1. Խավարի միջով՝ դեպի պատերազմ

«Պատերազմի ճամփաներով» ակնարկաշարից

FizuliԲեռնատարները հեռացան, ու ես մեն-մենակ մնացի անծանոթ ափի խոր գիշերվա մեջ: Այնուհետև ճանապարհը պետք է շարունակեի՝ ապավինած սեփական խոհեմությանն ու ճակատագրին:

Այո, ճակատագրին: Որովհետև պատերազմական այս թանձր գիշերում թշնամու հետախուզական թափառախմբի հանդիպելը կամ հենց մերոնց կրակահերթով սպանվելը բնավ էլ չի բացառվում:

Ճանապարհը չի երևում, ես առաջնորդվում եմ այն երիզող բարդիներով, որոնց գագաթները պահ առ պահ բռնկվում են հրթիռների ու լուսածիր գնդակների ակնթարթային ցոլքերով: Մի քանի անգամ ցուրտ ջրափոսերի մեջ խրվելուց հետո հրաժարվում եմ դրանք շրջանցելու ապարդյուն փորձերից: Հրետանու թնդյունները, թեթև հրազենների ճարճատյունը օգնում են չշփոթել ուղղությունը՝ չգնալ դեպի ռազմաճակատային գիծ: Բայց ճանապարհն  ինքն էլ առանձնապես չի տարբերվում ռազմաճակատի գծից՝ գրեթե ամեն քայլափոխի նրա վրայով սուլում են արկի բեկորները, գիշերային խորհրդավոր մեղուների նման «նվագում են» գնդակները: Ճիշտ որ, ճակատագրի բան: Բայց կյանք ու բախտի հերն էլ անիծած, իմ արյունն ավելի կարմիր չէ, քան այն ջահելների, որոնց անուններով սև պաստառներ են կախվում  մեր սգավոր փողոցների վրա…

— Կանգնի՛ր, ո՞վ ես: — Ձայնը հայերեն է, կոպտորեն կրծքիս սեղմված հրազենի փողը՝ ոչ սարսափելի: Ասում եմ, թե ով եմ և ուր եմ գնում:

Երեք տղաներ են, զարմանում են, որ այսպիսի վայրերում կարելի է  հայտնվել նաև առանց զենքի, ուղեկցի և տեղանքի ամենաչնչին իմացության: Հայհոյում են նրանց, ովքեր ինձ իջեցրել են գիշերային խավար ճամփաբաժանում և ցավում են, որ չեն կարող ծառայությունը լքել՝ ինձ հասցնելու մերձռազմաճակատային մղձավանջային քաղաք: Ոչինչ, կգնամ: Բայց ինչու՞ հենց այնտեղ:

Երբ գլխավոր խմբագիրն ասաց, որ մենք պիտի մեկնենք տարբեր ռազմաճակատներ՝ լուսաբանելու պատերազմի ընթացքը, խնդրեցի ինձ ուղարկել հարավային ճակատ, որտեղ կռվում է իմ 18-ամյա որդին: Չմերժեց: Եվ, եթե բարեհաջող հասնեմ իմ ուզած տեղը, ուր երբեք  չեմ երազել լինել, պիտի գոնե տասը օր մեր զինախմբերից որևէ մեկի կազմում կռվեմ թշնամու դեմ, որպեսզի հետո իմ գրածից վառոդի հոտ գա: Այսինքն, իրոք պատերազմի մասին լինի: Չի խանգարի, որ կռվեմ որդուս հետ նույն խրամատում:

— Քիմսան,- Դարձյալ կրծքիս է հպվում  հրազենի փողը: Բայց ինչու՞ թուրքերեն: Ոչ, պարտատերերս թող չանհանգստանան, ճանապարհիս հայտնվածները մերոնցից են, ուղղակի մտածել են, թե ես եմ ոազմաճակատի մյուս կողմից: Ինձ հարցախեղդ են անում, միկրոսկոպային ուշադությամբ զննում են գրողների միության վկայականս, գործուղման թերթիկը: Ի վերջո համոզվում են և թույլ տալիս շարունակել դաժան խավարի միջով մղձավանջային երթս:

Արդյո՞ք խաղաղ ժամանակներում էլ այսչափ խավար ու ցուրտ են եղել հարավի գիշերները: Չգիտեմ: Ինձ թվում է, որ սա պատերազմի խավար է, պատերազմի  ցուրտ: Ոչ շատ հեռվում, Արաքսի մյուս ափին, լույսի խմբեր են ծփում՝ Իրանն է: Մեզ բարեկամ համարվող մի երկիր, որի տարածքից գերձայնային ռմբակոծիչները գալիս են ավերելու մեր դիրքերը: Արաքսի հովտում հիմա պիտի որ գարուն լինի, բայց հովտի շունչը չի հասնում տափաստանային բարձրությունները, խեղդվում- կորչում է հրանոթների դղրդյունի մեջ: «Մայր Արաքսի ափերո՜վ…», հիշում  եմ դառն ու սքանչելի բանաստեղծությունը, սակայն կոպիտ, հրամայող մի ձայն հարկադրում է ընդհատել երևակայական դեգերումս սիրելի գետի հովտով: Ես երրորդ անգամ եմ զգում զենքի սպառնալիքը:

-Ո՞վ ես:
-Թշնամի եմ, լրտես եմ, ավազակ եմ. Սպանեք՝ ես էլ պրծնեմ, դուք էլ:

Չեն սպանում: Անորոշ կոչումով հրամանատարը կարգադրում է ինձ մեքենայով հասցնել այն տարածքը, որտեղ գտնվում է իմ ուզած զորամասի բազան: Շնորհակալ եմ: Սա՞  է քաղաք: Այսպիսի քաղաքներ ես տեսել եմ պատերազմական ծանր ֆիլմերի մեջ: Անշունչ խավար, ռազմաճակատի դղիրդներից ցնցվող դատարկ տներ, վայրենացած հատուկենտ շների հիվանդագին լուսնահաչ դեպի մռայլ, ամայի երկինք, և այլն, և այլն: Սիրում ու խղճում եմ շներին, շատ կուզենայի անսփոփ խավարում շոյել նրանց գլուխներն ու խելագար աչքերի մեջ նայելով ասել.

-Այսպես էլ է լինում, և մեղավորը մենք չենք: Մեր շները ձեզ նման ոռնացել են ամբողջ Արևմտյան Հայաստանի տարածքում: Անտիրական կաղկանձել են դատարկվող Չարդախլուի դեզերի տակ, Գյանջայի հայաթափ գյուղերում, Սումգայիթ հրեշավոր քաղաքի արյունոտված փակուղիներում: Ոճիրը ձեր տերերն արեցին, իսկ սա ընդամենը պատիժն է ոճրի դիմաց…

Խարույկի մոտ կանգնած օրապահ զինվորներից մեկն ինձ ուղեկցում է շտաբ: Ներկայանում եմ, հայտնում գործուղմանս նպատակը՝ չմոռանալով ասել, որ իմ զինվոր տղան կռվում է այստեղ:

  • Պարզ է,- նոթոտվում է մայորի ուսադիրներով մեկը: — Եթե որևէ ծնող է գալիս- հասնում է առաջին գիծ, ապա՝ մի գերագույն առաքելությամբ:

-Որևէ ձևով որդուն փախցնել ռազմաճակատից:

-Այո: մենք շատ առիթներով ենք համոզվել դրանում:

-Այս անգամ թերևս, վրիպեցիք: Դուք, իհարկե, իրավունք չունեք հազիվ երկու ամիս ծառայած, դեռ ձեռքը հրազեն չառած զինվորին առանց տարրական նախապատրաստության նետելու առաջին գիծ: Բայց դա այլ խոսակցության նյութ է, հիմա դրա համար չեմ եկել: Չեմ եկել զինվոր փախցնելու: Ուզում եմ որդուս հետ կռվել նույն խրամատում:

Նրանց զինախումբը դիրքերից վերադառնալու է մեկ օր հետո: Անիմաստ էր այդքան ժամանակ անգործ թափառել պատերազմական քաղաքի փողոցներում, ուստի վաղ լուսաբացին հատուկ բաժնի սպաների հետ ինքս մեկնեցի դիրքեր:

Պաշտպանագծի շտաբ  կոչվող կենտրոնի զինախմբերի հրամանատարը խրամատների թիկունքով ինձ ուղեկցեց աջ թևի նախավերջին բլինդաժ: Դիտանցքից մեկը կրակում էր: Շրջվեց, ու ես տեսա որդուս՝ տաք հրազենը ձեռքին, ընդամենը երկու շաբաթվա ընթացքում առնվազն տասը տարվա կյանքի փորձով լցված, լրջացած ու կոշտացած: Ու չգիտեմ՝ իմ մեջ այդ պահին գերիշխողը հոր հպարտությու՞նն էր, թե ծնողական հասկանալի տագնապը նրա կյանքի համար: Իմ որդին բլինդաժի ավագն էր, ես պիտի կռվեի նրա խորհրդով ու ցուցումներով: Ինչ կա որ, այսպես էլ է լինում…

Տղաս ինձ պատմում է ռազմաճակատային իրենց օրերի մասին: Ոչ թե իր, այլ այդ օրերի իրադարձությունների մասին: Ընդամենը մեկ օր առաջ՝ վաղ լուսաբացին, դիրքերի հետևի խաղողի այգում նրանք մի թուրք են բռնել, 34 տարեկան, փտած ատամներով մի տականքի: Տղերքը ո՜նց էին քռքռում՝ հիշելով մոր հեղինակությամբ հաստատված նրա երդումը, թե իբր եկել է այս կողմերից  խմելու ջուր տանելու: Հետո պարզվեց, որ երեքով են եղել, մյուս երկուսին իրենց դիրքերի մոտ բռնել են հարևան պաշտպանագծի տղանե: Նրանք հայտնել են, որ պաշտպանագծի մեր հատվածի դեմ կռվում են լավ զինված 120 հոգի: Իսկ մերոնք հազիվ 45-ն են: Պատերազմ եկած մեր զինախմբի երկրորդ հերթափոխության ժամանակ ավագ լեյտենանտ Վարդան Ղարագյոզյանը «Շեյթանով» խփել է թշնամու դիրքերին, որից հետո ութ ժամ անընդմեջ թուրքերը զենքի բոլոր տեսակներով կրակ են թափել մեր խրամատների վրա: Հետո հայտնի է դարձել նրանց անզուսպ պոռթկումի պատճառը: Վարդանը խփած է եղել ուղիղ շտաբին: Եվ էլի այսպիսի բաներ:

Ամենավտանգավոր զենքը ականանետն է, որը թուրքերը հաճախ են օգտագործում: Ի տարբերություն տանկի ու «Գրադի», որոնք չեն կարողանում աշխատել մոտիկ տարածության վրա: Պաշտպանական գծի հարևան հատվածում արդեն մի քանի հոգի վիրավորվել են: Պատերազմում, այո, կարևորը կռվող զինվորի ոգին է: Բայց նրան մեղմ ասած, նաև զենք է հարկավոր: Եվ զինամթերք: Հաշված փամփուշտներով մարտի չես գնա: Զինախմբի հրամանատարը ուսերն է թոթովում՝ ինչ արած, պիտի եղածով յոլա գնանք: Դա նշանակում է, որ ավտոմատները պետք է աշխատեն միագնդակ ռեժիմով, և թշնամու որոշ զենքերի դեմ պիտի կռվենք… դրանցից պաշտպանվելու իմացությամբ:

Բայց զինվորները, որ 18-19 տարեկան տղաներ են, ընդամենը երկու շաբաթում տղամարդ դարձած այրեր, այս ամենից չեն տրտնջում: Չեն դժգոհում՝ կդիմանանք: Միայն թե տանը, սիրած աղջիկներին շատ են կարոտել, մաքուր շոր ու անկողնու կարիքը խեղդում է: Եվ, որպեսզի չխրվեն մղձավանջների մեջ, վաստակած արհամարհանքով, զինվորի թունդ ծաղրով հիշում են զորամասի իրենց այն ընկերներին ու հրամանատարներին, ովքեր, առնետների պես պարիսպների տակով ու վրայով դուրս ճողոպրելով, ազատվեցին ռազմաճակատ մեկնելու վտանգից: Եվ խոսք ու կատակի վերջում կրկին ու կրկին հանգում էին կոշտ, մի քիչ գռեհիկ ճշմարտությանը՝ ամեն մի շալվար հագնող հո տղամարդ չէ՞…Դժոխային այդ սարքը ականները կախում է հենց դիրքերի վրա:

Եվ դժվար է ասել, զորամաս վերադառնալուց հետո նրանց աչքերին ինչպե՞ս են նայելու պարիսպների վրայով թռած վայ — հրամանատարները, կամ բարոյալքության ի՞նչ աստիճանից են շարունակելու այդ զինվորներին վերաբերող իրենց հրամանները: Տեսնում — ընկալում ես ճղճիմ իրողությունը ու չես կարող չասել՝ զինվոր կա, յոթ սպա արժե: Հաճախ նույնիսկ ավելին:

… Ինձ ասել էին, թե դիրքերի վրա օրը հանգչելու հետ թշնամին լռում է: Սուտ էր: Թշնամին երբեք չի լռում: Ահա իրիկնամուտ է իջել դիրքերին, իսկ դիմացի հրետանին ու թեթև հրազենները բազմապատկել են կրակը: Տանկի արկերը շառաչելով անցնում են մեր գլխի վրայով, գնում-պայթում խաղողի այգիներում: Նռնականետն ավելի դիպուկ է խփում ձյունախառ հողի շիթեր թափելով մեր գլխին: Նա սակայն, համեմատաբար անվտանգ է, որովհետև կրակում է ոչ բեկորային նռնակներ: Գոնե՝ առայժմ: Մեր աջ կողմում, մոտ 150 մետր  տարածությամբ, պաշտպանական գիծն ընդհատվում է: Ափսեաձև ցածրադիր այդ տարածքում անիմաստ է խրամատ ու բլինդաժ կառուցելը, դիմացի  բարձունքից թուրքերը դրանք կավիրեն հաշված րոպեների ընթացքում: Փոխարենը խաղողի թանձր վազերի հետևում տեղակայված Մակարի գաղտնի դիրքն է՝ ամեն ինչով պատրաստ և ընդունակ դիմակայելու «ազատ» տարածքով թշնամու ցանկացած հարձակում:

Պաշտպանական գծի հարևան հատվածում   հրետակոծությունն ու փոխհրաձգությունը գրեթե երբեք չի դադարում: Թշնամու դիրքերին ամենամոտը մեր հատվածն է, հազիվ 200 մետր: Հատկապես մթան մեջ մենք պարզ լսում ենք նրանց խոսակցությունները, բեռնատարների ձայնից որոշում հերթափոխության ժամը, երկաթե աղմուկի մեջ ճշտում դիրքերի հետևում մանևրող տանկերի քանակը: Մեր զինվորները շատ են ուզում, որ ձյուն գա: Խմելու ջուր լինելուց բացի, ցուրտ իրիկնամուտին ձյունը սառչում է, և գիշերվա ակնակուր խավարի մեջ ոչինչ չտեսնող տղաները կարողանում են որսալ դիրքերին մոտեցող թշնամու ոտնաձայները: Դաշտերին իջած ձյունը նաև մեղմ լույս է արձակում՝ փոքր – ինչ սփոփելով անտերունչ, ասես հավերժական խավարը, որի խորքում գիշերն ի լույս անտեսանելի գոտեմարտում են կյանքն ու մահը:

Մութը սփռվելուց հետո դիրքերի արանքում նիրհող խաղողի այգու վրա մր կրակոցները պարզապես զգուշության համար են: Միայն այգիների միջով թշնամին կարող է գալ դեպի մեզ՝ մի բան, որ շատ հնարավոր է և ամեն պահ սպասելի: Գիշերը դիրքերում քնողը դավաճան է, արժանի ամեն պատժի: Որովհետև դրանով ոչ միայն իր կյանքն է վտանգում, այլև բոլորի: Դեպքեր, ցավոք եղել են: Թուրքական դիրքերից լուսածիր երեք գնդակներ են արձակվում երկինք և սկսում են գիշերային, ես կասեի՝ աննպատակ հրետանակոծությունը: Ոչ, ասում են ինձ, ոչ աննպատակ, նրանք հաճախ են այսպես խփում՝ թնդյունների մեջ խլացնելու մեր դիրքերին մոտեցող իրենց ցեղակիցների ոտնաձայները: Եվ ենթասպա Աշոտ Սահակյանի գնդացիրը երկար կրակահերթով «սանրում» է խաղողի այգին: Հարևան բլինդաժներից չոր ու հրաշունչ հազում են ավտոմատները:

… Երեկոյան սպասվող հերթափոխը եկավ կեսգիշերից հետո: Ես այստեղ եմ հասել ընդամենը վաղ առավոտյան, սակայն թվում է, թե մի ամբողջ հավերժություն թաղված եմ մահաբեր դղիրդների մեջ: Եվ չէի զգացել այն պահը, երբ պատերազմ կոչվածի ծանր ու դաժան վարագույրները հետ քաշվեցին՝ ինձ ներառնելով մի աշխարհում, ուր մահը թեթև քմծիծաղ է ճակատագրի դեմքին, և վախը՝ բոլորից արհամարհված, մռայլ գիշերվա ինչ-որ անկյունում ինքն իր համար կաղկանձող շնագայլ:

Հանգած լապտերներով «Ուրալը» մեզ վերադարձնում է մեկուկես օրվա հանգստի: Ճանապարհին գրիչս կորել է, մատիտի մի կտոր կգտնեմ գրառելու հետագա օրերի փաստերը:

©ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
«Հայ զինվոր», թիվ 3(17), մարտ 1994

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.