Ինքնաորոնում տառապանքի լույսով

Ահա քանի գիշեր նստում եմ սեղանի առջև ու չեմ կարողանում մտածումներս հանձնել թղթին։ Տարակուսում եմ՝ կյանքի դառն ու դաժան հարվածներից հետո Հովհաննես Ղազարյանը ինչպե՞ս է տակավին կարողանում զբաղվել բանաստեղծությամբ, ավելին՝ ստեղծել նուրբ ու հրաշալի այնպիսի գործեր, որոնք կշարժեին բարեկեցիկ պայմաններում ապրող ու ստեղծագործող շատ-շատերի նախանձը։ Այնինչ մեր խոսքը վերաբերում է ահավոր ցավեր ու կորուստներ տեսած, ի լրումն ամեն ինչի՝ բախտի դառը քմայքով ընտանիքի հետ անօթևան մնացած մի մարդու։ Ոգու ո՞ւժ է, թե՞ ճակատագրի պարտադրանք։ Ի վերջո կարծես թե գտա իմ հարցի պատասխանը՝ բանաստեղծությունը նրա վերջին հույսն է, վերջին օթևանը։ Նա, օտարացած մարդկանց մեջ, ո՛չ թե պարզապես բանաստեղծություն է գրում, այլ ապավինո՛ւմ է բանաստեղծությանը՝ իր միակ զորությանը։ Այսպես՝ իրենց ստեղծագործությամբ ապրում են միայն Աստծո շնորհով օժտվածները։
Այլ է տառապանքը, այլ՝ հոգու և կենաց կույր չարչարանքը։ Տառապանքի մեջ լույս կա՝ արարում, որն անհրաժեշտ է դարձնում քո գոյությունն այս երկնքի տակ։ Հովհաննես Ղազարյանի տառապանքի լույսը բանաստեղծությունն է՝ քնքուշ, կարոտով ու թավշե թախիծով ծփացող բանաստեղծությունը, որ մեզ հուշում է բարություն ու հավատ։ Եթե իրեն հարցնես, թե ինչպե՞ս ես ապրում այս աշխարհում, կասի՝

Ինչպես չղջիկը միայնակ
Հին տաճարի ավերակում…
Այո՛, կյանքը չափազանց տխուր է.
Քանզի դու չկաս, և իմ մեջ արդեն
Հոգեհանգստյան զանգեր են հնչում…

Իր ստեղծագործություններում բանաստեղծը խոստովանում է սեփական պարտությունը ճակատագրի առաջ։ Եվ նա չի ներում մարդկային անզորությունը Վերին դաժանության դեմ։ Այսինքն՝ պիտի որ այդպես չլինի, պիտի որ մարդը վերջին մի հնար ունենա թանկ ու սիրելի կորուստը ետ բերելու։ Ինչո՞ւ, ինչո՞ւ է դա մնում հավիտյանս անհնարին.

Մենք անհաս ենք մնում մի կատարյալ Նյութի…
Դատապարտված ինչի՞, դատապարտված ինչո՞ւ,
Մենք աշխարհ ենք գալիս անքննելի մութից
Ու կորչում ենք անդարձ կարոտների մուժում…

Հովհաննես Ղազարյանի □Իններորդ ալիք□ գրքում պետք չէ որոնել երջանկության զանգերով ղողանջող գործեր։ Տխուր գիրք է այն և կեղծ ու սուտ կլիներ, եթե այդպիսին չլիներ։ Ինչպե՞ս կարող է տխուր չլինել.

Երբ մութը նման է կապարի
Ու հիվանդ լուսինն է հևում…

Գրքի գրեթե բոլոր էջերում զգացվում է բանաստեղծի ճիգը վերջնականապես հավատն ու հույսը չկորցնելու՝ մնացյալ կյանքով ճակատագրի նավաբեկությանը չհանձնվելու համար։ Եվ դա նրան հաջողվում է։ Հատկապես հայրենասիրական գործերում ձայնը հնչում է խրոխտ ու ուժեղ.

Ես շատ սիրեցի լեռներդ, երկի՛ր,
Ձյուն եղա նրանց անհաս բարձունքում,
Լեռան լռություն խառնեցի երգիս
Եվ լեռան վսեմ ինքնախոյացում։

Հովհաննես Ղազարյանը միշտ եղել է բանաստեղծական իր սերնդի առաջին հնգյակում, բայց երբեք չի ներկայացել որպես այդպիսին։ Նրա ստեղծագործության ստվերում մնալու իրական պատճառը, թերևս, անձնական կյանքի դրամատիզմին զուգահեռված բնածին համեստությունն է։ Եվ նա չի հասել այն գնահատանքներին, որոնց անպայման արժանի է։ Եվ որքա՜ն ազնիվ է հնչում Հովհաննես Ղազարյանի խոստովանությունը՝

Ես չեմ փորձել ապրել ձեզ պես բարձր ու վսեմ,
Ես ապրելու փո՜րձ եմ արել միայն…

Կարդալով □Իններորդ ալիք□ գիրքը՝ ես ուզում եմ բարձրաձայն դիմել ամբողջ գրական աշխարհին.
-Ամո՛թ է, եղբայրնե՛ր, եկե՛ք կույր չմնանք, եկե՛ք կարդանանք այս հրաշալի գիրքը և գնահատենք ըստ պատշաճի։ Մի՞թե չեք տեսնում, որ գործ ունենք հրաշալի բանաստեղծի հետ…
Իսկ Հովհաննես Ղազարյանին ի սրտե շնորհավորելով՝ կմաղթեի ուժ ու համբերություն ի դեմս ճակատագրի անիրավության։ Պիտի հավատանք բարության հաղթանակին…

Իգնատ Մամյան
«Երևան. 7 օր», 14-17 նոյեմբեր, 2008

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.