Ջանվար Ղարաբաղցի

Վիթխարի կաղնու բարձր գագաթին լուսինը կարմիր էր, ինչպես յաթաղանով բացված վերք։ Հսկա խարույկի շուրջը բոլորած ենիչերիները անընդհատ չոր ճյուղեր էին նետում կրակին՝ ոչ այնքան իրենց պաշարող ցուրտը մեղմելու համար, որքան անտառային խավարի սարսափից, որ նրանց համար լիքն էր հազարավոր սպասելի ու անսպասելի վտանգներով։ Թավուտից հաճախակի լսվող գազանային մռնչյուններն ու ոռնոցները անընդհատ նորոգում էին նրանց անասնական վախը, որի բուն պատճառը այդ երկրի անտառային վրիժառուներն էին։ Նրանք հայտնվում էին քամու պես անտեսանելի, հարձակվում կայծակի ակնթարթային ուժգնությամբ, ջարդում ու ավերում և քամու նման էլ կորչում բարձր ու խիտ ծառաշխարհի խորհրդավոր խավարի մեջ։ Եվ ահա նրանցից մեկը, գուցե թե ամենահզորն ու սարսափելին, խարույկից քիչ հեռու ամուր կապկպված էր ծառին։ Նա, անհաղորդ շուրջը կատարվող ամեն ինչին, խարույկի ու նրա շուրջը բոլորած ենիչերիների ոհմակի վրայով ուժեղ, արծվային հայացքով նայում էր հեռու՝ դեպի հին անտառի խավար խորքերը։ Պատառոտված շորերի տակից երևում էին չորացած արյունով պատված վերքերը, որոնք նա ստացել էր ոհմակի դեմ մեն-մենակ մարտնչելու ժամանակ, երբ ստոր մատնությամբ շրջապատել էին հապալասի թփերի մեջ թաքնված նրա քարանձավը։ Այնտեղ էր նաև մատնիչը՝ կրակի մոտ ողորմելիորեն կուչ եկած մի տեղացի, որին թուրքերը տանում էին հետները որպես թարգմանիչ։ Գերին նրա կարիքը չուներ, նրանից լավ գիտեր թուրքերեն, սակայն ոչնչով չէր արտահայտում դա։ Չէր պատասխանում ոչ մի հայհոյանքի ու սպառնալիքի, չէր ցնցվում, երբ թուրքերն իրար մեջ խոսելիս առաջարկում էին գերուն սպանելու դաժան ու վայրենի միջոցներ։ Օնբաշու որոշ արտահայտություններից նա հասկացել էր, որ իրեն այստեղ չեն սպանելու, այլ տանելու են հեռու, շատ հեռու՝ ինչ-որ մեծ փաշայի մոտ, նրա, ով մեծ պարգև էր խոստացել իր գլխի համար։ Ելուզակների այս հարյուրակը ամիսներ առաջ Ղարաբաղ կոչվող այս երկրի անտառներն էր հասել հենց այդ նպատակով և բոլորը հույս ունեին Ստամբուլի մեծ փաշայից որպես ընծա ստանալու շատ ավելին, քան կարող էին ձեռք բերել թալանով ու նախճիրներով։

-Երեք օր նա ոչինչ չի կերել, նույնիսկ ջուր չի խմել,- ասաց օնբաշին՝ տաք խորովածի շամփուրը վերցնելով կրակի վրայից ու պարզելով մատնիչին։- Տար, ստիպիր, որ ուտի։ Մի փարչ էր գինի տվեք։

Մատնիչը, ոչ այնքան ցրտից, որքան սեփական ճակատագրի անորոշությունից դողալով, խորովածի շամփուրն ու գինու փարչը ձեռքին մոտեցավ ծառին կապկպված գերուն։

-Կեր այս խորովածն ու խմիր այս գինին, Ջանվար, որ ուժդ տեղը մնա ու կարողանաս անելիքդ անել…

Նա ինքն էլ չգիտեր, թե ինչ նկատի ունի այդ բանն ասելով։ Ուղղակի լավ էր ճանաչում Ջանվարին և համոզված էր, որ թուրքերը չեն կարողանալու նրան Ստամբուլ հասցնել։ Եվ սարսափում էր այն հնարավոր պահից, երբ գերությունից ազատված Ջանվարը կկանգնի իր առջև և հզոր հայացքի շանթահարումից ինքը կընկնի գետին ու զարհուրելի ջղաձգումներով կավանդի հոգին…

…Ջանվարը թքեց, մատնիչի դեմքին և շարունակեց առաջվա պես անհողդողդ նայել դեպի մութ ու մեծ անտառի ակնակուր խորքերը։ Իսկ մատնիչը թևքով դեմքը սրբելով մահապարտի գերեզմանային ձայնով շարունակում էր՝

-Ես մեղավոր չեմ, Ջանվար, նրանց հայտնի էր, որ ես գիտեմ քո տեղը՝ դա էլ ուրիշն էր մատնել, ու եթե չասեի, ինձ պիտի գլխիվայր կախեին ծառից ու տակը կրակ վառեին։ Պարզ է՝ դու չէիր անի, բայց իմ ու քո մեջ լեռների տարբերություն կա։ Շատ տարիներ առաջ, երբ անտառով անցնելիս կաղնու ճյուղից հովազը թռավ քո վրա, դու օդում մերկ ձեռքերով բռնեցիր նրան ու խեղդեցիր։ Իսկ ես կմեռնեի սարսափից՝ հովազը դեռ ինձ չտեսած։ Կարող եմ հարյուրավոր այդպիսի օրինակներ հիշել, որոնք հաստատում են իմ և քո տարբերությունը…

Բայց Ջանվարը կարծես չէր լսում նրան՝ արհամարհանքով ու անտարբեր նայում էր անտառի խորքը։ Եվ ո՞վ էր, ի վերջո Ջանվարը, որի գլուխն այդքան բարձր էր գնահատել Ստամբուլի մեծ փաշան…

…18-րդ դարի սկզբներին, երբ պարսկական ասպատակ ուժերը ջախջախելուց հետո Խամսայի մելիքությունները դիմագրավում էին թուրքական արյունարբու հորդաներին, Ղարաբաղի անտառներում ի հայտ եկան հայրենիքի նվիրյալ անհատ վրիժառուներ, ովքեր, գործելով միայնակ կամ մի քանի հոգով, մեծ աղետներ էին պատճառում թուրք ոհմակներին։ Նրանք ուժեղ և հայրենասեր մարդիկ էին՝ ընդվզած նաև իրենց մելիքությունների բարքերի դեմ, որ թշնամուն դիմագրավում էին սեփական կրծքով՝ ապավինելով սեփական ուժին։ Հետագայում նրանցից շատերը միացան այլ կամավորական խմբերի և իրենց կռիվը շարունակեցին ընդհանուր ուժերով։ Եղան նաև այնպիսիք, ովքեր մինչև վերջ մնացին միայնակ վրիժառու։ Նրանցից էր Ջանվարը, որ ծնվել ու ապրում էր Մեհմանա գյուղում։ Արդեն քառասունն անց այդ հզոր տղամարդը ամուսնացած էր հույն կնոջ հետ, ուներ երկու արու զավակ և, պարսկաթուրքական հրոսակների հարձակման ժամանակ թողեց խաղաղ աշխատանքը, տուն ու ընտանիք և, որպես միայնակ վրիժառու, զինավառ ընկավ անտառները։ Նրա իսկական անունը մոռացել էին անգամ ծանոթ-հարևանները։ Իր ուժի, խիզախության ու հուժկու կռիվների արդյունքում թշնամի թուրքերը նրան կոչել էին Ջանավար (գազան) անունով։ Պարսիկները, իրենց լեզվով չկարողանալով ճիշտ արտաբերել այս բառը, նրան կոչում էին Ջանվար։ Այս անունով էլ նրան ճանաչում էին մարտնչող լեռնաշխարհում։

Մեհմանեցի Ջանվարը թշնամու մեջ միշտ հայտնվում էր ամենաանսպասելի պահին, իր նարնջագույն հովատակով ակնթարթային արագությամբ մխրճվում թշնամու ճամբարն ու դուրս գալիս մյուս կողմից՝ թողնելով տասնյակ սրահարվածներ։ Թշնամին չէր հասցնում անգամ ձեռքը զենքին պարզել։ Նրա մասին լեգենդներ էին շրջում, տեղացի աշուղները երգեր էին հորինում ու երգելով շրջում ասպատակվող գյուղերում։ Դա բարձրացնում էր թշնամու դեմ ելած ժողովրդի ոգին, իրեն երջանիկ էր համարում նա, ով թեկուզ հեռվից տեսել էր զինավառ վրիժառուին կամ լսել նրա նարնջագույն հովատակի խրխիջն ու դոփյունը։ Դեռևս չափահաս չդարձած՝ հոր օրինակին հետևեցին նաև որդիները՝ Այդինն ու եղբայրը։

Ջանվարի համբավը դուրս եկավ Ղարաբաղի սահմաններից, հասավ լեռնաշխարհի ասպատակող թշնամու հեռավոր որջը՝ Ստամբուլ։ Ոհմակների ընդհանուր առաջնորդ մեծ փաշան բարձր գլխագին խոստացավ նրա համար։ Վայրենական շատ խմբեր եկան-հասան Ղարաբաղ՝ նպատակ ունենալով բռնել նրան ու գերեվարել Ստամբուլ՝ հրապարակում կախելու, որի համար հարստության տեր էին դառնալու։ Բայց արյունարբու թշնամիների բոլոր այդ խմբերին կործանում էր սպասում ղարաբաղյան անտառապատ լեռներում։ Եվ թշնամին անցավ իրեն շատ հարազատ ռազմավարությանը՝ մատնության գործոնին։ Բայց դա էլ այնքան հեշտ չէր, Ջանվարի տեղը գիտեին միայն հատուկենտ մարդիկ, ովքեր անտառի խորքերում թափառող իր նման վրիժառուներ էին, որոնց հանդիպելը թշնամու համար հավասար էր մահվան։ Մեհմանայում կար միայն մեկը՝ զենքի ու կռվի հետ կապ չունեցող մի ողորմելի մորթապաշտ, որն անտառի խորքերում կորած անասունը փնտրելիս պատահաբար տեսել էր, թե ինչպես Ջանվարը հապալասի թփերի մոտ իջավ իր նարնջագույն հովատակից և ձին քաշելով՝ անհետացավ բարձր մուտքով քարանձավի մեջ։ Նա, հավանաբար, այստեղ-այնտեղ խոսել էր այդ մասին, իր նման մեկը հայտնել էր թուրքերին, ովքեր էլ նրան ստիպել էին իրենց առաջնորդել վրիժառուի քարանձավը…

* * *

…Կեսգիշերը վաղուց անցել էր։ Բացատի մեծ խարույկի շուրջը, մի քանի գիշերապահներից բացի, բոլորը քնել էին։ Հոգնությունն ու Խաչենի հովտի հրաշալի գինին արել էին իրենց գործը։ Բայց օնբաշին արթուն էր։ Սուրը ձեռքին նա կանգնել էր վիթխարի կաղնուն կապկպված գերու առաջ և հոգու անասնական խրախճանքով վայելում էր նրա հանդեպ իր հաղթանակը։

-Քեզ ոչ ոք չկարողացավ գերի բռնել, Ջանվար, բայց ես, տեսնո՞ւմ ես, կարողացա։ Իմ ցեղակիցներից շատերի արյունն ես թափել դու և արժեր, որ հենց հիմա, հենց այստեղ քեզ իմ ձեռքով կտոր-կտոր անեի։ Բայց չեմ անի, որովհետև դու թանկ ես։ Դու կկախվես Ստամբուլի հրապարակում, որի համար ես մեծ պարգև կստանամ և հաջորդ անգամ այս լեռները կգամ որպես բենբաշի։ Ես գիտեմ, որ դու շատ լավ խոսում ես թուրքերեն, հասկանում ես իմ ասած ամեն բառը, բայց չես ուզում դա խոստովանել։ Քո գործն է։ Այս անասունին,- նա սրի ծայրով ցույց տվեց խարույկի մոտ կծկված մատնիչին,- լուսաբացին ես իմ ձեռքով մորթելու եմ, թող աշխարհի տականքներից մեկն էլ պակասի։ Իսկ դու ուժեղ մարդ ես, հզոր մարդ ես, Ջանվար, դու արժանի ես հրապարակում մեռնելու…

Քիչ հետո օնբաշին էլ քնեց։ Մի պահ, երբ լուսինը ծածկվեց ամպով, Ջանվարը թիկունքի կողմից ինչ-որ շրշյուն լսեց։ Եվ զգաց, թե ինչպես թուլացավ մարմինը ծառին փաթաթող պարանը։ Կտրվեց ընդարմացած ձեռքերը կապող պարանը։ Հետո նույն կերպ ոտքերն ազատվեցին կապանք կապանքից։ Եվ մի պահ, երբ խարույկի բոցերը խամրել էին ու պահակները դանթում էին ոտքերի արանքով գետին խրված յաթաղանների կոթերի վրա, մի զույգ ուժեղ ձեռքերի օգնությամբ նա ետ քշվեց դեպի անտառի մութը։

-Այս կողմ թեքվիր,- շշնջաց փրկարարը, որ նրա որդի Այդինն էր։- Ձիերը եղբորս հետ սպասում են հաճարենիների թավուտում…

Ահա թե ինչու էր ծառին կապված Ջանվարը ուժեղ ու համառ հայացքով խարույկի ու ենիչերիների վրայով նայում դեպի մութ անտառի խորքերը։ Ահա թե ում էր սպասում։ Շուրջ երկու օր պատանիները հոր դատարկ քարանձավում սպասեցին նրան։ Հետո արյուն տեսան խաշամի վրա ու հասկացան, որ հայրը վիրավոր ու գերեվարված է։ Թանձր ու խոր անտառում հողը երբեք այնքան չի չորանում, որ չերևան գետնի վրա դաջված հետքերը։ Այդ հետքերով եկա՜ն, եկա՜ն ու հաջորդ գիշեր դեռ հեռվից նկատեցին կաղնուտի խորքում վառվող մեծ խարույկը։ Պատանիները, որքան էլ ուժեղ ու խիզախ, չէին կարող երկուսով հարձակվել թուրքերի մի ամբողջ ոհմակի վրա։ Եվ սպասեցին վաղ լուսաբացին, մինչև խարույկը խամրի և նինջը պահարի հարբած ու հոգնած ելուզակներին։

Օնբաշին վեր թռավ կարծես չար երազից ու նայեց ծառին։ Գերին չկար, բնի շուրջը թափթփված էին կտրտված պարանի կտորտանքները։ Օնբաշին ոռնաց ու խամրող խարույկի շուրջը քնած բոլորը վեր թռան։

-Ո՞ւր է,- նա սուրը դեմ արեց քնաթաթախ, դեռ ոչինչ չհասկացող մատնիչի կոկորդին։- Դու ես արել, շուն, որ ստոր հոգիդ փրկես գեհենի կրակներից…

Մատնիչը չհասցրեց որևէ բառ արտաբերել։ Կատաղած օնբաշու սուրը մի կիսաշրջան գործեց կապտավուն վաղորդայնի մեջ և իջավ մատնիչի պարանոցին։ Գլուխը թռավ հանգչող խարույկի մոխիրների մեջ:

Հետո լուսաբացի ցոլքերի միջով երեք ձիավորներ իջնում էին դեպի Թարթառի հովիտ։ Առջևից գնում էր հեծյալին վերագտած նարնջագույն հովարտակը, որ ուրախությունից ուղղակի պարում էր նրա ծնկների տակ։ Աջ ու ահյակ կողմերից սև ու սպիտակ ձիերով ուղեկցում էին Ջանվարի պատանի որդիները։

-Ի՞նչ լուր ունեք ձեր մորից,- առանց ետ նայելու հարցրեց Ջանվարը։

-Նա ապահով տեղ է, հայր, Դրմբոնի մի հույն ընտանիքում՝ հարազատների մոտ,- ասաց Այդին որդին։- Տեսնես մեկ էլ ե՞րբ կտեսնենք նրան…

-Հավանաբար՝ այլևս երբեք,- մետաղի պես զնգացող չոր ձայնով պատասխանեց հայրը։- Մենք գնում ենք այնպիսի մի վայր, որտեղից վերադարձը անհնարին է ու վտանգավոր…

-Ո՞ւր ենք գնում մենք, հայր…

-Գնում ենք Հայաստան։ Եվ Աստված գիտի, թե ինչ ճակատագիր է մեզ սպասում այնտեղ։ Հնարավոր է՝ այնտեղից էլ շարունակենք ճանապարհը դեպի ուրիշ երկրներ։

Ձիավորներն անցան աշնանային սարսռուն, նվազած գետը և զառիթափով բարձրանում էին դեպի հավերժական անտառի թանձր ստվերները։ Հետո, երբ նրանք այլևս չէին երևում, անտառի խորքից արծաթե հեռավոր զանգի պես ղողանջեց նարնջագույն հովատակի խրխինջը։

Եվ անցավ շուրջ երեք հարյուր տարի…

© Իգնատ Մամյան
«Տոհմականչ», 2008

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.