Եվ հոգում՝ Գանձասարի ղողանջող գանգը…

Բաց նամակ Արցախյան հերոսամարտի մասնակից եւ տարեգիր, Քաշաթաղի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ

0141

Երկրի ճակատագրի միջով անցնող բոլոր ճանապարհները վերջանում են հավերժության մեծ լույսի տակ ծփացող սրբատան՝ Ոգու տա­ճարի առջև։ Մեղավոր թե անմեղ, հպարտ թե ավեր­ված, մենք պիտի հայտնվենք ճանապարհի վերջին, որ տա­ճարի սկիզբն է. եւ շա՜տ քչե­րիս, մեր յուրաքանչյուր հա­զարից հազիվ մեկին է վի­ճակվելու անցնել ներս, ուր խնկալույս պատերից հնչում են աստվածաշնչյան երանիները։ Ու երանի քեզ, որ մեր հազարից մեկն ես եւ հոգիդ ողողվելու է ազգային պատմության սրբազան կանթեղ­ների լույսով։ Ու նաեւ երա­նի մեզ, որ քո եւ քո տեսակի հետ ապրում ենք նույն Երկրում, նույն ժամանակի մեջ։

Ամեն անգամ, երբ բութ ու վայրենի մի դիպված գալիս է ավերելու հավատի եւ ճշ­մարտության հանդեպ իմ սե­րը, ես ապավինում եմ ինձ մտերիմ ուժեղ անհատների առաքինությանը, որոնց բարձր ու շքեղ օրինակի առջեւ չնչին, ողորմելի, գետնաքարշ են դառնում անձնապաշտական կամ նյութապաշտական բոլոր թշվառ դրսեւորումները։ Եվ դու չգիտես, թե քանի-քանի անգամ ես փր­կել ինձ սովորական վրիժա­ռության ախտից։ Հզոր ան­հատի քո օրինակը սովորեց­նում Է վերևից նայել գետ­նաքարշ ամեն ինչին եւ վրե­ժի փոխարեն համակվել պարզապես խղճահարութ­յամբ։ -Քսան տարի առաջ մեր մի զրույցի ժամանակ դու այսպիսի խոսք ես ասել. «Նա, ով մարմնով է հի­վանդ, ենթակա է Աստծո ապավինությանը եւ կարիք չունի մխիթարանքի։ Առավել դժվար է նրա գործը, ում հո­գին է տառապում ախտով։ Որովհետեւ հոգին չես կարող վիրահատել և չկա հոգու ար­յուն, որ ներարկես»…

Հոգու արյուն, ահա թե ինչն Է պակասում նրանց, ում համար հայրենիքը պարզապես դղյակ կառուցելու տարածք է, իսկ նրա ողբեր­գությունը շահարկելը՝ քա­ղաքական պայծառատեսության հույժ եկամտաբեր միջոց։ Բայց դու գործ չունես նրանց հետ ու երբեք էլ գործ չես ունեցել։ Դու միշտ եղել ես այնպիսին, ինչպիսին կաս, և քեզ բնավ էլ պատերազմը չհայտնաբերեց իր ջարդուփշուր հայելիների մեջ։ Պատերազմը քեզ հա­մար սկսվել էր ոչ 92 թվի գարնան այն օրը, երբ, ի ու­րախության ոմանց, թողեցիր Աբովյանի քո աշխատա­վայր հիվանդանոցը և մեկ­նեցիր ալեկոծ Ղարաբաղ։

Ոչ։ Պատերազմը դու քո մեջ կրում էիր թերեւս ծննդյան օրից եւ այն տարիներին, երբ ուրիշները լենինյան դրոշի ներքո գեղգեղում էին հայրե­նասիրության մասին, քո հա­վատի ու գաղափարի դասա­գիրքը Նժդեհի ուսմունքն Էր, Անդրանիկի սխրանքը, Ավե­տիս Ահարոնյանի պատմ­վածքը եւ Մուշեղ Իշխանի բանաստեղծությունը։ Այն ժամանակ, երբ դու քեզ նման մի քանի նվիրյալների հետ Լեռնահայաստանի փառահեղ սպարապետի սուրբ մասունքներն էիր տանում Խուստուփի    ամպոտ    բարձունքները՝ արհամարհելով հույժ իրական բազում վտանգներ:

Ազգասիրության այսօրվա գաղափարախոս­ներից շատերը տակավին թո­թովախոս մանուկներ էին։ Ես քո մասին այսպես եմ խոսում ոչ որպես մեկն այն բազում մարդկանցից, որոնց կյանքը դու փրկել ես, այլ իմ ժամանակում, իմ կողքին քո տեսակն ունենալու հպար­տությունից, որը գերազան­ցում է ամեն մի երախտագիտություն։ Յոթ տարի ընտրյալի լույսը ճակատիդ գնում ես Արցախյան հպարտ ու արյու­նոտ պատմության միջով՝ ան­վերջ կռիվ տալով երկիր պա­հող մարդկանց կյանքի հա­մար, եւ Հերացու անվան մե­դալը քո արածի համեմատ հազիվ երթեւեկության մշ­տական տոմսի պես բան էր, որից քո հպարտ տեսակը եր­բեք չի օգտվում։ Բայց ճիշտ արեցին, որ տվեցին։ Սակայն երկրի հարգարժան ղեկավարության վերաբերմունքն առավել բովանդակալից կլի­ներ, եթե նաեւ հրատարակ­վեր բոլորին հայտնի քո արցախյան օրագրությունը։ Ան­հայտ կորածի մայրը նրա էջերում կգտներ որդու տեղը, աշխարհի խղճին չհավատա­ցողը կհամակվեր բարեգութ հոգիների պաշտամունքով. հարազատների կարոտից ու հայրենի երկրի ավերմունքից իրավացիորեն դաժանա­ցած մարդիկ կսովորեին խղճալ թշնամու վիրավոր երեխային. այսինքն պահպանել բարոյական այն կառուցվածքը, որպիսին նրանց ի սկզբանե ստեղծել է Աստ­ված։ Եվ, ի վերջո, վեհ ու արյունոտ մաքառումների այդ մատյանը պատերազմի եւ խաղաղության հրաշալի դասագիրք կլիներ սերունդ­ների սեղանին։ Առանձնա­պես չապավինելով երկրի առաջնորդների սրտացավութ­յանը, խոսքս ուղղում եմ մեր հայրենասեր գործարարնե­րին՝ տեր կանգնեք, հրատարակեք Արցախ Բունիաթյանի հուշամատյանը, դա պակաս աստվածահաճո գործ չի լի­նի, քան, ասենք, Եկեղեցի կառուցելը, որը հիմա անում է ամեն մի թաղապետ։

Իսկ դու եւ քո նմանը եկեղեցի կառուցելու անհրա­ժեշտություն չունեք։ Դու եւ քո նմանը եկեղեցին կրում եք ձեր մեջ՝ հավիտյան լցված ոգու պայծառ լույսով ու ազգային պատմության հիշա­տակների սրբազան խնկահո­տով։

Երանի՜ քեզ ու քո նման­ներին, որ Տաճար եք մտնելու հավատակիր քրմերի պես մաքուր ու պայծառ աչքերով, եւ հոգիներիդ մեջ Գանձա­սարի ղողանջող զանգը…

Իգնատ Մամյան
25/03/1999, «Հայաստանի Հանրապետություն»

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s