ԴԺՎԱՐ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

(Մենախոսություն բաց դռան միջով)

Տերևաթափի սարսռուն այդ օրը կարկամած թևերով թռչունն ինձ հաղորդեց դժվար տարածության գաղափարը:

-Բաց թող ,-ասացի ,-մենակ մնացած թռչունին վանդակում չեն պահում:
-Տերը ես եմ` չեմ թողնի:
-Թռչունի տերը երկինքն է, բաց թող ,-խնդրեցի դարձյալ:

Հետո դռնակը բաց էր, թռչունը տեսնում էր երկնքի անսահման ազատությունը և պիտի որ կարոտալի թևաբախումով սուզվեր նրա խորքը: Բայց թռիչք չեղավ, եղավ ընդարմացած թևերի թույլ, շփոթահար թափահարում ու յոթերորդ հարկի պատշգամբից նա շեղակի իջավ քաղաքային զբոսայգու թփերին: Շենքի անկյուններից մի քանի կատուներ նետվեցին դեպի նրա անկման վայրը: Չգիտենք հետո ինչ եղավ, տա Աստված, որ փրկված լինի:

Ուրեմն վանդակի ու երկնքի արանքում կա մի դժվար տարածություն, որի հաղթահարումով միայն թռչունը կարող է վերստին արժանանալ երկնային ազատությանը: Տարիների ընթացքում կարկամած թևերը վանդակից մինչև երկինք պիտի կարողանան վերագտնել երբեմնի ճախրանքների ուժն ու գեղեցկությունը, աղոտված բնազդները պիտի հստակվեն և մագիլներում արթնանա թշնամուն ծվատելու զորությունը: Ու անարդար ոչինչ չկա, երբ այս ամենին անընդունակ թռչունը կեր է դառնում փողոցային թափառիկ գիշատիչներին: Նշանակում է, նա հարկավոր չէ, արժանի չէ երկնքին ու նրա ազատությանը: Խղճահարությո՞ւն: Ոչ, գոյապայքարի համար ավելորդ են նման քնքշանքները: Օրենքը մեկն է` երկինքն իր ազատությամբ ընդունում է միայն թռչելու ունակներին, ուժեղ և գեղեցիկ թռչելու: Նրա ինչի՞ն են պետք կործանման ենթակա խեղճ ու անորոշ թևաբախումները…

Ես` հայ մարդ, հիմա նման եմ այն թռչունին, որը վանդակի նեղվածքում երկար մնալուց հետո բաց դռան միջով երկնքին է նայում: Ճախրանքի ոգին մեջս կա, բայց դա քիչ է, հարկավոր է նաև թռչելու զորություն: Սա` տագնապի ընդհանուր ապրումը: Կարելի է երկինքներից իջնել բազմաչարչար հողին և պարզապես հիշել դժվար տարածության առջև օրորվող մարդու օրինակը, երբ երկարամյա բանտարկությունից հետո նա հայտնվում է ազատության դարպասների առջև: Այստեղ դա կոչվում է տարածության վախ: Պատերի սովոր մարդը գլխապտույտ է ունենում, հողը երերում է ոտքերի տակ, նեղվածքի վարժված նրա մարմինը հաճախ անօգնական հանձնվում է տարածության քմահաճույքին և խարխուլ նավակի պես կործանվում ազատ կյանքի ջրապտույտներում:

Այո, դժվար տարածության հաղթահարումը ավելի դյուրին չէ մարդու, ազգի, ժողովրդի համար: Մենք արդեն քայլ ենք արել և այդ տարածքով գնում ենք դեպի ազատ, անկախ կյանք: Բայց ի՞նչ է դա:

-Պետք է տիրանալ միայն այնպիսի ազատության, որն ասպարեզ է տալիս ժողովրդի եռանդին, բանականությանը և բարի հատկություններին ,-19-րդ դարակեսին օվկիանոսի այն ափից մենախոսում էր ամերիկացի գրողը:

-Ձգտումը դեպի ազատություն նման է կաթսայում փակված շոգու` կարող է դառնալ վտանգավոր, երբ նրան չափազանց սեղմում են, ինչպես նաև` շատ օգտակար, երբ ճիշտ ուղղություն են տալիս ,-Հռենոսի հովիտներից արձագանքում է գերման իմաստասերը:

Երկուսն էլ թող հանգիստ ննջեն իրենց շիրիմներում, իսկ մենք խորհենք, թե ի՞նչ պիտի անենք, որ արժանի լինենք ազատությանը` ինչպես թռչունը երկնքին: Ես գիտեմ ցեղեր, որոնք ապրել ու կործանվել են իրենց ազատ տարածքներում` չտանջահարվելով այլոց խարազանների տակ: Կործանվել են իրենց միջի թշնամանքից ու չարությունից, բարբարոս կրքերից ու անիմաստ ոգևորությունից: Չեմ համեմատում, պարզապես պետք է գիտենանք այս մասին: Մեր մտահոգությունն այլ է` պատրա՞ստ ենք, արդյոք, հաղթահարելու դժվար տարածությունը, ե՞րբ և ինչպե՞ս դուրս կգանք այդ քավարանից, և արդյո՞ք տեղ կհասնենք, թե՞ մեզ կմնա բիբլիական տառապանքը…

Մռայլ է այս մտածումը, բայց ավելի քիչ վտանգավոր, քան հեշտ խանդավառությունը: Մակերեսային հուզիչ ծփանքները մեզ չպետք է խանգարեն իմանալու այն ծովի խորությունն ու ստորջրյա մրրիկների փաստը, որով ընթանում է մեր նավը: Պատրա՞ստ ենք արդյոք. հարցումը պողպատե մուրճի պես պետք է անընդհատ խփվի մեր գիտակցությանը` հարկադրելով նորից ու նորից խորհել ամեն ինչի մասին: Վերադարձ չկա: Ղրիմի թերթերից մեկը գրել էր նախկին ռազմագերի ոմն Հանս Հերմանի մասին, որը շատ տարիներ անց այցելել էր իր գերության Յալթա քաղաք և երանելի հուզմունքով արտասվել ժամանակին սեփական տանջանքով կառուցված մի շինության առաջ: Սուտ է, այդպիսի զգացմունք չկա, կամ Հանս Հերմանն է հոգեհիվանդ եղել, կամ` այդ «ցնցող» շարադրանքի հեղինակը: Ստրուկի համար չկա կարոտալի վերադարձ դեպի երբեմնի տանջավայր:

Մենք խարազանը մեջքին ստրուկ չենք եղել, բայց մեզ համար էլ չկա վերադարձ: Քայլ ենք արել ու պիտի գնանք: Սակայն ինձ սարսափեցնում է երևակայական կատարելության պատրանքը, որը բոլոր ժամանակներում եղել է պարտության սկիզբ ու հիմնապատճառ: Նա մեր մեջ կա, ու վախենում եմ, թե շատ կխանգարի մեր անհրաժեշտ մեղքաթափին և արատների գնահատմանը: Այս ճամփորդությունը մարմնի և հոգու թաքցված արատներ չի հանդուրժում, մեր ոտքի չնչին փուշն անգամ դժվար ճանապարհին կարող է թարախակալ վերք գոյացնել, իսկ մենք ի վիճակի չենք պատգարակներ կրելու: Մեր ընտրած ճանապարհով այդպիսի երթն անհնար է: Մենք պիտի անկախության հովիտները հասնենք գուցե  սարսափելի հոգնած, գուցե պատառոտված շորերով, բայց, ամեն ինչի պայծառ գիտակցությամբ, ախտ ու վարակի օջախներից մաքրված: Մեր երբեմնի ցավի բնից պիտի ծաղիկ հառնի, ոչ տատասկափուշ:  Ուրեմն հիմա, դժվար տարածության սկզբին, մեր տագնապների մասին պարտավոր ենք խոսել միմյանց աչքերի մեջ նայելով, դաժան ճշմարտությամբ:

Երկրի բախտը չպետք է փնտրել պարահանդեսային շղարշների գունագեղ ելևէջներում, կառույցների որմնախորշերի մեջ կամ քաղաքական առաջնորդների խոստումներում: Երկրի բախտի որոնումը հարկավոր է սկսել նրա տխուր մարդկանց հոգիներից: Որովհետև դա իր` հենց ժողովրդի բախտն է: Սա գրողի իմ համոզմունքն է, որն ինձ հաճախ է առաջնորդում հիվանդանոցներ ու մանկատներ, ծերանոցներ ու կալանավայրեր: Եթե ազատության հրապարակում գոնե մեկ անգամ ինձ ձայն տրվեր, խոստովանում եմ, որ չէի խոսի Արցախի մասին կամ թուրքամետ քաղաքականության դեմ: Մի քանի րոպեի իմ իրավունքով, բանի տխուր իմացությամբ կպահանջեի.

-Թող այս հրապարակից հեռանան բոլոր այն ծնողները, ովքեր երեխա ունեն մանկատանը, բոլոր զավակները, որոնց ծնողը գտնվում է ծերանոցում: Նաև նրանք, ովքեր խաչ են քաշել ինչ-որ հանցանքի համար կալանավայրերում գտնվող իրենց մերձավորի վրա: Այդ մարդիկ իրավունք չունեն խառնվելու համաժողովրդական վեհ ընթացքին: Ազգը ապերախտանոց չէ…

Այո, անձամբ ես ոչ միայն դժոխային անկախավայր, այլև դրախտ անգամ չեմ գնա այն հայի հետ, որը, առանց ողբերգական պատճառի, իր զավակին կամ ծեր մորը հանձնել է ուրիշների խնամակալությանը: Ի դեպ, նրանց մեջ շատ կան դիրք ու պաշտոն ունեցողներ, որոնց անունները մինչև այժմ չեն հրապարակվել թերթերում:

…Նուբարաշենի ուղղիչ աշխատանքային գաղութի պետն ինձ սուրճ առաջարկեց: Չհրաժարվեցի: Նա սեղմեց ներքին հեռախոսակապի կոճակը և պահանջեց երկու սուրճ: Դա, մեղմ ասած, ազատ կյանքի դրվագ էր, ու ես մտածում էի` այստեղ քարտուղարուհի չկա, կին արարած չկա, ո՞վ պետք է մեզ սուրճ մատուցի: Եվ մատուցարանին դրված երկու բաժակ  սուրճով ներս մտավ մի երիտասարդ կալանավոր: Նա ակնհայտորեն քարտուղարուհու դեր էր կատարում: Ես պետի առանձնասենյակ էի վերադարձել գաղութում շրջելուց հետո, մարդասպանների ու գողերի հետ զրույցների ծանր տպավորությամբ: Կալանավորը սուրճի բաժակներն էր խոնարհաբար մատուցում մեզ, պետը հարցրեց`ավելի շատ ինչի՞ց ես ցնցված:

-Այս երիտասարդի մանկուրտացումից ,-ասացի: -Նրա հոգու ճորտությունից, որ ֆիզիկական աշխատանք կատարելու փոխարեն գերադասել է տղամարդու համար նողկալի այս պարտականությունը և դա, հավանաբար, մեծ լավություն է համարվում ձեր կողմից:

Մեր հետագա զրույցն, իհարկե, չստացվեց:

Գիտեի, որ լինում են դուրս գրված` օգտագործման ոչ պիտանի ապրանքներ, ավտոմեքենա ու տրամվայի վագոն, շենք ու արտադրական հոսքագիծ: Եվ ուղղիչ- աշխատանքային հիմնարկների կենտրոնական հիվանդանոցում զարհուրանքով իմացա, որ լինում են նաև… դուրս գրված մարդիկ: Այո, հենց այդպես: Կա բժշկական հատուկ հանձնաժողով, որը դուրս է գրում մահացու հիվանդ կալանավորին: Ու անմարդկայինը հատկապես այն է, որ դրանից հետո էլ նրանց չի թույլատրվում վերադառնալ տուն` եթե ունեն, կամ պարզապես հեռանալ տանջավայրի սահմաններից: Նրանք մեռնում են բանտային հիվանդանոցի վանդակապատ լուսամուտների տակ, տեսնելով միայն երկինքն ու թռչուններին: Մեռնում են` հայացքները ազատությանը:

Ահա հենակներին փլված, անկենդան ոտքերը հազիվ քարշ տալով բժշկի աշխատասենյակ է հասնում դուրս գրվածներից մեկը` ժամանակին անվանի գող, այժմ մահացու հիվանդ Վասպուրական Շահբազյանը: «Լավատես» մարդիկ այն կարծիքին են, որ դրսում հայտնվելով` այս վիճակում էլ նա կարող է խռովվել հասարկության հանգիստը, որից կտրված է արդեն… 30 տարի: Մարդ, որին վերջին տասը տարում ազատ աշխարհից ոչ ոք չի հիշել:

Սա ահավոր է, աններելի է: Չէ՞ որ նա էլ մերն  է, մեզնից մեկն է: Ժողովուրդ ասվածի շրջագծի մեջ մտնում են ոչ միայն քաղաքական գործիչներն ու նրանց փառաբանողները, ոչ միայն առողջ, բարեկեցիկ կյանք ապրողներն ու նրանց կողմից ճնշվողները, այլև խենթանոցի «արքաները» ու «զորավարները», զբոսայգիներում գիշերող անտեր մարդիկ (նրանք կան), վարակիչ հիվանդությամբ տառապողները, բանտերի ու գաղութների բոլոր հանցագործները:

Ժողովուրդն այս ամենով է ժողովուրդ, նա չի կարող միայն սերուցք լինել: Եվ վերոհիշյալ դժվար տարածությունը մենք պիտի հաղթահարենք Աստվածաշնչի պատվիրանները կատարելով, հատկապես` սիրելով միմյանց: Իսկ դատարանը չի ուզում հաստատել կալանավայրում ցնորված, հիշողությունը կորցրած 33-ամյա Աշոտ Ավետիսյանի բժշկական  դուրսգրումը, ու ես մտածում եմ` անցյալը մոռացած հոգեհիվանդի ու դաժան դատավորի հետ ինչպե՞ս եմ անցնելու դժվար տարածությունը, ախր գայթելուս պահին նրանցից ոչ մեկը չի փրկի անդունդից…

Մեր խորհրդարանի պատգամավորների նախընտրական խոստումներին ես սկսում եմ փոքր ինչ կասկածել: Նրանցից ոմանք պիտի որ արդեն վերադարձրած լինեին  Արևմտյան Հայաստանի տարածքները, էլ չեմ խոսում Տիգրան Մեծի նվաճած սահմանների վերականգնման մասին: Հումոր չեմ անում, պարզապես ուզում եմ ասել, որ այնտեղ խելոք ազգասերների կողքին աթոռ են զբաղեցրել նաև հույժ պատահական մարդիկ, որոնցից համեստները գերադասում են հավիտյանս լռել, անհամեստները` խոսել ամեն ինչի մասին, բացի ազգի բուն ցավը, ժողովրդային մտահոգությունները:

Ժողովուրդ. որքա՜ն վեհացնող ու նաև… հիասթափեցնող է հավաքական այս գոյականը: Իսահակյանն իր հայտնի պոեմում ինչ հրաշալի է բնութագրել նրան: Ժողովուրդ բառն իսկ անսխալականություն է ենթադրում: Բայց դա այդպես չէ` թեկուզ հենց խորհրդարանի նրա որոշ ընտրյալների փաստով:

… Շքանշաններն ու դրանց վկայականներըշպրտել հատակին, բազմոցում թաղված, գլուխն առել էր ձեռքերի մեջ ու ծեծված երեխայի պես լաց էր լինում կրակներով անցած հին զինվորը: Խորհրդարանի ամբիոնից նրան վերք էին հասցրել, որն ավելի խոր էր ու տանջալի, քան պատերազմում ստացած բոլոր վերքերը միասին: Այպանել էին նրա (ու նրա զինվոր-սերնդակիցների) թափած արյունը, խիզախությունը, կարոտահար վերադարձը հայրենիք: Գտել էին, որ նրանց կռիվը աննպատակ է եղել, և անիմաստ են այն իրավունքները, որոնցից օգտվում են: Եվ այդ բանն ասողը երկնքից չէր իջել խորհրդարան, նրան ինքը՝ նորին մեծություն ժողովուրդն է ընտրել իր կամքմն արտահայտելու համար: Արդյոք պատերազմի քանի՞ մասնակից, քանի՞ այր ու զավակ էին քվեարկել նրա օգտին: Եվ ինչու՞ ժողովուրդն իր ընտրյալին չասաց՝ զազրախոս, քո արտահայտածը բնավ էլ իմ կամքը չէ՛:

… Մեղք է ժողովուրդը, այս ամենով հանդերձ, մեղք է…

31/10/1991
«Երկիր»

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.