ԱՐՅՈՒՆՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆՏՐՅԱԼԸ

ԳՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

meterhemՖիդայությունը հոգու պարտք է: Անշուշտ: Բայց դժբախտաբար այն ավելի շուտ և ավելի հաճախ մնաց միայն խոսքի սահմաններում: Եվ մենք անգամ մեզ նեղություն չտվեցինք գոնե խորապես ընկալելու, ընդունելու այն հայ նվիրյալների կյանքն ու գործը, ովքեր հստակ համոզմամբ գնում էին մահվանն ընդառաջ` փառքի ու հերոս դառնալու ակնկալություն չունենալով: Նրանց ուղեկիցը դարձավ Հայաստանի ազատագրության պայքարին, Հայ դատին անմնացորդ նվիրվելու պատգամը:

Մարդիկ, որոնց հրաշալիորեն բնութագրել է Հայ Հեղափոխական Դաշնակցության գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը. «…Ես շատ սերունդներ տեսա տարբեր վայրերու մեջ, բայց այդ սերունդին համն ու հոտը տարբեր էր, ինչպես Արտամետի խնձորինը, թեկուզ մեջը որդ ընկած լինի… »: Դաժանորեն շատ երկար տևեց պատմության այն ժամանակահատվածը, երբ խարխափում էինք խավարում` երևակայելով պայծառ արշալույս, երբ պատմության հատորներ էինք սերտում` երևակայելով, թե ազգային դպրոցում ենք ուսանում: Մինչդեռ մեր ազգի պատմության ամենափառահեղ էջերը վանվեցին մեզանից, ազգի իսկական հերոսները ներկայացան գլխիվայր: Ո՞ւմ ճակատին է այս խարանը: Ո՞վ գիտի: Կամ ով է այնքան ազնիվ խոստովանելու, մեղանչելու, որ գոնե մտածենք ներելու մասին:

Ինչևիցե: Նորից ասենք «Փառք Աստծո», մխիթարվենք, որ եղել ու կան մարդիկ, որոնք հոգու պարտք համարեցին եկողներին պատմելու հայ ազգային-ազատագրական շարժման հերոսների, քաղաքական գործիչների մասին, ովքեր սերունդներ դաստիարակեցին: Եվ մենք` այսօրվա ապրողներս, ինչ-որ առիթով հնարավորություն եթե ունենք հաղորդակցվելու այդ հերոսական դեմքերին ու դեպքերին, պարտական ենք նրանց, որոնց ջանքերով, կարելի է ասել, դժվար մաքառումներով մեզ է հասցվել հարուստ գրականություն: Հատկապես արտերկրյան դժվար պայմանների մեջ գործող սփյուռքահայ գործիչներին, հատկապես Հ.Հ. Դաշնակցություն կուսակցությանը, որ հավատարմորեն կանգնեց ազգային եռագույն դրոշի կողքին` համոզված լինելով, որ կգա հատուցման օրը:

Ինձ տարօրինակ չթվաց, երբ լսեցի, որ մեր շնորհաշատ բանաստեղծներից Իգնատ Մամյանն արձակ գործ է ձեռնարկել` գրում է վիպակ հայդուկային շարժման երևելիներից Սարգիս Ծովանյանի (Սևքարեցի Սաքոյի) մասին: Մեկը այն շատերից, որը որդեգրվեց հայրենիքի փրկության գործին, առաջին իսկ օրից մինչև կյանքի վերջը հրաշալիորեն գիտակցելով «իմացյալ մահվան» գաղափարը, հավատարիմ մնաց իր երդմանը: Այո, հիմա, երբ ընթերցողի ձեռքին է «Մեթերհեմ բանտի կալանավորը» վիպակը, թող չզարմացնի Իգնատ Մամյանի բանաստեղծության գնահատողներին, քանի որ բանաստեղծություններում էլ պոռթկում կա, չհագեցված ոգու կորով, մարդուն ամուր պահելու կամք: Իսկ այդպիսի պոեզիա ստեղծող բանաստեղծը, բնականորեն, կարող էր մղվել ազնիվ մի գործի` որպիսին ֆիդայու կերպար ստեղծելն է:

Վիպակի հենքը իրական պատմություններն են Սարգիս Ծովանյանի մասին, որոնք հեղինակը քաղել է ստույգ աղբյուրներից: Պատմական ճշգրիտ փաստերի հիման վրա Մամյանը ստեղծել է գեղարվեստական մի գործ, որտեղ հստակ տեսնում ենք հայ մարտիկին` թե՛ որպես գաղափարի կրող, թե՛ որպես խիզախ ոգի: Առաջին հայացքից պարզ ու համեստ սյուժե է թվում: Սևքարեցի Սաքոն հերթական առաջադրանքը կատարելիս բռնվում է և բանտարկվում: Իսկ հետո հերոսի հիշողություններով մեր առջև կամաց-կամաց բացվում է հետաքրքիր մի աշխարհ` հարուստ դեպքերով: Այդ ֆոնի վրա դեմ հանդիման կանգնում է հայ հերոսը, որի կյանքի յուրաքանչյուր էջ երբեմն առեղծվածային է թվում:

Սևքարեցի Սաքոյի և վիպակի մյուս կերպարների մասին նույն զսպվածությամբ, առանց գեղեցկաբանությունների պատմում է Իգնատ Մամյանը: Հանգամանք, որով ընթերցողը ավելի հավատավոր է դառնում, ավելի իրատես ու կապվում, սիրում այդ մարդկանց: Վիպակից մենք տեղեկանում ենք Ծովանյանի կյանքի բազմաթիվ հերոսական էջերին, որոնք անշուշտ կարիք չկա վերապատմելու:

Յուրաքանչյուր կերպար թերի է, եթե այն չի ներկայացվում որպես գաղափարակիր: Թե Գևորգ Չաուշի, թե Նժդեհի, թե Արաբոյի կերպարները կիսատ կներկայանային մեզ, եթե չիմանայինք նրանց գաղափարական համոզմունքը: Հուսանք, որ այսուհետև ինչպես գրքի հեղինակը` Իգնատ Մամյանն է ասում «…Անցյալի մասին մեր ամեն խոսք հնչի ազատ ու անկաշկանդ, ամենայն ճշմարտությամբ, քանզի ամեն ժողովրդի կենաց ծառ բարձրանում է նրա պատմությունից»:

Այո, գետերը զուլալվել են ուզում, իսկ եթե ոչ մենք, ապա ո՞վ պիտի նվիրվի այդ արդար գործին:

© ՌՈՒԶԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«ԱՎԱՆԳԱՐԴ», 01/06/1990

Advertisements

One thought on “ԱՐՅՈՒՆՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆՏՐՅԱԼԸ

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.