2. Եվ ճչում էր հավքը կեռասենու ճյուղից

zorԵս չգիտեի, որ հարավային գիշերներն այսչափ խավար են ու ցուրտ: Լուսնի աղոտ մի կտոր անսփոփ կախվել է մռայլ այգիների, մեր ու թշնամու դիրքերի վրա: Նրանից վեր՝ տիեզերքի ամպամած խորքերում, ես փնտրում եմ մեր գթառատ ու պաշտպանող Աստծո դեմքը, որ պիտի այս դառը ժամին հակված լիներ հոգնությունից օրորվող տղաների ճակատագրին: Բայց ես ո՞վ եմ, որ Նա ինձ երևա:
Հազիվ մեկուկես ժամ դողալուց հետո մշուշոտ լուսնակտորը հանգչում-կորչում է ինչ-որ տեղ, և թանձր խավարի մեջ բարձրանում է շնագայլերի կաղկանձը: Գիտենք, շնագայլեր չեն, մեր դիրքերին մոտեցող թշնամու հետախույզներն են այդպես հաղորդակցվում միմյանց հետ: Եվ ձայների ուղղությամբ որոտում են հրազենները: Նրանք լռում են՝ կես ժամ հետո պաշտպանագծի տարբեր հատվածներից կրկին հնչելու համար: Այսպես կշարունակվի մինչև առավոտյան չորսը: Այնուհետև սկսվում է ամենավտանգավոր՝ թշնամու շարժի ժամանակը:

Երկու օր առաջ՝ մոտավորապես ժամը վեցին, նրանց 80 հոգանոց մի խումբ անցել էր պաշտպանական գիծը, թիկունքից հարձակվել հայոց բլինդաժների վրա: Երկու զոհ, վեց վիրավոր:

Ափսո՜ս, տղերք: Ինձ համար նրանց կորստի ցավը չի սփոփվում տասնապատիկը հատուցած թշնամու՝ ձյունատարած դիապատկերներով: Դա մխիթարական է պատերազմի օրենքով, իսկ հայ գրողի իմ սերն ու խիղճը տակավին չեն ենթարկվում այդ օրենքին: Արյունն ինձ համար դեռևս սարսափելի է, դեռ չեմ կարողանում նայել զոհված տղերքի կիսափակ աչքերին: Ամոթ է, որ նրանք արդեն չկան, իսկ ես, որ նրանց երկու կյանքի չափ ապրել եմ աշխարհում, սիրելով ու կարոտելով, տենչալով ու զղջալով, դեռ պիտի շարունակեմ չգիտես ում հարկավոր իմ գոյությունը:

Բլինդաժում երեքով ենք՝ ես, իմ 18-ամյա զինվոր որդի Դավիթ Մամյանը և նրա ընկեր ու տարեկից աբովյանցի Արայիկ Գասպարյանը: Կավե պատի խոռոչում թույլ վառվում է կրակը: Մեզանից յուրաքանչյուրը կես ժամը մեկ ներս է մտնում մի քանի րոպե տաքանալու, երկու հոգի միշտ պիտի լինեն խրամատում՝ դիտանցքերի առջև:

— Իզուր եկար,- թշնամական խավար բլուրներին նայելով շշնջում է Դավիթը:- Տանը նստեիր՝ կիսատ գիրքդ գրեիր:

— Գրքերը պիտի լինեն կյանքի ու ժամանակի մասին, տղաս, իսկ մեր այսօրվա կյանքն ու ժամանակը չես կարող ըմբռնել առանց այս խրամատների ցուրտն ու կավահոտը շնչելու:

Սա ես մտածում եմ, չեմ արտահայտում: Չեմ ասում նաև, որ ընդամենը տասնհինգ օրվա ընթացքում նա իմ աչքին անճանաչելիորեն փոխվել է: Խրամատի պատից կանչում է դաշտային հեռախոսը: Պաշտպանագծի շտաբից է:

— Ձեր հատվածում ամեն ինչ կարգի՞ն է:

— Առայժմ որևէ բան չի նկատվում:

— Պի՛նդ մնացեք՝ չքնե՛ք:

Քնելը դավաճանություն է բառի ամենալայն իմաստով: Շտաբը չի բավարարվում հեռախոսային զգուշացումով: Ահա և բլինդաժները ստուգելով գալիս են հատուկ բաժնի տղաները: Արդեն բոլորին ճանաչում եմ՝ Գագիկին, Հարութին, Վաչեին, Կարենին, մյուսներին: Փորձառու տղերք են, զենքը նրանց ձեռքին պարզապես նվագում է թշնամու համար շատ ողբերգական ելևէջներով:

Վերջին բլինդաժից ենթասպա Աշոտ Սահակյանը հերթական կրակահերթն է սփռում խաղողի այգիներով մեկ: Հրաշալի տղա է Աշոտը, զինվորները նրա մոտ իրենց ապահով ու տիրավոր են զգում: Հատուկ բաժնի օպերները գիշերային տեսողության դիտակով զննում են խավարը: Տարածքը մաքուր է: Մեր երեքից ոչ մեկը ժամացույց չունի, իսկ երկնքում — ո’չ հարդագողի ճամփա, ո’չ Մեծ արջի համաստեղություն` ամեն ինչ ծածկված է անթափանց գիշերախավարով:

Թուրքական արտադրության ինչ-որ հրազեն, որի անունը տղաները չգիտեն, հավի նման կտցահարում է բլինդաժների պատերն ու տանիքները: Նյարդեր ավերող զենք է ու գիշեր- ցերեկ չի լռում: Զինվորները նրան ճտճտիկ են ասում: Բայց ահա մեկեն որոտում են ծանր զենքերը, և նրա ձայնը կորչում է ամեհի դղրդյունի մեջ: Տանկ, հրանոթ, հաուբից, գնդացիր- ադրբեջանցիները զենքի բոլոր տեսակներով խփում են մեր դիրքերին:

-Ուշադիր,-խրամատի պատից զգուշացնում է հեռախոսը:- Հնարավոր է հարձակում: Լսո՞ւմ եք, հնարավոր է հարձակում:

Գնդացիրները ճարճատում են նաև մեր դիրքերից: Պայթող ականների բեկորները մեր գլխի վրա զարհուրելի սուլոցներով ծվատում են օդը: Ավտոմատի երկար կրակահերթով փորձում եմ «կասեցնել» դիմացից եկող կրակե հեղեղը:

-Մի՛ կրակիր,- սաստում է Դավիթը,- մենք ունենք չորսական պահունակ, այսինքն՝ 124 փամփուշտ: Անընդմեջ կրակի դեպքում դա մեզ կբավարարի հազիվ հինգ րոպե: Ի՞նչ կանենք այնուհետև, եթե իրո՛ք հարձակում լինի:

Բայց հարձակում չի լինում: Մոտ երկու ժամ ապարդյուն դղրդացող տանկերն ու հրետանին կամաց-կամաց լռում են՝ կրկին «ասպարեզը» թողնելով թուրքական հրազենի նյարդային կտկտոցին:

Բլուրների վրա մղձավանջային թուխպերով բացվում է պատերազմի եսի՞մ որերորդ առավոտը: Ագռավների մի երամ կռկռոցով անցնում է մեր դիրքերի վրայով: Տղաներից մեկի նյարդերը չեն դիմանում, հրազենը ճարճատում է երկինքն ի վեր՝ դեպի ագռավների երամը: Չոր, մանր ու խռիվ փաթիլներով ձյուն է գալիս, քամին շնագայլային կաղկանձով լիզում է անքուն զինվորների տանջահար դեմքերը: Պատանեկան աղվամազոտ դեմքեր՝ շատերը դեռ ածելի չտեսած: Մեռնելու եղանակ է, բայց ոչ ոք չի մտածում մահվան մասին: Այստեղ գործում է միայն ապրելու և հաղթելու՝ ժամանակի փիլիսոփայությունը, իսկ մեռնելու ժամանակ- ոչ, չկա:

Դա Ռեմարկի ձևակերպումն է, որն այստեղ ընդունելի չէ: Ներիր, հանճարեղ գերմանացի, մեր ժողովուրդը փոքր է և իրո՛ք իրավունք չունի ընդունելու մեռնելու ժամանակ հասկացությունը: Դրանից է, որ մենք դժվար ենք համակերպվում մեզնից յուրաքանչյուրի նահատակության փաստին, և ահեղ դաժանությամբ ի սկզբանե դավաճան ենք համարել զարկվողներին: Սխա՞լ ենք արել: Ո՛չ: Մեր նահատակները հրաշալիորեն հասկանում են ապրողներիս և մեր պարտադրյալ դաժանությունը կյանքի ու մահվան հարցում, որը նաև իրենց կյանքի ճշմարտությունն է եղել մինչև անմահանալը: Մեր ու մեր նահատակների արանքում ոչ ոք ու ոչինչ չի կարող լինել՝ ոչ օրենք ու միջնորդանք, ոչ էլ ժամանակ ու տարածություն…

…Չոր, քամախռիվ ձյան ներքո հաչում են հաուբիցները: Իր գաղտնի դիրքից Մակար Դիշլանյանը հեռախոսով բարի լույս է մաղթում մեզ: Բլինդաժներից մեկական զինվոր դիրքերի թիկունքով գնում են պաշտպանագծի կենտրոն՝ յուրաքանչյուրիս համար որպես նախաճաշ 20 գրամ կարագ և մի պտղունց շաքարավազ ստանալու: Հաուբիցներին ոչ ոք շան տեղ չի դնում: Ռադիոկապով ընդհանուր հրամանատարը կարգադրում է շտապ բազա ուղարկել Աշոտ Սահակյանին: Վիրավորներին տեղափոխող ուղղաթիռով նա պետք է մեկնի Երևան: Ինչու՞: Ասացին՝ մայրն է ծանր հիվանդ: Տխուր էր, բայց զինվորները նաև չէին ուզում, որ դա սարքովի բան լիներ: Թե չէ այնուհետև ափսոսանքով պիտի հիշեն խիզախ ենթասպա Աշոտ Սահակյանին, որը կամա թե ակամա մարտադաշտում լքեց իրենց և այլևս չէին կարող առաջվա պես նրան սիրել ու հարգել…

Տղերքը երկու գիշեր աչք չեին փակել: Բլինդաժում, շինելների տակ կծկված, քնել են ահա ինձ խնդրելով արթնացնել մեկ ժամից: Ո՛չ, չեմ արթնացնի, նրանց փոխարեն ես դիրքում եմ և հրամանատարը թույլ է տալիս իմ խղճով ու զգոնությամբ տնօրինել բլինդաժի ցերեկը՝ քանի դեռ այն չի ներշնչել մեծ վտանգի տագնապ: Թշնամու դիրքերից ստեպ-ստեպ գնդացիրներ են ճարճատում, մեր թիկունքին պայթող տանկային արկերը ձյան ու ցեխաշիթերի հետ օդ են հանում խաղողի վազեր, բայց օրն, այնուամենայնիվ, խաղաղ է կոչվում: Դավիթը, որ տանը քնահարամ էր լինում անգամ տրամվայի զնգոցից, հանգիստ քնել է պայթող արկերի դղրդյունի տակ: Ի՜նչ ահավոր ես դու, պատերազմ:

Նույնիսկ ամենահուժկու աղմուկի մեջ նշանառուի կրակոցի ձայնը առանձնանում է իր չոր, կարճ, սարսափելի ճայթյունով: Ականանետից հետո ամենավտանգավոր զենքը նշանառուի հրացանն է: Մեզ խփում են երկու նշանառու, երկուսն էլ, ըստ ռազմագերու վկայության, ուկրաինացիներ են: Կանայք: Ի՞նչ են ուզում մեզնից Տարաս Շևչենկոյի ու Լեսյա Ուկրաինկայի հայրենակցուհիները, ի՞նչ են տվել, որ չեն կարողանում ետ առնել: Դասակի հրամանատար Մարտինը դիրքից –դիրք նրանց սպառնում է տղամարդկային հայտնի ու ինքնատիպ պատժով, բայց հետո գտնում է, որ դա ոչ թե պատիժ, այլ պարգև կլինի նրանց համար…

Ուշ երեկոյան լույսերը հանգցրած «Ուրալով» վերադառնում ենք բազա: Մեր հոգնած մարմինները խրամատային կավահոտ են արտաշնչում, մեր ներսում զգում ենք բլինդաժի խոռոչում վառվող կրակի ծուխն ու մուրը: Եվ այդ ամենը ոչինչ, կարևորն այն է, որ ևս մեկ հերթափոխից զինվորները վերադարձան անվնաս ու անկորուստ: Նրանց ասել են, թե պաշտպանական ռազմագիծ են տանում 20 օրով: Ուր որ է՝ այդ ժամկետը պիտի լրանա, և տղերքն աճող անհամբերությամբ սպասում են հերթափոխի ժամանելուն: Տա՛ Աստված՝ չխաբվեն: Բայց մայոր Մանուկյանի խուսափողական պատասխանի մեջ ես տեսա զինվորների վաղվա հիասթափությունը: Եվ արդյոք միայն վաղվա՞: Հատակին՝ ներքնակների վրա փռված, քնել էին հոգնահար տղերքը: Քնի մեջ մեկը ծիծաղեց: Մեկ ուրիշը լաց եղավ: Եվ ծիծաղի ու լացի արանքում կեռասենու ճյուղից ճչաց գիշերվա մի հավք: Ի՞նչ թռչուն է, ի՞նչ էր ուզում ասել…

©ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
«Հայ զինվոր», թիվ 4(18), 1994

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s