Խոսք ընկերոջս սիրով ու հպարտությամբ

Լուսանկարը՝ «Aravot.am»-ի
Լուսանկարը՝ «Aravot.am»-ի

Մեր սերունդը տեսել է գրականության երանելի ժամանակ՝ 1970-1980 թվականները, երբ մեր հոգևոր կենտրոնը «Գարուն» ամսագիրն էր, հանդիպավայրը «Առագաստ» սրճարանը՝ իր սուրճով, գինով ու անթշնամանք թեթև վեճերով: Դա մի հրաշալի ժամանակաշրջան էր, երբ այլակերպ ու անբարո ոչ մի հորինվածք չէր կարող կոչվել բանաստեղծություն, և կարևորը ստեղծածի արժեքն էր, ոչ թե նրա հեղինակի որտեղացի լինելը:

Երբեք նախապես հայտնի չէր լինում դեռ չկայացած մրցանակաբաշխության հաղթողը, չկային այդ հաղթանակը նախապատրաստող «մասնագիտացված» քննադատ – գրականագետներ, որոնց խնդիրը զառանցանքներն իմաստավորելն էր, դրանք մեծ ներշնչանքի ծնունդ ներկայացնելու դատարկ տառապանքը: Ապա այդ ժամանակ էր, որ գրականության հրապարակում կանգնեց ջահել, բայց արդեն հայտնի ու ինքնահաստատված գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Մենք ճանաչեցինք իրար ու մտերմացանք՝ մտերմություն, որի առանցքը նախևառաջ ստեղծագործությունն էր: Ինչո՞վ էր նա առանձնանում մյուսներից: Որ երբեք չէր ներում թույլ ու սարքովի տողը, երբեք չէր ընդունում արժեքավորման որևէ պատվեր, առաջնորդվում էր միայն իր ճշմարիտ սկզբունքով, և բոլորս գիտեինք, որ անձնական հարաբերությունները ոչ մի կապ չունեին տվյալ հեղինակի ստեղծագործությունը գնահատելու հարցում: Սկզբունքը՝ սկզբունք, բայց կարևորը դա չէր կամ մի գուցե դա չէր:

Դավիթ Գասպարյանի գրականագիտական հոդվածները համակված էին բարձր գեղարվեստականությամբ՝ առանց «իզմերով» լեցուն չոր ու տրաֆարետ ձևակերպումների, և ամեն մի նոր հոդված կարդալիս ես կրկին ու կրկին համոզվում էի գաղտնիքի պես ասված մի խոսքի մեջ, թե գրականագետ դառնալու ճանապարհին ես իմ մեջ հազար բանաստեղծ եմ սպանել: Բայց հուրախություն բոլորիս, Բանաստեղծները նրա մեջ չեն մեռել, պարզապես ներկայանում են մի քիչ այլ հանդերձով ու դրսևորումներով: Եվ ես չեմ զարմանա, եթե մի օր մենք հավաքվենք նրա բանաստեղծական գրքի շնորհանդեսին: Կարծում եմ՝ դա ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ ու անխուսափելի:

Դավիթ Գասպարյանը եկավ ու ներկայացրեց մեռած հանճարների հիշատակը մութ խեղաթյուրումից մաքրելու, նրանց կործանման մեղավորներին ժամանակի դատին ներկայացնելու բացարձակ անհրաժեշտությունը: «Հայոց բանաստեղծության մայրաքաղաքը» սքանչելի գործին հետևեց «Փակ դռների գաղտնիքը» հոգիներ ալեկոծող գիրքը՝ լեցուն բազմաթիվ նոր փաստերով ու դրվագներով, որոնք բացահայտում են ժամանակի որոշ գրական «կուռքերի» ստորությունն ու ողորմելիությունը: Դա չէր կարող չհուզել նույն ոգով ու բռնաբարված ճշմարտությամբ իրենց կյանքն ապրող որոշ գրողների: Եվ, իհարկե, Դավիթ Գասպարյանի դեմ սկսվեց ի սկզբանե դատապարտված մի արշավանք, որն իր ներսի ամբողջ թույնով ու ատելությամբ չէր կարող փոխել պատմական դառն ու դաժան ճշմարտությունը:

…Այսպիսինն ես դու, Դավիթ Գասպարյան, և միշտ այսպիսին ես մնալու, որովհետև 60 տարեկանում մենք անխուսափելիորեն հայտնված ենք լինում գետանցի մոտ, իսկ գետանցի ժամանակ ձիերը չեն փոխում … Խոսքս ավարտում եմ մի ութնյակով, որը, իմ կարծիքով արտահայտում է քո ներքին ապրումների ամբողջական պատկերը.

Քո խաչը ծանր է, ճանապարհը՝ ձիգ,
Բայց մի անիծիր բախտը ու Արարչին.
Քեզ չէ՞ որ ինքդ դատապարտեցիր
Այս ճամփորդությանն ու ծանր խաչին:

Ուրեմն, զսպիր հառաչդ հլու
Եվ ՍԵՐ անվանիր ցավը քեզ տանջող,
Խաչը կրում են կամ էլ չեն կրում,
Այն քարշ չեն տալիս փշերի միջով…

©ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
«Նոյյան Տապան» շաբաթաթերթ, 08.12.2007

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.