Սարաշխարհ

«Հայաստանի Հանրապետություն», 2009 թ.

Արդեն մեկ տարի է՝ Իգնատ Մամյանը մեզ հետ չէ։ Արդեն մեկ տարի է՝ մանրամասն սիրվելու կարիք ունեցող Հայաստան աշխարհի նրա փոքրիկ անկյունում՝ Երկիր-ծննդավայրում, մի տեղ թափուր է։ Արդեն մեկ տարի է՝ վայրի մեղրը կարծես մի տեսակ կորցրել է համը, հանդի հացը չորացել-մնացել է, երկնքից առկախվել է մի երկնաքար։ Բայց հեռավոր զանգերը շարունակում են կանչել դեպի սարաշխարհ, Սրբասար, Այրումի ձոր…

«Կյանքը և մահը կեղծ կատեգորիաներ են, կա միայն ընթացք մեծ ժամանակի միջնապատերի միջով և պիտի այնքան գնաս, մինչև Լույսը երևա, և դու խառնվես Լույսին»: Իգնատ Մամյանի այս փիլիսոփայության համապատկերում էլ ներկայացնում ենք մի հատված նրա «Երկիր ծննդավայր» գրքից։

Դրախտների մի հավք է անցնում լեռնաշխարհի վրայով, կախարդական մի թռչուն՝ աչքերում նախնական լուսաբացների պայծառ ու մաքուր ցոլքեր և փետուրների մեջ՝ Եդեմային հովիտների անաղարտ շունչը։ Նա երգում է ամպոտ բարձունքների վրա, և աստղերը՝ նրա երգով ներշնչված, մաքրվում են ձմռան թուխպ ու մշուշներից, հստակ ու երանելի շողում հավերժական լեռների Երկնքում։ Նրա թևաբախումից սարալանջերին արթնանում, շնչավորվում են խոտ և ծաղկունք՝ աշխարհը լցնելով անուշ բուրմունքներով։ Թևից զմրուխտե փետուր է ընկնում դատարկ, սարսռուն սարաշխարհին, և անտառները կանաչ սաղարթներ են հագնում, լցվում հեքիաթային խշշոցով։ Եվ աղբյուրներն են արթնանում քնած մանուկների պես, և մութ փչակներն ու ժայռախոռոչները լցվում են վայրի մեղուների տաք, բուրավետ ժխորով։ Անցնում է դրախտների թռչունը լեռնաշխարհի վրայով՝ սփռելով ներշնչանք, լույս ու շարժում։

Եվ սա գարնան առասպելն է, որ հազարավոր տարիներ կրկնվում է այս սարերում։

Արծիվները՝ բարձր ու մաքուր երկինքներում, մարդիկ՝ Երկրային իրենց չարչարյալ գոյության մեջ, սերնդեսերունդ պահպանում են նույնական ուժեղ և հրաշալի մի բնազդ՝ ծերանալիս մղվում են դեպի այն վայրերը, որտեղ հեռու մի օր ծնվել են և առաջին անգամ նայել աշխարհին։ Բոլորին չէ, որ բախտ է վիճակվում հասնել նախնական գոյության Երանելի եզերքները։ Ուժաթափ արծիվները հաճախ կործանվում են հողմերի շառաչներում, ծեր ու հոգնած մարդիկ կարոտի խուլ կանչերով շնչահեղձ փռվում են հեռավոր ճամփաների փոշիների մեջ, բայց հազարամյա բնազդը երկնքում և հողի վրա մնացյալ ապրողների ներսում մնում է ուժեղ ու կայուն։ Մենք՝ մանկության վայրերից բոլոր հեռացածներս, կարոտի որբեր ենք ուզենք, թե չուզենք, խոստովանենք, թե չխոստովանենք։

Մեզնից անգամ նրանք, ովքեր այլ վայրերում իրենց կյանքն ապրում են ճոխության ու շքեղության մեջ, վիթխարի առանձնատներում ու թանկարժեք ամառանոցներում, փրկված չեն մանկության ափերի հոգեմաշ կարոտից։ Եթե ոչ բարձրաձայն, ապա իրենց ներսում նրանք երանի են տալիս այն հեռավոր օրերին, երբ իրենց հոգին ազատ էր նյութական ու բարոյական ամեն տեսակ կաշկանդանքներից, լցված միայն սարերի քամու ազատ խշշոցով ու ծաղիկների բուրմունքով։

Կարոտը մարդու մեջ նույնն է, ինչ վայրի մեղրը ժայռի խոռոչում։ Հիշողության հնօրյա ծաղկունքիս նեկտարն ահա թանձր ու տաք բուրում է իմ մեջ, ու ես, իմ հեռու վայրերում ամենքին ու ամեն ինչ թողած, գալիս եմ դեպի քեզ, սարաշխարհ, գալիս եմ զուլալ աղբյուրներիդ մեջ փնտրելու իմ մանկության գույնզգույն քարերը, գալիս եմ վերհիշելու, թե ինչպես էր ձորերից բարձրացող կաթնամշուշը սփռվում ծաղկոտ լանջերին և աստղերն ինչպես էին հանգչում մեռնող ծեր հովվաշների խոնավ աչքերի մեջ։ Գալիս եմ ու պիտի հասնեմ, քանի դեռ կարոտից շնչահեղձ չեմ տապալվել իմ հեռավոր ճամփաների փոշիների մեջ։

… Ի՜նչ ճամփորդներ էին եկել ու անցել այս սարերով, ինչ ձիեր ու ձիավորներ։ Որքան մանկություններ են կարկաչել այս կանաչ լանջերն ի վար, խառնվել մթին ձորերի շառաչուն ջրերին ու գնացել դեպի ծովերը…

Դարերն անցել են՝ գագաթներին քսվելով, միլիոնավոր կայծակներ են շառաչել հին ու խոր կաղնուտների վրա, եղել են անթիվ ու անհամար աղետներ, և սարերը միշտ նույնն են մնացել։ Անվերջ փոխվել են միայն սարվորները։ Որքա՜ն հովիվներ են, որպես ավարտուն հեքիաթ, իրենց հոտերով ու հովվաշներով խառնվել հեռավոր գագաթների հավերժական մշուշին։ Դժվար է ասել։

Սարերը նույնն են, ինչպես սրանից հազար տարի առաջ, նույնն են լինելու հազար տարի հետո։

… Մեր բոլոր պատմություններում անտառի խշշոց կա։ Մեր լեգենդների ու իրապատում հեքիաթների միջից կայծակնահար կաղնիներ են տնքում, անուշ կարկաչում են խաշամով ծածկված վայրի աղբյուրներ, արահետները սքանչելի բանաստեղծության տողերի պես շարվեշար ձգվում են կուսական թավուտներով ու բացատներով և չունեն վերջ։

Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես են ծնվում ու ինչպես են մեռնում արահետները։ Սարաշխարհի գաղտնիքն է դա՝ առանց ծննդյան հանդեսի ու թաղման մեղեդու։ Կարոտը չպետք է կարողանա մեզ շնչահեղձ անել մեր օտար, հեռավոր վայրերի աղմուկների մեջ։ Եթե մենք այլևս չենք դիմանում մեր շուրջը կատարվող անիրավությանն ու կործանումներին, եթե չենք կարող համակերպվել քծնանքի ու մորթապաշտության նողկալի հանդեսներին և ուզում ենք մեր հոգիները փրկել հնարավոր մեղքերից, պիտի ելնենք ու գնանք դեպի մեր մանկության սքանչելի բարձունքները, դեպի լույս ու անաղարտություն։ Եվ տա՛ Աստված, որ լեռնային ջրերի զուլալ ծփանքում ճանաչենք մեր սեփական դեմքը, և սարի մաքուր ջուրը չպղտորվի մեր հայացքից …

…Գնալ մանկության սարերը, նշանակում է վերադառնալ կյանքի սկիզբները, և կարոտը ոչ այլ ինչ է, քան հարազատ պատկերների օգնությամբ հրաշալի օրերը վերապրելու սրբազան տենչանք, և դրան պիտի պատրաստ լինես ուխտագնացի պես, խոստովանողի չափ, հոգիդ պիտի կարողանա արձագանքել անտառի լռությանն ու ջրերի կարկաչին, ամպրոպի ճայթյունին և հեռու լանջին օրուգած ձիու տագնապալի վրնջոցին։ Դու քո մեջ պիտի լսես շուրջդ պայթող բողբոջների ձայնը և արահետի շշուկը ոտքերիդ տակ։ Պիտի լսես, եթե նույնիսկ ականջներդ խլացել են բնակությանդ վայրի չոր ու դաժան աղմուկներից, պիտի տեսնես ամեն ինչ՝ թեկուզ լինի աչքերիդ տեսողությունը, որովհետև մանկության սարերում այս զգայարանները անելիք չունեն։ Այստեղ հոգով են լսում, հոգով են տեսնում։ Եթե այդպես չէ, ուրեմն մի ծառի տակ քեֆդ արա ու ետ գնա քո եկած ճանապարհով, ուրեմն շատ ես ուշացել, և այստեղ վաղո՜ւց քեզ չեն սպասում, և ոչ մի արահետ քեզ չի հասցնի մշուշներում թախծող անձրևաթաց այն քողտիկին, որտեղ քո հայրն ու մայրը տխուր դեմքերով իրենց կորածի վերադարձին են սպասում…

…Սարերի Հովիվը մեռնում էր մեծ քաղաքի բարձրահարկ հիվանդանոցներից մեկում։ Նա խնդրեց իրեն տեղափոխել այնպիսի սենյակ, որի պատուհանից, թեկուզ հեռավոր մշուշների մեջ, երևան իր ապրած կյանքի սարերը։ Բժիշկն ասաց՝ իզուր է, մայրաքաղաքը շատ է հեռու նրա սարերից, և նա ոչ մի պատուհանից ոչինչ չի կարող տեսնել։

Ինձ տարեք իմ աշխարհի ուղղությամբ նայող պատուհանի մոտ, և ես կտեսնեմ իմ սարերը,- նորից խնդրեց նա։

Եվ մահվանից մի քանի վայրկյան առաջ, երբ գիտակցությունը մաքրվում է ցավերից ու տագնապներից, և տեսողությունը պայծառանում է դրախտների թոչնի երգով թուխպերից ազատված սարի երկնքի պես, նա տեսավ իր կյանքի հեռավոր սարերը, անգամ լսեց հովվաշան հաչոցը և աշխետ հովատակի խրխինջը լսեց ամպոտ ծերպերից ու մեռավ՝ աչքերում սառեցնելով Երանելի պատկերների մի շքահանդես։

Ամեն մի սարեցի կվկայի, որ հովվի մահը հենց այդպես էլ եղել է։ Եվ այսպես բոլորի հետ սարերը ծնվում են և ոչ մի մահացողի հետ չեն վերջանում, չեն էլ զգում մարդկային սերունդների երթը իրենց ծաղկոտ ու մշուշոտ լանջերին, ապրում են վեհ լռությամբ՝ սուզված իրենց հավերժության մեջ, անցողիկ ամեն ինչին անհաղորդ ու անտարբեր։

Իսկ քաղաքային հիվանդանոցում մահացած հովվի թաղումից հետո լեգենդ ծնվեց, նրա աշխետ հովատակն ու երկու գայլախեղդ շները կորան աշխարհից, ոչ գյուղում կային, ոչ սարերում։ Մահացած հովվի գործընկերը երկար փնտրեց ու չգտավ։ Հետո, շատ օրեր հետո նա երդվում էր, թե ձիու խրխինջն ու շների հաչոցը բազմիցս լսել է Սրբասարի թխպոտ Երկնքից։ Ի՞նչ է սա, լսողական պատրա՞նք, թե՞ իրողություն, որի գաղտնիքը միայն սարերը գիտեն …

Եվ մենք, մանկությունը ծաղկոտ սարերում թողած շատերս, որ թափառում ենք աշխարհի մեծ ու փոշոտ ճամփաներով՝ հավատով կամ հուսահատ փնտրելով կյանքի երանելի ափը, ահա ժամն է, որ ընկալենք ու հասկանանք, որ չկա ավելի երանելի Եզերք, քան մանկության սարերը, և ծերացող արծիվների պես հին ու հոգնած մեր թևերը թափահարելով՝ պիտի բարձրանանք դեպի խաշամով ծածկված աղբյուրները, թխպոտ երկինքներում ղողանջող աշխետ հովատակի խրխինջը։

Դեպի հավերժություն։


Circle.Am

Advertisements

One thought on “Սարաշխարհ

  1. MherArghamanyanԻգնատն անկրկնելի խորությամբ է զգում բնության հավերժական հևքն ու օգնում մաքրագործվել…

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.