Ժողովրդի պատմությունից ծնված գրողը

Խոսք ափսոսանքի ու ցավի միջից

Դեռ նոր էր բոլորել կյանքի վեցերորդ տասնամյակը և դեռ լսելի էին 60-ամյակի հանդիսության շռնդալից արձագանքները։

Նա այլևս ֆիզիկապես չի կարող մասնակիցը լինել իր ժողովրդի ու հայրենի եզերքի մեծ ու փոքր անցուդարձին։

Այսուհետ նրա ձայնը լսվելու է մեր պատմության խորքերից, սերունդներին կտակած արձակ և չափածո մատյանների էջերից։ Նա, ով դժվարին ժամանակներում հանդգնություն ու համարձակություն ունեցավ գեղարվեստի նյութ դարձնել իր ժողովրդի պատմության արգելյալ էջերը, լինել իր հերոսների գեղարվեստական տարեգիրն ու փաստացի դատապաշտպանը, ինչպես դա արեցին իր ավագ գրչեղբայրներ Մուշեղ Գալշոյանն ու Խաչիկ Դաշտենցը։

Հայ ֆիդայիների ըմբոստ կերպարն ու շունչը բերեց հայ հասարակության առօրյա-ամենօրյա կյանք, և նրա գրքերով ու հոդվածներով ևս հայրենանվեր մի սերունդ կրթվեց ու դաստիարակվեց՝ կարծես կազմ ու պատրաստ սպասելով հայոց ազատագրական պայքարի նոր փուլին։

Ինքը նման եղավ իր կերտած հերոսներին, ովքեր ոչ թե գեղարվեստական հնարանք ու պատրանք էին, ոչ վերացական՝ այլ կոնկրետ իրեղեն ու իրական անհատներ։ Նրա գրչի շնորհիվ վերոնշյալ անհատները՝ Սևքարեցի Սաքոն, Նիկոլ Դումանը, Գևորգ Չաուշը, Աղբյուր Սերոբը և հայ ֆիդայիների պայծառ համաստեղության մյուս դեմքերը մտան մեր ժողովրդի առօրյա կյանքի և գիտակցության խորքերը, մեզ՝ մեր բոլորիս վերստին մղելով ըմբոստության և աննահանջ, անսակարկ պայքարի։

Նրա սկսած մենախոսությունը հայ ֆիդայիների՝ հայոց լեռներում քայլող «բարկացած աստվածների» հետ, շատ շուտով վերածվեց երկխոսության՝ հանձինս համաժողովրդական լայն արձագանքի ու ակնածանքի։

Դրանով իսկ Իգնատ Մամյան-հայ գրողն ու քաղաքացին կատարեց որդիական իր խորին պարտքն ու պարտավորվածությունը հայրենի ժողովրդի և պատմության առջև։

Իր պաշտելի հերոսները՝ հայ քաջակորով ֆիդայիները անդադրում որոնում էին հայրենիքի երջանկության Բրաբիոն ծաղիկը։

Ինքը՝ անվանիների մեջ անվանի ու շնորհաշատների մեջ շնորհաշատ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Իգնատ Մամյանը գիտակցական ողջ կյանքում փնտրե՜ց, փնտրե՜ց ու վերստին փնտրեց հայրենիքի երջանկության անմահական ծաղիկը։

Իրեն ծնած նույն այդ ժողովուրդը տեսավ ու խորապես զգաց իր ազնվագույն զավակի անանձնական, անշահ ու անկաշառ դեգերումներն ու ջանքերը, կիրքն ու տենչը, եռանդն ու երազանքը և նրան գնահատեց ու իմաստավորեց իր մեծերի շարքում։ Մեծե՛ր, որոնց հանդեպ ժամանակն ու մոռացության փոշին անզո՛ր ու անզո՛ր են բոլոր առումներով։ Իգնատ Մամյանը, այո՛, իր տքնանքով ու տվայտանքով, ոգու և մտքի գերլարումով ու գերշիկացումով, ստեղծած վիթխարի կենսանյութով՝ տաղանդի ու վաստակի ներդաշնակությամբ եկավ կանգնելու այն մարդկանց կողքին ու շարքում, ովքեր հար ու հարատև լիցքավորելու են հայ ժողովրդի հավաքական միտքն ու գիտակցությունը, կենսական ներկայություն ունենալով մեր երկրի, ժողովրդի ու պատմության ոգեղեն կենսադաշտում։

Ահա թե ինչու երկիրն ու ժողովուրդը ծանր զգացումներով ընդունեցին նրա մահվան լուրը։

Ահա, նաև թե ինչու, այնպես արժանապատվորեն ու ներքին խորագույն հոգեհարազատության զգացումներով հրաժեշտ տվեցին մեր հազարամյա հերոսական ու ողբերգական պատմությունից, հայոց խենթ-դժնդակ ճակատագրից ծնված գրողին՝ գրական և հասարակական վիթխարի ընդգրկումների տեր անհատականությանը՝ այր մի… Իգնատ Մամյան։

Արմեն Կարապետյան
Պատմական գիտությունների թեկնածու

Օգոստոս, 2008
Հայաստանի ազգային գրադարանի
«Հայրենիք» թերթ

Լուսանկարը՝ Սեյրան Մալինցյանի

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.