1.Անապատ և արմավենի

Թռչում ենք մառախուղի միջով: Այսինքն, չենք տեսնելու Բինգյոլն ու Սիփանը: Վանա լիճն ու Աղթամար կղզին, կարոտյալ երկրի ոչ մի երանելի պատկեր: Մնում է աղոթել, որ վերադարձին օրը պայծառ լինի, երկինքը թափանցիկ, և կարողանանք գոնե Արարատը տեսնել մյուս երեսից: Թռչում ենք Հալեպ: Մեզ հետ թռչում է առևտրական կանանց մի աղմկոտ երամ: Սխալ ասացի: Թռչում են` նույն օդանավով, բայց ոչ մեզ հետ: Մենք թռչում ենք դեպի հայ ժողովրդի ողբերգական պատմության մայրաքաղաքներից մեկը, դեպի Տեր-Զոր ու Միջերկրականի` գաղթական հայեր ապաստանած տաք-ոգեղեն ափերը, նրանք`դեպի չուլու-փալասի էժանագին շուկաներ: Մենք թռչում ենք դեպի ոգին, նրանք` դեպի հացը: Բայց նրանք մերն են, մենք ենք նրանց պարտադրել այս հացիվ դեգերումները և իրավունք չունենք օտարի նման նայելու և չհասկանալու այս ամենի տառապագին իմաստը: Հետո այսպես էր ասելու նաև Հալեպի մեր հյուպատոսը:  

Ուրեմն` Հալեպ: Այս անունն առաջին անգամ ես լսել եմ 50-ական թվերին, Դեբեդի ափի մեր փոքրիկ ավանում հանգրվանած հայրենադարձների շուրթերից: Պայծառ հիշում եմ Հալեպ Կարապետին: Պիտի ասեր` բարև, ասում էր` Հալեպ, պիտի ասեր` քանի՞ ռուբլի  կտաս, ասում էր` քանի՞ Հալեպ կտաս: Այսպես շարունակ: Ինքը վաղուց դուրս էր եկել  Հալեպից, Հալեպն իր միջից դուրս չէր գալիս: Մինչև կյանքի վերջը: Չգիտեմ ինչու: Հետո ավելի ուշ ես դարձյալ լսեցի արևելյան հին քաղաքի անունը «Մի անգամ Հալեպում… »:

Մենք` հայ գրողների մի փոքրիկ խումբ, Սիրիա ենք գնում արաբ մեր գրչակիցների հրավերով: Գնում ենք, այսպես ասած, գրական-մշակութային առնչությամբ: Դա նշանակում է, որ մեզ սպասում են գործնական, աշխատանքային օրեր, և դժվար թե ժամանակ մնա Եփրատի ափերին դառնորեն վերապրելու ազգային ողբերգության դրվագները: Այսպես ասաց օդանավակայանում մեզ դիմավորած արաբ թարգմանիչը` Ղասան Քաչոն: Հետո իր փայլուն գրական հայերենով շարունակեց.

-Բայց մենք հանդիպում ենք ծրագրել նաև Տեր-Զոր քաղաքի գրական բաժանմունքում, իսկ մինչև Տեր-Զոր ճանապարհը առավելապես անցնում է Եփրատի ափով: Այնտեղից գնալու ենք Կամիշլի` երկար մի ճանապարհ, որն ամբողջությամբ ձգվում է Տեր-Զոր անապատով…

Մեզ համար սենյակներ էին պատվիրված քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկում, որոնց պատուհանները նայում էին գլխավոր հրապարակին: Իմ համարից Ղասան Քաչոն զանգահարեց տուն` կնոջը, և հայերեն ասաց.

— Հայրենակիցներդ եկան, Լյուսի:

-Ձեր կինը հա՞յ է:

-Այո, Ուրֆայի գաղթականների ընտանիքից: Աղջիկս` Նաիրին, հայերենից արաբերեն է  թարգմանում Թումանյանի մանկական բանաստեղծությունները…

Հետագա օրերին մենք այցելելու էինք մեր փեսա-թարգմանչի տուն և հիանալու այդ հրաշք ընտանիքով, ուր անմեկնելի ներդաշնակությամբ, իրար լրացնելով ու հարստացնելով, ըստ ամենայնի գոյատևում են հայկականն ու արաբականը:

Հալեպը Արևելքի սիրտն է` լցված արևով, թեյարաններից ու սրճարաններից հնչող քաղցրանվագ ելևէջներով, նարգիլեի բուրավետ ծխով, անցյալի դառնանուշ հիշողությամբ ու ներկա իրական կյանքի հուժկու բաբախյունով: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ այստեղ այցելող հայաստանցին, խանութի փեղկին կարդալով հայի ազգանուն, սրտատրոփ ներս էր մղվում` իմանալով ո՞վ է նա, որտեղի՞ց է գաղթել և այլն: Հայաստանցի և հալեպցի  հայերի փոխհարաբերություններն այսօր զուրկ են զգայական ելևէջներից: Դրանք զուտ գործնական բնույթ ունեն` մի բան, որին մեծապես նպաստել է վերջին տասնամյակում մեր վերավաճառողների զանգվածային գրոհը հատկապես Արևելքի շուկաները: Լավ փնտրելու դեպքում կարող ես գտնել արվեստի մի ծերունազարդ մշակ, մի տարեց այգեպան կամ, ասենք, լուսանկարիչ, ովքեր քեզ հետ կհուզվեն Մասիս ու Վան, Բիթլիս ու Սարոյան ասելիս, և… միայն այդքանը: Հալեպահայ բժշկի, բանաստեղծի, նկարչի ու գործարարի մի ոտքը Երևանում է, շատերն այնտեղ են սովորել-ավարտել, հիմա էլ իրենց երեխաներն են ուսանում Երևանի բուհերում` ֆաքսով ու հեռախոսով անընդհատ կապված տան հետ, և քո այցելությամբ դու ոչինչ  չես ավելացնում նրանց գիտեցածին: Հին ժամանակներից մնացել է միայն հուժկու հակադրությունը (եթե ոչ ավելին…) քաղաքական տարբեր խմբավորումների միջև, որը, հավանաբար, երբեք չի վերջանալու: Հայաստանի հյուպատոսարանում մեզ հետ հանդիպմանը ներկա էին երկու բժիշկ-բանաստեղծներ, և մենք սարսափեցինք այն ահավոր թշնամանքից, որ առկա էր այդ երկու անվանի հալեպահայերի միջև: Գիտենք, որ Հալեպում է գտնվում նաև ասմունքողուհի Սիլվա Յուզբաշյանը, բայց չկարողացանք հանդիպել, քանզի նա շրջապատված էր… այլ կուսակցության ներկայացուցիչներով:  Նման հակադրություններից մենք սարսափելի հոգնած ենք նաև այստեղ և իմաստ չունի պատմել դրանց բոլոր այն դրսևորումների մասին, որ տեսանք ու զգացինք հայ մշակույթի օջախներում մեր հանդիպումների ժամանակ:

Պարզապես` Հալեպ: Եթե որևէ մեկը գնացել է Հալեպ և չի եղել նրա նշանավոր միջնաբերդում, չի մոլորվել ստորգետնյա վիթխարի շուկայի լաբիրինթներում, ուրեմն նա չի տեսել Հալեպը: Հին ու հզոր միջնաբերդը, որն այսօր էլ ասես պատրաստ է դիմագրավելու ցանկացած գրոհ, համենայնդեպս, չդիմացավ հայոց Տիգրան Մեծ արքայի ուժին, որը Միջագետքը նվաճելով եկավ ու 14 տարի տիրեց այն: Արաբները չեն մոռացել ու չեն ժխտում դա, որովհետև հաղթանակներ ու պարտություններ տեսած կարգին ժողովուրդ են, և նրանց համար հոմանիշներ են պատմություն և ճշմարտություն բառերը:

Միջնաբերդի բարձր պարիսպներից քաղաքը երևում է ինչպես ափիդ մեջ` ամբողջ տարածքով ու բոլոր ժամանակներով: Տարվա բոլոր եղանակներին, օրվա բոլոր ժամերին միջնաբերդը հեղեղված է զբոսաշրջիկներով: Նրա ինչ-որ անկյունից բարձրացող արևելյան քաղցրալուր երաժշտությունն ասես հնչում է դարերի խորքից և քեզ նվաճելով` կտրում ժամանակի և տարածության զգացողությունից, քաղաքը պատած արևամշուշի միջով թեթև-թեթև տանում դեպի անհունություն…

Ստորգետնյա անսահման շուկայի կիսամութը վառվում է ոսկու և պղնձի հրացոլքով: Շատ տեղերում խանութին կից դարբնոց, թե արհեստանոցն է, ուր կռում են հուշանվերային, բայց բնական չափսի ու վտանգի երկսայր յաթաղաններ, դաշույններ, վահաններ, սափորներ ու սկուտեղներ, պերճանքի իրեր, այլ առարկաներ: Յուրաքանչյուր հինգ խանութից երկուսը ոսկերչական է, երկուսը` զենքերի, և միայն մեկը` հագուստի կամ սննդի: Թունել-փողոցներում հաճախ իրար դեմ կանգնում են վերջին մոդելի «Մերսեդեսը» և ցիտրուսի հակեր  կրող ավանակը: Մանղալների վրա խորովվող մսի բուրմունքը-շուկայի հոտն է, որ քեզ կլանում է իր ստորգետնյա հյուրընկալության ամբողջ ընթացքում:

— Բարեկամներս, մենք ուշանում ենք,- ասում է Ղասան Քաչոն: -ժամը չորսին հանդիպում ունենք Սիրիայի գրողների միության Հալեպի բաժանմունքում:

Արաբ գրողներին հետաքրքրում է հատկապես խաղաղության և պատերազմի թեման: Նրանք ուզում են իմանալ, թե հայ գրողն ինչպես է արձագանքում ղարաբաղյան կոնֆլիկտի ընթացքին և, մեր կարծիքով, ինչ հնարավոր լուծում կարող է ունենալ հակամարտությունը: Արաբ գործընկերները մեզ հասկանում են կես խոսքից, որովհետև իրենք էլ պատերազմի թոհուբոհ են կրում և լավ գիտեն ամեն տեսակ կորուստների գինը: Հալեպի բաժանմունքը ծանրակշիռ տեղ ունի ամբողջ Սիրիայի գրական կյանքում: Այստեղ է ապրում և ստեղծագործում երկրի առաջատար բանաստեղծներից մեկը` Շարիֆ Խազնադարը: Հալեպում են լույս աշխարհ եկել սիրիական գրականության այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Ֆատել Էլ Սիպայի «Ծիծաղ դժվար օրերին» վեպը, Մուզաֆֆար Սուլթանի «Գայլի խիղճը»  պատմվածքների ժողովածուն, Ֆաթեհ Էլ Մուտարեսի «Անանուխի ցողունը»  գիրքը, համաշխարհային գրականության չափանիշները չզիջող այլ գործեր: Հալեպահայ գրական մթնոլորտը` ի դեմս Թորոս Թորանյանի, Գևորգ Թեմիզյանի, Պողոս Սառաջյանի և այլոց, սերտ առնչության մեջ է տեղի արաբ գրողների հետ: Բժիշկ-բանաստեղծ Գևորգ Թեմիզյանը, հրավիրելով իր կլինիկա, մեզ է նվիրում մի շարք փոխադարձաբար թարգմանված գրքեր, որոնցից ամենաթարմը Պողոս Սառաջյանի թարգմանությամբ և Երվանդ Հ. Քասունու խմբագրությամբ հրատարակված «20 սիրիական պատմվածք» ժողովածուն է:

… Հալեպի փողոցներում գիշեր և ցերեկ հասկացությունները խիստ հարաբերական են հնչում: Հավերժորեն բաց խանութների աշխույժ առևտուրը չի ընդունում ժամանակային որևէ սահմանափակում: Ակամա մտածում և ահա թե ինչի են ձգտում Երևանի մի շարք փողոցներ: Եվ կհասնե՞ն: Կամ պե՞տք է, որ հասնեն: Չգիտեմ: Հալեպում կա դատապարտման հրապարակ, ուր որոշակի հանցանքների համար մարդկանց ենթարկում են մահապատժի` պարզ ու բաց, ի տես ամենքի: Մենք կունենա՞նք այդպիսին: Եվ պե՞տք է, որ ունենանք: Դարձյալ չգիտես:

Լուսաբացին հյուրանոց ենք վերադառնում մի քիչ հանգստանալու:

-Կքնես, բա ոնց չէ,- ժամացույցին նայելով ասում է բանաստեղծ Արմեն Շեկոյանը: Հաջորդ պահին քաղաքի աղոտ այգամուտի մեջ մինարեթներից հնչում է մահմեդական առաջնորդի բարձր ու երգեցիկ ձայնը:

 Իգնատ ՄԱՄՅԱՆ
21.01.1999

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.