Հարյուր տարի անց

0035Նոր դարը մոտենում էր ծանր ու սև կառքի մահաշունչ դղրդյունով` անիվների տակ ճզմելով համաշխարհային կարծիք, արդարություն ու կարեկցանք: Գուժկան զանգերը ձիերի պարանոցներից հնչում էին կորստյան ու աղետի ողբերգական նվագով ու այնուհետև մնում էր հերոսական նահատակությունների հրեղեն շքահանդեսը, որը չէր կարող անվախճան լինել:
Ուղիղ հարյուր տարի առաջ Մշո Մեթերհեմ բանտի զնդանում իմ վիպակի հերոս Սարգիս Ծովանյանը մարմնական սոսկալի չարչարանքներն արհամարհած` մոտեցող սև կառքի դղիրդը լսելով, այսպես միտք էր անում հայոց ու Հայաստանի ճակատագրի մասին: 
Եվ զնդանի աղոտ լուսանցքից լեռների թանձր մշուշում սուզված հայացքը չէր տեսնում փրկության լույս… Այդպես էլ եղավ: 20-րդ դարը եկավ, մեզնից խլեց ամբողջ Արևմտյան Հայաստանը, ֆիդայական հազարավոր կյանքեր, և ժողովրդին թուրք ու քրդի ձեռքով քշեց վիհերն ու անապատները…

Հարյուր տարի հետո գրքիս հերոսի հանգույն ես եմ ահա իմ ցուրտ ու փոքրիկ աշխատասենյակում ձմռան քամիների միջից փորձում լսել մոտեցող 21-րդ դարի հևքն ու դղիրդը:

… Թերթերի տարեվերջյան համարները, որպես օրենք, հեղեղված են լինում գրականության, մշակույթի և այլ բնագավառների գործիչներին ուղղված ավանդական ու անխուսափելի հարցով` ի՞նչ տվեց անցնող տարին և ի՞նչ եք ակնկալում նորից: Դրան պատասխանելը հեշտ է` ընդամենը մեկ տարվա հիշարժան իրողություններ պիտի մտաբերես, երազանքներդ էլ միշտ քեզ հետ են: Իսկ անցնող դարի մասին խոսելը պատմաքննական վերլուծություն է ուզում, գալիք դարից պահանջը` իմաստուն քաղաքագետի անսխալ կողմնորոշում: Ինչ որ է: 20-րդ դարը եկավ ու ահա հեռանում է` ահավոր պատերազմների, բազմաթիվ փորձանքների ու բազմաբնույթ աղետների թանձր մրուր թողած երկրի հոգում: Եկավ ու հեռանում է` երկրի` մեծ մասից մեզ զրկած ու ներկա փոքր մասը շենացրած: Ինչ որ գիտեմ` կասեմ, ինչ որ չգիտեմ` դուք ասեք ինձ: Կարող եմ թվարկել հարյուրավոր անուններ, որոնք դարի ընթացքում պայծառալույս շողացին ազգային մեր բախտի ու կենսագրության վրա: Բայց չգիտեմ` այսօր սփյուռքի կարմիրը վարդի՞ է, թե՞ արյան: Գիտեմ` ո՞վ ենք մենք աշխարհում, բայց չգիտեմ` ո՞վ ենք ինքներս մեզ համար: Գուցե մի քիչ սնապարծ ենք, բայց, այո, ոչ մի մեզ պես փոքր ժողովուրդ մեր չափ հանճարներ չի տվել աշխարհին: Ու նաև ոչ մի երկրից բնիկներն այնպես հեշտ չեն հեռանում, ինչպես հայերը Հայաստանից: Դիվանագիտության մեջ այդպես էլ թղթե շերեփից այն կողմ չանցանք: Տա Աստված, որ սխալ լինեմ, բայց ես չեմ հավատում միջազգային անվերջ հանդիպումներից վերադարձող պետական այրերի ծանրալուրջ ասուլիսներին, ուր, որպես օրենք, իրենց ուղևորության արդյունքը ներկայացնում են որպես համազգային հաղթանակ: Ես նրանց չեմ հավատում, նրանց խոսքի ընթացքում ես ուղղակի մտածում եմ` այս հերթական ուղևորությո՞ւնն ինչ է նստել կարիքներից խեղդվող երկրի վրա…

21-րդ դարը չգիտեմ ինչ նվաճումներ կբերի մեզ, բայց նա անպայման լինելու է համաշխարհային վարկերի մարման ժամանակաշրջան: Ինչպե՞ս, որտեղի՞ց ենք տալու: Մեր թոռներն ու ծոռներն անիծելու են մեզ, մեր գերեզմանները մոռացվելու, փուշուտատասկով են պատվելու, հարգարժան պետական այրեր: Սևակից հետո մեծ բանաստեղծ չի կայացել: Մինասից հետո մեծ նկարիչ չի կայացել: Բայց գուցե նրանք կա՞ն: Երկրի առաջնորդները, հուզմունքից խեղդվելով, շրջում են պարսկական ապրանքների տոնավաճառում, բայց հարկ չեն համարում մասնակցել որևէ ստեղծագործական երեկոյի, որևէ նկարչական ցուցահանդեսի, որ իմանան` կա՞ն, թե՞ չկան…

Ես մեծացել եմ Դեբեդի հովտում, իմ կենսագրությունը համընկել է դատարկ հովտի երբեմնի այգեստանների արարման ժամանակի հետ: Երեսուն տարի առաջ ես տեսա, թե ինչպես ծաղկեց վայրի անապատը ու այսօր տեսնում եմ, թե ինչպես է նա կրկին ամայանում: Թե ինչպես է մռայլ տարածքի տիրակալ օձը վերստին մահացու վտանգ դառնում հովտի բնակչության համար: Դա սարսափելի է: Իսկ այսօրվա գյուղնախարարությունը ավելի շատ զբաղված է տնայնագործական կարգով օղու արտադրություն կազմակերպելով, քան մեր հովտի ու այդօրինակ հովիտների ճակատագրով: Այսպես ենք մտնում 21-րդ դար ու դեռ փորձում ենք գուշակել, թե ինչեր է բերելու նա մեզ համար…

Երկրի ամբողջություն, ազգի գենոֆոնդի սրբազան-անաղարտ պահպանում և մարդկային ճակատագրերի պարզություն, ահա այն երեք բանը, որ ես կաղաչեի 21-րդ դարից:

Մի քանի տարի առաջ ուղղիչ հիմնարկների կենտրոնական հիվանդանոցում դեռ կենդանի էին հինգ անբուժելի հիվանդ կալանավորներ: Նրանք… դուրս գրված էին (առաջին անգամ էի լսում այդպիսի բան): Դուրս գրված, ինչպես ջարդված աթոռը, փչացած ընդունիչը, կրնկահան դռներով պահարանը: Ցանկության դեպքում կարող էին ազատ հեռանալ պատժավայրից: Բայց ո՞ւր գնային այդպես թոքախտով, ողնաշարը ջարդված, քաղցկեղավոր: Բերդ ու գաղութների այդ «բնիկները» աշխարհում ոչ ոք ու ոչինչ չունեին: Եվ… չէին ուզում շիրիմ ու շիրմաքար ունենալ, քանի որ իրենց մասին շիրմաքարին գրելու բան չունեին: Այդպես ասաց նրանցից Վարուժան անունով մեկը, որը ցավ ու տառապանք արտահայտող անպաճույճ ոտանավորների տետր ուներ ծոցում: Իմ հարցին, թե` ի վերջո 50-60 տարի ապրելով, ի՞նչ տեսաք աշխարհում, Վարուժանը Չարենցի խոսքով պատասխանեց.

Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարևեց կիսաձայն…

Ուստի կուզենայի, որ 21-րդ դարում այս հինգի նման անհուսալի կորածներ չլինեին հայոց հողի վրա: … Հարյուր տարի առաջ համայն ազգի ու իմ փոքրիկ վիպակի հերոս սևքարեցի Սաքոն Մեթերհեմ բանտի զնդանում ցավով խորհում էր Արևմտյան Հայաստանի ու նրա ֆիդայական շքեղ փաղանգի կործանման մասին:
Հարյուր տարի հետո ես տաք ու թրթռուն հույսով 21-րդ դարից ակնկալում եմ կորուսյալ լեռնաշխարհի վերադարձ հին-մայր սահմաններից ներս ու առավել ուժեղ, առավել ըմբոստ սերունդներ, որ կարողանան ամեն տեսակ արշավանքներից պաշտպանել երկրի հավերժական ամբողջությունն ու խրոխտ արժանապատվությունը:

Իգնատ Մամյան
«Հայաստանի Հանրապետություն», 09/12/1998թ.

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.