ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈԻՄ

Լուսանկարը՝ «Hetq.am»-ի

Փետրվար, 1988

Անձրևի տակ, գիշերվա մեջ ու տոթին
Մենք անտառ ենք՝ հողմախռիվ շառաչող.
Փողհա՜ր, փչի՛ր կորուստների մեղեդին,
Փողհա՜ր, ցա՛վն է ահագնացել որպես հողմ:

… Մեզ ասացին՝ լույսն է հորդում երազած.
Ու պարզվեցինք — թե՛ երջանիկ, թե՛ հլու՝
Բիբլիական լուսնաշողից արարված
Ճշմարտության մեր սափորը լցնելու:

ժամն է, ասին, որ շողշողա հույսը տաք,
Օրն է եկել արդարության և խղճի,
Այսուհետև — լուռ մորմոքող ամեն զանգ
Պիտի շքեղ ազատությամբ ղողանջի:

Եվ ճակատին լույսի թրթիռը ծաղկուն —
Մեր հավատը, որ չէր ապրել ծնկաչոք,
Գնաց՝ մարմնում հին բեկորներ, և հոգում
Փոշիացած կրակների արտացոլք…

Փողհա՜ր, փչի՛ր ճշմարտության մեղեդին,
Փողհա՜ր, սուտը մեր հոգիներն ավիրեց…
… Հայացքներս լեռան ամպոտ գագաթին՝
Սպասեցինք ալեկոծված, շնչահեղձ…

Ու ձայնեցինք մեր հավատին լեռն ի վեր:
Ու ի՞նչ եղավ: Ո՞վ էր. որպես արձագանք՝
Ախ, մեզ տվեց ոսկեմեռել դագաղներ,
Կորուստների հավերժական տառապանք:

Հուր ժայթքելով մեր բախտի դեմ որոտաց
Յոթգլխանի թշնամանքը բարբարոս,
Արդարության լեռը դարձավ Գողգոթա,
Մեր հավատը եղավ խաչված Քրիստոս:

Արցա՛խ երկիր — մեր հավատա՜մք, մեր պատիվ,
Արցա՛խ երկիր — ուժի խռո՛վք, արծվի թա՛ռ,
Փողհարն ո՞ւր է, թող հնչեցնի մեղեդին՝
Մեր սիրտը քո լեռներո՛ւմ է հավիտյան…

Արցախ, կելնի՞ քո հավատը իր խաչից,
ՆՐԱ ձեռքն իր փակած դուռը կբացի՞,
Թե՞ հույսի տեղ — լեռնագլխի մշուշից
Պիտի շողա արեգնացյալ նոր կացին:

© Իգնատ Մամյան, 1988

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s