Գրադարանավարուհին

Ընկերոջս տանն էինք: Ներս մտավ նրա դպրոցական տղան՝ թևատակին ինչ-որ գեղարվեստական գիրք:

-Հայրի՛կ, գրադարանից եմ վերցրել, ընկեր Արևիկն ասաց՝ հրաշալի գիրք է…

Ես ու ընկերս ակամա նայեցինք միմյանց: Տղայի նշած անունը ծանոթ էր, մեր մեջ արթնացրեց սիրելի մի ձայն…

Ընկեր Արևիկը…

Հիշում եմ հին, խարխուլ մի տուն: Դա մանկական գրադարանն էր: Ջահել, թխահեր մի աղջիկ դարակների վրա կարգավորում էր գրքերը: Նա ընդամենը 17 տարեկան էր: Ավարտել էր տեղի՝ Նոյեմբերյանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը և աշխատանքի անցել գրադարանում: Հին, խարխլված տունը պահանջում էր գրքերի նկատմամբ ավելի հոգատար խնամք, և գրադարանի աղջիկն ամեն ինչ անում էր, որ տանիքից անձրև չկաթի նրանց վրա, որ նրանք չխունանան մութ, խոնավ անկյուններում:

Գրքե՜ր, գրքե՜ր: Բոլորը խնամքով պահվում են հին, խարխուլ տան մեջ…

-Ի՞նչ գիրք ես ուզում վերցնել:

Եվ չէր սպասում պատասխանի. «Հիմա կտամ ամենալավ գիրքը»: Եվ մենք կարդում էինք մի նոր գիրք վեհի ու ազնիվի, բարու և գեղեցիկի մասին: Հիշում եմ մի դեպք. մեր դասարանին «Իմ սիրած մարդը» թեմայով շարադրություն էր հանձնարարված: Այնպես էր ստացվել, որ դասարանի կեսը գրել էր ընկեր Արևիկի մասին: Դրանք մանկական անկեղծ թոթովանքներ էին, չձևավորված երախտագիտության մաքուր բառեր: Երեխաների նկատմամբ ունեցած սիրով, բարի խորհուրդներով ընկեր Արևիկը նվաճել էր ամենալավ մարդու մասին ունեցած մեր պատկերացումը:

Նաև հիշում եմ՝ ես անզգուշորեն կորցրի «Թոմ Սոյերի արկածները»:Երկար ժամանակ ամաչում էի գրադարան գնալ: Ընկեր Արևիկն իմացել էր այդ մասին: Մի օր փողոցում հանդիպեցինք: Ասաց. «Քո կորցրած գիրքը մի մարդ գտել բերել է գրադարան»: Որքա՜ն ուրախացա…

…Եվ երկար տարիներ անցան:

Մանկական գրադարանը հիմա լուսավոր մի շենքում է: Ունի հազարավոր գրքեր, նոր աշխատողներ: Ընկեր Արևիկը սեղանին հակված՝ ինչ-որ գրքեր է գրանցում: Մազերը սկսել են արծաթվել, բարի, սիրելի դեմքին տարիները իրենց հետքն են թողել:

-Բա՛րև ձեզ, ընկե՛ր Արևիկ:

Միասին հիշում ենք հին, խարխուլ տունը, մեր դասարանցիների գրած շարադրությունը, իմ կորցրած <<Թոմ Սոյերի արկածները>>, հեռավոր ու մաքուր ուրիշ պատկերներ: Հետո նա մեզ ծանոթացնում է այժմյան մանկական գրադարանին, ու պատմում՝ թեև անցել է կենսաթոշակի, բայց սիրով ու հավատարմությամբ շարունակում է աշխատել:

Գրադարանն ունի 20 հազար կտոր գրականություն և 1.200 ընթերցող: Այստեղ հաճախ են կազմակերպվում նոր, հետաքրքիր գրքերի քննարկումներ, մեծ գրողների կյանքին ու գործունեությանը նվիրված ցերեկույթներ: Նշանավոր գրողները գրադարանում ունեն իրենց անկյունը, ուր ցուցադրված են նրանց լուսանկարները, նշանավոր ասույթները, ստեղծագործությունների համառոտ տեղեկագիրն ու կենսագրական կարևոր փաստերը: Այստեղ են Թումանյանն ու Չարենցը, Իսահակյանն ու Խնկո- Ապերը, Բակունցն ու Տերյանը, ուրիշները, նաև՝ եղբայրական ժողովուրդների գրականության դասականները:

Գործում է գրասերների խմբակ, որն ամիսը երկու անգամ <<Կանաչ ծիլ>> պատի թերթով լույս է ընծայում իր գրական թոթովանքները: Խմբակի անդամները նամակագրական կապ ունեն մի շարք բանաստեղծների ու արձակագիրների հետ և առանձին ալբոմներում զետեղում են նրանցից ստացված նամակները: Դեռ չի եղել մի դեպք, որ Նոյեմբերյան այցելի մի գրող և չհյուրընկալվի մանկական գրադարանում, սրտաբուխ խոսքեր չասի նրա ընթերցողներին: Եվ դա՝ ընկեր Արևիկի շնորհիվ:

Շրջանային կուլտուրայի բաժնի վարիչ Լևոն Հովհաննիսյանից իմացանք, որ մի քանի օր առաջ Նոյեմբերյանի մանկական գրադարանի աշխատակցուհի Արևիկ Չիլինգարյանը պարգևատրվել է <<Աշխատանքի վետերան>> պատվավոր մեդալով:

Մենք խորին ջերմությամբ շնորհավորեցինք մեր մանկության գույներն իր աչքերում պահած բարի կնոջը, գրադարանի այն թխահեր աղջկան, որ մեզ գրքեր էր տալիս՝ սովորեցնելով ճանաչել բարձրն ու բարին:

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ

« Սովետական Հայաստան»04/12/1977

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.