ՄԻ ԳԻՇԵՐՎԱ ՃԱՄՓԱ

Մտորումներ. ՄԵՐ ԱՅՍՕՐՆ ՈՒ ՎԱՂԸ

Ես հիշում էի ծխացող վերքերը կանաչ սարի կողերին, իրիկնամուտի վերջին լույսը ուսուցչի և նրա երեք աշակերտների թարմ շիրիմների վրա, և ուղեղես տանջալի անորոշությամբ կեղեքում էր նույն հարցը` իսկ հետո՞, ի՞նչ է լինելու հետո, ու՞ր է հասցնելու մեզ գեղեցիկ նահատակությունների ու շքեղ թաղումների այս պատկերաշարը:

Դատարկ մայրուղու ձախ ափին Սևանն էր, իսկ աջից ուղեկցում էին ցուրտ ու խավար արտաշնչող գորշ, վայրի բլուրները: Հեռվում ծփացող հատուկենտ աղոտ լույսերը փորձում էին մի բան փրկել այս կողմերի երբեմնի ուրախ կյանքի անցյալից ու չէին կարողանում. լուսինն արյունոտ էր սարերի վրա: Ջիվան անունով ճամբարակցի ներկարարը, ով ինձ հետ գնում էր դատարկ ճանապարհով, ասաց.

-Մեր թշնամու առաջնորդն իր բարբարոս ցեղին խոստացել է կեղտոտ ոտքերը լվանալ Սևանի ջրում: Էդպիսի բան չի լինի, չէ՞:

-Իհարկե՛ չի լինի: Ինչ` ինչ, բայց հայերս գիտենք պաշտպանել մեր հայրենիքը:

-Հայերս… Լավ ես ասում, բայց դա էնքան էլ ճիշտ չէ, ոչ թե ընդհանրապես հայերս, այլ մեր մի մասը: Ես պատմությունը լավ չգիտեմ, սակայն հիմա նայում եմ շուրջս ու տեսնում, որ էդպես է:

Ջիվան անունով ներկարարը ճիշտ էր ասում: Եվ դրա մասին պետք է լինի այսօրվա մեր ամենալուրջ, ամենածանր, ամենացավոտ խոհը: Եվ պիտի խորհենք իրար աչքերի մեջ նայելով, քանզի շփոթ ու վախվորած պահվածքներով հայրենիքի պաշտպանություն չի կազմակերպվի:

Հայրենիքը պաշտպանում է ժողովրդի մի մասը, մնացածը միտինգային աղմկարարներ են, քաղաքական շառլատաններ, հայրենասիրության գահերի ձգտող շաբաշչի բարեգործներ կամ հոգս ու կարիքից խեղդվող մի կողմ քաշվածներ, որոնք գուցե տվայտում են իրենց ներսում, բայց ի զորու չեն խառնվելու պաշտպանության կռիվներին: Դրանք այն մարդիկ են, ովքեր ուզում են, բայց չեն կարողանում: Կան նաև այնպիսիները, ովքեր պատրաստ են զոհաբերության, սակայն պայմանով, որ դա լինի ազգի աչքի առջև և կասկած չունենան, թե իրենց կյանքի ու գործի մասին բարձրաձայն խոսվելու է եռագույն դրոշի ծփանքի ներքո: Այլապես չեն գնա:

Ընդհանուր առմամբ հայրենիքի հիմնավոր պաշտպանը երիտասարդությունն է, դա բնականոն է և օրինաչափ: Մեր երիտասարդության որ տոկոսն է այսօր սահմանի վրա կամ Արցախի լեռներում: Չնչին տոկոսը: Եվ, չնչին բացառությամբ, նրանց մեջ չես գտնի մեծահարուստի որդու, իշխանավորի ժառանգի, քաղաքական ճառասացի հետնորդի: Որպես օրենք, առաջին գծում կռվում են հասարակ աշխատավոր մարդկանց զավակները, ովքեր ծնողներից երբևէ ճռճռան խոսքեր չեն լսել հայրենասիրության մասին: Ինչն է պատճառը, ինչո՞ւ է այսպես: Ինչպես է լինում, որ ահա զորակոչ է հայտարարվում և զինկոմիսարիատների առջև հավաքվում են դարձյալ հասարակ-աշխատավոր մարդկանց երեխաները, որոնց ավագ եղբայրները վաղուց կռվում են սահմանների վրա կամ Արցախում: Որ նախարարի զավակն է այսօր հերթապահության գնում սահմանային ուղեկալ, որ ձեռնարկատերն է տվայտում Շահումյանի սարերում անհայտ կորած որդու ճակատագրի համար…

Բայց հասարակ-աշխատավոր մարդն էլ իր զավակին զուռնա-դհոլով չի ճանապարհում կռիվ: Չի ուզում ուղարկել: Որովհետև, ասում է, կարգին զորավարժություն չկա, զենքի ու ռազմավարության ուսուցում չկա` երեխաները ռազմադաշտ են մտնում առանց պատերազմի մասին պատկերացում ունենալու: Եվ պարզ է, թե ինչ է լինում: Նուբարաշենի զինվորական մասի դարպասի մոտ ես տեսել եմ պատանի զորակոչվածների, որոնք ճաղերի արանքով փող էին պարզում անցորդներին` խնդրելով հաց բերել մոտակա խանութից…

Չշեղվենք նյութից: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով հայ երիտասարդության մի մասն է ընդգրկված հայրենիքի պաշտպանության գործում, մնացածների հոգեբանության վրա ոռնում են գռփողական վայելքի անսանձ քամիները: Մի մասը կռվում է ու նահատակվում, և թեթևամիտ, վայրիվերո հաղորդումներով օր մթնեցնող մեր հեռուստատեսությունը գոնե շաբաթը մեկ ժամ չի հատկացնում նոր զոհերի հիշատակին: Իսկ մեծամասնությունը առևտրի խելագար մոլուցքի մեջ է, կամ շքեղ ավտոմատներից փողոցներում կրակելով, սպանելով ու սպանվելով (երկու դեպքում էլ զոհը նույնն է) շարունակում է իր անբարո, դատարկ, անհսկում կյանքը: Վասիլ Բելովը կասեր` էս է…

… Հեռվում ծփացող հատուկենտ լույսերը փորձում էին մի բան փրկել այս կողմերի երբեմնի ուրախ կյանքի անցյալից ու չէին կարողանում:

-Կեսգիշերի էս խավարում մեզ ոչ մի մեքենա չի վերցնի, -ասաց իմ ուղեկից  Ջիվան անունով ներկարարը: -Երևի պիտի մնայինք Թոխլուջայի կիսակայարանում:

Երեք ժամ առաջ Շորժայի ճամփաբաժնից մենք ոտքով ճանապարհ ընկանք համընթաց մեքենայի հույսով ու սխալվեցինք: Մութը կոխեց, ամայի ճանապարհի վրա մենք շատ նման էինք կասկածելի բախտախնդիրների, որոնցից ամեն օր զգուշացնում են  ավտովարորդներին: Ավելի քան տասնհինգ կլիոմետր արդեն եկել էինք և գոնե չհանդիպեց մի հանգրվան, ուր ապաստանեինք մինչև առավոտ:

Եվ հանկարծ ոլորանի ետևից երաժշտության ձայն հասավ մեզ: Կյանքի ձայն, որ թեև անճաշակ վերիվարումներով, բայց դատարկ, անսահման գիշերվա մեջ հնչում էր որպես փրկող մխիթարություն: Հետո տեսանք լույսերը և նրանց տակ կանգնած փայփլուն ավտոմեքենաներ: Մի բաժակ ջուր ու մի տուփ ծխախոտ ճարելու հույսով մոտեցանք:

-Ովքե՞ր եք, ի՞նչ եք ուզում, — սրահից աքլորաբար ընդառաջ ելավ 22-23 տարեկան մի  ջահել:
-Ողորմություն չենք խնդրում: Ջուր ենք ուզում խմել և ծխախոտ գնել:
-Չեք կարող: Այստեղ միայն հատուկ մարդիկ մուտք ունեն:

Ներս նայեցի` տեսնելու, թե ինչ կերպարանք ունեն նրա ասած «հատուկ մարդիկ»: Լակոտներ էին, ամենաշատը քսանհինգ տարեկան տղաներ ու աղջիկներ, որ լպիրշ, վայրենի աղմուկով պարում էին ոռնացող երաժշտության ներքո: Կասկած չկար, որ բոլորն անխտիր հարբած էին ու, հավանաբար,  «հաշիշով օծված»:
Ջիվանը վաղուց էր տանջվում ծխախոտի պակասից, փորձում էր ներս մտնել:

-Հետ գնա, այ ընկեր, հեռացեք էստեղից, — կուրծքը ցցեց մեզ դիմավորած ջահելը: Ներսից մի քանիսը նկատեցին, դուրս եկան: Տհաճ, մեզ համար ոչ խոստումնալից պատմություն էր սկսվում:

-Հանգիստ, տղաներ, -ասացի,- նա ձեր հոր տարիքին է:

Բութ, շաղված հայացքներով նայեցին ինձ:
-Մեր հայրերն էլ իրավունք չունեն էստեղ գալու, թողեք-հեռացեք:
-Հիմա կգնանք, միայն մի բան էի ուզում հարցնել:
-Ի՞նչ, -օրորվող ընկերուհու մեջքը գրկած առաջ եկավ մի լակոտ:
-Ձեր ռեստորանն հեռու չէ սահմանային կռիվների տարածքից: Չե՞ք վախենում արկի բեկորները հասնեն ձեզ:
-Մենք ոչնչից ու ոչ մի բանից չենք վախենում, հեռացեք էստեղից:
-Համենայնդեպս, մահը ծանր բան է:
-Մենք մահվան մասին չենք մտածում: Մենք կյանքի զավակներ ենք: Գնացեք:

… Ուզում էի ավելացնել, որ նախորդ օրը Վահան գյուղում իրենց ուսուցչի հետ զոհված երեք տղաները ճիշտ նրանց տարիքի էին, բայց լռեցի: Դա ամայի գիշերվա մեջ սենտիմենտալ և նրանց բութ դեմքերին` անիմաստ կհնչեր:

-Ես ձեր… Տեսնես ո՞ւմ լակոտներն են, -ասում էր Ջիվանը:
-Կռիվ, հայենիքը դեռ մի կողմ, բա սրանց ծնողները չե՞ն ասում, թե էս ժամին ուր են մեր աշխարհ գցածները: Վազգեն Սարգսյանի տեղը ես լինեի` սրանց նման բոլորին ըսենց լրբավայրերից մի գիշերվա մեջ հավաքեի, քշեի սահման:
-Նրանք էլ սահման պաշտպանեցին, դու էլ քեզ ապահով զգացիր, երկրորդ հարկն էլ է՞ ռեստորան:
-Կարծեմ չէ, երկրորդ հարկը նրա համար է, որ կերուխումերից հետո բարձրանան էնտեղ…

Շրջակայքում մի քանի տասնյակ կիլոմետր շառավղով չկա բուժկետ, միլիցիայի հսկողություն, օրենք ու օրինակություն հիշեցնող որևէ բան: Թվում էր, թե լկտի, անծնող ու  անհայրենիք այդ լակոտների որջը իրիկնամուտի հետ դուրս է մղվել լեռան կողմից և լուսաբացին իր ամեն ինչով կրկին հետ է քաշվելու խորքը` ճանապարհի անցորդներին թողնելով բավարար ինքնագոհության անցավ ընթացքը:

-Էս է մեր ջահելությունը: Ճիշտ ես ասում, սրանցից ի՞նչ հայրենիք պաշտպանող:

— Բայց լավերն էլ շատ կան…

Իհարկե, լավերն էլ շատ կան: Երակների մեջ հրեղեն արյուն, նահատակության լույսը ճակատին նրանք կռվում են Հայաստանի ու Արցախի համար, նրանք զոհվում են և, եթե որևէ կուսակցության չեն պատկանում, հաճախ անունն անգամ չենք լսում: Հավանաբար … մեր բազմափեղկված բարոյականությունը դա պարտադիր բան չի համարում: Ամոթ է: Եվ, բացի ամոթը, մենք մեր այս ապերախտ հոգեբանությամբ դժվար թե կարողանանք ազգային հարկավոր բանակն ստեղծել ու պահել:

— Էս է մեր ջահելությունը: -Դառնորեն կրկնեց Ջիվանը` անմխիթար հույսով շրջելով մութ մայրուղու հեռուները:
Եվ ավտոմեքենայի լույսեր երևացին: Եվ այդ մեկը, մեր կողքով ատնարբեր անցած հարյուրավոր մեքենաներից այդ մեկը պիտի կանգներ: Փոքր ավտոբուս էր:

-Ի՞նչ եք անում էս ամայի տեղերում,- հարցրեց երիտասարդ վարորդը:
-Ռեստորանում խմում էինք…
-Չեմ հավատում, լուրջ մարդիկ եք երևում:

Երկուսն էին, Գնել անունով վարորդը և տարեկից ընկերը, որի անունն Աշոտ էր: Գալիս էին սահմանային տարածքից: Պարզվեց, որ ես ու ներկարար Ջիվանը գիշերային մայրուղու միակ անմիխիթար ճամփորդները չէինք: Բենզինն սպառած մի «ժիգուլի» հրաշքի էր սպասում (հիմա ով է ում բենզին տալիս): Գնելն ու Աշոտը տվեցին: Ջիվանը պետք է իջներ, որպեսզի ոտքով հասներ Գագարին ավան: Գնելը թեքվեց մայրուղուց, նրան հասցրեց հարազատ տան շեմը: Հետո մինչև Երևան դարձյալ երկու մեքենայի բենզին տվեցին և ամեն անգամ, երբ փորձում էին նրանց հատուցել փողով, մի խոսք էին ասում` պետք չէ, մարդ ենք, ի՞նչ է եղել…
Գնել և Աշոտ: Ազգանուն, հասցե -ուրիշ ոչինչ, չիմացա: Երևան հասնելիս ակամա Ջիվանի խոսքը կրկնեցի`
-Էս է մեր ջահելությունը:

Բայց, իհարկե, տրամագծորեն հակառակ իմաստով: Ու հիմա, օրեր անց, հայ մարդու  ներքին բախումներից տվայտելով դեռ խորհում եմ` իրոք, ո՞րն է մեր ջահելությունը, է՞ս, թե էն…

Եվ հարցի պատասխանը ժամանակն է տալու: Եվ քանի գիշերվա ճամփա պիտի անցնենք մինչև պատասխանին հասնելը…

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
«ԵՐԿԻՐ ԱՎԵՏՅԱՑ», N 13 (37) 1992

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s