Թռիչքի վայելք

variacianerՄի՛ մտածիր, թե ուրիշների կյանքը զարդարված է երջանկության շողշողուն լույսերով, և միայն դու ես տարիներդ ապրում այսպես՝ չիրականացող երազների, անդարձ կորուստների ու տագնապախռիվ սպասումների այս մղձավանջում, որը, անկախ ամեն ինչից, կյանք է կոչվում։

Մի՛ կարծիր, թե կողքովդ բոլոր անցնողները քեզնից երջանիկ են, ուժեղի և թույլի խնդիր է, ուժեղը կարողանում է իր ներսում սեղմել բոլոր տվայտանքները՝ թույլ չտալով, որ որևէ մեկն իրեն խղճա, իսկ թույլի հոգին յոթ տեղից ճաք է տալիս, ցավի ձայնը ջրի խշշոցի պես լցվում է ամբողջ ներսը, հորդում շուրթերից…

Դու գործ չունես ուրիշների հետ, դու քեզ տվածի տերն ես և քո երջանկությունը, թե դժբախտությունը պիտի տեղավորես նրա սահմաններում։ Ինչ որ կա՝ սա է, Վասիլ Բելովը կասեր՝ Էս ա, ու վերջ։ Խանդով ու նախանձով դու ավելի կբարդացնես կյանք կոչվածի այս խռիվ, անհասկանալի ընթացքը, պիտի ապրես՝ երբեք չդավաճանելով քո ես-ին, երբեք թույլ չտալով, որ դեմքդ աղավաղվի խամրած հայելիների արտացոլանքում…

Մոտավորապես այս խորհուրդն է տալիս Մհեր Արղամանյանը իր գրքի հերոսներին։ Մհերը՝ իմ վաղեմի բարեկամը, որ ինձ ցնցեց այս գրքի ձեռագրով։ Այո, ես չգիտեի, որ նա նաև գրականությամբ է զբաղվում և իմանալուց հետո արդեն քանի՜ օր ապշած եմ՝ ինչպե՞ս էր հնարավոր, որ այսքան սերը, այսքան ցավը, այսքան լույսն ու ոգեղեն մորմոքը կարողանար տարիներ շարունակ պահել հոգու մեջ, թե՞ մի օր ժայթքումը պիտի լիներ և հիմա եղավ…

…Ամեն ինչ թողնելով ընթերցողի ճանաչողությանն ու գնահատանքին՝ ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել՝ գրականություն է գալիս լուրջ ասելիք ունեցող տաղանդավոր մի գրող, և մենք պարտավոր ենք լսել նրա ձայնը։ Ժամանակին է գալիս, թե ուշացած՝ չգիտեմ, Պարույր Սևակն ասում էր՝ «Նրանք ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած»։ Տա Աստված, որ Սևակի խոսքը վերաբերի նաև իմ ընկեր Մհեր Արղամանյանին։ Սակայն վստահ եմ, որ ճիշտ ու անկեղծ եմ ասում և երբեք չեմ զղջալու այս բարձրաձայն վկայությանս համար…

Ովքե՞ր են այս գրքի հերոսները, և ի՞նչ է ասում հեղինակը նրանց շուրթերով, ինչո՞ւմն է նրա ստեղծագործական գաղտնիքը։ Նախ փորձեցի դրա բանալին գտնել ժամանակակից մի բանաստեղծի տողերի մեջ, որ ասվում է՝ «Մի քիչ ցավ կա ծիծաղի մեջ, իսկ ցավի մեջ մի քիչ ծիծաղ»։ Բայց երկրորդ արտահայտությունն ինձ չհամոզեց. ցավի մեջ ծիծաղ չի կարող լինել, եթե կա, ուրեմն կամ ցավը ցավ չի, կամ ծիծաղը՝ ծիծաղ։ Հետո հիշեցի Ռազմիկ Դավոյանի մի գործը և կարծես ամեն ինչ տեղն ընկավ.

«Տառապանքում կա ձայնը,/Եվ ձայնի մեջ կա լույս,/Եվ լույսի մեջ՝ ոգի…»։
Այո, Մհեր Արղամանյանի հերոսներն իրենց սերերով ու տագնապներով, սպասումներով ու կորուստների ցավերով միանգամայն տեղավորվում են գրական այս բանաձևի (ոչ թե կաղապարի…) մեջ և նրա տողերի արանքով կարող են հնչեցնել իրենց ցավի ճշմարտությունը կամ ճշմարտության ցավը։ Իսկ ցավոտ այդ ճշմարտությունը հիմնականում բխում է հին և ողբերգական իրավիճակներից, որոնք անվերջորեն կրկնվում են այս երկնքի տակ և միշտ լինելու են։ Ձիու գեղեցկությունը սլացքի մեջ է, և մի՞թե տանջալի չէ այն իրողությունը, որ ծունկը փշրած ձին այլևս որևէ արժեք չի ներկայացնում։ Մի՞թե համամարդկային տառապանք չկա այն փաստի մեջ, որ կոտրված թևով ժայռի տակ թպրտացող արծվին էլ ոչ ոք երկինք չի կարող խոստանալ…

Ես խնդիր չունեմ քննելու այս գրքի հերոսների վարք ու բարքը, ինչպես ասացի՝ դա թողնում եմ ընթերցողին, ում հետ մի օր անպայման կհանդիպենք և երես առ երես կխոսենք ամեն ինչի մասին։ Ուզում եմ խոսել միայն մի երևույթի մասին, որ կարմիր գծի նման անցնում է Մհերի բոլոր գործերի միջով։ Դա ժամանակային երկփեղկվածությունն է՝ նախկին և ներկա կյանքերի համադրությամբ։ Խոսքը վերաբերում է մինչև մեծ երկրաշարժը և նրանից հետո ընկած ժամանակներին, որոնց ողբերգական տարանջատման մեջ տվայտում են հազարավոր մարդկային ճակատագրեր՝ սարսափելի դաժանությամբ մատուցված ահեղ իրողության մեջ կյանքը մի կերպ կյանք դարձնելու անվախճան տառապանքով, ՄԵԾ ԿՈՐՍՏԻՑ հետո չնչին գտածով մխիթարվելու ջղաձիգ փորձերով, ընդհանրապես ցավի ծառն ուրախության զանգակներով զուգելու՝ իրենց համար անիմաստ, եկողների համար անհրաժեշտ շատ ու շատ ուրիշ դրսևորումներով։

Ո՞ւմ է միտում Մհեր Արղամանյանը իր «Վարիացիաներով»։ Նախ և առաջ և միանշանակ՝ Հրանտ Մաթևոսյանին։ Շատ լավ իմանալով համաշխարհային գրականության բոլոր մեծերին՝ նրա ստեղծագործական առնչությունները հասնում են Սարոյանին ու Մարկեսին, Հեսսեին ու Կաֆկային, մյուս-մյուսներին։ Ընդհանրապես հրաշալի է, երբ գրիչ վերցնողը գիտե այս ոլորտի անվանիներին. դա նշանակում է, որ ընթերցողը հարկադրված չի լինի ևս մեկ անգամ առնչվել հեծանիվի գյուտի բազմաչարչար պատմությանը։ Ի դեմս Մհեր Արղամանյանի՝ մեր առջև կանգնած է ժամանակիս գրականությանն ու գրականության ժամանակիս պահանջներին շատ լավ տիրապետող մի հեղինակ, որ հենց առաջին գրքով հայտ է ներկայացնում տեղ զբաղեցնելու մեր ճանաչված գրողների շարքում, և սա այն դեպքը չէ, երբ երամը հին բնազդով պիտի իրենից օտարի դեռ անծանոթ կռունկին։ Թողնենք մոտենա, տեսնենք՝ ի՞նչ է ասում. ի՞նչ է ուզում…

Ավագ եղբոր սիրով և հանուն գրականության շահերի ես նրան ասում եմ՝ բարով ես գալիս քո ցավով, քո սիրով, քո ճակատագրով։ Արժանի ես ու գալիս ես։ Դու էլ խառնվիր մեր երամին ու գնանք, տեսնենք ուր ենք հասնելու…

Իգնատ Մամյան
«Վարիացիաներ», ապրիլ 2008
Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.