ԱՂՈԹՔՆԵՐ ՄՈՐՍ ՇԻՐՄԻՆ

Օգոստոսի 22-ը բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս
Իգնատ Մամյանի ծննդյան օրն է…

* * *

Մեծ աշխարհի փոքր անկյունում նրա վերջին լուսանկարը: 23/06/2008թ.
Մեծ աշխարհի փոքր անկյունում նրա վերջին լուսանկարը: 23/06/2008թ.

1. Թաղում

Ձյուն էր, դագաղ ու քամի,
Ու մրսող թափոր:
Դեմքը հպած դագաղին՝
Տնքում էր մի որբ:

Ծեր էր մայրը դագաղում,
Եվ քիչ էր լացը…
Որբը այնպե՜ս էր ուզում
Հեկեկալ բարձր,

Նա տնքում էր ու երդվում
Մշուշից ձյունե,
Թե մայրերը ծերություն
Եվ տարիք չունե՜ն…

Տարիք չունեն որբերը.
Ամեն հասակում
Որբանալու նույն ցավն է
Հոգին մորմոքում:

…Շիրմաթումբ էր, լաց — հառաչ,
Ու՝ վե՜րջ հեքիաթին,
Դանդաղ իջնում էր մի խաչ
Խեղճ որբի բախտին:

Եվ նա մենա՜կ, նա պարտվա՜ծ,
Դեմքը — ոչնչին,
Հանձնվում էր ձյունամած
Աշխարհի խղճին:

2. Տաղ համբարձման

Թե կա երկնային գոյություն ու բախտ,
Թե կա արդարի ազնիվ հատուցում,
Հրեշտակները քեզ տարել դրախտ,
Հիմա աստղերի ցող են մատուցում:

Նրանցից մեկը փափուկ ճախրանքով
Ափերն է թռչում մեղրաջուր գետի,
Ուր վաղո՜ւց մեռած քո փոքրիկ տղան
Սպիտակ գաոն է տարել արոտի:

Գտնում է նրան ու շշնջալով
Քո հայտնությունն է ականջին ասում,
Եվ գալիս է նա ուրախ ճչալով,
Եվ ճերմակ գառն է ետևից վազում…

Ու քանի տարվա տանջող կարոտով
Գուրգուրում իրար, արտասվում եք ջերմ,
Քեզ երկա՜ր — երկա՜ր փարվելուց հետո
– Գնամ,– ասում է,– մերոնց էլ կանչեմ…

Շուրջը ջրեր են կարկաչում վճիտ,
Երգում են օդում արտույտ ու սոխակ,
Եվ ծիծաղում է վարդերի միջից
Մեոած քո դստեր մեռած երեխան…

… Աստղացոլքեր են վետվետում դեմքիդ
Ու որպես շքեղ սրբացումի ծես
Տերը եդեմի ծաղիկը ձեռքին
Բոբիկ ոտքերով մոտենում է քեզ:

Համբուրում է քո ճակատն աստղամած
Եվ շշնջում է շշուկով վերին.
– Հիմա երկրային ցավերից փրկված՝
Հանձնվիր կանաչ այս հովիտներին,

Լույսի տաճարներ եղան օրերդ –
Աղոթք դարձրիր տառապանքն անգամ,
Հիմա թող աստղի լույս դառնա սերդ
Եվ բաց եզերքում ոգիդ զրնգա…

3. Հրաշքը

Ու դեմքս առ արևելք,
Ուր քո շիրիմն է հանգչում,
Ես ողջ գիշեր մորմոքով
Տնքում էի ու կանչում:

…Հրաշք եղավ այնուհետ.
Երբ առավոտն էր ծեգում,
Մայր, թվաց, թե արևը
Քո շիրմից է ճառագում:

4. Տապանագիր
Մի բուռ լույս է շիրմաքարիդ
Եվ լույսի մեջ՝ մի նշխար հաց.
Այս է ամենն, ինչ-որ տրվեց
Քո տառապյալ կյանքի դիմաց…

©Իգնատ Մամյան
«Ոգեկանչ», 1996
«Գրական թերթ», 14/10/2005

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.