ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ

yerkircnndavayrԿան գրողներ, ովքեր հաճախ են գրում ծննդավայր – եզերքի մասին, կան և գրողներ, ովքեր յուրօրինակ գրողական ճակատագրով են կապված իրենց բնօրրանի հետ: Այսպիսին է և գրող, հրապարակախոս Իգնատ Մամյանը, ում համար անսպառ է այս թեման, ինչպես անսպառ է նրա սերը ծննդավայր Նոյեմբերյանի ու նրա աշխատավոր մարդկանց հանդեպ: Դա են վկայում Մամյանի բազմաթիվ գործերը՝ արձակ թե չափածո: Այդ թեմային նվիրված նրա հերթական գիրքը վերջերս լույս տեսած «Երկիր ծննդավայրն» է, որը յուրօրինակ պատում է Հայաստանի հյուսիս–արևելքում ծվարած այս տարածաշրջանի մասին:

Այստեղ հեղինակը հեռավոր տարիների հիշողությամբ վերակենդանացնում է վաղուց անցած դեպքեր ու իրադարձություններ, որոնք պատմում են լեռնաշխարհի ազնիվ ու բարի ավանդույթների, մարդկանց փոխհարաբերությունների մասին:

Գրքի առաջաբանում հեղինակն անդրադառնում է Բարանա – Նոյեմբերյան բնակավայրի սկզբնավորմանը, ներկայացնում մինչ այժմ եղած ուսումնասիրությունները, Բարանա անվան հետ կապված տեսակետներն ու կարծիքները: Այս անվանումը բնակավայրին ուղեկցել է մինչև 1938թ., երբ այն դարձավ շրջանային կենտրոն: Այնուհետև հեղինակը անդրադառնում է տարածաշրջանի հետագա ճակատագրին՝ մինչև 1996թ., երբ Նոյեմբերյանին շնորհվեց քաղաքի կոչում:

Զգալի տեղ է հատկացված Նոյեմբերյանի կրթության գործի պատմությանը՝ սկսած 1893թ., երբ այստեղ բացվեց առաջին դպրոցը: Բարանայում կրթության, կրոնի, գիտության զարգացման գործում մեծ դեր ուներ Խաչատրյանների գերդաստանը, որի մի քանի սերունդ սրբորեն ծառայել են այս գործին: Մամյանը ներկայացրել է Նոյեմբերյանի 20-րդ դարի մշակութային կյանքը ընդհանուր գծերով, հատկապես 80-ական թթ., երբ ակտիվությամբ գործում էին մշակութային տարբեր խմբեր, մեծ դեր ուներ մշակույթի տունը, երաժշտական դպրոցը, գեղարվեստի դպրոցը,<<Ծիածան >> շրջանային թերթը:

Գրքում մանրամասնորեն ներկայացված է նոյեմբերյանցիների կապը Թիֆլիսի հետ, որը մինչև 1930-ական թթ. եղել է նրանց համար առևտրական ու հոգևոր – մշակութային կենտրոն: Թիֆլիսի հետ խոշոր կապեր ունեցող, ճանաչված վաճառական Ղազար Բուդաղյանը, ով անձամբ ծանոթ է եղել մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ, իր օրագրում գրել է. «Այստեղ եկավ Ուհաննես Թումանյանը, բարիշություն գցեց հայերի ու թուրքերի մեջ ու գնաց»: Խոսքը 1906թ. հունվարի 2-ի՝ Թումանյանի Բարանա կատարած այցի մասին է: Մեծ բանաստեղծի կապը միշտ էլ սերտ է եղել Բարանայի հետ ու <<Կովկասի հետ բարեգործական ընկերության>> բարանեցի անդամների միջոցով նա միշտ տեղյակ է եղել այնտեղ կատարվող անցուդարձին:

1920-30թթ. Թիֆլիսը նոյեմբերյանցիների համար կամաց- կամաց իր տեղը զիջում է Երևանին: Այստեղ արդեն գործող ուսումնական հաստատությունները, գիտության ու մշակույթի օջախները դեպի իրենց էին ձգում գյուղերի երիտասարդներին: Եվ ահա, մի առանձին բաժին ներկայացնում է այն նոյեմբերյանցիներին, ովքեր բնակվել են Երևանում և մեծ ավանդ ունեն մայրաքաղաքի պատմության մեջ, երկրի կրթության, գիտության, քաղաքաշինության, տնտեսության և այլ բնագավառներում: Նա մեծ ակնածանքով է խոսում նկարիչ Հենրիկ Մամյանի մասին, ով բազմաթիվ կտավներ ունի նաև հայրենի բնաշխարհին նվիրված:

Մի առանձին բաժին էլ պատմում է Նոյեմբերյանի կյանքի ու պատմության մեջ մեծ դեր ունեցած եկվորների մասին, որոնցից ոմանք արմատավորվել են այնտեղ:

Գրողի ուշադրությունից չեն վրիպել եղեռնից մազապուրծ մի քանի որբերը, ովքեր հայտնվելով Բարանայում՝ անտուն, անօթևան չմնացին, որոշ ընտանիքներ ընդունեցին նրանց իրենց հարկի տակ, դարձրին բարանեցիներ:

Հաջորդ ուշագրավ բաժնում խոսվում է ողջ հայության համար ցավալի մի երևույթի՝ պանդխտության մասին: Հեղինակը ցավով է նշում, որ մեծ է երկրից մեկնած նոյեմբերյանցիների թիվը՝ շուրջ 1600, որով կարելի է մի ամբողջ ավան բնակեցնել:

Բարանա-Նոյեմբերյանը հարուստ է ինքնապաշտպանական սխրանքներով, որոնցից, ցավոք, մեզ փշրանքներ են հասել: Սակայն <<ասելիքի ամբողջությունն ապահովելու համար պարտավոր ենք շրջվել պատմության խորքերը>>,- նշում է հեղինակը և փորձում ժամանակի տարբեր հատվածներից վերցնել դրվագներ ու ներկայացնել ընթերցողին՝ ցույց տալու համար, թե ինչ մարդիկ են եղել նրանց նախնիները: Եվ այսպես՝ դարբին Ավետիքը, հետախույզ Գիգոլ Անանյանը և շատ ուրիշներ իրենց հերոսական պատումներով գալիս են հարստացնելու գրքի էջերը:

Մամյանը, ինչպես արդեն նկատել ենք նրա բազմաթիվ գրքերում, կերպար կերտելու վարպետ է: Այս գիրքն էլ հարուստ է կերպարներով: Գրքում մի առանձին բաժին է նվիրված <<գյուղի դեմքերին>>, առանց որոնց, հեղինակի խոստովանությամբ, անհնար է պատկերացնել գյուղի կյանքն ու առօրյան: Նրանցից են փոստատար Աշոտը, Սուրբ Սարգիս եկեղեցու ինքնակոչ քահանա, իրականում ՝ փողոց մաքրող Սաքոն, ողջ օրն ավտոկայանում անցկացնող Բենիկը, էլի ուրիշներ:

Հեղինակն անդրադարձել է 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմներին նոյեմբերյանցիների ունեցած մասնակցությանը, անցած դարի 90-ականնեի սկզբին Նոյեմբերյանի տարածաշրջանում ծավալված հայ- ադրբեջանական հակամարտությանը: Այս հակամարտության մասին նա շատ է գրել: Եվ ահա այստեղ էլ դառը հիշողություններ է պատմել 93-ի տարեմուտի հետ կապված, Ոսկեպար տանող ճանապարհին տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որին զոհ դարձան 11 ոստիկաններ:

Ընթերցողը հեղինակի հետ շրջում է նրա մանկության արահետներով, անցնում պատմական իրողություններով հարուստ վայրերով: Սակայն գրողի ամենավառ հիշողությունները կապված են Ձորափի հին թաղի հետ, որտեղից էլ սկիզբ է առնում նրա ծննդավայրի պատմությունը:

Մամյանը անտարբեր չի անցել Բարանայի սիրելի ու անմոռաց ավանդույթների կողքով, ներկայացրել է նաև հումորային դրվագներ, Նոյեմբերյանի և Հունաստանի Վիրոնա քաղաքների միջև բարեկամության համաձայնագրի մասին մանրամասներ, հարցազրույց քաղաքապետ Ս. Ամիրաղյանի հետ:

«Երկիր ծննդավայրը>> Իգնատ Մամյանի տաղանդավոր գրչի հերթական գեղեցիկ նվերն է իր հայրենակիցներին, որը, վստահ ենք, իր շարունակությունն է ունենալու:

ԳԱՅԱՆԵ ԵԳԱՆՅԱՆ

«Գրական թերթ», 14/03/2008

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.