ԼԱՐԱԽԱՂԱՑԸ

ignatmamyanՆա — սփոփանք և ամոքում.
Նա եկել էր իբրև տեսիլք,
Որ ամբոխի մռայլ հոգում
Սփռի հունդեր ծաղկալույսի։

… Կանաչ հովիտ, հանգչող ցոլքեր—
Մեղմ հնչում էր նվագածուն,
Չէր ունեցել ամբոխը դեռ
Այդպիսի սեր ու հիացում։

Հագել էր նա կանաչ ատլաս
Ու կապել էր կարմիր գոտի,
Վառվում էին շորերը խաս
Ցոլքերի մեջ մայրամուտի։

Շողշողալով ճախրում վերև,
Փափո՜ւկ, փափուկ իջնում էր ցած,
Ծփում էին աչքերի մեջ
Հեռուները ոսկեզօծված։

Նա հրաշքն էր մայրամուտի՝
Իջած կապույտ մի եզերքից,
Եվ պարանն էր լույս ու մութի
Թրթռացող սահմանագիծ։

Իջնում էր ցած, ճախրում վերև,
Հնչում էին զուռնա ու դափ,
Բիրտ ամբոխի սիրտը քարե
Հեծկլտում էր երանությամբ։

Իջավ մեկ էլ ու ճախրելով
Երկինքն ի վեր գնա՜ց, գնա՜ց,
Դարձավ մթնող տիեզերքում
Երանելի, փոքրիկ մի կայծ։

Բռնկվելով կանաչ-կարմիր‘
Գնա՜ց, հանգավ պաղ ոլորտում։
Ամբոխն ապշած, հայացքը վեր,
Քարացել էր դատարկ հովտում։

Ու հպվեցին մարդիկ միմյանց՝
Դաժան հոգում հառնող կսկիծ,
Խղճմտանքի շողը ծփաց
Մութ աչքերի դատարկ խորքից։

Գողը ծոցից ոսկի հանեց
Ու պարգևեց իր զրկածին,
Չբռնված մի հանցագործ
Իրեն կախեց ժայռի քերծից։

Անհավատը լուռ աղոթեց։
Ի՜նչ զղջում էր, ի՜նչ մեղքաթափ…
Կախա՜րդն անգամ ծովը նետեց
Հմայիլներն իր զորության։

Եվ ամբոխը խաբված դողում,
Եվ ոռնում էր անկարեկից.
— Եղբա՜յր, եղբա՜յր մեր շողշողուն,
Մեկ է ՜լ ցոլա քո եզերքից,

Մեր սև սրտին քո հրաշքով
Այս ի՜նչ ծեքծեք լույս է պատել,
Ախ, հին կյանքով, մեր ցուրտ կյանքով
Ինչպե՞ս ապրենք այսուհետև…

Տվայտում էր նա դառնորեն՝
Դեմքը հանգած մայրամուտին,
Չէր կամենում դառնալ նորեն
Իր չարաղետ կյանք ու բախտին։

… Եվ գիշերներ։ Հողմեր անցան։
Սրթսրթալով, հանած լեզուն,
Քշված մեղքը եկավ դարձյալ,
Ապաստանեց մարդկանց ներսում։

Ո՞ւր ես, եղբայր երկնանվեր—
Մեր հին հովտի շքեղ տեսիլք,
Ա՜խ, վաղուց են ցրտահարվել
Հունդերը քո ծաղկալույսի,

Ժամն է, եղբա՜յր, որ դու կրկին
Հովիտ իջնես քո հրաշքով,
Խոշտանգում է դարձյալ հոգին
Չարության հողն ասպատակող։

Ամբոխը սև, մռայլադեմ
Խռնվել է նորեն ցածում.
Ե՛կ, ձգված է պարանն արդեն,
Եվ պատրաստ է նվագածուն։

©Իգնատ Մամյան
«Վայրի մեղր», 1999թ.

Advertisements

2 thoughts on “ԼԱՐԱԽԱՂԱՑԸ

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s