«ՄԱՐԼԵԶՈՆՅԱՆ ԲԱԼԵՏ»

Դարձյալ հարկադիր ետդարձ դեպի իրադարձության սկզբները

1991թ.-ի գարնանը չծավալված պատերազմի նախաբեմերում մենք արդեն ունեինք կռիվ ու արյուն տեսած հարյուրավոր տղերք, որ արիության դասեր էին անցել Արցախի լեռներում, Հայաստանի հարավային սահմանների պահպանության մարտերում: Հայտարարված, թե չհայտարարված պատերազմն այլևս անխուսափելի իրողություն էր, և ընտրյալներն արդեն ընդունել էին խաչերը, դարձել երկրապաշտ զինվորներ: Հանրապետությունը դեռևս չուներ պաշտպանության նախարարություն, չկար կազմավորված բանակ: Նրանք հիմնականում ընդգրկված էին նոր ձևավորված երկրապահ կամավորական ջոկատներում ու ՆԳ համակարգի կառույցներում, ջոկատներով սփռված սահմանամերձ տարածքներում` ի դեմս թշնամական արյունարբու ուժերի:

Այդ օրերին թունդ բախումներ էին լինում հատկապես Գորիս-Կապան սահմանագծին: Այստեղ մարտերից մեկի ժամանակ ՄՀՆՋ-ի տղաների մի խումբ` 16 հոգի, ուժերի խիստ անհավասարության պատճառով շրջապատման մեջ ընկան ու գերվեցին: Օրեր անց հետախուզությունը պարզեց, որ նրանց տարել են Շուշիի բանտ և այնտեղ պահում են դաժան, անմարդկային պայմաններում` ենթարկելով սարսափելի խոշտանգումների: Հայ-ադրբեջանական տարածքներում կործանվող կայսրության վերջին ջղաձգումները կատարող խորհրդային բանակի միջնորդական առաքելությանն ապավինելը նույնն էր, թե հույս դնեիր ադրբեջանցիների խղճմտանքին ու բարոյականությանը: Շատ տարիներ հետո Ալեքսանդր Մկրտչյանը պիտի ասեր`

— Մեր ընկերներին մենք էինք ազատելու ազերիների սոսկալի բանտից, բայց ինչպես` չէինք կարողանում կողմնորոշվել:

Իսկ միջոցը միայն մեկն էր` փոխանակություն: Ադրբեջանցի գերիներ էին հարկավոր, որպեսզի փոխանակվեն Շուշիում խոշտանգվող տղաների հետ:

… Հանձնարարությունը ծայրահեղ դժվար էր ու վտանգավոր: Մարտերում իրենց դրսևորած հարյուրավոր խիզախ տղաներից պետք է ընտրվեին ութ հոգի` ընտրյալներից ընտրյալները, այնպիսիք, որ ուղիղ նայել էին մահվան աչքերի մեջ, հիանալի գիտեին առաջադրանքի կարևորությունը և շատ լավ պատկերացնում էին, թե ինչ վտանգների միջով պիտի անցնեին մինչև բաղձալի հաջողությունը: Օպերացիայի ծրագիրը որքան խելամիտ էր, նույնքան էլ խելագար` թելադրված որպես նպատակին հասնելու միակ ճանապարհ: Կռվի փորձ ու քաջություն ունենալուց, զինատեսակներին հրաշալի տիրապետելուց բացի խմբի բոլոր տղաները պիտի լինեին շիկահեր և մաքուր խոսեին ռուսերեն լեզվով: Ըստ գործողության ծրագրի, նրանք Ադրբեջանի տարածքում պիտի հայտնվեին որպես ռուսական դեսանտային զինվորներ, որոնք Հայաստանի սահմանի վրա հատուկ հանձնարարություն էին կատարելու` հօգուտ ադրբեջանցիների: Չնչին վրիպումը, ամենափոքր կասկածը նրանց համար կարող էր կործանարար լինել` չհաշված անսպասելի դիպվածներն ու իրադրությունները, որոնք ոչ մի հանճարեղ ուղեղ ի վիճակի չէր կանխագուշակելու:

Ովքե՞ր էին այդ ութ հոգին, որ կարող էին համապատասխանել գերդժվար գործի համար անհրաժեշտ բոլոր պահանջներին: Ի վերջո ընտրությունը կատարվեց. Երանոս Մելքոնյան, Ալեքսանդր Մկրտչյան, Գագիկ Պետրոսյան, Դմիտրի Խաչատրյան, Հովսեփ Մանուկյան, Է-դիկ Ավետիսյան, Անդրանիկ Առաքելյան, Գոռ Քոթանջյան: Հետախուզական խմբի հրամանատար նշանակվեց Երանոս Մելքոնյանը: Մասիսների վրա լուսաբացը շառագունում էր, երբ հրաշալի ութնյակը դուրս եկավ ՆԳ նախարարության շենքից:

— Եթե չվերադառնանք, ուրեմն զոհված կլինենք մեր ընկերների փրկության համար: Դա պատիվ կբերի մեզ: Սակայն հենց մեր ընկերների փրկության համար մենք պարտավոր ենք կենդանի մնալ և ամեն գնով կատարել հանձնարարությունը,- ասաց խմբի հրամանատարը: -Իսկ մեր գործողությունը կկոչվի «Մարլեզոնյան բալետ»: Ի՞նչ նկատի ուներ հրամանատարը, ա՞յն, որ Ֆրանսիայի թագավորը սիրում էր զգեստափոխված պարել Մարլեզոնի բալետը, թե՞ Աննա Ավստրիացու երկու ադամանդների պակասը, որոնք չլրացվելու դեպքում թագուհին կկործանվեր: Դժվար է ասել: Համենայնդեպս, «երկու» թիվը պատահական չէր. նրանք գնում էին երկու զինվորական ադրբեջանցի բերելու:

Պատմում է այժմ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության քրեական հետախուզության երկրորդ բաժանմունքի պետ, մայոր Ալեքսանդր Մկրտչյանը:

Որոշված էր, որ խումբը Ադրբեջանի տարածք է մտնելու հանրապետության հյուսիս-արևելյան սահմանից: Բայց թե կոնկրետ ո՞ր հատվածից` պետք է որոշեինք ինքներս՝ ելնելով տիրող իրավիճակներից: Իջևանի ՆԳ բաժնին ի վերուստ հանձնարարված էր խմբին ամեն ինչով օգնել և ընդառաջել: Մեզ միայն ուղեկից էր հարկավոր` տեղանքը գերազանց իմացող մեկը, որպեսզի մեզ առաջնորդեր սահման, և բաժնի պետն այդ հանձնարարությունը տվեց իր աշխատակից Էդիկ Մեջինյանին: Մենք նախ փորձեցինք սահմանին մոտենալ Սևքար գյուղի կողմից, բայց աշխարհագրական դիրքը նպաստավոր չէր: Գնացինք Շամշադին, որպեսզի Ադրբեջան մտնենք նրա սահմանային տարածքներից, սակայն այստեղ էլ խանգարող հանգամանքներ կային: Կրկին ետ եկանք, անտառներով հասանք Ոսկեպար:

Այնտեղ հանդիպեցինք գյուղի ինքնապաշտպանության ղեկավար, շրջանի ոստիկանապետ Տիգրան Սարգսյանին` մի խիզախ ու հայրենասեր զինվորականի: Ոսկեպարում ողբերգություն էր. առավոտյան թշնամու հրետանին խփել էր Նոյեմբերյան մեկնող երկրապահ ջոկատի մեքենային, կային զոհ և վիրավորներ: Գյուղի պաշտպանները մեզ խորհուրդ չէին տալիս գնալ նույն ճանապարհով, քանի որ խփվելու վտանգը չափազանց իրական էր: Բայց մենք գնում էինք կարևոր հանձնարարության և ամեն գնով պիտի կատարեինք այն: Ոսկեպարում մնացինք մինչև երեկո, ու երբ մութը պատեց դաշտերը, ճանապարհ ընկանք: Հասնելով Հարսնաքար լեռան բարձունքներին` այնտեղ, ուր խփվել — մնացել էր երկրապահների «Ուազը», մենք իջանք ավտոմեքենայից, որը գնում էր հանգցրած լապտերներով` մի կերպ կողմնորոշվելով աղոտ լուսնալույսի տակ: Գնում էինք ցրված, որպեսզի գնդակոծության ենթարկվելու դեպքում կորուստը քիչ լինի: Աստծո հաջողությամբ անցանք լեռան բարձունքը, իջանք Բաղանիս և շարժվեցինք Կոթիի ուղղությամբ: Այլևս որոշված էր, որ Ադրբեջան ենք մտնելու Կոթիի Փայտասարի անտառապատ բարձունքներով: Էդիկ Մեջինյանը ծնունդով այդ գյուղից էր: Նրա հայրական տանը հանգստանալուց, սնվելուց ու մեզ կարգավորելուց հետո, գիշերային երկնքի սառն աստղերի տակ խաչակնքելով, գնացինք դեպի Փայտասարի բարձունքները: Մեզ ուղեկցում էին երկու կոթեցիներ` ՀԱԲ-ի զինվոր Դավիթ Ղազինյանը և մի խիզախ պատանի` Կամո Խաչիկյանը: Փայտասարի հակառակ լանջին ադրբեջանական երկու գյուղեր կային` Ֆարահլին և Ղուշչի Այրումը, որոնց տարածքում էլ մտադիր էինք ներկայացնել «Մարլեզոնյան բալետը»:

1991 թվի մայիսի 4-ի լույս 5-ի գիշերն էր: Տեղանքին ու բնությանը բացարձակ անծանոթ` մեզ համար, թեկուզ հուսալի ուղեկիցներով, հեշտ չէր հաղթահարել անտառապատ, խորշ ու խութերով ծածկված դժվարին վերընթացը: Լուսաստղը ցոլում էր, երբ մեր խումբը, հոգնածությունից տնքալով, հասավ Փայտասարի ամենաբարձր կետին` Ականջավոր Քար կոչվող բարձունքին: Ուղեկից տղաները չէին կամենում ետ վերադառնալ, ուզում էին մեզ հետ անցնել թշնամու տարածք, բայց խմբի համար դա միանշանակ ձախողում կնշանակեր. ադրբեջանական այդ գյուղերը բախումներն սկսվելուց առաջ մշտապես շփում են ունեցել Կոթիի հետ, և տղաներին կարող էին ճանաչել: Նրանք վերադարձան գյուղ:

…Ականջավոր Քարի մեր բարձր ու ապահով դիրքից Ղազախի շրջանի այդ տարածքը երևում էր ինչպես ափիդ մեջ: Երկու օր մենք ուսումնասիրում էինք թշնամու շարժը, հետևում ներքևով անցնող միջգյուղային ճանապարհին, որը մեզնից մոտ էր` հույս ունենալով տեսնել նրանով անցնող որևէ մարդատար մեքենա: Բայց իզուր, այս վայրերում կյանքը կարծես թե կանգ էր առել: Հաջորդ կեսգիշերին կոթեցի մեր ուղեկիցներն այցելեցին մեզ` բերելով խմելու ջուր և սնունդ: Նրանց հետ եկել էր նաև Էդիկ Մեջինյանը: Հաջորդ առավոտյան, անիմաստ սպասելուց հոգնած, իջանք դեպի Ֆարահլու: «Մարլեզոնյան բալետն» սկսված էր: Մեր սպառազինությամբ, մարտական հագուկապով ու շերտավոր ներկված դեմքերով մենք ոչնչով չէինք տարբերվում Վիետնամի ջունգլիներում կռվող ամերիկացի սուպեր գրոհայիններից: Հանդիպողների վրա պիտի որ ցնցող ազդեցություն թողնեինք:

Ճանապարհին, չգիտես որտեղից այս կողմերն ընկած մի ռուս մարդ փորձում էր կարգավորել փչացած տրակտորն ու չէր կարողանում: Նրան օգնում էր մի ադրբեջանցի: Մենք նրանցից խմելու ջուր խնդրեցինք: Ջրամանի վրա կիսալուսին էր դաջված և մեզնից մեկը, զզվանքով ետ հրելով այն, քիչ էր մնում տապալեր Ֆրանսիայի թագավորի սիրած բալետը…

Գյուղացիներից մեկը մեզ ուղեկցեց տեղական իշխանության գրասենյակ: Գյուղխորհրդի նախագահը միջին տարիքի վախվորած մի մարդ էր:

— Մենք խորհրդային բանակի հատուկ նշանակության ջոկատի մարտիկներ ենք,- վկայականը բացելով` ներկայացավ Երանոս Մելքոնյանը: -Մի քանի օր առաջ հայ գրոհայինները զենք ու զինամթերք են առևանգել Դիլիջանի մեր զորամասից: Դրան ի պատասխան մեզ հանձնարարված է սահմանի այս հատվածում գործողություն կատարել ընդդեմ հայերի: Դուք պարտավոր եք ամեն ինչով օգնել մեզ` կատարելու կարևոր հանձնարարությունը: Չէ՞ որ, ի վերջո, դա նաև հօգուտ ձեզ է:

— Վալլահ, պատրաստ եմ, միայն ասեք` ինչ է պետք անել…

Այդ պահին գրասենյակի առաջ կանգնեց մի զինվորական «Գազ 66»: Մենք բազմանշանակ իրար նայեցինք: Բայց ադրբեջանցի զինվորականը ժամանակ չուներ մեր ինքնությամբ հետաքրքրվելու, նա ինչ-որ բան հարցրեց ու գնաց:

— Եվ այսպես` ի՞նչ կարող եմ անել, ինչո՞վ կարող եմ ծառայել,- գյուղխորհրդի նախագահը վերադարձավ ընդհատված խոսակցությանը: Նա խոսում էր և սև ֆիլտրով «Բաքու» սիգարետի տուփեր բաժանում մեզ:

Այդ պահին ներս մտավ մի կին, ուշադիր ու կասկածավոր նայեց մեզ և նախագահի ականջին լսելի շշնջաց.

— Սրանք ռուսներ չեն, սրանք հայեր են, ի՞նչ են անում այստեղ…

Մենք բոլորս էլ հասկացանք կնոջ ասածը, բայց մնացինք սառն ու անտարբեր, իբր չգիտենք, որ խոսքը մեզ է վերաբերում:

— Կտրիր ձայնդ և դուրս կորիր այստեղից,- սաստեց գյուղխորհրդի նախագահը:
— Ո՞վ է, ի՞նչ է ուզում,- իբր հենց այնպես հարցրի ես:
— Հեչ, բողոքով էր դիմում, ասացի հետո կգաս,- ստեց նա:

Կինը սենյակից դուրս գալով` կանգնել էր դռան մյուս կողմը և մռլտալով, ահավոր թշնամանքով մեզ էր նայում կիսաջարդ ապակու միջով: Փորձեցինք բանի տեղ չդնել, բայց դա այնքան էլ հեշտ չէր. նա կարող էր մեր գլխին հավաքել ամբողջ գյուղը:

— Մենք ժամանակ չունենք,- ասաց Երանոսը: -Մեզ շտապ հարկավոր են երկու խելոք և քաջ ուղեկիցներ, որ առաջնորդեն հայկական սահման: Կազմակերպեք:
Նախագահը միջանցքից ինչ-որ մեկին հանձնարարեց գնալ կանչել Մամեդին: Տեսնես ի՞նչ է ներկայացնում իրենից այդ Մամեդ կոչվածը: Քիչ հետո եկան երեք հոգի` միլիցիայի համազգեստով:

— Մամեդով Մամեդ,- ներակայացավ նրանցից մեկը: -Իսկ սա Հասանն է: Երրորդը…
— Երրորդը հարկավոր չէ մեզ,- ասացինք,- նա թող իր «ՏՕԶ» հրացանով չքվի այստեղից:

Երրորդը, իրոք, հարկավոր չէր մեզ: Մեր ուժերը հաշվարկված էին երկու գերու համար: Երանոսը միլիցիայի աշխատակիցներին կարճ և հանգամանալի ներակայացրեց նրանց անելիքը` ի շահ Խորհրդային միության և հատկապես Ադրբեջանի: Մամեդովը, որ երկուսից ավագն էր, պատրաստակամություն հայտնեց անմիջապես ճանապարհ ընկնելու: Եվ շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ, որովհետև կասկածավոր կինը միջանցքում ձեռքերը դեպի մեզ տարածելով հետզհետե բարձրաձայն էր կրկնում` էրմենի, հա էրմենի:

— Այդ կինը մեզ ինչ-որ բան է ուզում ասել,- տեղից վեր կացավ մեր տղաներից մեկը` իբր պատահաբար նռնականետի փողը թեքելով դեպի միջանցք:

-Ոչ, ոչ, նրա ասածը ձեզ հետ կապ չունի,- սարսափեց գյուղխորհրդի նախագահը և միջանցք նետվելով` կնոջն ուղղակի դուրս շպրտեց դռնից:

Մինչ մենք մտածում էինք րոպե առաջ դուրս գալ այդ անիծյալ որջից, Երանոս Մելքոնյանը, մեր «ուղեկիցներին» ուշադիր զննելով, դժգոհ տարուբերեց գլուխը.

— Ոչ, դուք ձեր այդ տեսքով չեք կարող ուղեկցել մեզ: Կես ժամ ձեզ ժամանակ` գնացեք, սափրվեք, մաքուր հագնվեք, եկեք:

Մենք ապշահար իրար էինք նայում: Բայց հետո պիտի հասկանայինք, որ հրամանատարը ճիշտ է անում: Ադրբեջանցի կնոջ ստեղծած կասկածի մթնոլորտում մեր չնչին շտապողականությունն անգամ կարող էր ճակատագրական հետևանք ունենալ: Երանոսի այդ վարմունքը կարծես թե ցրեց բոլոր կասկածները:

Մամեդն ու Հասանը եկան զուգված — զարդարված, ասես հարսանիքի էին գնում: Զենքերն անգամ մաքրել, փայլեցրել էին:

— Այ, սա ուրիշ բան,- խրախուսեց հրամանատարը,- հիմա նման եք զինվորականի:
…Դեպի հայկական սահման նրանք մեզ առաջնորդեցին մոտավորապես այն ճանապարհով, որով եկել էինք: Երբեմն հանդիպում էինք մեր սեփական հետքերին:

— Տեսնո՞ւմ եք, գիշերները այսպես գալիս, մեզանից մարդ կամ անասուն են գողանում, քանի անգամ եմ ասել` գյուղի ծայրին պահակետ պետք է դրվի, բայց ո՞ւմ ցավն է կտրել,- հետքերին նայելով` մեկնաբանում էր Մամեդը:

Երբ մոտենում էինք Ականջավոր Քարի փեշերին, նա ասաց.

— Մենք պետք է բարձունքին մոտենանք մթնով, վերևում հայերը դիրքեր ունեն:
— Հաստա՞տ գիտես:
— Հաստատ: Աչքովս եմ տեսել:
— Ոչինչ,- ասացինք,- կվերացնենք, մեզ համար մի դիրք ջնջելն ի՞նչ է…
Եվս մեկ ժամվա տանջալի վերելքից հետո, երբ մոտեցել էինք մեր երբեմնի տեղին, Մամեդն ասաց.
— Ահա սահմանը, հասանք,- և նստեց հանգստանալու:
— Այստեղ, եղբայրներ, -հանդիսավոր հայտարարեց Երանոս Մելքոնյանը,- ավարտվում է «Մարլեզոնյան բալետը»:
— Ինչը՞…,- ապուշի հայացքով մեզ նայեցին մեր «ուղեկիցները»:
— Հաջորդ պահին նրանք երկուսն էլ կապկպված էին:

Ի զարմանս բոլորիս, Մամեդը, ուշադիր զննելով մեզ, մաքուր հայերենով արտաբերեց.

— Ուրեմն հայե՞ր եք, տղերք:
— Հայեր ենք,- ասացի,- չէի՞ք լսում` ինչ էր ասում միջանցքի կինը:
— Եվ ինչպե՞ս եք վարվելու մեզ հետ, սպանելո՞ւ եք:
— Ոչ, երկու թուրք սպանելու համար չարժեր այսքան չարչարվել: Ձեզ ավելի քաղաքակիրթ ու մարդասիրական առաքելություն է սպասվում. փոխանակելու ենք մեր գերված ընկերների հետ:

* * *

Երկու ամիս հետո Ֆարահլույի գյուղխորհրդի նախագահը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի թղթակցին խոստովանել էր.

— Ես անմիջապես հասկացա, ես շատ լավ գիտեի, որ նրանք հայեր են: Բայց ծպտուն չհանեցի, որովհետև այդ ութ հոգին գյուղը կջնջեին աշխարհի երեսից…

Իսկ փայլուն գործողությունից վերադարձող «Մարլեզոնյան բալետի» մասնակիցները չգիտեին, թե իրենց երկօրյա բացակայության ընթացքում ինչ աղետներ են եղել սահմանամերձ Ոսկեպարում: Նրանց ոչինչ հայտնի չէր ոչ ոստիկանների կարգախմբի արյունալի կոտորածի, ոչ գյուղի պաշտպանների նենգ ու դավադիր գերեվարության մասին: Իսկ Կոթին գիտեր, Կոթին ալեկոծված էր, ու երբ հետախույզների խումբը երկու գերիների հետ Փայտասարի անտառներից իջավ գյուղ, նրանց բնավ էլ ոգևորությամբ չդիմավորեցին: Ոմանց թվում էր, թե տղաներն են թշնամու տարածքում իրենց գործողությամբ հրահրել կատարված աղետները: Ոմանք էլ ճանաչում էին Մամեդին և գյուղը փորձությունների չենթարկելու համար առաջարկում էին ետ տանել նրանց:

Նոյեմբերյան — Ալավերդի — Վանաձոր — Երևան ուղեգծով հետախույզների խումբը գերիների հետ վերադառնում էր ելման կետ: Մայիսի 7-ն էր: Ոսկեպարի անտառից բերված դիակների վրա ողբացող Նոյեմբերյան քաղաքը չիմացավ, թե ինչպես նրանք եկան ու անցան: Այս ամենի մասին մարդիկ տեղեկացան շատ օրեր անց, երբ Գանձակի բանտում գերված հայերին փոխանակում էին երկու ադրբեջանցի օմոնականի հետ: Եվ վստահ եմ, որ առաջին անգամ նրանք այս գրքում են կարդալու հետախուզական խմբի ութ տղաների անունները, որոնց անձնուրաց խիզախությամբ գերությունից ազատվեցին քառասունչորս հայեր` Շուշիի բանտի նրանց ընկերները, Գորիսի չորս բնակիչներ, Ոսկեպարից գերեվարված հատուկ նշանակության ջոկատի չորս մարտիկներն ու նոյեմբերյանցի ոստիկանները: Փառք Աստծո` խմբի բոլոր ութ տղաներն էլ այսօր ողջ և առողջ են: Խոնարհվենք այդ մարդկանց սխրանքի առաջ և նորից հիշենք նրանց անունները` Երանոս Մելքոնյան և Ալեքսանդր Մկրտչյան, Գագիկ Պետրոսյան և Անդրանիկ Առաքելյան, Դմիտրի Խաչատրյան և Հովսեփ Մանուկյան, Էդիկ Ավետիսյան և Գոռ Քոթանջյան:

Հպարտացեք, ծնողներ, ձեր զավակներով:

Հպարտացեք, զավակներ, ձեր հայրերով, որոնց հիշողության մեջ դեռ երկար կհնչի «Մարլեզոնյան բալետը»:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.