Վիրավոր Հավքի կանչը

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահին

Լեռան բարձունքից նայելով ձորում խեղճորեն ծվարած Բարեկամավան գյուղին, որ ասես հազիվ էր շնչում խարխլված տանիքների տակ, հայտնի գործարարը հուզվեց.

— Մեղք է այս գյուղը, հանգչող փեթակ է, որ դեռ մի կերպ տվայտում է իր տագնապների մեջ: Այն էլ` թշնամու աչքի առաջ, հազիվ մի քանի կիլոմետր նրանից հեռու: Այս գյուղը պետք է փրկել, և դա ես պետք է անեմ: Խոստանում եմ,- մետաքսե թաշկինակով արցունքները սրբելով` ասաց գործարարը: Նրա շքախումբն ուղեկցող բարեկամավանցին լուռ քմծիծաղեց` նա առաջինը չէր, որ աչքերն արցունքոտելով ասում էր այդ խոսքերը: Եվ Բարեկամավանը վաղուց չէր հավատում արցունքներին…

Իսկ հայտնի գործարարը չէր եկել պարզապես լեռան բարձունքից գյուղին նայելու և արտասվելու: Նա, այսպես ասած, քաղաքական ակցիա էր իրականացնում` տվյալ ընտրատարածքում մեկին պետք է պատգամավոր դարձներ: Եվ այնքան վստահ էր իր այցելության պատմական ուժին, իր արցունքախառն խոստումի ազդեցությանը, որ պատգամավորական թեկնածուին խորհուրդ տվեց ընդհանրապես չգնալ Բարեկամավան, չհանդիպել ընտրողներին: Ասաց` ամեն ինչ արված է, հանգիստ եղիր: Բայց իրականում ոչինչ էլ արված չէր: Հանրապետությունով մեկ դղրդացող անունով գործարարը մի բան հաշվի չէր առել` խարխուլ տանիքների տակ ապրող մարդկանց լեռնականի հպարտությունը, և թեկնածուն, իհարկե… չընտրվեց:

Այսպես: Քանի-քանիսը եկան ու գնացին, խոստացան ու չարեցին: Բայց Բարեկամավանը, մեղմ ասած, հիասթափության ցնցումներ առանձնապես չի ունենում, որովհետև վաղուց արդեն չի հավատում այդ խոստումներին և հետո իրեն խաբված զգալու բարդույթ չի ապրում:

— Թույլ կտա՞ս Բարեկամավանն անվանել հանգչող փեթակ, ինչպես ասել է հիշյալ գործարարը,- հարցնում եմ գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանին:

— Իհարկե ոչ. դա չափազանց դաժան ու տխուր կլինի…

— Իսկ ինչի՞ հետ կհամեմատես այսօր Բարեկամավանը, ինչի՞ է նման…

— Այո` շատ նման է հանգչող փեթակի: Բայց այդ դառը ճշմարտությունը մենք չենք ուզում խոստովանել: Նման է հանգչող փեթակի, բայց երբեք չի դառնա հանգած փեթակ:

— Ինչպիսի~ պայծառ լավատեսություն: Այդպես դուք ասում եք գյուղի միջնակարգ դպրոցի մի քանի աշակերտներին, հուսահատ ինքնավստահությամբ հայտարարում եք ամբիոններից: Ինչի՞ վրա է հիմնված ձեր հավատը (եթե իրականում դեռ կա նման բան… ), պետական ծրագրերի՞, Ռուսաստանով մեկ սփռված բարեկամավանցիների հայրենասիրությա՞ն, կախարդական ինչ-որ երևույթի՞: Ինչի՞…

— Կոշտ հարցադրումներ մի արեք, այստեղ խնդիրը բարոյահոգեբանական է, ոչ թե զուտ ֆիզիկական, և ես ինքնախաբեություն չեմ ապրում, վստահ եմ, այո, որ հանգչող փեթակի նմանվող այս գյուղը երբեք հանգած փեթակ չի դառնա: Ինձ չե՞ս հավատում` դուրս արի գյուղապետարանի բակ, հարցրու այնտեղ զրուցող մարդկանց: Բայց ասեմ, որ նրանք քո այդ հարցումից կարող են վիրավորվել…

Ոչ, չեն վիրավորվի: Նրանցից բոլորը չէ, որ ունեն գյուղապետի լավատեսությունը, բայց նաև ծայրահեղ հուսահատ չեն, այլապես գյուղը վաղուց դատարկված կլիներ: Ամբողջ գյուղով սպասում են մի լավ բանի, բայց ինչի` անունը չգիտեն:

Իր հին, երանելի ժամանակներում Բարեկամավանը 315 ընտանիք ուներ, այդքան լույս ու վառվող վառարան, յուրաքանչյուր ընտանիքից առնվազն մեկ երեխա դպրոցական էր: Չկար մեկը, որ նեղվի աշխատանք չունենալուց: Հեղափոխությանը զուգակցվող պատերազմը եկավ, ներսից ու դրսից ավերեց գյուղը: Բարեկամավանից մինչև ադրբեջանական Ղայմախլու գյուղը, կենտրոնից կենտրոն, ընդամենը երեք կիլոմետր է: Դա նշանակում է, որ այս գյուղը միշտ ապրել է` դեմքին զգալով թշնամու շնչառությունը: Ու որքա՛ն աղետներ տեսավ այդ թշնամուց…

Այսօր Բարեկամավանում կա շուրջ 140 շնչող տուն: Չենք ասում ապրող, որովհետև ապրելը լայն հասկացություն է, միայն քնել-արթնանալն ու մի կտոր դժվար հացով օրը մթնեցնելը դեռ ապրել չէ: Եվ այդ 140 տների մեծ մասում ձեռնափայտերի վրա դողացող ծերեր են: Միայնակ կամ զույգ, եթե ամուսիններից երկուսն էլ դեռ ապրում են: Գյուղի բնակչության միջին տարիքը մոտավորապես 70 է, երիտասարդությունը հազիվ 15 տոկոս է կազմում` 20-25 առողջ ու ուժեղ տղերք, ովքեր կարող են, ասենք, էլեկտրակայաններ ու ջրամբարներ կառուցել, բայց ամբողջ օրը անգործ թալկանում են գյուղամիջի հատուկենտ նստարանների վրա: Նրանց համար այսօրը այնքան էլ սարսափելի չէ` էլի մի բան կարողանում են մոգոնել, մի կտոր հաց ունենալ: Սարսափելին հետո է լինելու, երբ ծերանան ու… աշխատանքային ստաժ չունենան թոշակի անցնելու: Գյուղի ամենատարեց մարդը 97-ամյա Սիրամարգ Ղարագյոզյանն է, ամենափոքրը` անցյալ տարի ծնված մի երեխա: Սակայն այս խաղաղիկ-հովվերգական տվյալները տագնապներ շնչող գյուղի համար չեն: Բարեկամավանը հաճախ է հեռուներից ցավաշունչ լուրեր ստանում` Եսայան Լևոնը մեռավ, նրան թաղեցինք Ստավրոպոլի մի գյուղական գերեզմանոցում: Ղարաքեշիշյան Բենիկը մեռավ, թաղեցինք իր ապրած տափաստանային բնակավայրի գերեզմանատանը: Աբազյան Սերյոժան մեռավ, Եսայան Վաչագանը մեռավ, Փարսադանյան Սմբատը մեռավ, Ղարագյոզյան Սուրենը մեռավ… Ահել ու ջահել` մոտ քսանհինգ բարեկամավանցի մահացան ու հուղարկավորվեցին օտար վայրերում: Սա ուղղակի սարսափելի է: Բարեկամավանն իր տարածքից դուրս այսօր ունի կրկնակի անգամ ավելի բնակչություն, քան կա գյուղի ներսում: Շատերը դրա հիմնական պատճառը համարում են պատերազմը` Բարեկամավանին ամենամոտ հայկական բնակավայրը Կոթի գյուղն է` դժվարին ռելիեֆով նրանից բաժանված ինը կիլոմետրով: Իսկ թշնամու բնակավայրը, ինչպես ասացինք, հազիվ երեք կիլոմետր է հեռու նրանից: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Եվ Բարեկամավանում մշտապես ապրող ամեն ոք, եթե հայրենիքի համար ոչինչ էլ չանի, արժանի է հերոսի կոչման, որպես անձնուրաց սահմանապահ: Հասկացողը կհասկանա, թե ինչ եմ ասում: Երկար տարիների թաղում-արցունքներից հետո գյուղում հարսանիք եղավ: Վաղուց ուրախ երաժշտություն չլսած փողոցներում համագյուղական տոն էր: Գյուղի ծերերից մեկն ասաց` հարսանիքը ման տվեք բոլոր փողոցներով, թող քնած պատերն արթնանան, թող ուրախությունը թափանցի տխուր տները: Եվ հարսի տնից մինչև փեսայի տուն, որ ընդամենը երկու հարյուր մետր էր, հարսանքավորներն անցան մի քանի ժամում: Բա ի՞նչ, ով գիտե` մեկ էլ երբ է հարսանիք լինելու Բարեկամավանում:

— Լավ երազ եմ տեսել,- ասաց գյուղի մեծ մայր Սիրամարգը,— այսօր մեր գյուղ ուրախություն է մտնելու…

Մեկնաբանեց` ով ինչպես ուզում էր կամ ինչպես կարող էր, իսկ օրավերջում գյուղ մտավ մի անծանոթ բեռնատար: Նրանով կնոջ ու երեք երեխաների հետ տարիներ առաջ գյուղից հեռացած Վաչագան Գրիգորյանն էր վերադառնում Ռուսաստանից: Դրանից էլ լավ երա՞զ:

— Սկսվե՛ց,- ասաց գյուղամիջի նստարանին նստած մի ծերունի` երանությամբ ներս քաշելով ծխախոտի ծուխը:

— Սկսվե՞ց որ,- կասկածեց նրա տարեկից մեկ ուրիշը` դառը հայացքով նայելով պատերազից ու 97-ի երկրաշարժից հետո չնորոգված խարխուլ տներին: Կամ տերերն են բացակայում, կամ պետությունն է զլանում ժամանակին տրամադրել դրանց վերականգնման համար հասանելիք գումարը: Բայց ոչ, սխալ ասացի, «հասանելիք գումար» կոչվածն այստեղ միանգամայն այլ իմաստ ու բովանդակություն ունի: Այդ գումարը պետք է կոչվի ոչ թե հասանելիք, այլ անհրաժեշտ և դրա հատկացումը կախված չլինի մարզպետարանի կամ որևէ նախարարության ինչ-որ չինովնիկներից: Դա պետք է արվի պետության ղեկավարի մակարդակով, որովհետև սահմանամերձ բնակավայրի պահպանությունը հույժ պետական գործ է` ոչ ենթակա ընդհանուրին վերաբերող որոշումներին:

Բարեկամավանցիներից մեկի մոտավոր հաշվարկով գյուղի վերականգնման համար հարկավոր է այնքան գումար, որքան ծախսվում է Երևանի կենտրոնի մեկ բազմահարկ շենք կառուցելու համար: Գուցե մի քիչ պակաս, բայց հաստատ` ոչ ավելի: Եվ այս ժողովրդի, այս երկրի, այս պետության համար ո՞րն է ավելի կարևոր. սահմանային մի կիսավեր գյուղ վերականգնել-ամրապնդե՞լը, որ սահմանի պաշտպանության առաջին գրավականն է, թե՞ մարտնչող օլիգարխիայի համար Երևանի կենտրոնում ևս մեկ բնակելի շենք կառուցելը: Մի՞թե առանց այդ ևս մեկ շենքի Երևանը կկորցնի հմայքը: Ոչ, չի կորցնի: Բայց առանց պետական սրտացավ հոգածության Բարեկամավան սահմանապահ գյուղը կվերածվի լքված ավերակների: Դաժան եմ ասում, բայց, ցավոք, ճշմարիտ եմ ասում: Իսկ եթե ժամանակիս բազմաթիվ հոգսերից տնքացող պետությանը հանգիստ թողնենք ու դիմենք հայտնի ունևոր-գործարարների՞ն, որոնցից շատերը հեղինակ են մեծ բարեգործությունների: Մի՞թե նրանք պատրաստ չեն իրենց երկրի սահմանն ամրապնդելու համար անհրաժեշտ զոհաբերությունների: Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, որ անարձագանք չեն թողնի բարեկամավանցիների դիմումը: Այս գրվածքն էլ հենց համարենք դիմում և սպասենք վերաբերմունքի…

— Առավոտից այստեղ ես, քաղցած կլինես, տուն չունեմ, որ ասեմ գնանք տուն մի կտոր հաց ուտենք,- ասում է գյուղի հայտնի պաշտպաններից մեկը` Հրաչիկ Մեհրաբյանը: Նրա տունը, ինչպես և Բարեկամավանում շատ տներ, երկրաշարժի ու հրետակոծության ավեր է դարձել, կանգուն է միայն մի անկյունը, որտեղ նա մի կերպ ապրում է ծեր մոր հետ: Գյուղի, այն է` հայոց պետական սահմանի պաշտպանության համար այդ խիզախ, հաղթանդամ երիտասարդն այնքան բան է արել, որ կբավարարեր մի ողջ համայնքի: Նա Բարեկամավանի արծիվ տղերքից է` այսօր էլ պատրաստ զենք առնելու և նետվելու խրամատները: Բայց դու, հարգելի մարզպետարան, ինչո՞ւ մինչև հիմա չես տվել երկրաշարժի ավերած նրա տան վերանորոգման փողը: Դու, հարգելի պետություն, ինչո՞ւ չես հարգել քաջորդի երկրապահ-ազատամարտիկի` բնակության նորմալ պայման ունենալու նրա իրավունքը:

Բարեկամավանն ինձ համար անծանոթ վայր չէ` ժամանակին շատ էի գալիս այստեղ, նրա բնակիչներից շատերին եմ ճանաչում, շատ տներում եմ հյուրընկալվել: Դատարկ տներն աչքի են զարնում հենց առաջին հայացքից` փակ դուռ ու ցանկապատ, մութ պատուհաններ, վայրիացած, կիսաչոր այգիներ և խոր, զարհուրելի լռություն: Մոտ հարյուր այդպիսի տուն կա Բարեկամավանում: Դրանցից մոտ քսանը ոչ միայն լքված են, այլև, ըստ ամենայնի, մոռացված: Այսինքն տերերը կամ հանգել-մնացել են հեռավոր վայրերում, կամ միանշանակ հրաժարվել տխուր ծննդավայրից, նրա անտերությունից ու պատերազմական-սահմանային բոլոր վտանգներից: Այդ տների տերերը, անկախ գյուղապետի լավատեսությունից, երբեք չեն վերադառնալու:

— Բայց մյուսները կգան, միայն թե գյուղը փոքր-ինչ կարգավորվի, այսինքն լուծվեն նրա առաջին անհրաժեշտության մի քանի հարցերը, կգան,- երդվելու պես համոզում էր գյուղապետը:

…Առաջին անհրաժեշտության մի քանի հարցեր ասելով Հովիկ Ղարաքեշիշյանը նկատի ուներ մշակույթի փոքրիկ տան նորոգումը, գյուղի գազիֆիկացումը և ոռոգման ջրով ապահովումը: Հատկապես վերջինը: Բանն այն է, որ գյուղի սեփականաշնորհված 400 հեկտար վարելահողերից շուրջ 350-ը սահմանային տարածքներ են` ականապատված, սահմանապահների հսկողության տակ, այնտեղ վարուցանք չես անի: Գյուղացիների հույսը տնամերձերն են` հիմնականում այգիները, որոնք, սակայն չորանում են ջուր չլինելու պատճառով: Եվ այս հարցերը կարող է լուծել ոչ միայն պետությունը, այլև միջին եկամտի տեր մի անհատ ձեռներեց…

Իսկ գյուղի մայր Սիրամարգ Ղարագյոզյանն ասում էր.

— Եթե մի քիչ էլ մնաս, կլսես վիրավոր հավքի կանչը: Ամեն գիշեր գյուղի որևէ դատարկ տնից վիրավոր հավքը կանչում է, գուցե մեկը լսի՞…

Հետո հասկացա, թե ինչ է ասում: Վիրավոր հավքը գյուղի տագնապալի ցավն է, որ ամեն գիշեր հնչում է որևէ մութ, լքված տնից` գուցե մեկը լսի ու գա այս գյուղին օգնության…

Բարեկամավանից բարձրացող ոլորաններից ես կարծես թե լսեցի վիրավոր հավքի ողբերգական կանչը: Եվ ինձ թվաց, թե այն հնչում է ոչ թե որևէ լքված տնից, այլ… իմ ներսից: Եվ կկարողանա՞մ վիրավոր հավքի այդ կանչը լսելի անել մեծ, աղմկոտ, կրքերից եռացող քաղաքում…

«Հայաստանի Զրուցակից»

թիվ 37

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s