«Պիտի այնքան գնաս, մինչև Լույսը երևա»

Հայաստանի գրողների միության հրատարակչությունը, համախոհ գրչընկերների աջակցությամբ, լույս է ընծայել բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Իգնատ Մամյանի «Հեռավոր զանգերի կանչը» ժողովածուն։ Ավաղ, գրքի հրատարակման բերկրանքը վայելել վիճակված չէր ամիսներ առաջ կյանքին հրաժեշտ տված 61—ամյա տաղանդավոր գրողին։ Նա կյանքի վերջին օրերին հասցրել էր ի մի բերել, խմբագրել ու հրատարակության պատրաստել ժողովածուն՝ իր վարպետ գրչի փայլուն արարումների հաճույքն ըմբոշխնելու բարեբախտությունը թողնելով մեր օրերում իսկական գեղարվեստի կարոտ հայ ընթերցողին։Քառամաս թեմատիկ բաժանմամբ գրքում ամփոփված պատմվածքների մի մասը հեղինակը ընդգրկել էր իր նախորդ գրքերում, բազմաթիվ են նաև նոր պատմվածքները («Բիջոն ծովափ է գնում», «Սպանության վարկած», «Հոր թաղումը», «Լիալուսնի քմայքը», «Երկնքի ընտրյալը» և այլն)։ Հեղինակային նախնական մտահղացմամբ գիրքը լինելու էր վեպ՝ ժանրին բնորոշ առանձնահատկություններով։ Սակայն հետագայում Ի. Մամյանը որոշել է նոր լուծում տալ իր մտահղացմանը. վերանայվել, խմբագրվել է գրքում զետեղված պատմվածքների գերակշիռ մասը։ Իսկ նոր պատմվածքներն այնքան ներդաշնակորեն են համալրել պատմվածաշարը, որ ընդհանուր առմամբ գրքի կառուցվածքը նման է կենսագրական վեպի։ Իրոք, ստեղծվել է յուրատեսակ պատմվածաշար—կենսապատում—հուշապատում հայոց լեռնաշխարհի դժվարին տեղանքներից մեկում՝ Այրում բնակավայրում ապրող մարդկանց մասին։
Գրքի ստեղծման շարժառիթների մասին լավ պատկերացում է տալիս ռոմանտիկ խառնվածքով, բայց միաժամանակ և իրատես գրողի հետևյալ միտքը. «Հիշողությունը, թերևս, մարդուն տրված մեծագույն պարգևն է, որն օգնում է նրան ամբողջացնելու ապրած ժամանակը, անցյալի մի պայծառ դրվագով սփոփվելու ներկա տխրության մեջ կամ էլ հին մի ցավի վերապրում նրան փրկում է մարդկության համաշխարհային երջանկության սին պատրանքից» («Բառնաուլի աստղերը»)։
Ժամանակատարածական խոչընդոտները ոչինչ են մարդկային մեծ սիրո ու կարոտի դեմ։ Հարազատ եզերքը վերադառնալու, կորցրածը թեկուզ վերհուշի գեղարվեստական հնարանքով վերագտնելու, մանկության ու պատանեկության տարիների զուլալ զգացողությունները վերապրելու ներքին տենչը տարիներ շարունակ հեղինակին հետ է տանում դեպի հայրենի վայրերը՝ արտացոլվելով նրա նախորդ արձակ ու չափածո գրքերում։ Այս անգամ նա ստեղծում է իր մանկության օրրան Այրում կայարանամերձ փոքրիկ բնակավայրի կենդանի պատկերը՝ ակամա դառնալով քար ու ժայռի մեջ վեր խոյացող գողտրիկ քաղաքի կառուցման ժամանակակիցն ու տարեգիրը։
Հայրենական պատերազմին նախորդող ու հաջորդող ժամանակահատվածի Այրումը Մաթևոսյանի՝ աշխարհից կտրված Ծմակուտը չէ, ոչ էլ արդյունաբերական քաղաք Ալավերդին, սակայն այնտեղ հաստատված էր հոգևոր նույն դաշտը, որում ապրում են իրենց լեռնաշխարհին անսահմանորեն նվիրված, ամենօրյա հոգս ու ցավի տառապանքը լուռ հաղթահարող մարդիկ։
«Այրումն ուներ բարոյականի իր սեփական ըմբռնումն ու չափանիշները, որոնցով առաջնորդվում էր» («Գրիգոր նավաբեկյալ»),– ասում է գրողը։ Նույն տանիքի տակ, ընդհանուր բարաքաշարում ապրում էին ամենատարբեր խառնվածքի, մասնագիտության, մտածողության, ճակատագրերի տեր մարդիկ։ Նրանցից շատերն այստեղ էին հայտնվել պատահաբար, հանգամանքների բերումով։ Սակայն նրանց միավորողը նույն գաղափարն էր՝ շենացնել, կառուցել քաղաքը, որպեսզի ապագայում իրենց ընտանիքներով կարողանան տեղափոխվել բարետես բնակարաններ ու հանգիստ կյանքով ապրել։
Բարաքների բնակիչների համար Այրումը փակ շրջան չէ, ոչ էլ աշխարհից անտեղյակ մի կղզյակ։ Աշխարհի հետ նրան կապողն առաջին հերթին երկաթգիծն է՝ մոտեցող ու հեռացող գնացքի պարբերական հերթագայություններով։ Գնացքը կարծես ներխուժող ու ժամանակավորապես հետ քաշվող քաղաքակրթության հևքն է, որը փոքրիկ բանավանի բնակիչների մեջ ժամանակ առ ժամանակ ծնում է ինչպես ուրախությունների, այնպես էլ բազում աղետների զգացողություններ։ Դրանով են տանում ստալինյան բռնության զոհերին, դրանով են վերադառնում աքսորի տաժանակիր տարիները թոթափած մարդիկ։ Գնացքը դառնում է «Այրում—Սիբիր» դժոխային երթուղու խորհրդանիշը։ Գրողը մարդկանց հոգում բույն դրած սարսափի զգացողությունը պատկերում է հիրավի ցնցող մի տեսարանով։ Կայարանին մոտենում է շոգեքարշը, որի առաջամասին ամրացված է Ստալինի ժպտադեմ նկարը, «…որը շոգեքարշի հետ անընդհատ գալիս է դեպի ցրտից դողդողացող երեխաներն ու ետ գնում։ Զարհուրելի ժպտալով գալիս է ու ետ գնում։ Հրեշավոր մղձավանջի պես գալիս է ու ետ գնում։ Եվ մոտենալիս ցուրտն ավելի է սաստկանում…»։ Այս համապատկերում ներկայացվում են անմեղ մարդիկ՝ փշրված կյանքով ու խեղված ճակատագրերով, որոնց ողբերգությունը նաև ավանի ողբերգությունն է։ Գրողի գրիչն այստեղ անողոք է մատնիչների ու սուտ վկայություններ տվողների նկատմամբ, որոնք, ի վերջո, ստացան իրենց հատուցումը՝ հետստալինյան տարիներին դառնալով բոլորի կողմից արհամարհված, անարգված, ստորացված, թշվառ գոյության դատապարտված արարածներ։
Այս թեմային են ամբողջապես նվիրված գրքի երրորդ մասի՝ «Հրեա արվեստագետի հայապատումները» խորագրով պատմվածքները, որոնք պատմում են հայ աքսորականների անմարդկային չարչարանքների մասին։
Իգնատ Մամյանը ինքնատիպ գրող է՝ իր ասելիքով, իր աշխարհայացքով, իր կենսափիլիսոփայությամբ։ Նա առաջին հերթին գեղարվեստական պատկերի վարպետ է. մեկ—երկու նախադասությամբ կարողանում է այնպիսի պատկեր ստեղծել, որը, հիրավի, բանաստեղծական հագեցածության ու խտացման է հասնում։ Այս առումով հատկանշական է իր հերոսների դիմանկարները վրձնելու նրա կերպը, երբ մի քանի ասես հարևանցի, իմիջիայլոց ասված խոսքով կամ բնութագրումներով նա կարողանում է ներկայացնել կերպարը, վեր հանել նրա առանձնահատուկ գծերը, ապահովել տվյալ միջավայրում նրա ներկայության հոգեբանական հիմնավորվածությունը։ Այսպես, կարդում ենք. «Բարաքաշարի վրա անսահման իրավունքներով տարածված է բժիշկ Հարություն Զաքարյանի իշխանությունը։ Բժիշկը ծեր է, անդամալույծ, բայց բարաքաշարի առաջնորդն է. դատավորը, օրենսդիր մարմինը։ Նրան ամեն ինչ կարելի է, Ֆրանսիայի լեռներում նա կռվել է գեներալ դը Գոլի հետ, եղել է նրա բժիշկը…»։ Իսկ մարդկանց գնահատելու չափանիշը բժշկի համար դառնում է հետևյալ հարցը՝ երբևիցե եղե՞լ ես Ֆրանսիայի լեռներում կամ գոնե ֆրանսերեն գիտե՞ս։ Մյուս հերոսը՝ Ժորա Վարսյանը, բողոքում է, որ նույնիսկ ահագին ծախս է արել, որ իրեն դիմեն իսկական անունով, սակայն չի կարողանում ձերբազատվել իրեն կպած Բիջո մականունից, և ամբողջ գրքում հենց այդպես էլ ներկայացվում է։
Բնութագրական բազմաթիվ կերպարներ կան պատմվածաշարում՝ Գրիգորը, սիրուն Մարոն, վարպետ Մանուկը, Աստղոն, Կարապետ Դամիրչյանը, Եթիմ Շավոն, Հովսեփը, այլք, որոնք կազմում են «բարաքային համայնքի» կորիզը։ Ժամանակ առ ժամանակ նրանց են միանում կոլորիտային այլ կերպարներ՝ ջրավաճառ Գևորգ Դավթյանը, լարախաղաց Հակոբ Քեշիշյանը, բանաստեղծ—փիլիսոփա Վարդան Աթանեսը, իմաստասեր Հակոբ Տերեջյանը… Նրանցից յուրաքանչյուրն իր խառնվածքի ուրույն գիծն է ավելացնում պատումի ընդհանուր ոգուն՝ հարստացնելով այն ու միջավայրին համապատասխան կոլորիտ ստեղծելով։
Գրքի հուզիչ դրվագներից է գնչուհի Ալմայի պատմությանը։ Ամուսնանալով ու Ռուսաստանից տեղափոխվելով Այրում՝ գեղեցկուհին հոգու խորքում չէր հարմարվում նստակյաց, «անազատ» կյանքին։ Եվ երբ քաղաքում հայտնվում է գնչուների թափառախումբը, Ալման՝ նախնյաց արյան կանչին հավատարիմ, հեռանում է նրանց հետ՝ գրությամբ բացատրելով իր արարքը։
Գրքի անժխտելի արժանիքներից է հեղինակի լեզվաոճական բարձր արվեստը։ Չենք կարող չնշել նրա նուրբ դիտողականությունն ու հոգատար վերաբերմունքը իր հերոսների նկատմամբ։ Սակայն առավել տպավորիչը հեղինակի երգիծական մտածողության նուրբ համադրումներն են պատմվածքներում։ Երբեմն իրավիճակի դրամատիզմը մեկ—երկու արտահայտությամբ վերափոխվում է զավեշտի կամ անխառն հումորը բացահայտում է մարդկանց հոգեբանության նորանոր շերտեր։ Ի. Մամյանի ոճի մեջ առանձնանում է բնաշխարհի մարդկանց նկատմամբ անխառն սիրով ու ջերմությամբ ողողված հումորը։ Նրա պատմվածքներում կան դասական երգիծանքի փայլուն նմուշներ («Դատը», «Գրիգոր նավաբեկյալ» և այլն), որոնք գեղագիտական հաճույք են պատճառում այսօրվա համատարած գռեհիկ, անարվեստ երգիծամոլության մեջ։
Գրքում հետաքրիր դրսևորումներ են ստանում նաև հեղինակի փիլիսոփայական մտորումներն ու խոհական վերաբերմունքը երկրայինի ու երկնայինի փոխհարաբերության և գոյաբանական այլ հարցերի վերաբերյալ։ «…Կյանքը և մահը կեղծ կատեգորիաներ են. կա միայն ընթացք մեծ ժամանակի միջնապատերի միջով, և պիտի այնքան գնաս, մինչև Լույսը երևա, և դու խառնվես Լույսին…» («Երամի վերջին կռունկը»)։

© Արմեն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

29-11-2008


Circle.Am

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s