Իսկ Եգիպտոսը շատ է հեռու

Արդեն 20 տարի շիկացած մեխի նման ուղեղիս մեջ խրված է Հրանտ Մաթևոսյանի մի եզրահանգումը, թե` կռունկներից ոչ մեկն առանձին չգիտի Եգիպտոսի տեղը, բայց երամը գիտի: Եվ գրեթե նույնքան ժամանակ իմ ներսում աղետալի ճիչով թևաբախում է Ջողազի ջրամբարի խաբուսիկ հարթության վրա կործանված երամի ողբերգությունը: Նրա կռունկներից մի քանիսին ես տեսա այստեղ-այնտեղ պահպանված, գուցեև ողջ էին մնացել բոլոր կռունկներն առանձին-առանձին, բայց երամը, որպես ամբողջական կառուցվածք ու իրողություն, կործանված էր, չկար: Եգիպտոսն ինչ-որ տեղ, բնական է, կար: Բայց չկար առանձին կռունկներից և անգամ ամբողջական երամից առավել կարևորը` համախումբ ընթացքը դեպի Եգիպտոս:

Կարծում եմ` խոսքս ճիշտ սկսվեց: Վերջին տասը տարվա փոթորիկներից ցաքուցրիվ եղած գրական իմ սերունդը հաստատապես նույն ողբերգությունն ապրեց, ինչ որ` ջրամբարի վրա կործանված երամը: Որտե՞ղ են այսօր նրանք` 70-ականի սկզբներին գրական ու  երիտասարդական մամուլի խմբագրություններում ասող-խոսող իմ աղքատ և ուրախ պոետ ընկերները: Այն տղերքը, ովքեր սրճարաններում ու գարեջրատներում դատարկ գրպաններով ըմբոշխնում էին տպագրված, շարքի առաջին գրքի կամ իրենց մասին գրված գրախոսականի երանելի հաճույքը: Արուս Ասրյանի ողբն եմ հիշում Սարոյանի թատերգության բեմից` ուրուրն եկավ, զարկեց տարա՜վ…

Ուրուրը եկավ ու խփեց երամի ամբողջությանը: Սակայն որտե՞ղ էր մեր Եգիպտոսը,  որին այդպես էլ չհասանք, թեև հեռվի մշուշների մեջ կարծես թե տեսնում էինք նրա տաք, արևային բլուրները: Երամի ընդհանրական բնա՞զդը չդիմացավ փորձություններին, թե՞   խառնախռիվ ամպերի միջով այլևս հնարավոր չէր որևէ ընթացք: Վերջինը: Իհարկե` վերջինը, չնայած ճիշտ է նաև, որ այդ տարիներին գրական ուժեղ ու կայուն առաջնորդ չունեցանք: Օրերս հեռուստատեսային հաղորդավար Ռոլանդ Շառոյանը Վարդգես Պետրոսյանի ղեկավարած ժամանակահատվածը համարեց գրական կյանքի շեշտակի աշխուժացման, բուռն ստեղծագործական շրջան: Ճիշտ էր ասում, թեև այն ժամանակ էլ ամեն ինչ կատարյալ չէր: Վարդգես Պետրոսյանն ուներ իր սիրելի տղաները, որոնց համար էին նախատեսված մրցանակները, գրական ուղևորությունները, միությունում բաժանվող այլևայլ բարիքները: Ապագա նախարարի անունը նույնպես չկար այս ցուցակում: Բայց սույն երևույթը կա ամեն տեղ և բոլոր ժամանակներին է հատուկ: Այսօր էլ գրական աշխարհում առանձնացված են մի քանի անուն (և իրավամբ, և հանիրավի), և դրանք են հնչում բոլոր տեսակ գնահատումների մեջ: Ոչինչ, ողբերգություն չէ, նրանք էլ մերն են: Մանավանդ` բոլոր գրողները, պարզ է, նույն թափն ու տաղանդը չունեն: Եվ գրական առաջնորդն իրավունք ունի ոմանց ավելի շատ հավանել-ընդունելու: Առավել ծանրը, հատկապես նույն Վ. Պետրոսյանի ժամանակ, գրական ավագանու ահավոր ճնշումն էր եկող սերունդների վրա: Նրանց գրվածքի թանաքը դեռ չչորացած` տպագրվում էր թերթ ու ամսագրում, դուրս շպրտելով ջահել հեղինակների երկար սպասված շարքերը: Հետո անմիջապես` առանձին գիրք, հրատարակչական պլանից վտարելով մի քանի ջահելների: Հետո` հատորներ և այլն: Տերը նրանք էին, ամեն ինչ նրանցն էր ու երբեմն-երբեմն, թերևս հոգու փրկության համար, հանդուրժում էին տաղանդավոր մի նորեկի առաջին գրքույկի ծնունդը:

Բայց ես չեմ անիծում ոչ մեկին, նպատակս այս ամենի քննությունը չէ: Խոսքս իմ գրական սերնդի, իմ շաղված երամի մասին է: Ուրուրն եկավ, զարկեց ու ցրիվ տվեց մեզ քաղաքական հրապարակներում, պատերազմի խառնաշփոթի մեջ, սեղմեց քաղցի ու ցրտի պատերին, մեր տաղանդը դրեց կշեռքի մի նժարին, արժանապատվությունը` մյուս, և ասաց` դե այսուհետև ինչ ուզում եք, ինչ կարողանում եք, արեք: Փրկվեք կամ կործանվեք, սակայն նորից երամ դառնալու, դեպի Եգիպտոս թռչելու մասին շատ ուշ է, իզուր չմտածեք…
Որտե՞ղ է, ի՞նչ է անում  իմ ընկեր Հրաչյա Սարուխանը`

Տերևների տակ թող սերը քնի
Մոմերը հալվեն կաթիլ առ կաթիլ…

Ինչպե՞ս է ապրում, գրո՞ւմ է, արդյոք, Անահիտ Պարսամյանը, ով երեք տասնամյակ առաջ հրաշալի բանաստեղծություններով եկավ ու հաստատվեց ժամանակակից պոեզիայի մեջ:

Իսկ ես ասում եմ պոեզիան երգ է,
Եվ տառապանքի հիմնը աշխարհի,
Ծաղիկ ես քաղում, տեսնում ես վերք է,
Վերքն ես շոշափում` դառնում է ծաղիկ…

Ո՞ւր մնացին տաղանդավոր գրականագետ Դավիթ Գասպարյանի հրաշալի  հոդվածները ներկա պոեզիայի մասին (թե՞ չկա այդ պոեզիան…): Նույնպես տաղանդավոր, երիտասարդ քննադատ Սարգիս Փանոսյանը մահացավ և մեզնից շատերին ցուրտուխավարի միջով բոթը չափազանց ուշ հասավ:

«Գարունի» ընթերցողները հիշո՞ւմ են Գագիկ Դավթյանին, որը հիմա ո՞վ գիտե` ինչպիսի՞ օրեր է մթնեցնում իր հեռավոր Կապանում:

Իմ սերնդից քչերն են մնացել ջրի երեսին, և ոչ թե զուտ տաղանդավորները, այլ առավել` տիրավորները: Վերջերս Ծաղկաձորի ստեղծագործական տանը գրողների մի խմբի (չէի ասի` բացառապես ընտրյալների) հետ հանդիպման ժամանակ հանրապետության նախագահը խոստացավ ինչ-որ գրական մրցանակներ ապահովել: Դա փրկություն չէ, ինքնախաբեություն է: Մանավանդ որ այժմվանից կարող ես գուշակել, թե ովքեր են ստանալու այդ մրցանակները: Ջրի երեսին մնացածներից ոմանք: Հատակ սուզվածները ի՞նչ են տալիս, որ ինչ գնահատվեն: Բայց ում էլ տան` մերն է, մեր տնից է, ու բոլորը` կարիքավոր: Ես ոչ մեկին դեմ չեմ: Բայց դեմ եմ, որ բարձր ու իսկական արժեքը մնա ստվերում: Ֆրունզիկ Կիրակոսյանը բնագրից թարգմանել է իսպանացի գնդակահարված բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի ստեղծագործությունները: Թարգմանել է հրաշալի, շատ ավելի լավ, քան մինչև հիմա եղածները: Ինձ առաջարկվեց հնարավորին չափ շուտ խմբագրել այդ գիրքը, իբր շտապ էր տպագրվելու: Հիացմունքով ու պատասխանատվությամբ մի քանի գիշերվա ընթացքում խմբագրեցի: Այնուհետև մի շարք արժանավոր ու անարժան գրքեր տպագրվեցին, բայց հիշյալ ձեռագիրքն այդպես էլ մնաց դարակներում: Ինչո՞ւ: Որովհետև  թարգմանիչը ոչ մեկի սիրելին չէ՞ր: Երկու տասնամյակ առաջ Սասունիկ Թորոսյանը  «Ավանգարդում» գրեց «Աշխարհում ոչ մի բան այնպես իր տեղում չէ, ինչպես ցորենի հատիկը  շեղջի մեջ»: Հետո ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց, չէ՞ որ ցորենի հատիկի ճշտությամբ ինքն  մտել գրական շեղջի մեջ: Իմ ցավը նրա համար է, որ այժմ այդ հարցը ոչ ոք չի տալիս Սասունիկ Թորոսյանին: Եվ ոչ միայն նրան: Թե՞ պատասխանեմ, ցավալիորեն պարզ է… Գրող և  ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը վավերագրական հրաշալի գիրք գրեց նորագավիթցի մի խումբ կամավորականների հերոսական նահատակության մասին: Գրեց ականատեսի վկայությամբ, հիանալի տաղանդով: Եվ ապշելու բան էր, որ այս թեմայով գրված ստեղծագործությունների մրցանակակիրների ցուցակում Հովիկի անունը չկար: Աններելի էր: Բայց դա էլ ոչինչ, այստեղ առավել անհանգստացնող բան կա: Ղարաբաղյան շարժման ու պատերազմի մասին գրքույկները հեղեղել են գրաշուկան: Եվ շատ վատ բան է կատարվում: Հիմնականում անհայտ հեղինակները գրում են զոհվածի մասին` առաջնորդվելով զուտ իրենց ներկայացվող պատումներով, չխնայելով ամենահերոսական երանգները: Գրում են սենյակում նստած` նույնիսկ չայցելելով այն հնարավոր վայրերը, որտեղ զոհվել է գրքի հերոսը: Բոլոր նահատակները սուրբ են, հայրենիքի համար զոհվելն ինքնին անմահություն է: Բայց կան, ասենք, պատահական գնդակից կամ սովորական փոխհրաձգության ժամանակ ընկածներ, և կան հեթանոս Գագիկի, Գարիկ Շառոյանի և այլոց նման մահվան աչքերին նայելով զոհված հրեղեն տղերք: Համահարթեցումն անթույլատրելի է, և դա պահանջն է ոչ թե իմ, այլ պատմության, որն անողոք է հիշատակների անմահացման իր սկզբունքի մեջ: Գիտեմ, որ նուրբ ու ցավոտ խնդիր է, ինքս էլ, գուցե, լավ չեմ հասկանում ասածս: Բայց գիտեմ, որ մեծն պատմությունը գեղեցկաբառ հավելագրումներ չի ընդունում: Հրաշալի է, որ մենք վերջապես  ազատվել ենք գրաքննության մկրատներից, սակայն այս բնույթի գրքերը, իմ համոզմամբ,  հրատարակվելուց առաջ պետք է ճշտվեն ու չափաբերվեն իրազեկ անձանց ու կազմակերպությունների կողմից: (Ի դեպ, չորրորդ տարին է` ես գիրք եմ գրում Գարիկ Շառոյանի մասին, բայց դեռ չեմ շտապում, անընդհատ ճշտում եմ` հանուն հենց իր հերոսական հիշատակի…):

«Կյանք է, պիտի ապրվի»  (Ֆելիքս Մելոյան), բայց ինչպե՞ս ապրվի: Իմ երամը տեղ  չհասավ: Գոնե կարգին չիմացանք Եգիպտոսի տեղը: Բայց ուրիշ բանի մասին եմ մտածում` ի՞նչ է այն ահավոր անդունդի անունը, որ գոյացել է գրողի (եթե ոչ գրականության…) և ժողովրդի արանքում: Դեռևս, մի քանի տարի առաջ մեր կողքին գտնվող մի շարք անվանի գրողներ այսօր չկան ու կարծես թե չեն էլ հիշվում: Մեղավորը հիշյալ անդունդն է, որի անունը ես չգիտեմ: Իմ երամը Եգիպտոս չտեսավ: Իսկ հետո եկող սերո՞ւնդը: Կհասնի՞ արդյոք:  Այնտեղ ես տեսնում եմ ջահել, ուժեղ թռչուններ, բայց երամ դեռ չկա, երամ չեմ տեսնում:  Հետո` երամի յուրաքանչյուր թռչուն պետք է կռունկ լինի: Քանզի կռունկների երամ է: Թող այն կայանա` այսօր, վաղը, մյուս օրը: Երբեք ուշ չէ: Միայն թե չփորձի երկինք բարձրանալ ինչ-ինչ մրցանակների, հեշտությամբ տպագրվող իրենց գրքերի, առավել հեշտությամբ շռայլվող գովասանքների պարգևած թղթե թևերով: Մեղք է: Իսկ Եգիպտոս հեշտ չեն հասնում, Եգիպտոսը շատ հեռու է:

Իգնատ Մամյան
«Հայաստանի Հանրապետություն», 25.11.1998

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s