3. Ու թվում էր, թե գալիս է…

horadiz«ՍՈՒ-25»  ռմբակոծիչը    մի քանի պտույտ կատարեց հարավային քաղաքի վրա, ռումբ նետեց, որն ընկավ ու պայթեց ամայի դաշտում, ու կրկին հետ գնաց դեպի իրանի սահմանները: Այդ պահերին սովորաբար երկուստեք անհանգստություն է առաջանում՝ դիրքերից իջած, բազայում հանգստացող զինվորները մտահոգվում են առաջին գծում կռվող իրենց ընկերների համար, և հակառակը:

-Այս ցեխից պրծում չենք ունենալու,- ասում է Արմենը: -Տարիներ հետո պատերազմ ասելով ես նախ այս ցեխն եմ հիշելու:

Մինչև ծնկները  մեզ պարուրող թանձր, կպչուն կավացեխը: Մենք աշխարհի այս դժոխային հատվածում պատերազմելու դատապարտվածներս, մեր թշնամու հետ միասին ոտքերով ու անիվներով, թրթուրներով ու արկերով արդեն քանի՜ օր տրորում ենք ցրտաշունչ կավը: Ի՞նչ ենք ուզում, նրանից խաղաղության սափո՞ր արարել:

Կարծես թե: Բայց ամեն անգամ թշնամին հույսի չարխից ցած է նետում դեռ չձևավորված սափորացուն: Մեղք չունի, ընդամենը միջնադարի մշուշներից հայտնված՝ ոչ հնադար է տեսել, ոչ հնադարյան բրուտ է եղել, և պատմության ելուզակի նրա հոգուն հավիտյանս հավիտենից անհաղորդ է մնացել խաղաղության սափորի սքանչելի խորհուրդը: Պարզապես ցեխ է տրորում: Եվ մենք, նրբանկատորեն հաշվի առնելով նրա պատմա-ցեղա-գենետիկական սուղ հնարավորությունները, առաջնորդվում ենք մեր «թե ոչ լուիցի ուկամբ, լուիցի թիկամբ» հնագույն խորհրդով…

…Դեռ ձյունամած երկնքում սառն ու թույլ դողում է արևի մշուշոտ սկավառակը: Պատանի զինվորներից մեկը շինելի կոճգամին մի քանի ձնծաղիկ է ամրացրել: Զարմանալի չէ, ձնծաղիկներ վաղուց են երևացել հարավային այս տարածքներում:

-Բոլոր մեղմ ու դաժան ձմեռները ավարտվում են գարնան հաղթանակով,- հիշում եմ ես հին ճշմարտությունը:

-Եվ բոլոր պատերազմները՝ խաղաղությամբ,-շարունակում է լեյտենանտ Արմեն Կեգիշյանը:

-Բայց դա այնքա՜ն հեռու է թվում…

-Նրանք մեզ պատերազմ պարտադրեցին, փոխարենը մենք նրանց խաղաղություն ենք պարտադրելու:

-Իսկ զինվոր Սարմենը չի տեսնի այդ խաղաղությունը, երեկ վաղ առավոտյան նա զոհվեց…

-Շատերը զոհվեցին այս պատերազմում,- տնքում է Արմենը,- և ամեն մեկն իր մահով մի քայլ մոտեցնում է խաղաղությունը:

-Այո,- մտածում եմ առանց արտահայտվելու,-խաղաղությունը գալիս է՝ երջանկալույսոտ ոտքերն իջեցնելով զոհվածների շիրմաթմբերին…

Լեյտենանտ Արմեն Կեգիշյանը հատուկ բաժնի սպաներից է: Բլինդաժային համատեղ օրերի ընթացքում ճանաչել եմ նաև նրա գործընկերներին՝ Էդիկ Վարդանյանին ու Կարեն Գյոզալյանին, Վաչիկ Ավետիսյանին ու Հարություն Խուրշուդյանին, Թաթուլ Մարկոսյանին ու Աշոտ Դավթյանին: Նրանք բոլորն էլ լեյտենանտներ են, նույն տարիքի տղերք: Նրանց հասակակիցն է նաև ավագ լեյտենանտ Գագիկ Ալեքսանյանը՝ խմբի ղեկավարը: Նույնիսկ մեկ օրով ռազմաճակատում եղած ամեն ոք լավ գիտե հատուկ բաժնի սպաների դերն ու պարտականությունը: Թշնամու դիրքերում «արիության դասեր տվող» վերահսկիչների շատ կոնկրետ հանձնարարական ունեն՝ անխնա գնդակահարել բոլոր նրանց, ովքեր փոքր- ինչ կերերան հակառակորդի առաջ: Եվ, ինչպես գիտենք, մեծագույն դաժանությամբ են կատարում իրենց գործը: Իհարկե՝ չեմ համեմատում, ներողություն եմ խնդրում նաև հարկադրյալ զուգահեռումի համար, բայց մեր սպաներն էլ, ի վերջո, կարող են և պարտավոր են ներողամիտ չլինել երերացող զինվորների նկատմամբ: Եվ այստեղ, ահա, հառնում է ահռելի տարբերությունը: Ես նրանց հետ առնչվել եմ գիշերային տագնապի ծանր պահերին: Խաղաղ զրուցել եմ պաշտպանագծի ցուրտ ու խավար շտաբում, հանգստի օրերին նրանց կացարանի առաջ միասին թեյ ենք խմել կրակի մոտ, և, հանձին այդ կիրթ ու ջահել սպաների՝ ճանաչել եմ իսկական հայ տղամարդկանց, որոնց համար չկա հայրենի հողից առավել սրբազան ոչինչ: Եվ եթե դաժանություն է պետք խրամատում ննջած զինվորի հանդեպ, ավագ եղբոր դաժանություն է, տվյալ իրավիճակում անհրաժեշտ դաժանություն, որը սովորեցնում- դաստիրակում է ու դրանից բնավ չի տուժում ներսում եղած սերն ու գորովանքը: Զարհուրելիորեն խավար գիշերներին, երբ դիրքերի առջև բարձրանում էր թշնամու հետախույզների շնագայլային կաղկանձը, հատուկ բաժնի տղաները, կամ, ինչպես զինվորներն էին նրանց կոչում՝ օպերները, անմիջապես հայտնվում էին առավել վտանգավոր դիրք ունեցող բլինդաժներում և, հետ քաշելով զինվորներին, իրենք կանգնում սպասվող վտանգի առաջ: Իսկ դիրքային ուժեղ մարտերի ժամանակ նրանք պարզապես խելացի ու խիզախ մարտավարության ուսուցիչներ էին: Բայց ես չէ, որ պիտի պատմեի հատուկ բաժնի սպաների մասին: առավել ճշմարիտ ու իրական  նրանց կարող են ներկայացնել  իրենք՝ զինվորները: Հարցրեք, և կասեն: Պատերազմի այդ օրերից հետո, Երևան- Վանաձոր մայրուղու մի աղբյուրի մոտ, ես ներկա եմ եղել արձակուրդում գտնվող զինվորներից երկուսի  պատահական հանդիպմանը Գագիկ Ալեքսանյանի և Թաթուլ Մարկոսյանի հետ: Գնում էին հակառակ ուղղություններով, և հանդիպեցին: Տեսնել էր պետք, թե ինչ մաքուր, անմիջական մղումով էին ողջագուրվում զինվորներն ու սպաները…

Դիրքերի մի գիշեր, բլինդաժներից մեկի մոտով անցնելիս, ես լսեցի  շատ մեղմ  մի երկխոսություն հատուկ բաժնի լեյտենանտի ու ենթասպայի միջև:

-Այստեղ չի կարելի զորամասային խաղաղ օրերի բնազդով հայհոյել զինվորին, հեռավոր այս վայրում նրա զգացմունքները տասնապատիկ քնքշացած են, նրա ներսում հիմա թանձր կարոտ է,- ասում էր լեյտենանտը, որը չգիտեմ՝ Թաթու՞լն էր, Հարու՞թը, թե Վաչիկը:

… Թերթում եմ ճակատային գրառումներիս ճմռթված տետրը, և նշումները, խառնվելով անցյալ չդարձող օրերի հիշողությանս, հրամայում են զինվորների հանդեպ սիրով և հոգատարությամբ լցված հարազատներ համարել հենց մեր զինախմբի  սպաներին ու ենթասպաներին՝ հրամանատար Սերգեյ Հարթենյանին, ավագ լեյտենանտ Վարդան Կարագյոզյանին, Գագիկ Բարսեղյանին, Մակար Դիշլանյանին, Մարտին Մինասյանին, այլոց:

-Մենք պատասխանատու ենք մեր բոլոր զինվորների ճակատագրի համար: Մենք չենք ընդունում պատերազմական ժամանակների կարգախոսը՝ ռազմաճակատը նաև զոհերով է ռազմաճակատ: Ոչ թե չափից դուրս ինքնավստահ ենք կամ մեծամիտ, ոչ թե ի վերուստ ապահովագրված ենք մահվան վտանգից, այլ շատ ենք ուզում, որ նրանք ողջ- առողջ վերադառնան իրենց տները:

Սա Սերգեյ Հարթենյանի մտածումն է, որ ներկայացնում է ասես ինքն իրեն՝ ստուգելով զենքերի մաքրությունն ու պահունակների վիճակը: Սա Վարդանի, Գագիկի, Մակարի, մյուսների մտածումն է: Տերը բարեգութ էր լինելու այս զինախմբի նկատմամբ՝ բոլորին ողջ-առողջ վերադարձնելու էր զորամաս: Բայց տիրոջ գթությունն էլ չէր օգնի գործին, եթե վերջին օրերին ահեղ մի ճակատամարտի ժամանակ հրամանատարները ի զորու չլինեին րոպեների ընթացքում վերադիրքավորելու զինվորներին՝ նրանց փրկելով ականանետների մահացու կրակաթափից…

…Օրվա ընթացքում լինում են այնպիսի պահեր, որ չես կողմորոշվում՝ գոնե մոտավորապես որ ժամն է, առավո՞տ է, կեսօրամու՞տ, միջօրե՞, թե գորշ բլուրների վրայով իրիկնամուտն է մոտենում: Հորիզոնից-հորիզոն կապտագույն երկինք է, ուր ասես երբեք չեն փայլել արև ու լուսին, աստղ ու ասուպ: Եվ զինվորի կոճգամին ամրացված ձնծաղիկները ոչինչ չեն փոխում օրվա գորշության մեջ: Դա փոքրիկ պատրանք է, բլինդաժային մշուշոտ երազից պոկված սքանչելի կարոտի ծվեն:

-Լուցկի ունե՞ս:

Ենթասպա Գագիկ Բարսեղյանն է: Ձախ թևի դիրքերից նա երեկ է տեղափոխվել մեզ մոտ՝ փոխարինելու Երևան մեկնած Աշոտ Սահակյանին: Հին կռվողներից է, Մակար Դիշլանյանի պես անցել է վերջին վեց տարիների բոլոր նշանավոր փոթորիկների միջով՝ Հայաստանի սահմաններից մինչև Արցախի լեռները: Վառում եմ ծխախոտը: Թշնամին չի կրակում, մենք չենք կրակում, և ինչպես միշտ՝ այսպիսի պահերին, բլինդաժից բարձրանում է քյավառցի պատանի զինվոր Դերենիկի հրաշալի և տխուր ձայնը՝ օձն է սողում կրծքիդ վրա, Սուրմալու…

-Մեծ կուտակումներ կան,- ասում է Գագիկը: — Թշնամական գծի ողջ երկայնքով: Շատ եմ ուզում տեսնել, թե ինչ բան են այդ մոջահեդները:

Հատուկ բաժնի ավագ լեյտենանտ Գագիկ Ալեքսանյանի հետ գնում ենք դեպի պաշտպանագծի շտաբ: Հարցնում եմ.

— Ինչու՞ դուք չեք զբաղվում նաև գետնաքարշ առևտրով զբաղված տականքներին զորակոչելու, հայրենիքի պաշտպանությանը ուղարկելու գործով:

-Բայց տականքն ի՞նչ պիտի անի ճակատում, զենքը նետի ու հանձնվի՞: Հայրենիք պաշտպանելն ազգի սերուցքի գործն է , ոչ թե տականքի: Խաղաղություն կգա, հետո ժամանակ կլինի նրանց անդրադառնալու…

Ու թվում էր, թե գալիս է խաղաղությունը մեղմ ու բուրավետ ոտնաձայներով՝ կարոտի ու սփոփանքի զանգակներով ղողանջելով մեռած տղերքի շիրիմների վրա…

©ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
«Հայ զինվոր», մարտ 1994

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.