«Մեթերհեմ բանտի կալանավորը»

ՈՐՊԵՍ ԱՌԱՋԱԲԱՆ

1908 թվականի նոյեմբեր: Ծանր փաթիլներով ձյուն է թափվում խոլերայից տնքացող կավաշեն Երևանի վրա: Մահվան հոտ է, կորուստների անմխիթար ցավ: Գորշ ցեխը. մշուշի քուլաներն ու մերկ ծառերից կռնչացող ագռավներն ամբողջացնում են հիվանդ քաղաքի ողբերգությունը: Վշտահար թափորների երթը սովորական է դարձել քաղաքում: Ապրողների և մեռնողների արանքում տարածություն գրեթե չի մնացել, ձմեռնամուտի պղտոր երկնքի տակ խոլերան ասպատակում է աջ ու ձախ՝ սփռելով կյանքի ու մահվան մղձավանջային խառնաշփոթ:

Անգլիական այգու մոտով գլխահակ իջնում է սև դագաղակիր մի թափոր: Տեղացիներ գրեթե չկան, հուղարկավորողները եկել են տարբեր վայրերից՝ զենքերի մեջ կորած, կրակե հայացքով ու խրոխտ դեմքերով մարդիկ են, եվրոպական հագուստով մի քանի ազգային գործիչներ, հոգևորականներ, երկու-երեք սևազգեստ կին: Աղետյալ քաղաքի հատուկենտ անցորդները մի պահ կանգնում, նայում են անծանոթ հանգուցյալի հետևից:

— Ո՞վ է…
— Ասում են՝ ինչ-որ քաջարի հայդուկ: Մահացել է հին վերքի բորբոքումից։

Ուրիշ ոչինչ։ Ձյունը թափվո՜ւմ, թափվում է հիվանդ քաղաքի վրա, և պատերի տակ հեծկլտում է դատարկ փողոցների անկարեկից քամին։ Ձյան ու քամու միջով, ասես հավերժական երթով, գնում է մեռած հայդուկի գլխահակ թափորը։ Նույնիսկ մեռած էլ՝ ուժն ու առնականությունը չեն լքել մահվան տանջալի ցավերն արհամարհած դեմքը։ Փոքր-ինչ բաց աչքերով նայում է խռիվ երկնքին, կարծես հրաշալի մի պատկեր է փնտրում ձյունաթափի մշուշոտ խորքերում…

Այդ ողբերգական-մահաշունչ օրից ութ տասնամյակ անց, հուղարկավորների հետևից նայող հին երևանցու թոռնորդին, բացելով հայկական հանրագիտարանի տասներորդ հատորի 329 Էջը, կարդալու է. Սևքարեցի Սաքո (Ծովանյան Սարգիս Սարիբեկի), հայ ազգային-ազատագրական շարժման մասնակից, ֆիդայի։ 1890-ին անցել է Արևմտյան Հայաստան, կռվել Մուշում, Սասունում, էրզրումում և այլուր։ 1898-ին ձերբակալվել է և թուրքական դատարանի կողմից դատապարտվել 101 տարվա բանտարկության, իսկ 1900-ին՝ մահվան։ Սակայն ռուսական իշխանությունների միջամտությամբ ուղարկվել է Ռուսաստան։ Անդրկովկասում բռնկված ազգամիջյան կռիվների ժամանակ Հ. Թամանյանի հետ շրջագայել է հայկական ու ադրբեջանական գյուղերը։ 1908-ին իր հավաքագրած ջոկատներով պետք է մեկներ Իրան՝ մասնակցելու այնտեղ սկսված հեղափոխությանը, բայց վախճանվել է…

* * *

Քեմիա ծաղիկը հատուկենտ աճում է վայրի, դժվար լեռնածերպերում։ Ոչ գեղեցկությամբ, ոչ էլ բուրմունքով չի իշխում հազարավոր մյուս ծաղիկներին, բայց ունի մոգական մի հատկություն, որով առանձնանում է բոլորից. քեմիա ծաղիկը գիշերը լույս է առկայծում։ Եվ նման է պատմության գեղեցիկ ու մոռացված փաստի, որ անցյալ ժամանակի խավարից կայծկլտում է ի տես եկող սերունդների։ Մեր պատմության հողմահար կիրճերում ազգային ճակատագրով դատապարտված բազում քեմիաներ կան մեր անցյալն ամբողջացնելու հույսով ծփացող, սակայն չէր կարելի մղվել դեպի նրանց խորհրդավոր լույսը, մեզ մոռացում էր պարտադրված։ Անցյալ դարավերջի և այս դարասկզբի ալեկոծ իրադարձությունները մեր աշխարհը պատեցին խառնաշփոթ ամպերով, շատ դեպքեր ու դեմքեր եթե ոչ հավիտյանս, ապա տասնամյակներ շարունակ պիտի մնային հանիրավի չգնահատված՝ կասկածների մշուշի մեջ։ Պատմությունը տնքում է Արևմտահայաստանում ազգային-ազատագրական շարժման հերոսական ու արյունոտ օրերի հիշողությունից։ Դա ոչ միայն ֆիզիկական ցավի գգացողություն է, այլև բարոյականության կորստի, ճշմարտության խեղաթյուրման։ Համազգային պայքարը, ցավոք, չփրկեց երկրի այդ առնական ու աղետյալ կեսը, բայց մեծ ու սրբազան նահատակներով, ժողովրդի սրտից ժայթքած վրիժառության կրակով մնալու է որպես ազգային ոգու հզոր շառաչի վեհացնող հիշողություն։ Ողբերգական ու պանծալի այդ օրերից հիմա մեզ են նայում քանի՜-քանի՜ ուժեղ ու տխուր դեմքեր, և ասես շշնջում են իրենց ժամանակի խորքից. «Ինչո՞ւ, ինչո՞ւ եք ուզում մեզ հավիտյան մոռանալ, ի՞նչ ենք արել…»։

Եվ ճչում է բարոյականության կորստի ցավը, և հառաչում է խեղաթյուրված ճշմարտությունը…

Իսկ տասնամյակների հեռվից այսպես տխրորեն շշնջացողներն այն մարդիկ են, որոնց մասին մեր ազնիվ երախտավոր Խաչիկ Դաշտենցը գրել է. «Այդպիսի սերունդ եղավ, այդպիսի սերունդ դժվար թե կրկնվի»։ Կար աղետի մեջ գտնվող երկիր, կործանման սարսափից տնքացող ժողովուրդ, և կար երկրի ու ժողովրդի փրկության համար մարտնչող զինվոր, ահա պարզ ու ճշմարիտ ձևակերպումը։ Մնացածն անհեթեթության է։ Լինել — չլինելու ծանր ժամանակում ինչ-ինչ գործիչների քաղաքական դրսևորումները, ներկուսակցական բախումները ենթակա են ա՛յլ քննության, կապ չունեն վեհ գործերի, սրբազան նահատակությամբ ավարտված խրոխտ կենսագրությունների հետ։ Այդ քննությամբ թող որոնվի այսպես ասած՝ գաղափարական գործիչների սխալն ու ճիշտը։ Իսկ նրանք, ովքեր զենքը ձեռքին, մահն աչքերի առաջ մարտնչում էին վայրագ թշնամու դեմ, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի ազատագրությանը, արժանի են հավիտյանս զարդարելու մեր հիշողությունն ու ազգային հպարտությունը։ Կա մի նսեմ զգացում, որը, թերևս, կոչվում է գաղափարական վախ։ Այդ վախն էր պատճառը, որ մինչև Խաչիկ Դաշտենցը մենք կարգին չգիտեինք, թե ովքեր են եղել ֆիդայիները և ինչ գործ են արել։ Չգիտեինք, թե Թալինի գյուղերում ի՞նչ ցավից էին տնքալով խելագարվում սասունցի ու մշեցի ծերունիները։ Այդ վախն էր պատճառը, որ Մեծն Անդրանիկի մահվան առթիվ Հայաստանից գոնե մի հեռագիր չհղվեց նրա տարագրության ափը։ Եվ այդ վախն է պատճառը, որ մինչև այսօր զգուշանում ենք բարձրաձայն արտահայտվել Սփյուռքի մեր մի շարք գործիչների կյանքի ու սխրանքի մասին։

Նահատակները չունեն քաղաքական հայացքներ։ Այնպես, ինչպես սրբերը։ Մենք նրանց պարտավոր ենք միայն հիշել։ Եվ նրանց մասին գրավոր ու բանավոր պատմել սերունդներին։ Այս գրքի հերոս Սարգիս Ծովանյանի անունն ու գործն էլ շուրջ ութսուն տարի մնացել է գաղափարական վախ կոչվածի պարտադրած մշուշում։ Եվ ահա եկել է ժամանակ, երբ կարելի է շրխկոցով հետ քաշել ծանր ու փոշոտ վարագույրները և ազատ նայել անցյալի խորքը, ուր առկայծում են մեր Քեմիա ծաղիկ– նահատակները։ Եկել է հիշատակների վեհացման ու սրբացման ժամանակը։ Բարոյականության հին կորուստները վերականգնելու, ճշմարտությունը խեղաթյուրումներից փրկելու ժամանակը։ Մեր շուրջը ծավալվածը նաև այն հզոր երևույթն է, որը կոչվում է ծովի ինքնամաքրում։ Պատմությա՛ն ինքնամաքրում։ Առժամանակ մի կողմ հրեցի բանաստեղծությունը, որն ինձ համար ամեն ինչ է, և նստեցի վիպակ գրելու Սևքարեցի Սաքո զինատար հայդուկի մասին՝ նրա սխրալից կյանքն ու գործը ներկա սերնդի իմացությանը հանձնելու մղումով։ Չգիտեմ ինչպես ստացվեց, բայց երբ ավարտեցի, մեծ թեթևություն իջավ հոգուս ու միաժամանակ կորստի, որբացածության ցավ ունեցա, կարծես հենց նոր էի վերադարձել թաղումից՝ գորշ, ձյունոտ երկնքի տակ թողնելով մեռած հայդուկի միայնակ շիրիմը։ Երևի գիրքը գրելու իմաստը նաև սրանում է — թարմացնել մեր կորցրածի, մեզնից խլվածի մասին սերունդների հիշողությունը, որպես դաս նրանց մատուցել ազատագրական պայքարի ելած ֆիդայիների սխրանքը, և, եթե կարող ենք, այնպես մատուցել, որ հոգիները լցվեն Կարոտյալ Երկրի մորմոքուն կանչով։ Այն ժամանակ զարկվողն էր դավաճան, հիմա մոռացողն է դավաճան…

Ո՞վ է Սևքարեցի Սաքոն։ Իրական անձնավորության, խիզախ ոգի, որ ամբողջ կյանքը նվիրաբերեց Արևմտահայաստանի ազատագրությանը։ Միաժամանակ ներկայացնում է այն կամավորներին, ովքեր Ղարաբաղից, Լոռուց, Ջավախքից, Գյումրիից, Արաքսի այս ափի մյուս վայրերից անցան թուրքական սահմանը դեպի փոթորկահարվող Սասուն ու Մուշ, դեպի իմացյալ մահ։ Մարգիս Կականյան, Թուման Թամանյան, Լևոն Քալանթարյան, Նիկոլ Դուման, Մովսես Իշխան… Շատ-շատ էին նրանք և, ցավոք, բոլորն էլ՝ իրենց արժանի հնչեղությամբ առայժմ չարտաբերված անուններ։ Ցարական ու թուրքական սահմանապահ զորքերի արանքում ջարդվեցին Կարսի ու Կաղզվանի մոտ, ում էլ հաջողվեց հասնել Ավետյաց Երկիր, մինչև վերջին օրը եղավ արդար կռվի մեջ կամ նահատակվեց խիզախաբար: Մենք իրավունք չունենք մոռանալու նրանց անունները։ Դատարկված ևրկրի լեռներում ճախրող նրանց ոգիները գուցե ներեն մեզ, բայց պատմությունը չի ների…

Խոստովանում եմ, որ Սևքարեցի Սաքոյի կյանքի ու գործունեության մասին ինձ չափազանց քիչ բան էր հայտնի, մի քանի ժլատ տեղեկություն հայկական հանրագիտարանից, մի քանի արտահայտություն Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքից, և մեկ-երկու ժողովրդական պատմություն։ Ուրիշ ոչինչ։ Եվ ահա աշխատավայրս՝ «Գրական թերթի» խմբագրություն է գալիս մի մարդ, թևի տակ ինչ-որ թղթապանակներ:

— Ծանոթանանք, ես Սևքարեցի Սաքոյի եղբորորդին եմ, Աղաբեկ Ծովանյանը։ Իմացա, որ հետաքրքրվում եք Սաքոյի կյանքով ու գործով։ Այս թղթապանակներում կգտնեք նրան վերաբերող բոլոր տվյալները։

Աղաբեկ Ծովանյան։ Արժանի է, որ առանձին մի բան գրվի այն նվիրվածաթյան մասին, որով նա իր ամբողջ գիտակցական կյանքում զբաղվել է Սևքարեցի Սաքոյի անունն ու հիշատակը հանիրավի մոռացումից փրկելով։ Այն տարիներին, երբ ֆիդայի բառն անգամ դժվար էր արտաբերել, նա հայրենի Սևքար գյուղի գերեզմանոցում իր ընտանեկան խնայողություններով կանգնեցրել է անվանի հայդուկի բրոնզե կիսանդրին։ Տարբեր ժամանակների հայկական տարբեր թերթերից, հուշագրություններից բառ-բառ հավաքել Է Սաքոյի մասին պատմող ամեն ինչ, իսկ տան նրա փոքրիկ աշխատասենյակը եզակի նմուշներով թանգարան է, ուր առնչվում ես ֆիդայական շարժման ամբողջ հերոսական պատմությանը։

Գրքի փաստերը համալրվել են նաև մի շարք այլ աղբյուրներից, բայց հիմնականում, ամենից առաջ երախտապարտ եմ մեծ սիրո ու հավատի տեր այդ տարեց մարդուն։ Երախտապարտ եմ գրքի ստեղծմանը ցուցաբերած օգնության համար՝ որպես հեղինակ, և մեր պատմության թանկ մասունքներին նվիրաբերվելու համար՝ որպես հայ մարդ։

Ի՞նչ է այս գիրքը, պատմական վիպա՞կ, թե գեղարվեստական ստեղծագործություն։ Երևի ճիշտ կլինի օգտագործել պատմա-գեղարվեստական անվանումը։ Առանցքային փաստերն ստույգ են, հիմնական կերպարներն այս աշխարհում ապրած կոնկրետ մարդիկ են։ Հանրածանոթ դեպքերը չվերապատմելու համար շրջանցել եմ գրքի հերոսի կենսագրության հետ առնչվող մի շարք հայտնի իրադարձություններ, չեմ խորացել այն դեպքերի նկարագրության մեջ, որոնք վաղուց հայտնի են մեզ։ Եղել է նաև միջամտության փորձ։ Այսպես՝ վաղուց այն կարծիքն է իշխում, թե Հովհաննես Թումանյանն ու Անդրանիկ Զորավարը առաջին անգամ (1904 թ.) հանդիպել են Թիֆլիսում։ Բայց ուշադիր կարդում ես Անդրանիկի հուշերը և տեսնում, որ՝ ոչ, Թիֆլիսում չի եղել այդ հանդիպումը: Անտրամաբանական է, որ զորավարը հյուրընկալվեր բանաստեղծի թիֆլիսյան տանը և այդ մասին ոչինչ չհիշելով, մանրամասն նկարագրեր Դսեղի նրանց նահապետական տան նիստուկացը։ Այնինչ Ամենայն հայոց բանաստեղծի և Ամենայն հայոց զորավարի առաջին հանդիպումը արժանի էր խոր ուսումնասիրման, որպես մեր պատմության անմոռանալի պահերից մեկը։

Ավետիք Իսահակյանը բանաստեղծություն է ձոնել Սևքարեցի Սաքոյի հիշատակին, Ջիվանին՝ հուզիչ մի երգ, որոնք, ցավոք, լայն տարածում չեն գտել ժողովրդի մեջ։ Պատճառը նույնն է եղել՝ գաղափարական վախը։ Տա աստված, որ այսուհետև անցյալի մասին մեր ամեն խոսք հնչի ազատ ու անկաշկանդ, ամենայն ճշմարտությամբ։ Քանզի ամեն ժողովրդի կենաց ծառ բարձրանում է նրա պատմությունից։

© Իգնատ Մամյան
«Մեթերհեմ բանտի կալանավորը», 1989

Advertisements

One thought on “«Մեթերհեմ բանտի կալանավորը»

  1. Ես ծանոթ եմ մեծ հեղինակի «Մեթհերեմ բանտի կալանավորը» գրքին: Այն տարիներ շարունակ ինձ հետ է եղել, երևի նաև մեծ նվիրումս ու սերս Սևքարեցի Սաքոյի անձի ու հայդուկի պատճառով նաև…

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.