4 . ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԿՂԶԻՆ

«Պատերազմի ճամփաներով» ակնարկաշարից

24-8-1-1Հրետանու դղիրդների մեջ մենք չլսեցինք առաջին ամպրոպների ճայթյունները սահմանային գորշ լեռների վրա: Գարնանը ոչ ոք չդիմավորեց: Ոչ ոք չզգաց առաջին անձրևի հետ արտերից բարձրացող վայրի համեմի հոտը, որովհետև արտեր չկային և ընդհանրապես բնության բոլոր բուրմունքները խեղդված էին վառոդի, բլինդաժներում վառվող կրակների ծխաշունչ մղձավանջի մեջ: Պատերազմը եղանակի փոփոխություններ չի ընդունում: Հարավային քաղաքում նույն թանձր ու մռայլ գիշերներն են՝ հատուկենտ շների վայրենացած կաղկանձով, տանիքներից պոկված թիթեղակտորների նյարդային աղմուկով:

Միայնակ մարդն այստեղ կարող է խելագարվել մեկ գիշերվա ընթացքում: Սակայն, բարեբախտաբար, պատերազմական քաղաքում չկան միայնակ մարդիկ, բոլորը ճակատագրերով իրար կապված զինվորներ են, մոտակա օրերի մեջ հույս ու կարոտ ծաղկեցրած տղաներ, որ սպասում են ուշացող հերթափոխին: Իսկ հերթափոխի ուշացումը կապված է Վարդենիսի սահմանագլխին ծավալված ռազմական թեժ գործողությունների հետ: Տղերքը հասկանում են, որ պարտավոր են դեռևս համբերել: Ինչ արած, պատերազմի ընթացքն է մեզ թելադրում մեր անելիքը:

-Ես չեմ ուզում մեռնել: Ես մորս խոստացել եմ ողջ-առողջ վերադառնալ տուն: Դարանակալ արկի պայթյունից բազում վերքեր ստացած զինվորի գիտակցությունը պայծառ է, բառերը ՝ ուժեղ ու հավատավոր: Նա չի մեռնի, նա իրավունք չունի մեռնելու: Բայց մի՞թե որևէ մեկին տրված է լինում նման իրավունք…

Թիկունքի գծով հրամանատարի տեղակալ մայոր Ալբերտ Մանուկյանը, զինվորների ամենամտերիմ մարդն այս քաղաքում, առաջին խմբի արյուն է փնտրում ականի պայթյունից վիրավորվածի համար: Ե՞րբ է քնում-հանգստանում Ալբերտ Մանուկյանը: Դժվար է ասել: Անընդհատ ոտքի վրա — նա հավերժորեն զբաղված է զինախմբերի սննդի հայթայթման հոգսերով ու դեռ հասցնում է շրջել ժամանակավոր զորանոցները, հետևել, որ նախաճաշը, ճաշն ու ընթրիքը ժամանակին տրվի զինվորներին: Մի քանի տարի առաջ, ավարտելով զինծառայությունը, մայոր Մանուկյանը հրաժեշտ է տվել խորհրդային բանակին: Իսկ հիմա, իր պես շատ հայ զինվորականների նման, «երկրորդ շնչառությունն» է բացում ազգային բանակում:

-Ես չեմ մեռնի: Ես խոստացել եմ ողջ-առողջ վերադառնալ…,- նարկոզից մշուշված աչքերով մի վերջին անգամ վիրահատությունից առաջ հավաստիացնում է արկի բեկորներից բզկտված տղան:

-Տասնհինգ րոպեից սկսում ենք,- ասում է բժիշկն ի լուր անձնակազմի և դուրս գալիս երևի փոքր-ինչ հանգստանալու: Եվ ես ճանաչում եմ հին օրերի բարեկամիս՝ վիրաբույժ Գևորգ Գրիգորյանին:

… Սովորություն է դարձել: Ասում ենք ՝ կգա ժամանակը, և ըստ ամենայնի կհիշվեն ու կփառաբանվեն բոլոր նրանք, ովքեր այսօր կյանքի ու մահվան արանքում մարտնչում են ազգի համար: Սպասում ենք տասնամյակներ անցնեն, որպեսզի արխիվային փոշիների միջից հայտնաբերենք, սերունդներին ներկայացնենք մեր նվիրյալների անունն ու գործը: Բնականաբար՝ կիսատ-պռատ, աղոտ փաստերով, արդեն մեռնած ժամանակակիցների կցկտուր վկայությամբ: Ինչու՞: Մի՞թե հնարավոր չէ այդ բանն անել հենց այն ժամանակի մեջ, որում ապրում ու մաքառում է նվիրյալը: Հնարավոր է և անհրաժեշտ է: Ես, օրինակ, սիրով գիրք կգրեի արցախյան պայքարի բժիշկ-կամավորների մասին, եթե ազգի որևէ բարեգործ ապահովեր նրա հրատարակումը: Կգրեի հատկապես երկու վիրաբույժների՝ Արցախ Բունիաթյանի և Գևորգ Գրիգորյանի մասին:

Նրանց ճանաչում եմ արդեն շատ տարիներ, կարող եմ դրվագ առ դրվագ պատմել կենսագրությունները, կարող եմ երդվել նրանց մարդ կային ազնվությամբ, բժշկի հավատամքով ու ազգասիրական փայլուն դրսևորումներով: Գիտեի, որ Արցախ Բունիաթյանը Դրմբոնի հոսպիտալում է, բայց թե որտե՞ղ էր Գևորգը վերջին ժամանակում ՝ հայտնի չէր ինձ: Այն Գևորգը, որը դեռևս արցախյան շարժման սկզբներում ձերբակալվել էր թուրք ոստիկանության կողմից ու տարվել Ջաբրայիլ: Հենց նա, մակաշովյան տխրահռչակ օպերացիայի ժամանակ Գետաշենում գերի ընկած երեք հայ բժիշկներից մեկը: Գյանջայի ոխերիմ բանտի կալանավորը: Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Գրիգորյանը՝ արցախյան պայքարի հավերժական կամավորը:

Գիշերամուտին, երբ հարավային քաղաքը թաղվում է անտիրական խավարում, հռնդում է դիզելային շարժիչը, և միակ-մենավոր մի լույս է վառվում այս եզերքների անփարատում մղձավանջի մեջ: Զինվորական հոսպիտալի լույսը: Եվ հոսպիտալն իր միակ լույսով մխիթարության կղզի է հոգնած ու կարոտահար մարդկանց համար, ուր նրանք կարող են հիշել հարազատ ափերի լիքն ու անտրտում օրերը: Մռայլ քաղաքում միայն այստեղ  աղջիկներ կան, որ բուժքույրեր են, միայն այստեղ կարելի է հանդիպել մայր կանանց՝ սանիտար կամ հիվանդապահ, ովքեր ասես պատերազմ են եկել կործանումներից փրկելու համար մոր հավերժական սերը: Բայց մեղմ ու երգեցիկ այս համեմատությունները խաղաղ-հանգիստ պահերի դրվագներ են և չեն կարող շղարշել հոսպիտալի բուն կյանքը: Իսկ բուն կյանքը նրա պատերի ներսում,  ծանր ու դաժան պայքար է՝ բժշկի պայքար զինվորի կյանքի համար: Գնդակ ու բեկորով խոցված մարմնի պայքար մահվան դեմ:
-Ես չեմ ուզում մեռնել , ես խոստացել եմ վերադառնալ…

Ռազմաճակատ- պաշտպանագծի այս մեծ հատվածում սա միակ հոսպիտալն է: Թշնամու գրոհներից հետո, որոնք հաջողությամբ հետ են մղվում, հոսպիտալը դառնում է ամենաթեժ ու կարևոր կետը: Վիրավորներ են բերում տարբեր դիրքերից, և զենքի տղերքը, ներսն ու դուրսը խռնված, տագնապներով հետևում են իրենց վիրավոր ընկերների ճակատագրի ընթացքին: Հոսպիտալի՝ ընդամենը մի քանի սենյականոց տարածքում սեղմ տեղավորված են ընդունարանը, վիրահատարանը, բաժանմունքները, բժիշկների սենյակը, ճաշարանը, և այլն: Ռազմաճակատային կյանքը թույլ չի տալիս ավելի շքեղ պայմաններ երազել, պիտի հարմարվել ու դիմանալ: Բժշկական ծառայության պետը մանկական վիրաբույժ Տարոն Տոնոյանն է՝ սասունցի նախնիների ուժն ու հպարտությունը ժառանգած մի երիտասարդ, որը խնդրել է իրեն հնարավորություն տալ բժշկական օրդինատուրան անցկացնելու ռազմաճակատային հոսպիտալում: Ընդառաջել են: Վստահ եմ, որ խնդրանքի նպատակը զուտ փորձ ձեռք բերելը չէ, ուղղակի սասունցի տղա է, ազգը հայտարարված- չհայտարարված պատերազմի մեջ է, ինքն էլ պիտի առաջին գծում լինի:

Հոսպիտալում օրը խտացված է որպես թանձր կենսանյութ և բացվում է հոգեբարոյական մի լուծիչով, որը կոչվում է բացարձակ ինքնամոռացում: Եվ բացելուց հետո մարդկային հնարավորության սահմանների քննությամբ տեսնում ենք հաճախ, որ օրվա տևողությունը մի քանի անգամ գերազանցել է իր վաղուց հայտնի ժամանակահատվածին: Հունվարի 7-ին փոքրաթիվ բուժանձնակազմը ընդունել և սպասարկել է 68 վիրավորի: Մեկ ամսվա ընթացքում Գևորգ Գրիգորյանը կատարել է 33 ծանր վիրահատություն՝ ավելի, քան Երևանում կատարում էր մեկ տարվա ընթացքում: Գևորգից ու Տարոնից բացի կա նաև երրորդ վիրաբույժը՝ Արայիկ Երեմյան: Վարուժան Հակոբյանը և Սուրիկ Ինունցը անեսթեզոլոգներ են, Կամոն՝ ստոմատոլոգ: Բուժծառայության պետը խոր հարգանքով է խոսում երիտասարդ բուժքույրեր Էլլա Գասպարյանի, Լյուդա Մայիլյանի, Վեներա Այվազյանի ու մյուսների մասին՝ սիրո հասակի քնքուշ աղջիկներ, որ պատերազմի ահեղ դաշտում բժիշկների հետ կողք կողքի կռվում են զինվորների կյանքի համար:

Վիրահատությունը շարունակվում է:

Արտաշատցի կամավորականների հրամանատար Լաերտ Սաղաթելյանի հետ շշուկով խոսում ենք պաշտպանագծի նրանց հատվածում նախորդ օրը տեղի ունեցած մեծ բախման մասին: Գրոհող թշնամին կորուստներ տալով նահանջել է, բայց մենք էլ, ցավոք, ունենք զոհ ու վիրավորներ: Լաերտը նահապետի հասակում է՝64 տարեկան: Նրա հետ հոսպիտալ եկած տղերքը թևները քշտել, հերթով արյուն են տալիս ընկերների համար: Զինվորներ են եկել, վիրավոր են բերել:

— Ծանր օր եղավ, անցյալ գիշեր էլ բժիշկները չէին քնել,- ասում է Անդրեն՝ հադրութցի մի մարդ, որը, ինչքան հասկացա, հոսպիտալի և՛ տնտեսվարն էր, և՛ պահեստապետը, և՛ էլեկտրիկը, մի խոսքով՝ ներառում էր արտաբժշկական ամբողջ համակարգը: Նայում եմ իր թանձր լռության մեջ սուզված Լաերտ Սաղաթելյանին և հիշում պատերազմի այլ տարածքներում ինձ հանդիպած ուրիշ նահապետների՝ սիսիանցի Հրանտ Հակոբյանին, Կրասնոսելսկի Վահան գյուղացի Ջավադ Ապրեսյանին, որը դիրքերում փոխարինել էր զոհված որդուն, նոյեմբերյանցի Հրաչիկ Գիշյանին, ում գերված էինք կարծում Ոսկեպարի կռվի օրերին, բայց իր զինախմբով կարողացել էր գիշերվա քողի տակ դուրս գալ շրջապատումից ու անվնաս բարձրանալ սարերը…

Սկսվելուց հինգ ժամ հետո վիրահատությունն ավարտվում է: Նայում եմ հին ընկերոջս՝ Գևորգ Գրիգորյանի ահավոր հոգնած դեմքին և ոչինչ չեմ հարցնում: Արամ Դավթյան անունով պատանի զինվորը կապրի: Արկի շուրջ չորս տասնյակ բեկորներով քրքրված նրա մարմինը բժշկի զորեղ օգնությամբ հաղթեց մահին: Օրհնվես դու, կյա՛նք: Վաղը երևանցի զինվոր Արամ Դավթյանը ուշքի կգա վիրահատական մղձավանջից, և նրա աչքերում աշխարհի ո՞րերորդ երախտապարտ հայացքը կլինի ուղղված բժշկին…

Բժիշկների համար ինչ-որ տեղից թարմ թերթեր են բերել: Բայց չեմ հասցնում նայել: Մեր զորախմբից գալիս է մի զինվոր և ինձ հայտնում, որ եկել է գնդի հրամանատար Ռոբերտ Գևորգյանը: Դուրս եմ գալիս: Հոսպիտալը՝ մխիթարության կղզին, շարունակում Է իր գիշերը, միակ լույսով իր կռիվը թանձր խավարի դեմ:

©Իգնատ Մամյան
«Հայ զինվոր», մարտ 1994

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s