ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

vahagndavtyan

Լույսի շառաչ է կրկին, ամպրոպի ճիչ, ուրցի բույր,-
Վեր կաց, վեր կաց, Բանաստեղծ, գնա լեռները կապույտ։

Այնտեղ նվագ է հիմա, շողի թրթիռ է վետ-վետ,
Արթնացել են մշուշից ամեն ծերպ ու արահետ,

Ու շաղ տալով քարափին շամանդաղ ու աստղաջուր՝
Քո տեսած այն առաջին առավոտն է ղողանջում։

Մեկն անձրևի շղարշից կանչում է քեզ, Կարոտած,
Նրա չթե շորերից ծաղիկներ են թափվում ցած…

Ի՜նչ գործ ունեն Օրերի խառնուխռիվ հորձանքում
Քո թախիծը աստղային ու քո երազը մաքուր,

Վեր կաց, վեր կաց, Բանաստեղծ, թողած և մեղք, և ներում,
Գնա, սուզվիր հեռավոր քո մանկության ձորերում։

Գնա, կտրիր քեզ համար շամբուտներից Մայր գետի
Մի եղեգնյա ձեռնափայտ՝ ներսում շունչ ու մեղեդի,

Բարդին իր զով ստվերից մի թաշկինակ կտա քեզ,
Որ ճակատդ սրբելով՝ հոգնությունդ ամոքես։

«Քելե լաո» երգելով գնա երկիրը քո հին,
Ուր նարնջե ցոլքերով բոցկլտում է մորենին։

Քո շուրթերին՝ Օրհնություն, քո աչքերում՝ երգ ու սեր,
Վեր կաց, վեր կաց, Բանաստեղծ, ճամփա ընկիր Լեռն ի վեր։

Գնա բարձրիկ ու հեռու այն աշխարհը մշտասուրբ,
Որի խռով զանգերի փոթորիկն էր քո ներսում…

Հավք ու ծաղիկ, ցոլք ու խոտ շշնջալով ամպի տակ՝
Կառաջնորդեն քեզ դեպի անձրևները կապուտակ։

Գնա, հասիր քո Երկրի հովիտները թխպասույզ,
Ուր հինավուրց տաղերով Ոսկեգետակն է հոսում։

Եվ կտեսնես ջրի մեջ բրդի թելերն արծաթե,
Եվ շուրթերդ կդողան, և արցունքդ կխեղդե…

Եվ լեռների մշուշից կարոտալի հաչոցով
Մի շուն կգա ընդառաջ՝ մորթը սևուկ, չալ պոչով,

Կփարվի քո ոտքերին՝ հայացքի մեջ հի՛ն մխանք,
Կհարցնի տխրահառաչ՝ «Ո՞ւր եք, ախր, ի՞նչ եղաք…»։

Հետո կամաց կցրվի ցավի մլարը դեղին–
Կտեսնես՝ ծուխ է ելնում քո հայրական օջախից,

Կասես՝ մայրս է այնտեղ. մայրս, որ լույս էր դառել,
Ահա եկել է նորից, մեր հին թոնիրը վառել։

…Վե՛ր կաց, վե՛ր կաց, Բանաստեղծ, ճամփան երկար, կյանքը կարճ,
Վե՛ր կաց գնա մորենուդ մխանքներին ընդառաջ։

Գնա, ու թե մոլորվես մութ կիրճերում, ժայռի տակ,
Կդարձնի բախտը քեզ Երկրիդ ասուպ շողարձակ։

Եվ կարոտից դողալով, և զնգալով տխրաշուք
Կցոլցլաս հավիտյան հին լեռների մշուշում…

Իգնատ Մամյան
©«Վայրի մեղր» Երևան, 1999,
«Սովետական գրականություն», թիվ 2, 1987

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.