3.Անապատ և արմավենի

Վաղ առավոտյան հրաժեշտ ենք տալիս Հալեպին: Մնաս բարով, արևելքի հին ու սքանչելի քաղաք, տա Աստված, որ կյանքում գոնե մեկ անգամ էլ բախտ ունենամ միջնաբերդիդ բարձր աշտարակից նայելու հավերժական քո պատկերին:

Գնում ենք Դամասկոս: Ես ո՞ վ եմ, իմ ի՞ նչ գործն է, բայց խանդում եմ, որ Սիրիայի մայրաքաղաքը Դամասկոսն է և ոչ Հալեպը: Բեյրութից այնտեղ է գալու նաև Հայաստանի գրողների միության նախագահ Հրանտ Մաթևոսյանը, և միասին հանդիպելու ենք Սիրիայի առաջադեմ գրողներին, գրական առաջնորդին` կնքելու ստեղծագործական համագործակցության պայմանագիր:

Երբ Տեր-Զոր էինք գնում, գնում էինք դեպի ողբերգական ամայություն: Հիմա հակադիր ուղղությամբ գնում ենք դեպի մեծ աշխարհ ու եռուն կյանք,- փիլիսոփայում է Ղասան Քաչոն:

Հոմս արդյունաբերական քաղաքի մոտ Հալեպ-Դամասկոս ճանապարհը կիսվում է: Այստեղ գործում է ժամանակակից հարմարություններով քարվանսարա` կայանատեղի, ռեստորան, հյուրանոց և այլն: Մենք ժամանակ չունենք, ոտքի վրա թեթև նախաճաշում ենք և շարունակում ճանապարհը: Դամասկոս մեծ քաղաքը չունի այն տաք գրավչությունը, որ առաջին պահից համակում է անծանոթ այցելուին: Մարդիկ էլ իրենց վարվելակերպով մի տեսակ չոր են ու կոշտ, քեզ նայում են եթե ոչ որպես թշնամու, այլ առնվազն որպես ոչ յուրայինի, հույժ հնարավոր օրինախախտի: Երևի մեծ քաղաքների բնույթն է դա, որ շատ լավ զգացվում է հատկապես հյուրանոցներում ու ռեստորաններում:

Damask

Հայաստանի դեսպանատունը չի խառնվում մեր գործերին, մենք Սիրիայի գրողների միության հյուրերն ենք, նրանք էլ պարտավոր են հոգալ մեր կարիքները: Մեր հյուրընկալները չեն էլ թողնում, որ մենք որևէ բանի կարիք զգանք, պարզապես դեսպանատան աշխատակիցների վերաբերմունքն է չափազանց սառն ու օտարոտի: Հալեպի հյուպատոսարանում զգացի ճիշտ հակառակը: Ինչ արած, երևի միշտ այդպես է լինում, երբ ազգային կարևոր հիմնարկներում տեղ են գտնում կոսմոպոլիտիզմով տառապող  քաղքենիներ: Ինչևէ: Նրանցից ոչինչ մեզ հարկավոր չէ, մեր թարգմանիչ Ղասան Քաչոյին սաղ ունենաք: Ահա ներս է մտնում հյուրանոցային համար և հայտարարում.

— Հրանտ Մաթևոսյանը դեռ չի ժամանել: Սիրիայի գրողների միության նախագահ Ալի Ուկլա Ուրսան ձեզ հրավիրում է ժամանակ անցկացնելուԴամասկոսի ամենաէկզոտիկ սրճարանում:

Ինչպես Հալեպում, այստեղ էլ փողոցները հեղեղված են ավտոմեքենաներով: Մի քանի  րոպե դիտելով կարող ես տեսնել աշխարհի բոլոր նշանավոր ու աննշան ֆիրմաների արտադրանմուշները` 60-70 տարեկան «Կադիլակից» մինչև մի քանի օր առաջ կոնվեյերից իջած շքեղ «Ռոլս ռոյսը»: Ես ուղղակի խղճում եմ մեր վարորդներին, որ, թվում է, գերլարումից հևում են ավտոհեղեղի մեջ: Բայց նրանք լավ գիտեն իրենց գործը: Կանգ են առնում ծանր կողպեքավոր ինչ-որ արգելափակոցի առջև: Գրողների միության՝ մեզ ուղեկցող ներկայացուցիչն ինչ-որ բան է ասում արաբ ոստիկանին, և վերջինս բարձրացնում է ուղեփակոցի շերտավոր ձողը: Նույն բանը կրկնվում է ևս երկու անգամ, և մեքենաները կանգնում են:

Մնացածը ոտքով,-ասում է Ղասանը: -Այստեղ` քաղաքի բուն կենտրոնը, արգելոց է, պատմական հուշարձան-տարածք:

Բարձր ու թանձր պարսպապատեր, միմյանց հաջորդող թանգարան-տաճարներ- մզկիթներ ու մինարեթներ: Անթիվ դարերի հզոր շնչառությունը կլանում է քեզ, թվում է` պիտի տարրալուծի իր մեջ, խառնի պատերի հազարամյա շաղախին ու հինավուրց որմնապատկերներին: Երկար իջնում ենք ինչ-որ կիսամութ աստիճաններով, հասնում դրվագապատ երկաթե մի դռան: Այն մեր առջև բացում է արաբ պատանին, ուղեկցում ներս: Ահա և Դամասկոսի ամենաէկզոտիկ սրճարանը, որն այնպես, ինչպես տեսնում ենք, եղել է դեռևս յոթ հարյուր տարի առաջ: Մեղմ-ոսկեգույն լույսի մեջ թախտին ծալապատիկ նստած, արտակարգ գեղեցիկ դեմքով մի արաբ տղա չոնգուր է նվագում: Նա երգում է, և ձայնը նման է Միջերկրականի ջրերի ալեբախությանը, անապատների քամուն, հնավանդ տաճարների լռությանը:

Այս տղան իրենց էպոսի միջից է թռել,-չի համբերում Արմեն Շեկոյանը:

Հին գորգերով ու կարպետներով զարդարված պատեր են, մութաքաներով թախտեր, թանգարանային սրեր ու հրացաններ, որոնք մի օր անպայման գործել են, և քաղցր թմբիրի ու անզգայության մատնող այլ պատկերներ: Ժամանակի զգացողությունը կորցնում ես իսպառ, հայտնվում նարնջագույն ցոլքերով ողողված մի տարածության մեջ, ուր չկա հիշողություն, կորուստների ցավ, ապագայի տագնապ…

Հյուրընկալները մեզնից առաջ եկել, մեզ են սպասում:

-Ինչպե՞ ս եք զգում ձեզ,- հարցնում է արաբ գրողների առաջնորդը:

-Հիանալի,- ասում եմ ես: Այս սրճարանը հենց ինքը պոեզիան է, և հիմա մենք պոեզիայի ներսում ենք: Արևելյան հին ու չքնաղ պոեզիայի:

Չենք խմում: Արաբներն ընդհանրապես սեր չունեն խմիչքի հանդեպ: Միայն մի քանի կում, այն էլ` դեպքից դեպք, երբ իրենք են հյուրասիրում: Երկար, շատ երկար ենք մնում հին դարերի թողած արևելիքի այդ ինքնաոճ անկյունում: Արաբների էպոսից թռած տղան միայն երգում է: Ասես հազարավոր տարիներ թախտին այդպես ծալապատիկ նստած չոնգուրի լարերին խփելով երգում է, ու երգը երբեք չի վերջանալու:

*  *  *

Դամասկոսից դուրս ենք եկել և շարժվում ենք դեպի արևմուտք` դեպի Գոլանի բարձրունքները: Դեպի ավերված Գունետրա արաբական քաղաքը: Այս ճամփորդությունը կայանում է Սիրիայի գրական ավագանու ցանկությամբ: Նրանք ուզում են, որ հայ գրողները սեփական աչքերով տեսնեն Իսրայելի ռազմական ուժերի կատարած բարբարոսությունները: Ժամանակին մենք շատ ենք լսել Գոլանի բարձրունքներին տեղի ունեցող արյունալի մարտերի մասին, իսկ հիմա գնում ենք տեսնելու ավարտված-չավարտված պատերազմի նողկալի դեմքը:

Երբեմնի ծաղկուն ու բարգավաճ Գունետրա քաղաքը հիմնովին ավերված է: Կան հատուկենտ շենքեր, որոնք հիմնականում զբաղեցրել են զինվորականները: Այդ կանգուն շենքերից մեկը քաղաքապետարանն է: Ուզում են ասել` քաղաքը բարոյապես, որպես հոգևոր իրողություն, շարունակվում է: Լավ չենք հասկանում, բայց մենք էլ դեմ չենք, թող այդպես լինի: Քաղաքապետը մեզ ցույց է տալիս խաղաղ բնակչության խոշտանգված դիակների լուսանկարներ, պատմում է սահմանի այն կողմում մնացած իրենց տարածքների ու մարդկանց մասին: Համոզված պնդում է, որ երբևէ այդ վայրերը կմաքրվեն իսրայելական զավթիչներից: Գոլանի բարձունքներում տանկեր ու հրանոթներ են տեղակայված: Բարձունքների ամբողջ երկարությամբ վիշապօձի նման ձգվում է թանձր ու գալարուն փշալարը: Ամբողջ տարածքն իր ռազմատեխնիկայով ու զինվորներով վերահսկում է ՄԱԿ-ը:

— Պատկերացնո՞ ւմ եք՝ ինչ է նշանակում կիսված երկիր ու կիսված ժողովուրդ,- տառապանքով ասում է քաղաքապետը:

— Դժբախտաբար շատ լավ ենք պատկերացնում,-ասում եմ ես: Դուք պիտի որ ծանոթ լինեք հայ ժողովրդի պատմությանը:

— Իհարկե, ծանոթ եմ: Եվ գիտեմ, որ դուք լավ եք հասկանում մեզ: Ավերակներ, անվերջ ավերակներ: Կիսով չափ կանգուն պատերի վրա` արկերի ու գնդակների հարյուրավոր հետքեր: Արաբ զիվորականը մեզ ուղեկցում է մինչև գալարուն փշալարերի եզրը: Այնուհետև առաջին իսկ քայլին կրակոց կհաջորդի: Ես մի քանի մետր հեռավորությունից ուշադիր նայում եմ ՄԱԿ-ի պատանի զինվորի դեմքին: Ո՞վ է, ի՞ նչ ազգի, որտե՞ ղ են նրա հայրը, մայրը, սիրած աղջիկը: Եվ ընդհանրապես, կգա՞ մի օր, երբ վերջանան աշխարհի բոլոր  պատերազմները:

* * *

— Այդ մեկը` չէ,- ասում է թարգմանիչ Ղասանը: — Դա հնարավոր չէ, ներողամիտ եղեք:

— Քեզ համար անհնարին ոչինչ չկա, եղբայրս, դու կարող ես այդ բանն անել: Որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի:

— Փորձեմ, բայց դժվար թե համաձայնեն,- և մեր բարի, սիրելի փեսա-թարգմանիչը գնաց դեպի գրական առաջնորդի ընդունարան:

Հաջորդ օրն առավոտյան թռչելու էինք Երևան: Եվ Ղասանին խնդրեցինք, որ երեկոյան մեզ հասցնի Միջերկրականի ափը` Լաթաքիա սքանչելի քաղաքը ու նոր միայն վերադառնանք Հալեպ: Դա նշանակում է՝ ավելորդ-չնախատեսված ճանապարհ: Նախագահի  ընդունարանից Ղասանը դուրս եկավ պայծառացած դեմքով: Ասել էր, թե հայ գրողները ցանկություն են հայտնել այցելել երկրի նախագահ Հաֆեզ Ասադի զոհված որդու դամբարան, որը գտնվում է նախագահի ծննդավայր Կարդախա քաղաքում, Դամասկոս-Լաթաքիա մայրուղուց 15 կմ դեպի աջ: Հաֆեզ Ասադը ամբողջ Սիրիայի համար պաշտամունք է, իսկ  պաշտամունքը նաև սարսափ է, և Ալի Ուկլա Ուրսան, բնականաբար, ողջունել էր մեր ցանկությունը…

Այս ճանապարհին հարող բոլոր պատմական հնությունները կապված են խաչակրաց  արշավանքի, մի շարք դեպքերում` հայոց Տիգրան Մեծ թագավորի հետ: Եվ այսպիսի բաները, ինչպես ասացինք վերևում, արաբները չեն թաքցնում: Նրանք չեն գունավորում և չեն ապակողմնորոշում պատմությունը: Մենք Միջերկրական ծովը տեսանք հանգչող մայրամուտի վերջին ցոլքերը ջրերի մեջ և նրա ափերի հեռվում տեսանք Մուսա լեռը, որ  վիթխարի նավի նման սուզվում էր իրիկնամութի մեջ: Այցելեցինք, մեր հարգանքի տուրքը մատուցեցինք երկրի նախագահի որդու հիշատակին և խոր երեկոյան մտանք Լաթաքիա:

150 հազար բնակչությամբ ծովափնյա քաղաքն իր ընդերքում հայկական շատ բան ունի` գաղթ ու փրկություն, ազգային ակտիվ գործունեությամբ համակված ուժեղ ու հարատև համայնք, ազդեցիկ եկեղեցի, դպրոց ու ավանդույթ, պատմության դասերով ուսուցանվող սերունդներ: Գիտեն, որ այդպես եղել է, կար: Իսկ հիմա՞: Կարո՞ ղ ենք հիմա որևէ բան տեսնել  մեր աչքերով: Այն էլ` բացարձակ անծանոթ վայրում և համարյա կեսգիշերին: Երջանիկ  դիպվածը հյուրանոցի մուտքի մոտ մեզ ծանոթացնում է տեղացի արաբ նկարիչ Հասամ Շաքուրին: Նա ամեն ինչ գիտի քաղաքի հայության մասին: Ես նրան ասում եմ` քո երկիրն աստվածաշնչյան տարածք է: Աստվածաշնչի շատ դեպքեր այս կողմերում են կատարվել: Ճիշտ է,- ասում է նա- իսկ գիտե՞ ս ով կառուցել Լաթաքիայի առաջին նավահանգիստը: Ձեր Տիգրան Մեծ թագավորը: Շաքուրը մեզ տանում է հայկական եկեղեցի, որի շուրջը հայեր են ապրում: Փողոցի ափերին մեղմ շրշում են արմավենիներն ու սոսիները: Պատահական մի  դուռ ենք բախում: Այն բացում է մի դողդոջուն մամիկ` ես սասունցի Մարի Գալաջյանն եմ, ինձ կնքել է Խրիմյան Հայրիկը: Պատին Անդրանիկի ճերմակ ձիավորի նկարն է: Մարալ անունով հարսը սուրճ է պատրաստում: Ի՞նչ կա-չկա Երևանում: Չգիտեմ: Հերթով  համբուրում ենք Խրիմյան Հայրիկի ձեռքով կնքված Մարի Գալաջյանի ձեռքը և հրաժեշտ  տալիս: Ուշ գիշեր է, և այլևս ոչինչ չենք կարող անել: Ծովի մութ ջրով թրջում ենք դեմքներս, մի անգամ էլ նայում Մուսա լեռան ուղությամբ և շարժվում դեպի  Հայաստան:

©Իգնատ Մամյան

23.01.1999

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s