Հիշատակների լապտերավառը

12032016

Նամակ զինվորի հորը

Ինչպիսի խաղաղություն էլ աշխարհին իջնի, քո պատերազմը չի՛ վերջանալու, Վարոս Մինասյան: Քո պատերազմը մոռացություն ու հաշտեցում պարտադրող բիրտ ժամանակի դեմ է, որի կամքը կատարելու դեպքում մենք կդառնանք այթմատովյան մանկուրտներ, և մեր երկիրը մեզ համար կլինի աշխարհի այլ վայրերից ոչնչով չտարբերվող գորշ ու անորոշ տարածք: Քո կռիվը ժամանակիս կործանվող աոաքինության համար է, ազգային մեր խղճի համար, որը դարձել է շքեղ դղյակների ստվերում թափառող հալածական մուրացիկ:

Եթե որևէ երկիր հաղթանակով ավարտած պատերազմ է ունեցել և զորել է հազիվ մեկ տասնամյակի ընթացքում իր քաղաքականության մութ ու մշուշով աղոտացնել զոհված զավակների հիշատակը, ուրեմն նրա բոլոր գալիք պատերազմները դատապարտված են միանշանակ պարտության: Դու շատ ես կամենում, որ դա այդպես չլինի, Վարո՛ս Մինասյան, և պատեպատ ես զարկվում, և քեզ լավ չճանաչող շատերին գուցե թվա, թե քո ամբողջ տվայտանքը զոհված Արմեն որդուդ և նրա հիշատակի համար է: Բայց՝ ոչ միայն, այլ նաև ու առաջին հերթին:

Արմենի զոհվելուց հետո դու բազում հոգետանջ առիթներով եղար մի շարք պետական հիմնարկներում, առնչվեցիր պաշտոնական տասնյակ սառն ու բութ դեմքերի հետ, որոնց մասին Չարենցը կասեր՝ «…ասես շինված են տապարով»: Եվ այդ սրտամաշ դեգերումների ընթացքում հանդիպեցիր քեզ բախտակից շատերին, ովքեր իշխանավորների կողմից քեզ նման արհամարհված — վիրավորվածներ էին, և որդուդ զոհվելուց հետո ռազմադաշտերից քո ներաշխարհ տեղափոխված պատերազմը այլևս քո՛ պատերազմն էր՝ ի սեր զոհվածների թանկ ու պայծառ հիշատակի:

Քո օրինակով ես հիշում եմ հին քաղաքների լապտերավառին, իրիկնամուտին երկայն ձողին ամրացված ջահով նա շրջում էր մթնող փողոցներում՝ հերթով վառելով գազի կամ քարյուղի լապտերները: Դու փորձում ես հիշատակների լույսը պայծառացնել երկրի հիշողության մեջ, Վարո՛ս Մինասյան: Բայց դա շատ դժվար գործ է այնպիսի երկրում, որն ապրում է միայն մեկ՝ ներկա ժամանակով, անցյալը հանձնած պատմաբանների տնօրինությանը, ապագան՝ բախտագուշակներին: Իհարկե, մեր այս ներկան հետո կոչվելու է հղփացումների, ուրացության ու ապերախտության ժամանակշրջան, սակայն դրանով թող մտահոգվեն պետության կառավարիչները, որովհետև նրանց բարոյականությամբ է պայմանավորված երկրի վարքը: Եվ մի զարմանա, որ պետական  շատ ու շատ բիրտ պաշտոնյաներ չեն հասկանում քեզ: Նրանցից ոչ մեկը զավակ չի ճանապարհել պատերազմ, գիշերային հեռախոսազանգերից սարսափահար վեր չի թռել, չի գնացել «Էրեբունի» օդակայանում դիմավորելու ռազմաճակատից վիրավորներ բերող ուղղաթիռներին:

Քո  21-ամյա  որդի Արմեն Մինասյանը՝ թիվ 133 դպրոցի և ռադիոկապի տեխնիկումի շրջանավարտը, զոհվեց 1994-ի փետրվարի 22-ին, Հորադիզում: Այդ օրերին իմ Դավիթ որդու հետ ես էլ էի այնտեղ, նրանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու, ուր կռվում էին ներքին զորքերի ստորաբաժանումները: Եվ ինձ խելագարեցնում էր ահավոր մի փաստ՝ առաջին գիծ բերված հարյուրավոր զինվորների մեջ չկար ոչ մի պաշտոնյայի որդի: Նրանք բուհերում ապահովաբար տեղավորված՝ այդ սարսափելի օրերին իրենց նման աղջիկների հետ լկստվում էին Երևանի սրճարաններում, իսկ ավարտելուց հետո, քանի որ պատերազմը դեռ չէր վերջացել, պիտի տեղափոխվեին մոտ ու հեռու արտասահմաններ: Այնպես որ, Վարոս Մինասյան, պատերազմը իմ ու քո նմանների, մեր զավակների համար էր, ովքեր չունեին պաշտոն ու փող կամ դրանցից գոնե մեկը:

-Ամեն անգամ, երբ լսում կամ տեսնում եմ որևէ բիրտ վերաբերմունք զինվորի հիշատակի հանդեպ, ես իմ Արմենին նորից եմ կորցնում: Եվ, քանի որ ամենուր և ամեն օր եմ առնչվում նման բանի, ամեն օր նորից ու նորից եմ կորցնում որդուս,- ասում ես դու:

Իսկ այն ազատամարտիկները, ովքեր հերոսաբար մարտնչեցին Հայաստանի սահմաններին ու Ղարաբաղի սարերում և այսօր անգործ ու մոռացված նստած են կարիքից խեղդվող իրենց տներում, դեռ չեն կարողանում հասկանալ, թե ինչու՞ պիտի ամեն ինչ այսպես լիներ. Պատերազմն ո՜վ հաղթի, հաղթանակը ո՜վ վայելի…

…Իրիկնամուտ է, և երկնքի հարավային եզերքից կրկին ցոլում է Հեռավորի աստղը: Վերջին անգամ դու քո որդուն տեսար այդ աստղի տակ, ուր հասել էիր ծանր ու տանջալի ոդիսականով: Դա նրա զոհվելուց ընդամենը մի քանի օր առաջ էր: Վերադարձին այդ աստղը քո նշանն էր. հետզհետե որդիդ մնում էր հեռվում, և դու քո մեջ նրան այդպես էլ  կոչեցիր՝ Հեռավորի աստղ: Նորքի 2-րդ զանգվածի ձեր շենքի բակում մենք նստել էինք Արմենի հիշատակի ցայտաղբյուրի մոտ, և դու ասում էիր.

-Ես այս ջրից չեմ կշտանում, որովհետև համբուրելով եմ խմում: Սա ծարավածի աղբյուր չէ, սա կարոտածի աղբյուր է…

…Աղետ էր եղել, ու քեզ պիտի վիրահատեին: Բժիշկն ասաց՝ երեք հարյուր դոլար: Դու զոհվածի հայր էիր, քեզ պարտավոր էին վիրահատել պետական պատվերի նախատեսած ծախսով: Մուծեցիր 110 հազար դրամ: Վիրահատությունից հետո ականջիդ շշուկներ հասան՝ հետո՞ ինչ, որ զոհվածի հայր է, մենք մեղավո՞ր ենք, որ նրա որդին զոհվել է… Չունեիր, բայց ստեղծեցիր 300 դոլար, տվեցիր վիրահատող բժշկին և ասացիր՝ միայն թե իմ զոհված որդու հիշատակը  չխառնեք ձեր նյութական շահարկումներին:

Բայց հուսանք, որ ուրացության որոմն իշխանությունից տակավին չի թափանցել բուն ժողովրդի մեջ: Հիշատակի լապտերները հենց նրանց արանքում են շարված, և դու, Վարոս Մինասյան, ու քեզ նման ցավատեր, ցավիմաց մարդիկ ամեն գիշեր քնելուց առաջ պիտի դրանք մեկ-մեկ վառելով գնաք դեպի մնացյալ կյանքի հերթական օրը… Քանզի  դուք եք մնացել հիշատակի լապտերավառներ…

©ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ

«Առավոտ», 13/08/2002

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.