ԳՆՉՈՒՀԻ ԼԵԼԱՆ

Լելա, չքնաղ իմ գնչուհի,
Լելա, անբախտ բախտագուշակ,
Դեռ հին հուրն է քեզ հիշելիս
Ցավով մխում իմ կրծքի տակ…

Ահա կրկին, ահա նորից
Հանձնվում եմ քո թանկ հուշին,
Եվ իջնում է թարթիչներիս
Հարդագողի ոսկե փոշին:

Քո ծիծաղն է անուշ զնգում,
Քո շշուկն է շրշում անվերջ,
Քո պատկերն է քնքուշ ծաղկում
Կյանքի աստղոտ ջրերի մեջ…

… Երազներով շնկշնկացող
Պատանության շքեղ հովտում
Նա տեսիլք էր կրակնացոլ,
Նա հեքիաթ էր աստղապատում:

Ինչ-որ բարի կամքով վերին,
Հոգում սիրո լույս ու կրակ,
Նա իջել էր ճամփաներին
Որպես հույս ու մխիթարանք:

Ուղարկել էր նրան տերը‘
Իմ խեղճ հոգին ջահ անելու,
Որ չկորչեն երազները
Հին ճամփեքի փոշիներում…

Աստղամութով‘ աստղերի հետ
Եկավ նա հին իր ճամփեքից,
Որպես սիրո շքեղ լեգենդ
Ու…անվախճան ցավի կսկիծ:

Նա եկավ, որ ինձ հաղորդի
Երջանկության շունչը վսեմ,
Որ առաջին սիրո հովտի
Զանգերի ձայնն անվերջ լսեմ…

… Մեր սերն ի՞նչ էր. բախտի կիրճում
Ծունկը փշրած ճերմակ նժույգ,
Որ հոգուս մեջ դեռ վրնջում
Ու տնքում է ցավաշշուկ:

Եվ օրերիս տառապանքից
Հոգնած, խամրած իմ աչքերում
Այն հեռավոր խարույկների
Շեկ ցոլքերն են դեռ մարմրում:

Ախ, անցյալը տանջում է ինձ
Տեսիլքներով իրիկնային,
Զո՜ւր է ոռնում անդունդներից
Մոռացության դաժան քամին:

Եվ չի լինի ուրիշ ոչինչ,
Քան լուռ հիշել ու տառապել,
Լելա, իմ սեր, իմ առաջին,
Պատանության իմ առասպել…

* * *

Շամփուր ու բախտ վաճառելով,
Դյութված կանչով հեռուների,
Լուռ քայլում է ճամփաներով
Քարավանը գնչուների:

Մայր է մտնում արևն արդեն,
Մութ է իջնում ճամփաներին,
Կանգ է առնում հարմար մի տեղ
Քարավանը գնչուների:

Վրաններ են խփում ահա
Գետի ափին, կանաչ հովտում,
Եվ հնամյա աստղերի տակ
Թեժ խարույկներն են բոցկլտում:

Բոլորել են կրակի մոտ
Գնչուները ծեր ու ջահել,
Ի՞նչ թախիծ է, ա՜խ, ի՞նչ կարոտ
Նրանց այսպես լուռ պաշարել…

Եվ ծեր գնչուն ի՞նչ է երգում–
Չեմ հասկանում բառերն օտար,
Հին կիթառն է խուլ հեկեկում
Նրա դողդոջ մատների տակ:

Լելան հետո պիտի ասեր‘
Երգ չէ դա, ո՜չ, այլ ողբ է հին,
Որ հղում են ամեն գիշեր
Գնչուները Երկնավորին,

Այլ անեծք է սև թռչունին՝
Պատվիրակին մութ անհայտի,
Որ գողացավ գնչուներից
Թալիսմանը նրանց բախտի:

Դա եղել է, երբ գնչուն դեռ
Անծանոթ էր ցավ ու լացին,
Կորուստն ի՞նչ է` դեռ չգիտեր,
Ու չէր պաշտել խարույկ ու ձի:

Իր տունն, իր շեն օջախն ուներ,
Իր ծառերը‘ շքեղ ծաղկող,
Նրան ոչ ոք չէր անվանել
Թափառական ու ձիագող…

Բայց անհայտի թռչունն եկավ՝
Աղետաբեր, ավարառու,
Եվ թափորը ճամփա ընկավ
Կորած բախտը որոնելու:

Գնչուները,
Գնչուները…
Բախտ են փնտրում ճամփաներին,
Այնինչ մարդիկ ասում են, թե
Բախտ են ցրում ճամփաներին:

Նրանք անտուն որբեր բախտի–
Եվ չգիտե ոչ մի գնչու,
Թե շիրիմը իր նախորդի
Ո՞ր ճամփեզրին է կանաչում,

Կամ ո՞ր աստղի տակ է, արդյոք,
Իր զավակը աշխարհ գալու,
Որ թափորին խառնվելով՝
Գնա բախտը որոնելու:

Այս հին մորմոքն էր շուրթերին,
Այս ցավից էր տնքում գնչուն,
Ու գիշերվա երկինքներից
Սև թռչունն էր մեկ-մեկ ճչում…

Հետո թնդաց կիթառն ուժգին
Եվ խարույկը թեժ բոցկլտաց,
Ու խելահեղ պարում էին
Աղջիկն ու բոցն իրար փարված…

***

Սեզն էր շրշում սիրերգն իր տաք,
Բոցն էր մարում խարույկների,
Քուն էր մտնում աստղերի տակ
Քարավանը գնչուների:

Թափորը թող հանգիստ քնի
Երազներում ալեկոծուն:
Սաղարթախիտ իմ ուռենի,
Ընդունիր մեզ քո զով ծոցում:

Լելան– մորմոք, Լելան– կրակ,
Լելան–հեքիաթ գիշերային,
Շուրթեր ունի քնքուշ ու տաք
Եվ շշուկներ եթերային:

Եվ գիշերը սիրաբորբոք
Հուրն էր մարում մեր շուրթերի,
Ի՞նչ երազ էր տեսնում արդյոք
Քարավանը գնչուների…

… Անուշ խշշում էր ուռենին–
Բախտի կարկաչ ու սիրո ծես,
Եվ կյանքն ի՞նչ էր. աստեղային
Երջանկության շքեղ հանդես:

– Եկ քեզ հիմա տանեմ մեր տուն,
Լելա, չքնաղ իմ գնչուհի.
Աչքերից զարմանք է կաթում.
– Տունն ինչի՞ն է պետք գնչուի,

Բույնն ինչի՞ն է պետք թռչունի,
Երբ աստղերն են նրան կանչում,
Եվ կյանք ասվածն իմաստ չունի,
Թե թևերը չեն շառաչում…

Շշնջում էր նա երգեցիկ,
Լուսնացոլքն էր դեմքին պարում,
Ու մեր շքեղ սիրուց բացի
Ոչի՜նչ չկար այս աշխարհում:

Ամեն գիշեր: Ու մի գիշեր,
Երբ ինձ բախտ էր նա շշնջում,
Քարավանից մի սև ստվեր
Մեզ մոտեցավ, մի ծեր գնչու…

Դուրս նայեցի պատուհանից
Առավոտյան տագնապալի,
Հեռացել էր իջևանից
Քարավանը գնչուների:

Այրող կսկիծն իմ աչքերում
Ես նայեցի հեռուներին,
Մայր էր մտնում հորիզոնում
Քարավանը գնչուների:

Խարույկների մոխիրն էր տաք
Դաշտերով մեկ ցրում քամին:
Գնաց Լելան բախտագուշակ,
Լելան՝ հրաշք իմ գնչուհին:

Գնաց՝ թողած իմ հոգու մեջ
Հեքիաթները գնչուական,
Գնաց, որ ես հիշեմ անվերջ
Ու մորմոքից հավերժ տնքամ:

Ու շղարշվեց անցածը հին
Վարագույրով տարիների,
Ես մոռացա կյանքիս ճամփին
Քարավանը գնչուների:

… Զբոսայգու բաց դռներից,
Սեղմած թաթիկն իր բալիկի,
Աչքերի մեջ խորին կսկիծ
Ներս է մտնում մի գնչու կին:

– Թույլ տուր նայեմ քո աչքերին
Ու քեզ պատմեմ քո գալիքը…
Ախ, Լելա՜ն էր, իմ գնչուհին,
Երազ-հովտի այն աղջիկը:

Խոր մի սպի աչքը շեղել՝
Հիմք էր դրել կնճիռների,
Ախ, որքա՜ն էր անգութ եղել
Դատաստանը գնչուների…

Հոգիս ճչաց, և անհամբեր
Ես վեր թռա ալեկոծված.
– Դու՞ ես, Լելա, իմ առասպել
Պատանությո՜ւն իմ աստղամած…

Մի պահ վառվեց հայացքն ասես,
Թվաց՝ շուրթերը դողացին
Հետո շրջվեց օտարի պես՝
Անհաղորդ իմ կանչ ու հարցին…

Ու հեռացավ նա անխոսում՝
Լուռ նայելով իմ աչքերին,
Սպասում էր նրան դրսում
Քարավանը գնչուների:

Լելա, չքնաղ իմ գնչուհի,
Լելա, անբախտ բախտագուշակ,
Քո կրակի մորմոքն է հին
Հավերժ մխում իմ կրծքի տակ:

***

Շամփուր ու բախտ վաճառելով,
Դյութված կանչով հեռուների,
Հեռանում էր անդարձորեն
Քարավանը գնչուների:

Այրում, 1967թ.:

Advertisements

One thought on “ԳՆՉՈՒՀԻ ԼԵԼԱՆ

  1. Այն ժամանակներում գնչուական թափառախմբեր հաճախ էին գալիս մեր տարածքները և մենք շփվում էինք նրանց ու նրանց մշակույթին: Լավ կլիներ, որ հիմա էլ երիտասարդները շփվեին:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.