2. Անապատ և արմավենի

Ես չեմ գալիս տեսնելու ճերմակ ոսկորների աղոտ փայլը անապատի կարմիր լուսնի տակ: Ոչ էլ` հոգուս մխիթարության համար փնտրելու ուղտի արցունքից ծնվող ամայության ցայգածաղիկ: Ես` հայս, մարդկային այն ցեղից չեմ, որ սեփական ողբերգության անվերջ ու տանջալի վերապրումներս ցավագին վայելքի պես ինչ-որ բան դարձրած` փորձեմ ինձ վրա սևեռել աշխարհի գութն ու խղճահարությունը: Կոտորել են, ջարդել են, ճիշտ է: Բայց հատուցման համար ժամանակ կա, պատմության ընթացք կա: Հանգիստ, իմ վրեժի տերը, իմ թափված արյան տերը ես եմ: Ես չեմ գալիս արտասուք թափելու այս անապատում վայրագորեն հոշոտված իմ հարյուր հազարավոր հարազատների ավազեբաց շիրիմների վրա: Ես գալիս եմ սեփական աչքերով տեսնելու, որն անհրաժեշտ է իմ բաժին հատուցման համար:
Ճանապարհ ընկանք վաղ առավոտյան` լուսաբացից առաջ, և ահա երկու «Մերսեդեսներով»  ժամում 180-200 կիլոմետր արագությամբ թռչում ենք դեպի Եփրատի հովիտը, դեպի Տեր-Զոր: Ապակու նման հարթ բարեկարգ մայրուղու հեռուն սուզված է կապտավուն հորիզոնի մեջ:

-Ե՞րբ կհասնենք:
-Եթե անընդհատ այսպես գնանք` մի քանի ժամից,-ասում է թարգմանիչ Ղասան Քաչոն: Բայց մենք մի քանի կանգառ պիտի անենք:

Հետո տեսանք Միջագետքի անապատների հին ու հավերժական մխիթարությունը` մեր ցավի, կարոտի և հիշողության գետը: Նա հայտնվեց միանգամից` լերկ բլուրների հետևից, և կանաչ ափերի միջև մաքուր ծփալով սփռվեց հորիզոնն ի վար: Հայաստանից գնացած չորսս էլ առաջին անգամ էինք տեսնում Եփրատը, հասկանալի և օրինաչափ հուզմունքը խեղդում էր բոլորիս, և, մեքենաները կանգնեցնելով, նետվեցինք գետափ: Կանաչ ափերի արանքով ասես ոչ թե գետ, այլ պատմությունն  էր հոսում` ծանր, մռայլ, ինքնասույզ: Ոչ, ավելորդ է ևս մեկ անգամ վերապատմել ահասարսուռ այն դեպքերի մասին, որոնց վկան ու ակամա կրողը եղավ Եփրատը: Ոչինչ մի խոսիր, կանգնիր ափին ու երկար տվայտագին դիտիր երանելի հեռուներից եկող-անցնող ջրի ընթացքը, որն, ինչպես ասացինք, պատմության ընթացքն է:

Եփրատի վրա ռուսների ձեռքով կառուցված Մեսկենայի էլեկտրակայանը Սիրիայի կարևորագույն էներգետիկ կենտրոններից է: Այնտեղ մեզ սպասում էին: Դիմավորեց գլխավոր ինժեները` Երևանի պոլիտեխնիկականն ավարտած հաղթանդամ մի հայ, և մոտ երկու ժամ մեզ ուղեկցում էր հարկից հարկ, բաժանմունքից բաժանմունք` մանրամասն ծանոթացնելով հզոր էլեկտրակայանի գործունեությանը: Բայց մենք առավել հետաքրքրությամբ դիտում էինք վիթխարի ջրամբարը, որը ծաղկեցրել է մերձակա անապատային տարածքները և հեռու հորիզոնում սփռված ամայությունը, որը կոչվում է Տեր-Զոր, կամ, ինչպես արաբներն են ասում` Դեյր-Էզ-Զոր:

Ռաքքան փոքր քաղաք է, որտեղ նաև հայեր են ապրում, քիչ, հազիվ 15-20 ընտանիք: Տեղի գրական բաժանմունքում  մեզ սպասում էր Հարություն անունով մի հայ նկարիչ:

Հանդիպում են ետքը տուն պիտի երթանք,-ասաց անառարկելի տոնով,-երեկվանից ընտանիքով ձեզի կսպասենք:

Պիտի երթանք, երթանք, ինչ արած: Նկարչի տանը ուրախության ավելի մեծ առիթ կար, քան մեր այցը: Մի քանի օր առաջ կինը ծննդաբերել էր` ընտանիքին ու Ռաքքայի սակավամարդ հայ համայնքին պարգևելով ոսկեմազիկ մի աղջնակ:

Եվ նորից շարունակվեց մայրուղին դեպի մեր ողբերգության ամենամռայլ տարածքներից մեկը:

Տեր-Զոր քաղաքը Եփրատի շնչով կանաչած փոքր օազիս է մեծ անապատի եզրին: Գոյության հնագույն ժամանակներից ի վեր բնակչության թիվը չի անցել 80 հազարից:  Հիսնական թվերին Տեր-Զորում ապրում էր 500 հայ, այնուհետև այս փոքր թիվն իր հերթին աղետալիորեն նվազեց, և հիմա տեղի հայերին կարելի է հաշվել մատների վրա: Բայց ոգին, շնորհիվ վերակառուցված հրաշալի եկեղեցու, առաջվա նման ուժեղ է: Գործում է կիրակնօրյա դպրոց, հավուր պատշաճի նշվում են քրիստոնեական բոլոր ծեսերն ու տոները: Տեր-Զորի եկեղեցին այսօր հայտնի է համայն աշխարհի հայությանը: Հայտնի է իր, այսպես ասած, ողբերգության թանգարանով: Ժամանակին հայերը հավաքում էին կոտորածից հետո անապատի ավազներում սփռված մարդկային ոսկորները և թաղում եկեղեցու մեջ: Գործող եկեղեցին վերակառուցումից հետո միաժամանակ դարձավ թանգարան, ուր ցուցադրված են հետագայում հավաքված այլ ոսկորներ: Հիմա էլ փոքր-ինչ որոնողը ավազների միջից կգտնի այս անապատում կոտորված 200 հազար հայերից որևէ մեկի գանգը, անրակը, սրունքը… Արաբները մեզ պատմեցին փշաքաղեցնող մի իրողություն: Ամեն տարի, ապրիլի 24-ին անապատով անցնող ճամփեզրերին կարելի է հանդիպել տասնյակ բեդվին երեխաների, որոնք… ցելոֆանե տոպրակներով ավազներից հավաքած ոսկորներ են վաճառում այս կողմերով անցնող հայ ճամփորդ ուխտագնացներին…

Ֆրանսիացիների կառուցած մեծ ու գեղեցիկ կամրջի մոտ, Եփրատի անմիջապես ափին, բացօթյա ճաշարան կա: Տեր-Զոր քաղաքի արաբ գրողները մեզ հրավիրել են այնտեղ իրիկնահացի: Մատուցվում է Եփրատի թարմ ձուկ: Չի ուտվում: Թարգմանիչ Ղասան Քաչոն տենդագին աշխատանքի մեջ է:

Այս տարածքի արաբներս,- ասում է մի բանաստեղծ,- մեր մեջ 20-25 տոկոս հայկական արյուն ենք կրում:

-Ինչպե՞ս հասկանալ…
-Շատ պարզ: Եղեռնի օրերին, երբ ամբողջ անապատը լիքն էր ջարդվող հայերի քարավաններով, թուրքերը փորձում էին կոտորած անել նաև մեր` արաբներիս ձեռքով: Եվ դրա համար, թույլ էին տալիս, որ արաբները քարավաններից ջոկեն գեղեցիկ կանանց ու աղջիկների: Ոչ մի արաբ, ոչ մի հայ չսպանեց, բայց արաբները բազմաթիվ հայ կանայք ու երեխաներ տարան իրենց տները, կանանց հետ ամուսնացան, երեխաներին պահեցին-մեծացրին իրենց թաղիքե վրաններում ու հողաշեն կայարաններում: Հայ կանայք անապատաբնակ արաբուհիներին սովորեցրին բազմատեսակ ճաշեր պատրաստել, շոր կարել, մուրաբաներ եփել: Մենք անհարմար չենք զգում այս խոստովանությունից, որովհետև դա այդպես է, անապատի բեդվինի կինը չէր կարող իմանալ այն ամենը, ինչ գիտեր Ստամբուլում կամ Անկարայում ապրած հայուհին: Մեզնից շատերի տատիկները հայեր են, այդտեղից էլ` մեր մեջ 20-25 տոկոս հայկական արյունը:

Մթնում էր, իսկ մենք դեռ երկար ճանապարհ ունեինք անցնելու մինչև սահմանային Կամիշլի քաղաք, որտեղ ապրում է Սիրիայի տարածքի ամենաուժեղ հայկական համայնքներից մեկը:

Թուրքիային սահմանակից այս քաղաքի անունը զուտ հայկական ծագում ունի: Ոմանց կարծիքով, այն բխում է տարածքում եղեգնուտների առատությունից Կամիշ-Ղամիշ. Կամիշլի – ղամշուտ: Բայց հայկական եկեղեցու առաջնորդ ծայրագույն վարդապետ Անդրանիկ Այվազյանը կտրականապես դեմ է այս եզրահանգմանը: Նրա կարծիքով անվան սկզբնաղբյուրը գոմեշ բառն է իր ամենապարզ իմաստով: Կամիշլի ում շատ հարգի է այդ կենդանին, ընդունված է թանկ հյուրերին պատվել նրա կաթումածունով, և արվարձաններում գրեթե ամեն տուն գոմեշ է պահում:

Մեր հյուրընկալը եկեղեցու, նույնն է` համայնքի առաջնորդն է` գերապատիվ Անդրանիկ Այվազյանը: Այդ հզոր մարդու մասին դեռևս Հալեպում մեզ պատմել է մեր հյուպատոս (այժմ արդեն` դեսպան) Լևոն Սարգսյանը: Այվազյանն է կազմակերպում և հետևում, որ տեղի հայ ունևորների գրպանները միշտ բաց լինեն եկեղեցու, կրթական օջախների, ազգային ձեռնարկումների համար: Բայց և նստած չի սպասում, թե ով՝ ինչ բարեգործություն պիտի անի:

Ստեղծել է հայկական ռեստորան, որի շահույթները ուղիղ գծով հոսում են, այսպես ասած, ազգային գանձարկղ: Կամշիլիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է եկեղեցու բազում հեկտարներ զբաղեցնող դաստակերտը, ուր բարգավաճում են գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերը: Մեկից-երկու տարի առաջ ինչ-որ սև ձեռքեր դաստակերտը հրդեհել են: Բայց Անդրանիկ Այվազյանը չի հուսահատվել, չի նահանջել: Շատ բաներ դարձյալ սկսելով զրոյից, շարունակում է Դաստակերտը պահել ազգային եկամտի աղբյուր: Մենք այցելեցինք Կամիշլիի հայոց նախակրթարանը, Մելքոնյան կենտրոնական վարժարանը և համոզվեցինք, որ Երևանի կենտրոնում գտնվող շատ ու շատ կրթօջախներ կնախանձեին նրանց պայմաններին, ուսուցման մակարդակին, ազգային այն հզոր ոգուն, որով համարված են Կամիշլիի հայ ուսուցիչներն ու նրանց սաները:

Հաջորդ առավոտյան հրաժեշտին, Անդրանիկ Այվազյանը արաբերեն ինչ-որ բան ասաց մեր թարգմանչին:

-Նա ինձ ասաց, որ ձեզ անպայման տանեմ Ռաս Էլ Այն: Դա մեր երթուղուց շատ է հեռու, բայց խոստացա, քանի որ ինքս էլ էի մտադրված…

1915 թվի ամռան վերջերին Տեր-Զոր անապատի այս տարածք հասան Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր վայրերից քշված տասնյակ հազարավոր աքսորյալներ: Քանի որ թուրք զինվորները ֆիզիկապես ի վիճակի չէին կոտրելու բոլորին, նախապես խլել էին նրանց մոտ եղած սննդի ու ջրի աղքատիկ պաշարները` զարհուրելի ոճրագործության մեջ իրենց դաշնակից դարձնելով նաև «բնական» մահերի անխուսափելիությունը:  Այստեղ` Ռաս Էլ Այն քաղաքի շրջակա այս տարածքում, օրեր շարունակ մոլեգնում էր եղեռնը: Փրկվեցին հատուկենտ մարդիկ, հիմնականում երեխաները, որոնց փախցրեցին ու ապաստանեցին բեդվինները: Նրանք էին, որ հետո դարձան, այսպես ասած, հայ բեդվիններ: Եվ մի քանի տասնյակ այս վայրերում գոյատևելուց հետո կամ կործանվեցին, կամ լքեցին գերեզմանոց-անապատը` հեռանալով Արևելքի այլ տարածքներ:

Ուզո՞ւմ եք ոսկորներ գտնել,-  հարցնում է թարգմանիչը: — Դրանցից այստեղ որքան ասես սփռված են:

-Ոչ, սիրելի արաբ եղբայր, չենք ուզում, թող հանգչեն հանգիստ,- փորձում եմ ասել, բայց որևէ բառ արտաբերելն անհնարին է: Մնաս բարով. Ռաս էլ Այն. զարհուրելի վայր: Այլևս երբեք ես չեմ այցելի քեզ: Չէ՞ որ մեկ այցելությունն էլ լիովին բավական է ամբողջ ամբողջ կյանքում չմոռանալու համար…

Իգնատ Մամյան

22.01.1999

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s