մեծ երամի հին օրենքով
Ընկածի տեղը – վերքի պես բաց,
Չի լրանալու ուրիշ մեկով…»:

Աստծո ընտրյալն էր իբրև բանաստեղծ, աստվածային հավաքականություն էր որպես մարդ, ընկեր ու բարեկամ:

Հավերժ հիշատակ ու խաղաղություն` Արծաթե եզերքի արծվային ոգուն:

Հովհաննես Ղազարյան
«Հայաստանի Զրուցակից»

Թիվ 98

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.